Աբովյանի ավտոտեխսպասարկման կայանում աշխույժ եռուզեռ է: Հաճելի եռուզեռ: Արտադրական ուսուցման պրակտիկա է: Հեռվից լսվում է վարպետ Մուշեղի ձայնը. -Ավտոմեքենան լուրջ տրանսպորտային միջոց է: Նրա խնամքն ու նորոգելը շատ կարևոր է ավտոմեքենայի հետագա անխափան շահագործման համար, - ասում է հմուտ ավտոփականագործը: Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տրանսպորտային միջոցների շահագործման և նորոգման խմբի 1-ին կուրսի ուսանողները ուշի-ուշով լսում են իրենց խմբի վարպետ դաստիարակ Մուշեղ Ավոյանին, հետևում նրա ձեռքի շարժումներին: Խմբի ուսանողներ Արման Ասոյանը, Հենրիկ Հարությունյանը և ուրիշներ, չնայած կարճ ժամանակամիջոցին, արդեն սիրում ու հարգում են իրենց վարպետին: -Ես սիրով ու մեծ բավականությամբ եմ սովորեցնում իմ խմբի ուսանողներին, գիտեմ, որ իմ գիտելիքներն ու փորձը կոգնեն նրանց հետագայում դառնալու հմուտ ավտոփականագործներ: 15- տարի է աշխատում եմ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում: ՈՒսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը հետևողականորեն լուրջ ուշադրություն է դարձնում մասնագիտական ուսուցման պրակտիկաներին, - ասում է վարպետ Մուշեղը: Քանի քանի ուսանող են աշակերտել վարպետ Մուշեղին: Նրանցից շատ-շատերը այժմ հաջողությամբ աշխատում են Հանրապետության տարբեր ավտոտեխսպասարկման կայաններում, դարձել են իրենց մասնագիտության հմուտ վարպետներ: Բոլորն էլ ցանկանում են նմանվել վարպետ Մուշեղին, ընդօրինակել նրան և իրենց աշխատանքը կատարել այնպետ, որ գոհ մնան բոլոր վարորդները: Իսկ վարպետ Մուշեղից շատ բան կարելի է սովորել, որովհետև իրենց վարպետը իր մասնագիտության հմուտ գիտակ է: Մի պահ Մուշեղի դեմքին մի փոքրիկ հուզմունք եմ նկատում: Տարիները նրան տարել էին հեռու- հեռու: Տարիների հիշողությունը, ասես, խաչվում է նրա ականջներում: Ակամայից տեղափոխվում է 56 տարիներ առաջ: -7 տարեկան էի երբ հայրս ձեռքիցս բռնած տարավ Սիրիայի Ղամշլիի քաղաքի լավագույն ավտոփականագործի մոտ: ՈՒ սովորեցի անմնացորդ, սովորեցի հասկանալով, որ լավ փեշակ եմ ձեռք բերում, դառնալու եմ լավ մասնագետ, - հիշում է վարպետ Մուշեղը և նայելով ուսանողներին ընկնում է հիշողությունների գիրկը: Սիրում է իր մասնագիտությունը: Հմուտ մասնագետը 3- անգամ վերապատրաստվել է ՌԴ Տոլյատի քաղաքի ՙԼադա՚ գործարանում: Բարի երթ քեզ, վարպետ Մուշեղ: Ցանկանք նորանոր հաջողություններ: Նորիկ Քեշիշյան |