Ամենացավո՜տը - Քո խենթ ձեռքերից հեռացած Սերն է, Ամենացանկալին՝ Շուրթերդ ետ մղող մատները Նրա, Ամենահեռո՜ւն քո երազներն են, Որ մեկ բացակա են, մեկ ներկա: Ամենակրքո՛տը՝ Մատներն են քեզ սիրող կնոջ, Ամենաքնկո՜տը՝ շուրթերը փակված, Ամենաբարդը՝ հոգոցն անորոշ, Ամենատա՛քը - Նրա համբույրն է վերնաշապիկիդ օձիքին դաջված: Ամենաերեկո՜ն - Հուշիկ քայլերով դեպի քեզ եկող Նրա ոտնաթաթն է, Ամենագիշե՜րը՝ Քեզնով մեկ փռված վարսե՛րը Նրա, Ամենաառավոտը սուրճի ա՛յն բաժակն է, Որ Նրա մատներից պատահմամբ Ընկնում է վրադ… Ամենաթեթևը՝ Ձախ ուսիդ հենված Նրա գլուխն է, Երբ ուսդ չի զգում ծանրություն Նրա գլխի տակ, Ամենադաժա՜նը պահարանի ճռացող դո՛ւռն է ու զգեստակախիչը դատարկ… Ամենալի՛քը դո՛ւ ես՝ Քո հոգի՛ն, կարոտով լեփ-լեցուն, Ամենախաղալիքը քո մարմի՜նն է- Նրա դողացող ձեռքերում: Ամենակատարյա՜լը Նրա կուրծքն է՝ Մոգակա՜ն, չքնա՜ղ տեսարան, Ամենադատա՛րկը Անկողնուդ ա՛յն հատվածն է, Որտեղ անցյալում սիրել ես Նրան: |
Подписаться на новостную ленту