МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Արդար հասարակություն կառուցելու երազանք-ցանկությունը մեծ է եղել նաև միջնադարյան մահմեդականների միջավայրում
14:36, 18.10.2024
406 | 0

Դարեր շարունակ իսլամի դավանաբանության կարևոր բաղկացուցիչ է հանդիսացել աշխարհի վերջից առաջ Մուհամմեդ մարգարեի վերջին ժառանգորդի հայտնվելու մասին հավատալիքը: Այդ վերջին ժառանգորդը կոչվել է մահդի կամ իմամ Մահդին: Ղուրանում նրա մասին որևէ հիշատակում չկա, բայց «մահդի» երևույթը լայնորեն մեկնաբանվել է Մուհամմեդ մարգարեի հադիսներում: Իմամ Մահդիի անձը ընկալվում է որպես «հավատքը նորոգող», «ճիշտ ճանապարհով ընթացող» մարդ, ով գալու է ամրապնդի և նորոգի հավատքը Դատաստանի օրվան նախորդող օրերին: Սա կլինի սովորական մարդ, իր դարաշրջանի ժամանակակիցը։ Նա չի իջնի երկնքից, ինչպես Մեսիան՝ Հիսուսը, այլ նրա հետ միասին կհաստատի Աստծո արքայությունը երկրի վրա: Նրանք կվերացնեն բռնությունն ու անարդարությունը, կհաստատեն արդար ու ճշմարիտ կարգեր։ Բազմաթիվ աղբյուրներ ընդգծում են, որ մահդին լինելու է Մուհամեդ մարգարեի հետնորդը և իր գործունեությունը սկսելու է Դաջալի (իսլամական վախճանաբանությունում՝ կեղծ փրկիչ, որը հայտնվելու է վերջին ժամանակում, այստեղից էլ մեր խոսակցական լեզվին անցած «դաղալ» եզրույթը) գալստյան հետ միաժամանակ, որը գալու է ոչնչացնելու իսլամը։ Որոշ ուլեմաներ կարծում էին, որ մահդին և Իսան (Հիսուսը) նույն անձնավորությունն են. բայց շատ հադիսներում ասվում է, որ Իսան կմիավորվի մահդիի հետ, և նրանք միասին կկռվեն Դաջալի դեմ, կվերացնեն բռնությունն ու անարդարությունը և կհաստատեն արդար և ճշմարիտ կարգեր:

«Մահդի» բառն առավել լայն իմաստ էլ ունի. օրինակ՝ Մուհամմեդ մարգարեի հադիսներից մեկում խոսվում է յուրաքանչյուր դարի վերջում հավատքը նորոգող առանձնաշնորհյալ մարդկանց գալու մասին: Նման մարդիկ իսլամական աստվածաբանության մեջ կոչվում են «մուջդադդ» և հաճախ նույնացվում են Մուհամմեդի հետ:

Իմամական շիականության մեջ մահդիի անձը նույնացվում է 12-րդ իմամ Մուհամմադ իբն Հասանի հետ, ով դեռահասության տարիներին գնաց «թաքնվելու» (այսինքն՝ անհետացավ): Ըստ շիա հավատալիքների՝ մահդին ողջ է և մնում է թաքնված մինչև որոշակի ժամանակաշրջան, և կվերադառնա որպես մեսիա և կվերականգնի հավատքը: Հիջրայի առաջին դարերում մահդին ընկալվել է որպես սպասված կառավարիչ, որը վերականգնելու է իսլամի նախնական մաքրությունը: Այդ դերին հավակնել է «հակախալիֆ» Աբդուլլահ իբն ազ-Զուբեյրը: Մեսիական գաղափարները լայն տարածում են գտել շիականությունում, որտեղ մահդիի գալստյան հանդեպ հավատը միաձուլվել է «թաքնված» իմամի՝ Մուհամմադ ալ-Մահդիի վերադարձի հավատի հետ:

Մեսիական գաղափարները ոգեշնչել են իսլամական հասարակական և կրոնական շարժումներին: Մահդիի գաղափարը օգտագործել են Ֆաթիմյան դինաստիայի հիմնադիր Ուբայդալլահ ալ-Մահդին, Ալմոհադների դինաստիայի հիմնադիր Մուհամմադ իբն Թումարտը և Արևելյան Սուդանում մահդիականների ապստամբության առաջնորդ Մուհամմադ Ահմադը։

1785 թվականին Սվասից մինչև Զմուռնիա ընկած տարածաշրջանը գրաված են եղել են Օսմանյան կայսրության պատմության ամենաանսովոր մահդիներից մեկի հետևորդները: Այդ մահդին իտալացի է եղել, Հյուսիսային Իտալիայի Պիեմոնտ մարզի Մոնֆերատտո մարկոմսությունից: Սկզբնական շրջանում նա հանրահռչակվել է որպես կանանց գայթակղող, հետո՝ որպես Դոմինիկյան միաբանության մի եռանդուն վանական, որը ջանք չի խնայել այլադավաններին կաթոլիկ եկեղեցու գիրկը նետելու համար: Երբ Դոմինիկյան միաբանությունը նրան հատուկ առաջադրանքով Մոսուլ է ուղարկել, նա այնպես է հափշտակվել մարդկանց դավանափոխելու, դեպի «ճշմարիտ» հավատն ուղղորդելու սրբազան առաքելությամբ, որ հարկ է համարել իրեն դուրս դնել կաթոլիկ եկեղեցուց և իսլամ ընդունել: Դրանից հետո նա իրեն «մահդի» է հռչակել և Պարսկաստանի իշխանությունների աջակցությամբ սկսելէ գործունեություն ծավալել Անատոլիայում: Երբ արդեն բազմաթիվ հետևորդներ է ունեցել և հասել է իր հաջողության բարձրակետին, հայտնի չէ թե ինչու, որոշել է պայքարել հանուն Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի: Չորս տարի անց թուրքերը նրան որսացել են և սիրահոժար նպաստ են հատկացրել: Իսկ ամենազարմանալին, ըստ իս, այն է, որ 1798 թվականին նա ճգնավորական կյանքի է անցել հայկական մի վանքում: Ցավոք, ինձ հայտնի գրականությունը չի տալիս ո´չ այդ վանքի, ո´չ էլ նշանավոր մահդի դարձած այդ իտալացու անունը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх
Logo

Подписаться на новостную ленту