Հոկտեմբերի 20-ին Մանկության Ակադեմիայում տեղի ունեցավ Բերքահավաքին նվիրված տոնակատարություն։ Ինչպես գիտեք, Մանկության Ակադեմիան անչափ կարևորում է հայեցի դաստիարակությունը և մշտապես քարոզում է մոտ լինել բնությանը։ Մեր նպատակն էր մեկ անգամ ևս հետ հայացք ձգել մեր ազգային ավանդույթներին, սովորություներին, դարձնել օրը ընտանեկան տոն, ինչպես դա արել են մեր նախնիները դարեր շարունակ ՝ խաղողօրհնեքի, հացօրհնեքի ժամանակ։ Մանկության Ակադեմիայի այգում ներկայացված էին հացի, խաղողի և գինու, մրգի և բանջարեղենի տաղավարները, որտեղ տոնակատարության մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև հացի և գինու պատմությանը։ Ըստ Աստվածաշնչի, մարդկությունը բացահայտել է գինու համը այն ժամանակ, երբ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ 2011թ. Արենի համալիրում պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որը 6000 տարեկան է։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսից առաջ 3-2-րդ հազարամյակներում։ Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո, առաջին բերքը տանում էին եկեղեցի և միայն օրհնելուց հետո էին աղում և թխում։ Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ուտելուն ասում են հաց ուտել։ Հայկական էպոսում Դավիթը կրկնում է «Հացն ու գինին, Տեր կենդանին» և այսպիսով ուժ ստանում կռվից առաջ։ Այգու ձևավորումը, ազգային երգ ու պարը, լարախաղացի ներկայությունը այնպիսի միջավայր ու տրամադրություն էին ստեղծել, որ անհնար էր ուղղակի կանգնել և չդառնալ տոնակատարության ակտիվ մասնակից։ |
Подписаться на новостную ленту