ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ Ծավալվել են աչքերը ծով Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ, Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ. Շողն է նման լուսացնցուղ այգաբացի: Թափվում էին այտերից՝ վառ Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր. Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում Հուզավարար կենսատու սեր: Կամար կապած թևերը գիրգ՝ Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն, Ելևեջներն հյուսում իրար. Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին: Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում. Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ. Շողում էին նույն կենսավառ Սիրով չքնաղ ու գինեթույր Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր: Այդ վարսերը համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ, Ոլորք առած եռահյուսակ՝ Բոլորվել են այտերի շուրջ. Լուսափայլ է ծոցը, կարմիր վարդով լցված, Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ: Բուրում էր նա կնդրուկի պես Աստվածային հրով լցված մի բուրվառի. Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ: Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես, Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի Գույներով էր ոսկեշողում. Գոտին կամար, արծաթափայլ, Ոսկետտուն ու նրբակերտ՝ Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի: Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ, Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից: Քեզ պսակող թագավորին Ու նորածին այն Փրկչին փա՜ռք Հավիտյանս հավիտենից. ամեն: |