«Երբ արգիվիացիները հողի համար վիճել են սպարտացիների հետ, և նրանց փաստարկները բացարձակ արդարացի են եղել, Լիսանդրոսը մերկացրել է սուրն ու ասել է. «Ում ձեռքին այ սա´ է, նա էլ սահմանների մասին լավագույնս է դատում» »: *** Մ.թ.ա. 404 թվականի ամառվա վերջում Լիսանդրոսը կրկին հայտնվել է Աթենքում և, անձամբ ներկա լինելով ժողովրդական ժողովին, ստիպել է աթենացիներին ընդունել Դրակոնտիդեսի առաջարկը՝ իշխանությունը փոխանցել 30 օլիգարխներին։ Շուտով նրան հանձնվեց նաև Սամոսը։ Ըստ Պլուտարքոսի՝ Սպարտայում հսկայական հարստության հայտնվելը հանգեցրել է այնտեղ փողի հանդեպ կրքի տարածմանը, որը մինչ այդ սպարտացիներին անհայտ է եղել, և նպաստել է լակեդեմոնյան ավանդական բարքերի անկմանը: Քանի որ քաղաքների գլխին «կարգված» օլիգարխներն իրենց վերելքի համար պարտական են եղել Լիսանդրոսին, նրան այդ ժամանակ համարել են ողջ Հունաստանի ճակատագրերի տնօրենը. բանաստեղծները գովերգել են նրա սխրագործությունները, որոշ քաղաքներ նրան որպես աստված են մեծարել: Փոքր Ասիայում, որտեղ Լիսանդրոսը ստրատեգոս էր նշանակվել, շատ քաղաքներ սկսել են բողոքել նրա դաժանությունից և բռնությունից, բայց այդ բողոքներն ապարդյուն են եղել այնքան ժամանակ, մինչև վերջապես բողոքներ են ստացվել սպարտացիների հավատարիմ դաշնակցից՝ սատրապ Փարնաբազից։ Այդժամ էֆորները գաղտնի հրաման են ուղարկել Լիսանդրոսին՝ պահանջելով վերադառնալ Սպարտա։ Վախենալով պատժից՝ նա գնացել է Լիբիա՝ կատարելու Զևսի հետ նույնացվող եգիպտական Ամոն աստծուն տված երդումը։ Սպարտայի երկու թագավորները, նախանձելով նրան և վախենալով նրա հզորությունից, որոշել են հեռացնել օլիգարխներին՝ Լիսանդրոսի ընկերներին և օժանդակել դեմոկրատական կուսակցություններին։ Երբ Ատտիկայում ժողովրդավարներն ապստամբել են, Լիսանդրոսը վերադարձել է Սպարտա և համոզել թագավորներին, որ Աթենքի օլիգարխներին 100 տաղանդ գումար ուղարկվի զորք վարձելու համար: Այդ զորքը պետք է ղեկավարեր Լիսանդրոսը, բայց այս ժամանակ Աթենքում հաղթել են ժողովրդավարները, և Լիսանդրոսը մի քանի տարի շարունակ ակամա պարապության է մատնվել։ Մ.թ.ա. 398 թվականին, երբ Ագիս թագավորը մահացել է, և նրան պետք է հաջորդեր նրա որդի Լեոտիքիդեսը, Լիսանդրոսը համոզել է Ագիսի եղբորը՝ Ագիսիլայոսին, բարձրացնել Լեոտիքիդեսի՝ ապօրինի թագավոր լինելու հարցը և դառնալ թագավոր, ինչը իրականացվել է Լիսանդրոսի ակտիվ մասնակցության շնորհիվ։ Մ.թ.ա. 396 թվականին Լիսանդրոսն ուղեկցել է Ագեսիլայոսին, երբ նա մեկնել է Փոքր Ասիա՝ հուսալով կրկին նշանակալից դեր խաղալ պետության կառավարման մեջ, բայց Ագեսիլայոսը բնավ հակված չի եղել ականջալուր լինել նրա խորհրդին։ Այդժամ Ագեսիլայոսի և նրա համաքաղաքացիների դեմ դառնությամբ լցված Լիսանդրոսը վերադարձել է Սպարտա՝ մտադրվելով պետական հեղաշրջման միջոցով հասնել իշխանության։ Այդ նույն ժամանակ փոկիասցիները, որոնց դեմ թեբեացիները պատերազմ են սկսել, դիմել են սպարտացիների օգնությանը: Սպարտայի իշխանությունները ուղարկել են Լիսանդրոսին, որը պետք է տեղացիներից և շրջակա փոքր ազգություններից բանակ կազմեր և հարձակվեր Թեբեի վրա արևմուտքից, իսկ Պավսանիաս թագավորը սպարտացիների և պելոպոնեսցիների բանակով պիտի հարվածեր հարավից։ Պայմանավորվածություն է եղել, որ այս երկու բանակները միավորվելու են որոշակի վայրում, սակայն Պաուսանիասը ուշացել է, և Լիսանդրոսը, չսպասելով նրան, մոտեցել է հակառակորդ քաղաքի պարիսպներին, բայց պաշարվածների անակնկալ արտագրոհի ժամանակ սպանվել է, իսկ նրա բանակը պարտություն է կրել։ *** Երբ Սիցիլիայի տիրան Դիոնիսիոս Լիսանդրոսի դուստրերին պարճաշուք զգեստներ է նվեր ուղարկել, ճոխություն չընդունող, շքեղությունը մերժող Լիսանդրոսը չի ընդունել նվերները՝ ասելով. «Աղջիկներս այդ զգեստների մեջ տհաճ տեսք կունենան»: *** Երբ նրան նախատել են, թե Հերակլեսի սերնդին ոչ վայել բազում խորամանկությունների է դիմում, նա պատասխանել է. «Որտեղ առյուծի մորթին դեր չի խաղում, պետք է աղվեսի մորթի հագնել»: *** Երբ արգիվիացիները հողի համար վիճել են սպարտացիների հետ, և նրանց փաստարկները բացարձակ արդարացի են եղել, Լիսանդրոսը մերկացրել է սուրն ու ասել է. «Ում ձեռքին այ սա´ է, նա էլ սահմանների մասին լավագույնս է դատում»: *** Տեսնելով, որ սպարտացի զինվորներն անվճռական են դարձել Կորնթոսի պարիսպների մոտ՝ նա հայտարարել է, թե քաղաքից խրամատի վրայով նապաստակ ցատկեց, ու բացականչել է. «Մի՞թե ձեզ սարսափեցնում են այս թշնամիները, որոնք այնքան ծույլ են, որ նրանց պարսպի այն կողմում նապաստակներ են քնում»: Ընդհանուր ժողովում նրա դեմ մի մեգարացի է հանդգնորեն խոսել: Լիսանդրոսը պատասխանել է. «Քո խոսքերին ընդամենը պակասում են դրանց թիկունքին կանգնած քաղաքները»: |
Подписаться на новостную ленту