«Երբ Սիցիլիայի տիրան Դիոնիսիոսը Լիսանդրոսի դուստրերին պերճաշուք զգեստներ է նվեր ուղարկել, ճոխություն չընդունող, շքեղությունը մերժող Լիսանդրոսը չի ընդունել նվերները՝ ասելով. «Աղջիկներս այդ զգեստների մեջ տհաճ տեսք կունենան»: *** Մ.թ.ա. 407 թվականին Լիսանդրոսը դարձել է Սպարտայի նավատորմի նավարքոս (գլխավոր հրամանատար): Մինչ այս նշանակումը հիշյալ նավատորմի անձնակազմի բարոյահոգեբանական ոգին խարխլված է եղել աթենացի նավարք Ալքիբիադեսից կրած մի շարք պարտությունների պատճառով։ Լիսանդրոսին հաջողվել է վերականգնել նավատորմի հզորությունը՝ բարեկամանալով պարսից արքայազն Կյուրոսի հետ, որն այնքան գումար է տրամադրել, որ կառուցվել են նոր նավեր, իսկ թիավարների վարձատրությունն ավելացվել է մեկ երրորդով։ Մ.թ.ա. 407 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Ալքիբիադեսը փորձել է ճակատամարտել Լիսանդրոսի հետ, սակայն վերջինս խուսափել է բախումից։ Երբ Ալքիբիադեսը մեկնել է Աթենք, Լիսանդրոսը Սամոս կղզու մոտ հարձակվել է աթենական նավատորմի վրա և ջախջախել է նրան։ Աթենացիները կորցրել են 15 նավ, և այդ կորուստն այն աստիճան է թուլացրել է Ալքիբիադեսի կարգավիճակը հայրենի Աթենքում, որ նա, ի վերջո, հեռացվել է աթենական նավատորմի հրամանատարությունից։ Լիսանդրոսը նպաստել է Փոքր Ասիայի հունական քաղաքներում օլիգարխիկ կուսակցությունների կազմակերպմանը և դրանց օգնությամբ խրախուսել է քաղաքների ակտիվ պայքարն Աթենքի դեմ։ Մ.թ.ա. 406 թվականի վերջին նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, և Սպարտայի իշխանությունները նրան փոխարինել են Կալիկրատիդասով։ Իր այս իրավահաջորդի դիրքը խարխլելու համար Լիսանդրոսը Կյուրոս Կրտսերին է վերադարձրել այն գումարը, որը դեռ ծախսված չի եղել իր նավատորմի կարիքների համար, և երբ Սպարտայի նավատորմը պարտություն է կրել Արգինուսյան կղզիների մոտ տեղի ունեցած ճակատամարտում (մ.թ.ա. 406թ.), որի ժամանակ զոհվել է Կալիկրատիդասը, սպարտացիները կրկին Լիսանդրոսին ուղարկել են նավատորմ՝ պաշտոնապես որպես էպիստոլեոս, այսինքն՝ նավարքոսի օգնական, բայց, փաստորեն, նավատորմի հրամանատարությունը ամբողջությամբ վերադարձվել է նրան: Մահացող հոր մոտ կանչված Կյուրոսը, Լիսանդրոսին է փոխանցել Արևմտյան Ասիայի վերահսկողությունն ու ափամերձ հունական քաղաքներից ստացվելիք ողջ եկամուտը, որն անձամբ իրեն է պատկանել։ Խուսափելով աթենական նավատորմի հետ բախումներից՝ Լիսանդրոսն սկզբում գործել է Աթենքի դաշնակիցների դեմ։ Երբ նա գրոհով տիրել է Աթենքի դաշնակից Լամպսակոս քաղաքին (Հելլեսպոնտում), Սպարտայի նավատորմին հետապնդող աթենացիների նավատորմի 180 նավերը դիրքավորվել են Լամպսակոսի դիմաց՝ Էգոսպոտամոս գետի գետաբերանում, որտեղ տեղի է ունեցել Պելոպոնեսյան պատերազմի վերջին ճակատամարտը (մ.թ.ա. 405 թ.): Աթենքի նավատորմը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Մի քանի հազար աթենացիներ, այդ թվում՝ մի շարք զորահրամանատարներ, գերեվարվել ու մահապատժի են ենթարկվել։ Այս մեծ հաղթանակից հետո Լիսանդրոսը գրավել է Աթենքի դաշնակից քաղաքները և ամենուր կառավարիչներ է նշանակել իրեն ամենահավատարիմ մարդկանցից։ Վերջապես, մ.թ.ա. 405թ. ամայացնելով Սալամիս կղզին, Լիսանդրոսը 150 նավերով նավարկել է դեպի Պիրեոս. այդ նույն ժամանակ Աթենքը ցամաքի կողմից շրջապատել են Սպարտայի Ագիս և Պավսանիաս թագավորների առաջնորդած զորքերը։ Երբ մ.թ.ա. 404 թվականի մարտին սովից տառապող աթենացիները որոշել են հանձնվել, Լիսանդրոսը մտել է Աթենք, որպեսզի ի կատար ածի հաշտության պայմանները: Նա վերադարձրել է աթենացի արտաքսյալներին, բռնագրավել է Աթենքի նավատորմի բոլոր նավերը, բացառությամբ 12-ի, ավերել է նավաշինական գործարանները և սկսել է քանդել «Երկար» և «Պիրեյյան» պարիսպները։ (շարունակելի) |
Подписаться на новостную ленту