Պալատական հեղաշրջումներն անհամար աղետներ են պատճառել Պարսկաստանին, և հարևան երկրի արքունական խառնակություններին ուշադիր հետևող Օսմանյան պետությունը վճռել է, որ պատերազմական ընդհատված գործողությունները վերսկսելու հարմար ժամանակ է: Օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար Մուստաֆա փաշային հրահանգվել է ամեն կերպ խրախուսել անկարգությունները Պարսկաստանում և մանամանդ հրահրել Վրաստանի, Դաղստանի և Շիրվանի տիրողներին, որ նրանք ապստամբեն պարսկական իշխանության դեմ: 1578 թվականին օսմանյան զորքերն արշավել են Վրաստան և և մի քանի անգամ ջախջախել են պարսից զորքերին ու գրավել են ամբողջ Վրաստանը, Շաքին, Շիրվանը և Դերբենտը: Այդ ժամանակ Պարսկաստանում թագավորել է Թահմասպ շահի միակ որջ մնացած որդին՝ Մուհամմեդ Խուդաբանդեն, որն համարյա կույր է եղել, ու բնակականաբար, մեծ պետությունը կառավարելու գրեթե անընդունակ: Բայց նրա կանանցից մեկը լիովին փոխարինել է ամուսնուն և կատարյալ հերոսուհի է դարձել: Իր ձեռքն առնելով զորքի հրամանատարությունը՝ այդ կինն իր Համզա անունով որդու հետ սկսել է եռանդուն դիմադրություն ցույց տալ օսմանցիներին: Համզան կարողացել է օսմանցիներից ետ նվաճել Շիրվանը և հարկադրել է թշնամական զորքերի հրամանատար Օսման-Յուզդեմիր փաշային նահանջել դեպի Դերբենտ (1579 թ.): Ապա պարսիկները պաշարել են Թիֆլիսը և սպառնացել են գրավել Էրզրումն ու Բաղդադը: Օսմանցիները ամրացրել են Կարսը, մի քանի վայրերում էլ նոր ամրոցներ են կառուցել և, ի վերջո, պարսիկներին ստիպել են հեռանալ Թիֆլիսից ու իրենց հերթին սպառնացել են գրավել Թավրիզը: Փոփոխակի հաջողություններով պատերազմական գործողությունները շարունակվել են 11 տարի (1578 – 1590 թթ.): Ընդհարումներ են տեղի ունեցել Հարավային Կովկասի զանազան կողմերում, և Արարարտյան դաշտը, Ղարաբաղն ու մյուս հայաբնակ վայրերը թեժ մարտերի հրապարակ են դարձել: Պարսիկների համար ծանր հարված է եղել Համզայի սպանությունը, որը տեղի է ունեցել 1585 թվականին, որին մասնակցել է նաև նրա եղբայր Աբբասը: Եղբոր սպանությունից հետո գահաժառանգ է դարձել հենց Աբբասը, որը կարճ ժամանակ անց հարկադրել է Խուդաբանդեին հրաժարվել գահից, և ինքն է դարձել շահ: Իսկ այդ ընթացքում օսմանցիները մի շարք հաղթանակներով գրավել են համարյա ամբողջ Հարավային Կովկասը: Այդ 11 դաժան տարիների ընթացքում հայերի կրած դաժան տառապանքները նկարագրված են մի քանի հիշատակարաններում, որոնք թեպետ կցկտուր են, բայց տալիս են մի ահավոր ցնցող պատկեր: «Մեր ծովացյալ մեղքերի պատճառով, - ասում է հիշատակարաններից մեկը, - Աստված դառնացավ, և ութ տարի մեր աշխարհի վրա բարկություն եղավ. մեր վրա չորս պատուհաս եկավ՝ սուրը, սովը, ահը, մահտարաժամը, և մյուս ցավը՝ գայլը, որը մեռյալներին գերեզմանից հանում էր և ուտում»: Այնուհետև անդրադառնալով օսմանյան զորքերի գործողություններին, հիշատակարանի հեղինակը՝ Էրզրումի գավառի Սալաձոր գյուղի բնակիչ Առաքել սարկավագը, պատմում է այն մասին, որ օսմանյան զորքերի հրամանատար Մուստաֆան իր առաջին արշավանքի ժամանակ Արարատյան երկրից գերի է տարել 60 հազար մարդ: Աղետներն առավել համատարած են եղել Արևելյան Անդրկովկասի հայաբնակ վայրերում: Վերոհիշյալ Օսման-Յուզդեմիրը, 1579 թվականին պարտություն կրելով պարսիկներից, թեև Դերբենտ է քաշվել, բայց այդտեղից հաղթական արշավանքներ է կազմակերպել: Օսմանը նվաճել է Դաղստանը, Հյուսիսային Կովկասի վրայով հաղորդակցություն է բացել դեպի Ղրիմ և իրեն դաշնակից է դարձրել այնտեղի թաթար խանին և Դաղստանի պատերազմասեր ցեղերին դրդել է Պարսկաստանի դեմ: Ղրիմի թաթարներն էլ ավերակ են դարձրել Շիրվանի ամբողջ նահանգը: Ղրիմի խանը, ինչպես ասում է Առաքել սարկավագը, 160 հազար գերի է տարել, որոնց թվում շատ հայեր են եղել: Նրանց քշել են Եգիպտոս ու վաճառվել են, ինչպես սարկավագն է գրում, «հավի պես»: «Եվ տաճիկների զորքը՝ իսմայելացիները, որ Չիթախ ազգն է, արևմուտքից երկու հարյուր հազար զորքով եկավ մեր դեմ, շինեց Կարսի բերդը, որը կոչվում է Ղարս, հետո այնտեղից գնաց Շիրվաննների երկիրը, որ կոչվում է Շիրվան, շատ տեղեր ավերեց...և ետ եկավ Ղարս, հետո գերեցին տարան դեպի Արևանա երկիր ԿՌ (60 հազար) այր ու կին: Հետո ելավ թաթարների խանը Կաֆայի երկրից, անցավ Ալպուգա լեռը, մտավ Շիրվանի երկիրը, շատ ավերածություններ գործեց և գերեց հայկազյան ազգը: Կտրեցին ապրեշումի ծառերը: Հետո ՃԿՌ (160 հազար) գերի տարան Կաֆայի ծովով, տարան Մսըր և հավի պես վաճառեցին այլազգիներին՝ այր ու կին, ծեր ու երեխա...Եվ ցրվեցավ ազգս հայոց, և նվազեց ամեն բարին: Հետո մի վեզիր ելավ, չորս հարյուր հազար զորքով գնաց Թավրիզի վրա, որը բերդ շինեց: Վեզիրի մահից հետո երեք օր ջարդ եղավ, և արյունը լեշը քշում-տանում էր»: Հիշատակարանի վերջում սարկավագն ավելացրել է. «Եղբայրնե´ր, աղաչում եմ՝ մի´ մեղադրեք, որովհետև կարողությունս այս էր, որովհետև այս դժվար ժամանակներում միտքս մոլոր է, խելքս ցրված, երամիցս բաժանված եմ»: Նկարում՝ Մուհամմեդ Խուդաբանդե շահնշահը: (շարունակելի) |
Подписаться на новостную ленту