МАМУЛ.ам
Читать
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Завтра0 °C
Խալիֆին սպանողը՝ «Հավատի խիզախ հայր»
18:50, 03.11.2024
615 | 0

644 թվականի նոյեմբերի 3-ին Մեդինայում սպանվել է խալիֆ Օմար իբն Հաթթաբը՝ Սիրիայի, Եգիպտոսի և Պաղեստինի նվաճողը, Մուհամմեդ մարգարեի համախոհն ու հետևորդը։ 632 թվականին, երբ մահացել է Մուհամմեդը և իսլամի գլխին մեծ վտանգ է կախված եղել, Օմարը մարգարեի մերձավորներին համոզել է, որ, ո´չ թե Ալին՝ մարգարեի թուլամորթ փեսան, ո´չ թե մեդինացի Սաադը, այլ Աբու Բաքրն ընտրվի խալիֆ: Իր մահից առաջ Աբու Բաքրը, նույնպես խախտելով Ալիի իրավունքները, Օմարին նշանակել է իր իրավահաջորդ: Բարեպաշտ շիա մահմեդականների համար Օմարին սպանողը՝ Աբու Լուլու Փիրուզ, համարվում է «Հավատի խիզախ հայր»:

***

Երբ արաբները նվաճել են Պարսկաստանը, շատերի հետ գերեվարված Աբու Լուլուին տարել են Ուղղափառ խալիֆայության մայրաքաղաք Մեդինա, որտեղ, սովորաբար, մուտք չեն ունեցել ոչ արաբ գերիները: Բայց քանի որ Աբու Լուլուն հմուտ արհեստավոր է եղել, բացառության կարգով նրան թույլ են տվել ոչ միայն մտնել քաղաք, այլև աշխատել խալիֆի պալատում:

Ինչ-որ մի հարմար պահի Աբու Լուլուն խալիֆ Ումարին խնդրել է չեղարկել իր արաբ տիրոջ կողմից իր վրա դրված խարաջը (հարկը): Երբ Ումարը հրաժարվել է չեղարկել խարաջը, Աբու Լուլուն հարձակվել է նրա վրա, երբ խալիֆը հպատակների հետ աղոթելիս է եղել մզկիթում՝ դանակահարելով նրան երկսայրի դաշույնով և մահացու վիրավորելով:

Ըստ պատմական աղբյուրների՝ Աբու Լուլուն կա՛մ գերի է ընկել և մահապատժի ենթարկվել Մեդինայում, կա՛մ այնտեղ ինքնասպան է եղել: Համաձայն ավելի ուշ լեգենդների, որոնք առաջին անգամ արձանագրվել են Պարսկաստանում գահակալած Սեֆյան տոհմի ժամանակներում, Աբու Լուլուն ընդհանրապես ինքնասպան չի եղել. նրան հաջողվել է փրկվել հետապնդողներից և իր համախոհների, այդ թվում՝ Մուհամմեդ մարգարեի հորեղբոր տղա և փեսա Ալի իբն Աբու Թալիբի օգնության շնորհիվ, հրաշքով հայտնվել է Իրանում, հաստատվել է Քաշանում և այնտեղ էլ մահացել է: Ինչ-որ պահի այնտեղ նրա համար դամբարան է կանգնեցվել, որը 16-րդ դարից դարձել է ամենամյա հակասուննիական տոնի կենտրոնը՝ ի հիշատակ Աբու Լուլուի կողմից Ումարի սպանության, որի իշխանությունը շիաները համարում են բռնակալական և անարդար:

Նեհավենդեցի Փիրուզի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ 12-րդ դարում գրված պարսկական մի ստեղծագործությունում ասում է, թե Փիրուզը Քաշանի մոտ գտնվող Ֆին գյուղի ծնունդ է եղել և զրադաշտականություն է դավանել, թեև այլ աղբյուրներում նա ներկայացված է է որպես քրիստոնյա։ Հմուտ ատաղձագործ և դարբին Փիրուզը, հավանաբար, գերի է ընկել 636 թվականին Քադիսիայի ճակատամարտում պարսիկների պարտությունից հետո: Դառնալով արաբների ստրուկը՝ նրան արաբական Աբու Լուլուա (Աբու Լուլու) անունն է տրվել: Նա «արդար» խալիֆ Ումար իբն ալ-Հաթթաբին դաշույնի վեց հարված է հասցրել, նաև վիրավորել է Ումարի շքախմբի 12 անդամի, որոնցից վեցը մահացել են ստացած վերքերից: Ըստ պատմաբան ալ-Մասուդիի, ով ապրել է Աբբասյանների օրոք, Աբու Լուլուն հենց տեղում անմիջապես ինքնասպան է եղել։

Աբու Լուլուն կարող էր ունենալ խալիֆին սպանելու մի քանի դրդապատճառ. որպես պարսիկ, նա, հնարավոր է, ատել է արաբներին, որոնք այդ ժամանակ նվաճել էին գրեթե ամբողջ Սասանյան կայսրությունը: Նա նաև կարող էր ունենալ անձնական բնույթի դրդապատճառներ, օրինակ, իրենից գանձվող չափազանց մեծ հարկը։ Ինչպես ավելի ուշ հիշատակել են մեդինացիները, հուսահատության մեջ ընկած Աբու Լուլուն, հանդիպելով գերի հայրենակիցներին, շոյել է նրանց գլուխները և, արցունք թափելով, ասել է. «Ումարը կործանեց ինձ»: Ենթադրվում է, որ Ումարի դեմ դավադրությանը մասնակցել են մի քանի պարսիկներ, ովքեր ստիպված են եղել իսլամ ընդունել: Նրանց թվում է եղել Սասանյան նախկին սատրապ Հորմուզանը, ով չորս տարի առաջ պարտվել էր արաբների դեմ ճակատամարտում և գերվել էր։

Իրանում Խորեզմշահների տոհմի գահակալության օրոք Քաշան քաղաքում հիմնվել է Աբու Լուլուի դամբարանը, և նա ինքն էլ ավանդաբար ընկալվել է որպես շիա դավանանքի արդար մարդ, ով հակադրվել է ուզուրպատոր խալիֆին։

Իրանում Սեֆյան դինաստիայի օրոք, երբ իսլամի շիայական մեկնաբանությունը հայտարարվել է պետական կրոն, «Բաբա Շուջա ադ-Դին» («Հավատքի քաջ հայր») տոնը սկսել են կազմակերպել Աբու Լուլուի պատվին: Ավելի ուշ շրջանում տոնն անվանել են «Ումար-քուշան» («Ումարի սպանության օր») կամ «Ջաշն-ի Ումար-կուշի» («Ումարի սպանության տոն»): Այս տոնն էլ ավելի ուշ ձեռք է բերել կառնավալային և զվարճալի բովանդակություն:

Նկարում՝ Աբու Լուլուի դամբարանը Քաշանում:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх
Logo

Подписаться на новостную ленту