МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Завтра+19 °C
Մարդկության մոլորություններից մեկի մասին
23:30, 13.08.2019
4868 | 0

Հնուց ի վեր տղամարդիկ ջանացել են գտնել իրենց սեռական կարողությունը մեծացնող նյութեր: Այդպիսի նյութերը, հին հույների դիցաբանության սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի անունով «աֆրոդիզիակ» են անվանվել: Եթե այդ նյութերից որոշները, իսկապես, արդյունավետ են եղել, ապա դրանց մեծ մասի առումով մարդիկ սխալվել են:

Օրինակ՝ նույնիսկ ոչ վաղ անցյալում հավատացել են (որոշ վայրերում հիմա էլ են հավատում), թե ռնգեղջյուրի եղջյուրի (դրա մեկ կիլոգրամն ընդհատակյա շուկաներում 70 հազար դոլար արժե) փոշին հզորացնում է տղամարդու սեռական կարողությունը: Ներկայում արդեն ապացուցված է, որ դա այդպես չէ, ու այդ մոլորության հետևանքով հազարավոր ռնգեղջյուրներ են իզուր սպանվել:

Մարդիկ նաև հավատացել են, թե, ընդհանրապես, ցանկացած եղջյուրավոր կենդանու եղջյուրներում ամփոփված է տվյալ կենդանու սեռական ուժն ու պտղաբերությունը: Եվ դա էլ է առասպել, առասպել, որը, ի դեպ, եղջյուրը վերածել է ամուսնական անհավատարմության խորհրդանիշի: «Եղջյուրակիր ամուսինների» մասին երգիծական պատմությունները վաղուց են ի հայտ եկել. հռոմեական իրավունքը թույլ է տվել ցանկացածին, որին պատկերել են եղջյուրներով, դատի տալ երգիծանկարչին՝ վիրավորանքի համար:

Այդ նույն հռոմեացիների շրջանում հարգի են եղել «սիրային ըմպելիքները»: Ըստ ավանդության՝ ծնեբեկից, խեցգետնի պոչերից, ձկնկիթից, աղավնու արյունից ու «ֆիլտուրմ» անունով ֆանտաստիկ թռչնի լեզվից պատրաստաված սիրային ըմպելիքն օգնել է ժամանակի նշանավոր բանաստեղծ ու փիլիսոփա, «Կերպարանափոխություններ» ստեղծագործության հեղինակ Լուցիոս Ապուլեոսին՝ նվաճելու մի մեծահարուստ այրու՝ Պուդենտիլիայի սիրտը:

Տարբեր ժամանակներում «սիրո ըմպելիք» -ի բաղադրիչներ են եղել սևաճակատ մտրուկի ճակատի մաշկի այրումից գոյացած մոխիրը՝ լուծված սիրահարվածի արյան մեջ: Արդյունավետ է համարվել նաև դոդոշի մարմնի ձախակողմյան ոսկորները, աղավնու արյունն ու սիրտը, աքաղաղի պոչի փետուրները, ճնճղուկի ուղեղը, առվույտի տերևները, վարդագուն խնձորը, գինու մեջ եփված մողեսները, ծխախոտը, սիրած կնոջ մազերը, դաշտանային արյունը և նույնիսկ մահացածի ոսկորները:

Շատ բույսեր ժամանակին սեռական ցանկություն բորբոքող են համարվել զուտ իրենց արտաքին տեսքի պատճառով: Օրինակ՝ radix satyri անունով բույսի արմատը համարվել է տղամարդու սեռական կարողությունը զորացնող միջոց, որովհետև արտաքուստ նման է եղել տղամարդու ամորձիներին:

Կնոջ մեջ սեր բորբոքող նյութերի մասին մեր ժամանակներում նույնիսկ առասպելներեն հյուսվում: Օրինակ՝ մեծ տարածում ունի այն կարծիքը, թե գրգռիչ հատկություն ունեն ոստրեները, ընդ որում դա բացատրում են նրանով, որ ոստրեները հերմաֆրոդիտներ են, այսինքն երկսեռ արարածներ. կնշանակի՝ սեռական էներգիայի կրկնակի լիցք են պարունակում: Հետաքրքիրն այն է, որ ոստրեներին աֆրոդիազիակի կոչումից զրկել է մեկ այլ առասպել այն մասին, թե կակղամորթներ ուտելիս ոչ ավանդական սեռական հակվածություն է առաջանում: Բայց սխալ է թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Զիգմունդ Ֆրեյդը գրել է.

«Գոյություն ունեն առ այսօր ապրող հին հավատալիքներ, ըստ որոնց որոշ մթերքներ սեռական հակում են հարուցում, ինչպես, օրինակ, հում միսն ու հավկիթը, ոստրեները, պղպեղը, գազարը, դաղձը և նույնիսկ մաղադանոսը: Իրականում ամենաարդյունավետ խթանիչներ են աշորայի բլիթները, դդումի սերմերը, չոր մրգերը, սունկը, եղինջը, ծառից ինքնաբերաբար ընկած հասուն խնձորը»:

Այսօր էլ աֆրոդիզիակի համարում ունի լատինաամերիկյան խոհանոցի մի կերակուր՝ ոչխարի կամ եզան ամորձիները (այս կերակրատեսակը դարեր շարունակ իսպանացի ազնվականների կերակրացանկի պարտադիր բաղադրիչն է եղել): Ռեստորաններում այն առաջարկում են իրենց սեռական կարողությունը մեծացնել ցանկացող տղամարդկանց: Մատուցողները նույնիսկ կարող են հաճախորդին բացատրել, թե այդ նբախորտիկում առատ է արական հորմոնի՝ տեստեստերոնի պարունակությունը: Բայց տեստեստերոնն այդ եղանակով օրգանիզմ ներմուծել հնարավոր չէ, որովհետև եփելու ընթացքում այդ հորմոնը քայքայվում է: Կնշանակի, ում այդ կերակուրը «օգնում է», պիտի շնորհակալ լինի իր ինքնաներշնչմանը:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
209 | 0
наверх