Անառակ որդու վերադարձը անխուսափելի է:
Քաղբանտարկյալ Արտակ Գալստյանի նոթերը Նուբարաշեն ՔԿՀ-ից
12 օգոստոսի 2024թ:
Բազմիցս նշել եմ, որ աշխարհը բաժանվում է գերտերությունների միջև համաշխարհային պատերազմների արդյունքում, վերջին բաժանումը տեղի ունեցավ երկրորդ աշխարհամարտից հետո, որի արդյունքում Սովետական Միությունը, նույն ինքը Ռուսաստանը դարձավ գերտերություն:
1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր, որով ԽՍՀՄ-ը փաստացիորեն դադարում էր գոյություն ունենալուց և դրան փոխարինելու էր գալիս Անկախ Պետությունների Համագործակցություն ոչ պետական կազմավորումը:
1991 թվականի դեկտեմբերի 21-ին հռչակագիր ընդունվեց Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում, Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի մասնակցությամբ: Հռչակագրին չէին մասնակցել Բալթյան երկրները և Վրաստանը։
Այս համաձայնագիրը ընդունվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից:
Ուշադրություն դարձրեք համաձայնագրի տեքստի ամենակարևոր դրույթին, Սովետական Միությանը փոխարինում է Անկախ Պետությունների Համագործակցությունը: Որի դոմինանտ ուժը ինչպես և Սովետական Միությունում դա Ռուսաստանն է:
Բելովեժսկյան համաձայնագիրը կարելի է կոչել աշխարհի երկրորդ բաժանման մեջ կատարված փոփոխություն:
Հանրամատչելի լեզվով ասած, անկախ այն հանգամանքից, որ որոշակի երկրներ չմտան ԱՊՀ-ի կազմի մեջ, նախկին ԽՍՍՀՄ տարածքը մնաց, որպես Ռուսաստանի ազդեցության գոտի:
Հայաստանի ժողովրդավարության կայացումը հանձնվեց Ֆրանսիային, ռազմական ազդեցությունը Ռուսաստանին:
Եթե ուսումնասիրեք հայկական և ֆրանսիական սահմանադրությունները, ապա նրանք բավականին նման են, մինչև խորհրդարանական կառավարման անցնելը: Նույնիսկ խնդիրներն էին նույնական, Ֆրանսիայում կար Կորսիկայի խնդիր, Հայաստանում Արցախի:
Հինգ տարով նախագահությունը փորձարկվեց Հայաստանում, որից հետո փոփոխվեց Ֆրանսիական սահմանադրությունը և յոթ տարուց դարձավ հինգ:
Սա աշխարհի բաժանումն է, համաշխարհային պատերազմից հետո, այս բաժանումը տեղային կարող է փոփոխվել միայն ազդեցության գոտիների տերերի, մեր դեպքում Ռուսաստանի համաձայնությամբ: Եթե կան մարդիկ, որոնց թվում է թե կարող են, ապա նրանք ուտոպիստներ են և պատմությունից դասեր չեն քաղում:
Այս տարիների ընթացքում Բելովեժսկյան համաձայնագրի դրույթները արևմուտքի դրդմամբ փորձել են փոխել Մոլդովան, արդյունքում կորցրեց Մերձդնեստրովիան: Վրաստանը, արդյունքում կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, Հայաստանը, արդյունքում կորցրեց Արցախը, Ուիկրաինան, արդյունքում կորցրեց Ղրիմը, Դոնբասը, Լուգանսկը, Խերսոնը և եթե չսթափվեն կկորցնեն երկիրը:
Ամենակարևորը Ռուսաստանը չի կորցնում, այլ կկորցնեն այն երկրները, ովքեր կփորձեն փոփոխել աշխարհի վերջին բաժանման ազդեցության գոտիները:
Վրաստանը 15 տարի հետո սթափվեց և հստակ քայլերով վերադառնում է դեպի Ռուսաստանի ազդեցության գոտի:
Հայաստանը, իր այսօրվա ղեկավարությամբ մի պահ պատկերացրեց, որ կարան վեկտոր փոխեն Ռուսաստանից դեպի անհայտություն, ինչու անհայտություն, որովհետև մենք արեվմուտքին պետք ենք այնքանով, որքանով որ մեր միջոցով կարող են վնաս հասցնել Ռուսաստանին և մեզ կոգնեն մինչև այն գիծը, որը չի հանգեցնի համաշխարհային պատերազմին:
Եթե իշխանությունը սա չի հասկանում, նշանակում է պաթոլոգիկ ուտոպիստ է ու արկածախնդիր:
Եթե հույսները դրել են, որ մեծ թուրանի ճանապարհին ոտնատակ լինելուց մեզ կփրկի Եվրոպան, ընդամենը թող տեսնեն ում տիրապետման տակ են գտնվում Եվրոպայի անդամ Կիպրոսի տարածքի կեսը, Հունաստանի մոտ 20 կղզիները և ինչ է անում Եվրոպան դրանք ազատագրելու և Թուրքիային կարգի հրավիրելու համար: Ակնհայտ փաստ է, ոչինչ, ավելին դեռ քննարկում են Թուրքիայի Եվրամիություն մտնելու հայտը:
Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի միջոցով Ռուսաստանին վնաս պատճառելու փուլը Արևմուտքի համար այս պահին ավարտվել է և Ուկրաինայի վերջնական կրախին ընդառաջ Արևմուտքը ինչպես 100 տարի առաջ, կրկին մեզ մենակ թողեց մեր դարավոր թշնամիների դիմաց:
Ինչ պիտի անի իշխանությունը, այս վիճակից դուրս գալու համար:
Կարծում եմ, որ Արևմուտքը շուտով կհայտարարի, որ ինքը Հայ Ադրբեջանական խաղաղության պայմանագրում միջնորդ չէ և կառաջարկեն Նիկոլին ուղիղ բանակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Մեր իշխանությանը թվում է, թե Ռուսաստանին մենք հեռացրել ենք միջնորդությունից, այսօր երևացող վիճակով դա այդպես է, բայց միայն երևացող, ի տարբերություն մեզ, Ադրբեջանը և Թուրքիան հասկանում են, որ Հայաստանը ռուսական ազդեցության գոտի է և եթե Հայաստանի ձեռքով չկարողանան իրենց ուզածին հասնել, ապա ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ չեն գնա, հասկանալով դրա ճակատագրական հետևանքները:
Այլ կերպ ասած, անկախ այն հանգամանքից, որ Նիկոլը որպես ինքնիշխանության հաղթանակ ներկայացնում է Ռուսաստանին միջնորդությունից հեռացնելը, Ռուսաստանը կա և մնում է իր ազդեցությանն գոտում վերջին խոսքի իրավունք ունեցող երկիր:
Այս իրադրությունը չնդունողները, նույնպես ուտոպիստ արկածախնդիրներ են:
Վստահ եմ, որ շուտով Նիկոլը ոչ թե իր ցանկությամբ, այլ ստիպված կթեքվի դեպի Ռուսաստան:
Իր իշխանության միակ հենարան արևմտամետներին չկորցնելու համար, կաղերսի Ռուսաստանին, որ դուրս գան օդանավակայանից և դիցուք Իրանի հսկիչ անցագրային կետից:
Սա կներկայացնի արևմտամետներին որպես ինքնիշխանության հաղթանակ, բայց իրականում դրա դիմաց չի երկարացնի եվրոպացի դիտորդների մանդատը, որը ավարտվում է սույն թվականի դեկտեմբերի 19-ին, իսկ միջանցքի վերահսկողությունն էլ կհանձնի Ռուսաստանին:
Արդյունքում Հայաստանից կհեռանա Եվրոպան, իսկ Ռուսաստանը ոնց կա, այնպես էլ կմնա տարածաշրջանում:
Արևմտամետները կշարունակեն Նիկոլի սահմանապահների հեռացման թեզը շահարկել որպես հաղթանակ, որը առավել քան ծիծաղելի է ռեալ իրականության մեջ մի պարզ պատճառով, որ արդեն տասնամյակից ավել է, որ ռուսական 102-րդ բազայում 40 տոկոս անձնակազմը հայեր են, և տասնամյակներ շարունակ գործող փաստը այսօր որպես հաղթանակ ներկայացնելը, մինիմում ինքնախաբեություն է: Դե իսկ ում է պետք հսկիչ անցագրային կետը, այն ժամանակ, երբ Հայ Իրանական սահմանը շարունակում է հսկել Ռուսաստանը:
Մի խոսքով շուտով ականատես կլինենք Անառակ որդու վերադարձին:
Ի դեպ Ռեմբրանդի հանրաճանաչ նկարի վերլուծությունը, հստակ ներկայացնում է այն ինչ կարճ ժամանակ անց տեղի կունենա Նիկոլի հետ:
Այսպես,
կրոնական թեմայով Ռեմբրանդի ամենամեծ կտավում, տան դիմաց հավաքվել են մի քանի մարդիկ։ Նկարի ձախ մասում պատկերված է մեջքով դեպի հանդիսատեսը ծնկի իջած անառակ որդին։ Նրա դեմքը չի երևում, իսկ գլուխը պատկերված է «պրոֆիլ պերդու» ոճով։ Հայրը քնքշորեն շոյում է որդու ուսերը՝ գրկելով նրան։ Նկարի մեջ գլխավոր միտքը արտացոլվում է լույսի միջոցով՝ գրավելով դիտողի ուշադրությունը։ Կալանավորի նման սափրած գլուխն ու ցնցոտիները վկայում են ճգնաժամի մասին։ Օձիքը վկայում է երբեմնի շքեղության մասին, կոշիկները հնամաշ են, ընդորում հուզիչ փաստն այն է, որ անառակ որդու կոշիկը դուրս է եկել ծնկի իջնելուց։ Կիսախավար կտավի խորքից առեղծվածային լույս է ճառագում։ Այդ խորհրդավոր լույսը ուժգնացնելով հեռվում տարածվող մթությունը, դեպի իրեն է գրավում դիտողին։
Կարծում եմ նույնականացումը Հայ Ռուսական հարաբերությունների հետ առավել քան ակնհայտ է, իհարկե հասկացողի համար:
Ամփոփեմ մեկ նախադասությամբ:
Ռուսաստանը հայերի համար գուցե լավը չէ, բայց հավատացեք, նրանից լավն էլ մեզ համար աշխարհում չկա:
Արտակ Գալստյան
Նուբարաշեն ՔԿՀ
12 օգոստոսի 2024թ: