МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +21 °C Завтра+21 °C
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը. Զատիկ
16:08, 02.04.2024
431 | 0


Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այս տարի այն նշվում է մարտի 31-ին։
Մեծ պահքը մեկնարկել է փետրվարի 12-ին։
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24: 5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:
«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15: 13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1: 3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:


Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն։ Արարողություն Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական Եկեղեցում (ուղիղ) ։



Նիդերլանդների հայկական եկեղեցիներում նշվեց Ավագ Հինգշաբթին։ Երեկոյան եկեղեցիներում կատարվեց Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո:
Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: Տասներկու մոմերը խորհրդանշում են Քրիստոսի տասներկու աշակերտներին, իսկ կենտրոնի մոմը՝ Հիսուս Քրիստոսին: Մոմերից տասնմեկը սպիտակ են ու վառված, տասներկուրորդը՝ սև և անվառ, որը խորհրդանշում է մատնիչ Հուդային: Արարողության մասնակիցները ունկնդրում են Ավետարանից յոթ ընթերցումներ, որոնք բովանդակում են Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը: Առաջին ընթերցումից հետո եկեղեցականներից մեկը մարում է միայն ձախ կողմի առաջին մոմը, իսկ զուգահեռ մյուս՝ Հուդայի սև մոմն անվառ է: Մյուս ընթերցումներից հետո հաջորդական կերպով մարում են մոմերը ձախ և աջ կողմերից: Վերջին ընթերցվածի ավարտին եկեղեցին մնում է մթության մեջ, մարում են եկեղեցու բոլոր լույսերը: Միայն Հիսուսին խորհրդանշող մոմն է շարունակվում վառվել: Այս արարողությունը խորհրդանշում է աշակերտների կողմից Տիրոջ լքելը և քահանայապետերի և դպիրների ձեռքը մատնվելը: Մթության մեջ հնչում է զղջման ու ապաշխարության «Տեր ողորմեա» -ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին: Երգից հետո քարոզ է ասվում, որին հաջորդում է «Փառք ի բարձունս» -ը, այնուհետև լույսերը վառվում են: Եկեղեցին լուսավորելը խորհրդանշում է, որ մեր Տիրոջ չարչարանքներն ու խաչելությունն մեր փրկության և լուսավորության համար էին:
Կազմեց` Կարինե Սուգիկյանը

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх