Սիրելի հայր սուրբ,
դժվարանում եմ հոգեշնորհ անվանել քեզ, որովհետև Հոգու շնորհները կարծես իսպառ լքել են քեզ: Որքան մտածում եմ այսօրվա իրականության մասին, նպատակներիդ, տասերկու առաքյալների տոնին Էջմիածնում ոչ թե աղոթքի, այլ ըմբոստության, բողոքի պատրաստությանդ մասին, այնքան ավելի հստակորեն դիմացս ուրվագծվում է հուդայի կերպարը: Գնում ես Միածնաէջ խորանը համբուրելու՝ հուդայի նման դավաճանելո՞վ Մայր Աթոռին, որ քեզ առաքելության էր ուղարկել, սնել ու մեծացրել էր քեզ, կրթել ու դաստիարակել, օծել Սուրբ մյուռոնով...
Խնդրում եմ քեզ և աղերսում, մի՛ վաճառիր այն, ինչ որ անգին է, մի՛ խաբվիր պատիր խոսքերով, որովհետև պտուղը մահաբեր է:
Տասերկուսից մեկը վերականգնվեց առաքելական աստիճանին, բայց մեկը հուր հավիտյան դավաճան անվանվեց:
Ո՞ւմ դեմ է արդյոք առավել բռնանում սատանան՝ Քրիստոսի ճշմարիտ հետևորդների, իսկ քրիստոնյաներից բոլորից առավել շատ խոյանում է հոգևորականների դեմ, որպես զորագլուխների: Նրանցից մեկին վար գցեց՝ բազումների գայթակղության պատճառ ու առիթ է, դրա համար էլ ամենամեծ կռիվը Առաքելահաստատ եկեղեցու ու նրա սպասավորների դեմ է: Մեղսավոր հոգևորականը ավելի երևացող է իր տկարություններով, որոնք արտահայտիչ ու ցցուն են դառնում չարի ցուցադրմամբ: Եթե հոգևորականը դրամասեր է՝ շատ ավելի, քան մեկ ուրիշը, եթե որկրամոլ է՝ առավել, ցանկասեր է՝ առավել, եթե գինեմոլ է՝ առավել, որովհետև կռիվն ավելի զորեղ է, դևերը սանձարձակ:
Տեր Եփրեմ քահանա Զարգարյան