Հին Հռոմը Վիտելիուս անունով մի վաղանցուկ կայսր է ունեցել, որը մ.թ. 69 թվականին հաղթել է կայսր Օտոնին և տիրել է գահին: Սակայն նույն թվականին նրա զորքերը պարտվել են հաջորդ կայսր Վեսպասիանոսի զորքերին: Շուտով առաջապահ զինվորները ներխուժել են պալատ և, տեսնելով, որ այն ամայի է, սկսել են, խուզարկել բոլոր ծակ ու ծուկերը։ Ի վերջո Վիտելիուսը հայտնաբերվել է: Նրան դուրս են հանել ապաստարանից և սկսել են հարցաքննել, թե ով է նա և գիտի՞ արդյոք, թե որտեղ է Վիտելիուսը, (նրանք երբևէ տեսած չեն եղել նրա դեմքը): Ձախողակ կայսրը, բնականաբար, ստել է ու դեմքը շրջել, բայց շուտով նրան ճանաչողներ են գտնվել: Բացահայտվելուց հետո նա սկսել է անդադար ճղճղալ՝ պահանջելով, որ չվնասեն, թեկուզ բանտարկեն, քանի որ ինքը Վեսպասիանոսի կյանքի համար կարևոր բան ունի ասելու։ Ի վերջո նրա ձեռքերը կապել են մեջքի հետևից, պարանոցին պարան են գցել, հագուստը պատառոտել են ու կիսամերկ քարշ են տվել դեպի ֆորում։ Սրբազան ճանապարհի ողջ երկայնքով մարդիկ ծաղրել են նրան: Մազերից բռնել են ու գլուխը հետ քաշել՝ ինչպես վարվել են բոլոր հանցագործների հետ, թրի ծայրը դրել են կզակի տակ, որպեսզի չկարողանա գլուխն առաջ թեքել և բոլորը կարողանան տեսնել նրա դեմքը: Ոմանք կեղտ ու թրիք են նետել նրա վրա, մյուսները նրան անվանել են որկրամոլ և հրկիզող, իսկ ոմանք էլ ծաղրել են նրա ֆիզիկական թերությունները: Նա վիթխարի հասակ է ունեցել, իսկ դեմքը հարբեցողությունից միշտ կարմրած է եղել: Ունեցել է մեծ փոր և թույլ ազդրեր: Ի վերջո նրան տանջամահ են արել ու դիակը նետել են Տիբեր գետը։ |
Подписаться на новостную ленту