Պարսկաստանի եռանդոտ և տոկուն տիրակալներից մեկի՝ թուրքամոնղոլական արմատներ ունեցող Թահմասպ Առաջին շահի՝ Սեֆյան դինաստիայի հիմնադիր շահ Իսմայիլ Առաջինի անդրանիկ և սիրելի որդու մահից (ի դեպ, Թահմասպը բնական մահով չի մեռել, նրան թունավորել է իր կանանցից մեկը՝ մի վրացուհի, որը ցանկացել է արագացնել իր Հեյդար անունով որդու գահ բարձրանալը) անմիջապես հետո, 1576 թվականին, Հեյդարը գահ է բարձրացել, բայց դրան հաջորդող ժամանակաշրջանում հարեմական խարդավանքներն էլ ավելի են ուժգնացել: Թահմասպի դուստրերից մեկը, որին ծնել էր շահի՝ ազգությամբ չերքեզ կինը, դիմել է Դաղստանում ապրող իր մոր ազգականների օգնությանը, որպեսզի նրանք մոր կողմից վրացի Հեյդարի տեղ թագավորեցնեն իրենց ազգակցին՝ մոր կողմից չերքեզ Իսմայիլին: Եվ այս ազգականները շտապ ժամանել են Ղազվին, որն այդ ժամանակ եղել է շահական պետության մայրաքաղաքը: Վրացի իշխանները ևս շտապել են Ղազվին: Սկսվել է պայքար այս երկու խմբավորումների միջև: Երբ չերքեզների ազդեցությունն էականորեն մեծացել է, Հեյդար շահը փորձել է փախչել կնոջ շորեր հագած, բայց բռնվել է ու սպանվել: Դա տեղի է ունեցել 1577 թվականին: Քանի որ մինչև մեռնելը Թահմասպ շահն իր ժառանգ է նշանակած եղել Հեյդարին, հետագա գահակալական կռիվներից երկիրը զերծ պահելու համար, նա Իսմայիլին 20 տարուց ի վեր մեկուսացրել է բանտում: Չերքեզուհին անձամբ գնացել է Ալամութ ամրոց, որտեղ բանտարկված է եղել իր եղբայրը, և ազատել է նրան: Իսմայիլը շահ է հռչակվել և, գահը մյուս եղբայրներից պաշտպանելու համար, նրանցից ութին կոտորել է տվել: Քանի որ բանտարկության տարիներին Իսմայիլը հարբեցողության է տրվել, ուստի հիվանդոտ օրգանիզմ ունեցող, սակայն բնավորությամբ անգութ անձնավորություն է եղել: Գահակալության կարճ ժամանակամիջոցում նա ատելություն է հարուցել նույնիսկ այն մարդկանց մեջ, որոնք նրան գահ էին բարձրացրել, և նրանք սկսել են Իսմայիլի դեմ գործել: Դավադիրների առաջին շարքերում է եղել հենց նրա քույրը, որն էլ 15 հոգուց բաղկացած դահիճների մի խումբ է կազմել, որոնք կանացի շորեր հագած մտել են Իսմայիլի սենյակը և խեղդել են նրան: Այս բռնակալն ընդամենը ութ ամիս է վայելել ինքնակալ լինելու հաճույքը: Նկարում՝ Թահմասպ Առաջինը Սպահանի իր պալատում ընդունել է Մեծ Մողոլների երկրորդ փադիշահ Հումայունին: (շարունակելի) |
Подписаться на новостную ленту