МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Մարմնավաճառների հաստատություն պահող թիֆլիսահայ Իոսիֆի ու Սիրանի, նրանց ընտանիքի մասին. «Տանն ընդամենը մեկ գիրք կար, ու չեմ էլ հիշում թե դա ինչ գիրք էր: …Փարաջանովների տունը երբեք էլ տաճար չի եղել»
20:23, 08.08.2019
5961 | 0

Սերգեյ Փարաջանովի հայրը` Իոսիֆը, անտիկվար իրերի առևտրով է զբաղվել: Նա եղել է նախահեղափոխական Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկը և, բացի անտիկվար իրերի խանութից, ունեցել է նաև մի շարք այլ հաստատություններ, այդ թվում` հասարակաց տուն` «Ընտանեկան անկյուն» անունով: Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցել է նաև նրա կինը` Սիրանը, որն անձամբ է աղջիկներ ընտրել հասարակաց տան համար (աղջիկներին բերել են Ֆրանսիայից):

Հեղափոխությունը Իոսիֆին զրկում է իր գրեթե ամբողջ հարստությունից: Թեպետ անտիկվար ապրանքների բիզնեսը նա կարողանում է պահպանել, բայց իշխանություններն արդեն բոլորովին այլ աչքով էին նայում ավագ Փարաջանովի գործունեությանը: 20-ականների վերջում նրան ձերբակալում են առաջին անգամ, որից հետո նա հաճախակի է հայտնվում բանտում: Բայց նա ոչ մի անգամ մինչև վերջ չի կրել պատիժը: Օրինակելի վարքի համար նրան միշտ կա'մ վաղաժամ ազատել են, կա'մ համաներման է արժանացել: Հետագայում Սերգեյ Փարաջանովը կատակել է, թե իր հայրը, որպես խորհրդային օրինակելի աշխատավոր, հնգամյակը չորս տարում է կատարել:

ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Փարաջանովը սիրահարվում է Մոլդովիայում ծնված մի թաթար աղջկա` Նիգյար անունով: Նրանց ծանոթությունը պատահական է եղել: Մտնելով ՑՈՒՄ հանրախանութ` օծանելիքի բաժանմունքում Փարաջանովը հանկարծ մի աղջկա է նկատում, որը նրա վրա ուժեղ տպավորություն է թողնում: Նույն օրն իսկ նա նրա հետ ժամադրվում է: Նրանց սիրավեպը մի քանի ամիս անց ավարտվում է ամուսնությամբ: Բայց նրանց երջանկությունը երկար չի տևում: Նիգյարը ավանդապաշտ ընտանիքից էր, որում շատ խիստ բարքերն են իշխել: Երբ Մոսկվա են գալիս աղջկա եղբայրները և իմանում են, որ նա առաց ծնողների թույլտվության ամուսնացել է, Փարաջանովից խոշոր փրկագին են պահանջում: Ուսանող Փարաջանովն այդքան փող չուներ, բայց խոստանում է ճարել` հուսալով, թե հայրը կօգնի: Նամակ է գրում հորը` աղաչելով տալ անհրաժեշտ գումարը` խոստանալով հետագայում անպայման վերադարձնել: Բայց հայրը որդուց շատ էր նեղացած, որ նա չէր շարունակել իր գործը, և այդ իսկ պատճառով հրաժարվում է որդուն օգնել: Այս պատմության ավարտը ողբերգական է լինում. աղջկա ծնողները պահանջում են, որ նա բաժանվի իր ընչազուրկ ամուսնուց ու տուն վերադառնա: Բայց աղջիկը հրաժարվում է: Եվ այդժամ հարազատները նրա հետ վարվում են իրենց նահապետական օրենքների համաձայն և աղջկան գնացքի տակ են գցում:

Բանտից մեկ տարի շուտ ազատված Փարաջանովը 1977-ի դեկտեմբերի 30-ին հարազատ Թբիլիսի է վերադառնում, որտեղ դեռ ապրում էին նրա ծնողները և քույրը: Նա տեղավորվում է հայրական տան կողաշենքում, որտեղ նրանից առաջ մի քանի տարի ապրել էր իր հայրը: Իոսիֆ Փարաջանովն ընտանիքից առանձնացել ու գնացել էր կողաշենքում ապրելու այն բանից հետո, երբ նրա ավագ դուստրը` Աննան, հոր կամքին հակառակվել ու ամուսնացել էր վարսավիրի հետ: Երբ ծնողները նրան արգելում են հանդիպել այդ տղայի հետ, նա քիչ է մնում ինքնասպանություն գործի` խմելով ծծումբ: Նրան դժվարությամբ են փրկում, բայց դրանից հետո նրա հարաբերությունները հոր հետ լրիվ վատանում են: Գնալով կողաշենքում ապրելու` Իոսիֆ Փարաջանովն ասում է. «Կմեռնեմ, բայց չեմ ասի, թե որտեղ է ոսկով լի կաթսան…»: Այս նախադասությունը Փարաջանովների ընտանիքի կյանքը լրիվ գլխիվայր է դարձնում: Բանն այն է, որ ընտանիքում ապրում էր այն ավանդապատումը, թե Իոսիֆը հսկայական հարստություն ուներ, բայց ոչ մեկին ցույց չէր տալիս: Իբր, թաղել էր ինչ-որ մի տեղ: Ավանդապատումն ապրում էր, բայց Փարաջանովների ընտանիքի անդամներից ոչ մեկը Իոսիֆ Փարաջանովից չէր լսել դրա հաստատումը` քանի դեռ Աննան տուն չէր բերել իր վարսավիրին: Այդ պահից սկսած ընտանիքի բոլոր անդամները, հատկապես Իոսիֆի կինը` Սիրանը, անդադար խնդրում են տան գլխավորին ցույց տալ այն տեղը, որտեղ թաղել է ոսկին: Նույնիսկ թոռը` Գեորգին, տատի դրդմամբ, որսում էր պապի յուրաքանչյուր բառը` հուսալով, թե նա բերնից կթռցնի գանձի տեղը: Հետագայում նա հետևյալը կպատմի.

«Մահվանից առաջ պապիկն անկողնուց գրեթե վեր չէր կենում: Կողաշենքում նա շրջապատված էր իր սիրելի իրերով` ծաղկամաններով, հին կահույքի բեկորներով, նկարներով: Դրանց հեղինակը մեր հեռավոր ազգական Վանեչկա Փարաջանովն էր, որը տառապում էր փղային հիվանդությամբ ու նաև խելագար էր: Նա աստվածաշնչական թեմաներով նկարներ էր արել, ու նկարների նախատիպերից մեկը միշտ պապիկն էր: Նկարները շատ մեծ էին ու չարագույժ: Հիշում եմ, տատիկը հերթական անգամ ինձ ուղարկեց նրա մոտ, որպեսզի գոյություն չունեցող ոսկու գաղտնիքը հոտոտեմ: Ես բարձրացա բազմոցին, պապիկի մոտ ու սկսեցի ցատկոտել` ասելով. «Պապի'կ, ոսկին որտե՞ղ է»: Վանեչկայի նկարները ցնցվում էին, բյուրեղապակին զնգում էր: Եվ պատկերացնո՞ւմ եք, պապիկն հանկարծ խռխռաց, ու բերանից փրփուր հոսեց: Իոսիֆն իմ աչքերի առաջ մեռավ: Թաղման ժամանակ տատիկն ասաց, որ ես, երբ դագաղի կափարիչը փակեն, մի բուռ հող գցեմ: Բայց ես մի քար առա ու դեռևս բաց դագաղի մեջ նետեցի: Քարը դիպավ պապիկի դեմքին: Ահա այսպիսի օրիգինալ ընտանիք է եղել…Իսկ Թբիլիսիում այն կարծիքին էին, թե մենք ազնվազարմներ ենք: Ի~նչ ազնվազարմ: Տանն ընդամենը մեկ գիրք կար, ու չեմ էլ հիշում թե դա ինչ գիրք էր: Դա պահում էին, որպեսզի դուռը պահի…Փարաջանովների տունը երբեք էլ տաճար չի եղել, ինչպես գրում են շատերը: Բոհեմ, թատրոն, նկարահանման հրապարակ եղել է, բայց տաճար չի եղել: Նույնիսկ Սերգեյի կյանքի տարիներին, երբ մեր տանը հյուրընկալվում էին նշանավորները և նրա ֆիլմերը քննարկում էր ամբողջ աշխարհը, մեր տունը տաճար չի եղել…»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
186 | 0
наверх