МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +27 °C Завтра+28 °C
Հերետիկոսն ու այլասերվածը, ֆալոսական պաշտամունքի գերագույն քուրմը, արվամոլը, տրանսգենդերն ու մազոխիստը (4)
22:38, 18.09.2024
831 | 0

Հելիոգաբալուսը վրդովմունքի նոր ալիք է առաջացրել, երբ ամուսնացել է վեստալուհի Ջուլիա Ակվիլիա Սեվերայի՝ հռոմեական ընտանիքի, տան գլխավոր հովանավոր և զոհաբերության կրակի պահապան Վեստա աստվածուհու տաճարի գլխավոր քրմուհու հետ և հայտարարել, թե այդ ամուսնությունից ծնվելու են «աստվածանման երեխաներ»: Սա օրենքների և ավանդույթների կոպտագույն խախտում է համարվել: Օրենքը սահմանել է, որ որևէ մահկանացու տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցած կույս վեստալուհին պիտի ողջ-ողջ թաղվի:

Պալատինյան բլրի հյուսիսարևելյան անկյունում կառուցվել է Էլագաբալիում տաճարը՝ ի պատիվ Էլագաբալուս աստծու: Տաճարում դրվել է այդ աստծուն խորհրդանշող այն սև գույնի կոնաձև երկնաքարը, որը բերվել է կայսրի հայրենի քաղաք Էմեսի տաճարից: Հույն պատմիչ Հերոդիանոսը գրել է. «այնտեղ կա ինչոր մի հսկա քար՝ ներքևում կլորացված, գագաթի մասում՝ սուր. քարը կոնաձև է, իսկ գույնը՝ սև։ Նրանք հպարտությամբ հայտարարում են, թե այն ընկել է երկնքից՝ ցույց տալով հարվածից գոյացած ինչ-որ մի քանի աննշան ելուստներ և փոսիկներ. նրանք ուզում են, որ դա արևի անձեռակերտ պատկեր համարվի, որովհետև իրենք այդ քարն այդպես են ուզում տեսնել»: Ինքն իրեն «sacerdos amplisimus dei invicti Solis Elagabali» անվանող կայսրն ամեն օր, Հռոմի բոլոր բարձր պաշտոնյաների ներկայությամբ, իր աստծուն երկրպագության ու զոհաբերության ծես է կատարել՝ սիրիական տարազ հագած, կոպերն ու հոնքերը ներկած, այտերը ճերմակեցրած ու կարմրացրած։ Դիոն Կասիոս պատմիչը նշել է, որ Հելիոգաբալոսը թլպատվել է և հրաժարվել է խոզի մսից՝ այդ կերպ ընդգծելով իր բարեպաշտությունն ու հավատարմությունը Էլագաբալուսին։ Կայսրը հրամայել է սենատորներին դիտել իր պարը տաճարի զոհասեղանի շուրջ՝ թմբուկների և ծնծղաների հնչյունների ներքո։ Ամեն ամառային արևադարձին Հռոմի այս նոր աստծո պատվին տոնախմբություն էր կազմակերպվել, որը ժողովրդական լայն զանգվածների հավանությանն է արժանացել, որովհետև ձրի սնունդ է բաժանվել։ Տոնակատարության ժամանակ Հելիոգաբալուսն իր բերած սև քարը հանձնարարել է դնել ճոխ զարդարված մարտակառքին ու քաղաքով մեկ պտտեցրել է:

Հույն պատմիչ Հերոդիանոսը գրում է.

«Աստծուն դնելով ոսկով և թանկարժեք քարերով զարդարված կառքի վրա՝ նա նրան հանեց քաղաքից դուրս, տարավ արվարձաններ։ Կառքը քաշում էին լիովին անբիծ վեց հսկայական սպիտակ ձիեր՝ առատորեն զարդարված ոսկով և բազմագույն վահանակներով. ոչ ոք չէր բռնել սանձը, և ոչ ոք կառք չբարձրացավ, սանձը նետվել էր աստծու վրա, կարծես նա ինքն էր կառավարը։ Անտոնինուսը վազում էր կառքի առջևից՝ հետո մի կողմ էր քաշվում՝ նայելով Աստծուն և բռնելով ձիերի սանձը. նա ամբողջ ճանապարհն այդպես անցավ՝ ետ-ետ գնալով և նայելով Աստծուն»:

Հիշյալ տաճարում հավաքվել են հռոմեացիների համար ամենասուրբ առարկաները՝ Կիբելե, Վեստայի կրակը, Մարս աստծու վահանը, Մարսի տաճարի 12 քրմերի վահանները: Այսպիսով, ոչ մի աստված Էլագաբալուսից առանձին չէր կարող երկրպագվել։ Թեև պաշտամունքը ծաղրվել է ժամանակակիցների կողմից, սակայն արևապաշտությունը շարունակել է տարածված մնալ զինվորների շրջանում և խրախուսվել է այս կայսրին հաջորդող ևս մի քանի կայսրի կողմից:

Չբավարարվելով սովորական կրոնական արարողություններով՝ Հելիոգաբալուսը կազմակերպել է իր աստծո հանդիսավոր հարսանիքը Կարթագենից բերված կույս աստվածուհի Աստարտեի կամ Տանիտայի հետ։

Հելիոգաբալուսի կառավարման տարիներին տեղի են ունեցել բազմաթիվ ապստամբություններ, Սենատը լիովին նվաստացվել է իր կազմում մեծ թվով ասիացիների ընդգրկմամբ։ Մագիստրատուրաները մատչելի են դարձել դերասանների, ստրկությունից ազատարձակվածների ու ծառաների համար։

Նկարում՝ «Հելիոգաբալուսի հաղթահանդեսը», հեղինակ՝ Օգյուստ Լերու:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:32, 03.10.2024
166 | 0
20:45, 22.09.2024
330 | 0
наверх