Անհասկանալի է բնությունը ծեր, Որը չգիտես ինչո՞ւ, Չգիտես ի՞նչպես - Շերտ առ շերտ հանկարծ բացվում է քո մեջ Ու կորցնում ես գիշե՜ր և ցերեկ … * Ասես խունացած մի էջ ես գտնում՝ Ինչ-որ պատառիկ հեռո՜ւ անցյալից, Ասե՛ս բնությունը երա՛կդ ծակում, Հին հիշողություն է քաշում երակից: * Անցյալդ գալի՜ս, գլո՜ւխ է տալիս, Ոչ հոգի՛ն ես տեսնում, ո՛չ էլ աչքերը, Ասե՛ս սրտիդ մեջ մի հո՜ւշ է լալիս Ու կոկորդդ են սեղմում արցունքները: * Առաջին սերը դաժա՜ն է լինում - Բաժա՜ն է լինում գիտակցությունից, Ասե՜ս մի թավշյա երկար վարագույր Զատում է ներկադ հեռու անցյալից: * Ասես շրջվո՜ւմ են իղձերդ անկատար, Ասես պտտվո՛ւմ ես արյանդ հոսքում, Ասես թե կյանքը՝ անխի՜ղճ ու դաժան, Խարանում է քեզ քո իսկ ներկայում… * Հիշողությունը՝ կարո՜տ, Հիշելը՝ հանցա՜նք, Քեզ չե՛մ հասկանում բնությո՜ւն, Մ՞իթե իրար հետ մի ողջ կյանք անցանք, Որ հինը նորից բորբոքենք ներսում… * Իմ առաջին սե՜ր, Ի՜մ երախայրիք, Դո՞ւ իմ, թե՞ ես քո ներսում քողարկված… … Բնության համար ինչպես խաղալիք Մենք մոռացվեցինք, Իսկ Կյա՜նքը անցավ… |
Подписаться на новостную ленту