МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Завтра+19 °C
Երկու հաղորդագրություն Հնդկաստանից
22:54, 10.05.2023
1004 | 0

Երկու հաղորդագրություն Հնդկաստանից

Wednesday, 10 May 2023

Հիշարժան դաս՝ Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու բակում


Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի VII դասարանի «Հայոց պատմության» հերթական դասն անցկացվեց սուրբ Նազարեթ եկեղեցու բակում՝ հայ հասարակական-քաղաքական գործիչ Հովսեփ Էմինի շիրմաքարի մոտ:

Դասն սկսեց ուսուցչուհի Լիանա Փիրումյանը՝ խոսելով Հնդկաստանում հայ ազգային-ազատագրական շարժման ծավալման, այդ շարժման մեջ հնդկահայ բուրժուազիայի՝ առևտրական խավի ներդրման ու նշանակության մասին: Ապա աշակերտները ներկայացրեցին Հովսեփ Էմինի կյանքը՝ ծննդից մինչ մահ (Համադանից-Կալկաթա), և գործունեությունը՝ Կալկաթա-Անգլիա-Ռուսաստան-Վրաստան-Հս. Կովկաս-Հայաստան (Արցախ) -Պարսկաստան-Կալկաթա ուղեգծով: Աշակերտները պատմեցին Էմինի կյանքում մեծ դեր կատարած իռլանդացի փիլիսոփա Էդմոնդ Բյորքի, Լորդ Նորտումբերլենդի, բրիտանացի արևելագետ ու Կալկաթայի Գերագույն ատյանի դատավոր Ուիլյամ Ջոնսի մասին: Ուսուցիչը մեջբերեց մտքեր Հովսեփ Էմինի ինքնակենսագրությունից՝ՙ «Հովսեփ Էմինի կյանքն ու արկածները», ներկայացրեց Էմինի ազգականուհի, կալկաթաբնակ Էմի Աբգարին, որի ջանքերով Կալկաթայում 1918 թ. հրատարակվեց վերոհիշյալ աշխատության երկրորդ ընդլայնված մասը: Այնուհետև աշակերտները ծանոթացան Էմինի կյանքի կարգախոսին. «Չեմ կարող ապրել գազանների նման՝ ուտել, խմել, առանց ազատության կամ գիտելիքի»:

Դասն անցավ հետաքրքիր ու բովանդակալից: Աշակերտներից յուրաքանչյուրը կերտեց Հովսեփ Էմին հասարակական-քաղաքական գործչի իր կերպարը՝ մարդ, որի կյանքի միակ մտահոգությունն իր հայրենիքի ազատությունն էր, ժողովուրդ, որին նա պատրաստ էր զոհաբերել ամեն ինչ:

Դասն ամփոփեց ուսուցչուհին՝ շեշտելով, որ Հովսեփ Էմինն ապրեց մի կյանք՝ նման ուղիղ գծի, որից նա երբեք չշեղվեց, թեկուզ եղան փորձություններ, գայթակղիչ այնպիսի առաջարկություններ՝ ինչպիսին բրիտանական, ռուսական, վրացական արքունիքներում ծառայելը, հիասթափեցնող հանգամանքներն էլ քիչ չէին՝ չկամեցողությունն ու տգիտությունը, որոնց մեջ խարխափում էր ժողովուրդը:

-----------------

Հովսեփ Էմին, համառոտ կենսագրություն

Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այստեղից իր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում։

Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, որը հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ։ Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարներից։ Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը։ Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի Թագավորական ռազմական ակադեմիա։ Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները։ Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ։ Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին։

1759 թ. Էմինը գալիս է Հայաստան։ Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ` նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին։ Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության։ Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ։ Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։ Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին։ Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ։ Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ։ Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան։ Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին։ Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետի վանք|Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ։ Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցի, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ։ Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից։

Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում` Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ։ Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար։ Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն։ Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան։ Սակայն լսելով, Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ։ Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել։ Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան։

Մահացել է 1809 թ.-ին ու թաղվել է Կալկաթայում։

Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792 թվականին Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում:

(Հանրագիտարանից)

--------------------------------------------

09.05.2023/ Լիանա Փիրումյան/Նիդ.օրագիր

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈւՄ


Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոնն է։ Հայ ժողովրդի համար այն եռատոն է, քանի որ նշանավորվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին հայ ժողովրդի նվիրական մասնակցությամբ, Շուշիի ազատագրմամբ և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծմամբ:

Մայիսի 9-ին, Կալկաթայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ Երկրորդ Համաշխարհային և Արցախյան պատերազմներում հերոսաբար զոհված հայ զինվորների ու զորավարների հոգիների խաղաղության համար։

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի տիկին Լիանա Փիրումյանը ներկայացրեց «Հաղթանակի եռատոն» խորագրով բանախոսություն՝ սահիկաշարի ուղեկցությամբ։ Մանրամասն անդրադառնալով տոնի խորհրդին ու նշանակությանը՝ բանախոսը պատմական ակնարկ կատարեց 1941-1945 թթ․-ին, Երկրորդ Համաշխարհային պատերազմում Խորհրդային միության հաղթանակին հայերի մասնակցության և անուրանալի ներդրմանը, ինչպես նաև՝ կաթողիկոսական տեղապահ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի (հետագայում՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գևորգ 6-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս) օրհնությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցուցաբերած մեծ աջակցությանը։

31 տարի առաջ, մայիս 9-ին՝ ժամը 2: 30-ին, սկսվեց և վաղ առավոտյան ավարտվեց հայոց պատմական բերդաքաղաք Շուշին թշնամուց ազատագրելու՝ գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ խիստ գաղտնի պայմաններում մշակած գործողությունների ծրագիրը, որն ստացավ «Հարսանիք՝ լեռներում» անվանումը։

1992 թվականից սկսած՝ մայիսի 9-ը պաշտոնապես տոնվում է նաև որպես Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման օր, որով միավորվեցին 1990 թվականից գործող անջատ, ինքնապաշտպանական ռազմական միավորումները։

Բանախոսության ավարտին հնչեց «Շուշիի ազատագրման երգը» (խոսք՝ Էդգար Էլբակյանի, երաժշտությունը՝ Գուսան Հայկազունի) ՝ ճեմարանի շրջանավարտներ Ավետիս Սարգսյանի և Նարեկ Քամալյանի երաժշտական հիանալի կատարմամբ։

Լիանա ՓԻՐՈՒՄՅԱՆ
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի
«Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի
Հատուկ «Նիդերլանդական օրագրի» համար
Կալկաթա, Հնդկաստան

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
575 | 0
наверх