МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-3 °C, -3 °C ... +8 °C Завтра+9 °C
Հեղափոխական պրոլետարիատի տասներկու սեռական պատվիրանները
11:40, 17.11.2023
368 | 0

(ստորև ներկայացված յուրօրինակ «մանիֆեստ» -ը 1924 թվականին հրատարակել է Յակով Սվերդլովի անվան Կոմունիստական համալսարանը)

Կոլեկտիվիզմ, կազմակերպություն, ակտիվություն, դիալեկտիկական մատերիալիզմ՝ ահա այն հիմնական հզոր սյուները, որոնք պահում են ներկայումս կառուցվող պրոլետարական բարոյագիտության շենքը, ահա այն չորս կատեգորիաները, որոնցով ղեկավարվելով՝ միշտ կարելի է հստակեցնել, թե հեղափոխական պրոլետարիատի շահերի տեսանկյունից նպատակահարմա՞ր է արդյոք այս կամ այն արարքը: Այն ամենը, ինչը նպաստում է աշխատավորության հեղափոխական, կոլեկտիվիստական զգացմունքների և գործողությունների զարգացմանը, այն ամենը, որը լավագույնս նպաստում է պրոլետարական տնտեսության ծրագրավորված կազմակերպմանն ու պրոլետարիատի ներսում ծրագրավորված կարգապահության կազմակերպմանը, այն ամենը, ինչ մեծացնում է պրոլետարիատի հեղափոխական մարտունակությունը, այն ամենը, ինչն աշխատավորության ուղեղից ու աչքերից հեռացնում է միստիկական, կրոնական թաղանթը, ինչը մեծացնում է նրանց գիտական իմացությունը, կյանքի վերլուծության մաթեմատիկական սրությունը, այդ ամենը բարոյական է զարգացող պրոլետարական հեղափոխության շահերի տեսանկյունից, և այդ ամենը պետք է ողջունել ու աճեցնել հնարավոր բոլոր միջոցներով:

Եվ, ընդհակառակը, այն ամենը, ինչը նպաստում է աշխատավորության անհատապաշտական մեկուսացմանը, այն ամենը, ինչ խառնակություն է մտցնում պրոլետարիատի տնտեսական կազմակերպվածության մեջ, այն ամենը, ինչը զարգացնում է դասակարգային վախկոտությունը, բթամտությունը, այն ամենը, ինչը աշխատավորության մեջ արմատավորում է սնահավատություն ու տգիտություն՝ անբարոյական է ու հանցավոր, և այդպիսի վարքը պրոլետարիատը պետք է անգթորեն հալածի:

Հիմա մեզ մատչելի է դառնում բուրժուական բարոյականության առանձին տարրերի քննադատությունը: Մենք կարող ենք շահագործողական բարոյականության վարքի ցանկացած կանոն փոխել լիովին որոշակի, պրակտիկ այնպիսի կանոնով, որը կպաշտպանի պրոլետարիատի դասակարգային շահերը…

Սեռական կյանքի վրա կեղծ բարեպաշտական արգելքները, որոնք դրվել են բուրժուազիայի կողմից, ինչ խոսք, անհեթեթ են, քանի որ դրանք սեռական կյանքի մեջ ենթադրում էին ինչ-որ մեղսականի սկիզբ: Իսկ մեր տեսակետը կարող է լինել միայն հեղափոխական-դասակարգային, խիստ գործնական: Եթե այս կամ այն սեռական դրսևորումը նպաստում է մարդու մեկուսացմանը դասակարգից, նվազեցնում է նրա գիտական (այսինքն՝ մաթեմատիկական) հարցասիրությանը, նրան զրկում է արտադրական-ստեղծագործական աշխատունակության մի մասից, որն անհրաժեշտ է դասակարգին, նվազեցնում է նրա մարտական որակները, ապա թող այն կորչի: Սեռական կյանքը թույլատրելի է իր այն բովանդակությամբ, որը նպաստում է կոլեկտիվիստական զգացմունքների աճին, դասակարգային կազմակերպվածությանը, արտադրական-ստեղծագործական, մարտական ակտիվությանը, ճանաչողության սրմանը:

Այս օրինականերից մենք տեսնում ենք, որ կազմակերպված, ակտիվ և մատերիալիստական առումով գիտակից կոլեկտիվիզմը հանդիսանում է այն փորձաքարը, որի վրա կարելի է անսխալորեն փորձել մեր այս կամ այն արարքի հեղափոխական սրությունը և դասակարգային ճշգրտությունը: Մեր ամբողջ կյանքը, մեր ամբողջ կենցաղը պետք է կառուցվի հենց այս սկզբունքների հիման վրա…Պրոլետարական դասակարգային վարքի ցանկացած ոլորտ պետք է հենվի հեղափոխական նպատակահարմարության վրա: Քանի որ պրոլետարիատը և տնտեսապես նրա հետ կապված աշխատավորական զանգվածները կազմում են մարդկության գերակշիռ մասը, ուստի հեղափոխական նպատակահարմարությունը դրանով իսկ հանդիսանում է կենսաբանական լավագույն նպատակահարմարությունը, կենսաբանական լավագույն բարիքը (որում մենք ստորև կհամոզվենք):

Հետևաբար, պրոլետարիատն ունի բոլոր հիմքերը, որպեսզի միջամտի ժամանակակից մարդու քաոսային սեռական կյանքին: Այժմ գտնվելով նախասկզբնական սոցիալիստական կուտակման փուլում, նախասոցիալիստական, անցումային, հերոսական ընչազրկության ժամանակաշրջանում, բանվոր դասակարգը պարտավոր է լինել չափազանց հաշվենակատ իր էներգիան ծախսելիս, պետք է լինի խնայողական, նույնիսկ ժլատ, եթե գործը վերաբերում է ուժերի խնայմանը հանուն մարտական ֆոնդի մեծացման: Այդ իսկ պատճառով նա չի կարող իրեն թույլ տալ էներգետիկական այն հարստության անզուսպ հոսքը, որը բնորոշ է ժամանակակից բուժուական հասարակության սեռական կյանքին՝ իր սեռական վառ գրգռվածությամբ, իր սեռական անսանձ դրսևորումներով, իր անհագ ցանկասիրությամբ և գրգռված թուլությամբ, էրոտիկայի և զգացմունքայնության միջև նրա խելահեղ դես ու դեն նետվելով, ներդասակարգային ինտիմ հարաբերություններում սեռական հարաբություններին նրա կոպիտ միջամտությամբ: Պրոլետարիատը տնտեսության ոլորտում կազմակերպական քաոսը փոխարինում է պլանավորված նպատակային կազմակերպվածությամբ, նա կազմակերպվածություն է մտցնում նաև ժամանակակից սեռական քաոսում:

Սեռական կյանքը՝ հանուն եղափոխական-դասակարգային առողջ սերունդի ստեղծման, սեռական կյանքը՝ հանուն մարդու ամբողջ էներգետիկ հարստությունը ճիշտ, մարտականորեն գործադրելու, հանուն նրա ուրախությունների հեղափոխական-նպատակային կազմակերպման, հանուն ներդասակարգային հարաբերությունների մարտական ձևավորման– ահա այս է պրոլետարիատի մոտեցումը սեռական հարցին:

Սեռական կյանքը որպես պրոլետարիատի մարտական ամուր զինանոցի անբաժանելի մաս - ահա սա է այժմ բանվոր դասակարգի միակ տեսակետը սեռական հարցի վերաբերյալ. հեղափոխական պրոլետարիատի ամբողջ սոցիալական և կենսաբանական ունեցվածքն այժմ համարվում է նրա մարտական զինանոցը:

Այստեղից էլ սեռական կյանքի այն բոլոր տարրերը, որոնք վնասում են առողջ հեղափոխական հերթափոխի ստեղծմանը, որոնք թալացնում են դասակարգային էներգետիկան, փտեցնում են դասակարգային ուրախությունները, փչացնում են ներդասակարգային հարաբերությունները, պետք է անխնայորեն դուրս մղվեն դասակարգային կենցաղից...

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх