1575 թվականի սեպտեմբերի 20-ին իսպանացի Միգել Սերվանտես դե Սաավեդրային ստրկավաճառ ծովահենները գերեվարել են։ Նավը, որով Միգելը Նեապոլից վերադառնալիս է եղել Իսպանիա (1571թ. հոկտեմբերին նա և իր եղբայր Ռոդրիգոն մասնակցել էին Լեպանտոյի մոտ թուրքերի դեմ հայտնի ճակատամարտին), ենթարկվել է ծովահենների հարձակմանը։ Օտար երկիր տարված Սերվանտեսը գերության մեջ անցկացրել է ավելի քան չորս տարի։ Իսկ Միգելի եղբոր բախտը բերել է. հայրը փրկագին է վճարել նրա համար։ Երբ նավը մոտեցել է ափին, որ փրկագնվածին տանի, Սերվանտեսը ծածուկ նավ է ներթափանցել, բայց նրան հայտնաբերել են: Չնայած խոշտանգումներին, Միգելը չի խոստովանել, թե ովքեր են իրեն օգնել նավ բարձրանալ: Դաժան փոխարքա Հասանը, ոչ մի կերպ չի կարողացել Սերվանտեսից կորզել իր փախուստը կազմակերպողներից գոնե մեկի անունը։ Գերու տոկունությունն այնքան է տպավորել Հասանին, որ նա որոշել է իսպանացուն փրկագնել իր հույն տիրոջից: Սերվանտեսը, սակայն, Հասանի մոտից էլ է փորձել փախչել, բայց քանի որ նրան մատնել է մի դոմինիկյան հոգևորական, փախուստի փորձը ձախողվել է։ Չորս տարի անց վերջապես նրա փրկագնման համար պահանջված գումարը վճարվել է։ 1580 թվականի սեպտեմբերին Սերվանտեսն ազատվել է գերությունից: Այդ ժամանակ նա եղել է 33 տարեկան։ 23 տարի անց Միգելը գրել է իր հայտնի «Դոն Կիխոտ» -ը: Նկարում՝ երիտասարդ Սերվանտեսը Լեպանտոյի ճակատամարտում: |