МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Завтра+16 °C
Դիոն Կասիոս. «…քանի որ ամոթալի էր մարդուն, որը թագավոր էր եղել, երկաթե շղթաներով շղթայել, նրան արծաթե շղթայով են շղթայում, որն Ալեքսանդրիայում ոսկե շղթայով է փոխարինվում»
21:25, 06.12.2019
4307 | 0

Հռոմեացիներից իր արշավանքի ձախողումը թաքցնել ու իր հեղինակությունը փրկել ջանալով՝ Անտոնիոսը սկսում է խարդավանքներ Արտավազդի դեմ՝ նրան դարձնելով քավության նոխազ:

Այս ընթացքում պարթևների թագավոր Հրահատը և նրա դաշնակիցը՝ մար Արտավազդը, գժտվել էին հռոմեացիներից գրաված ավարը բաժանելիս: Հրահատից նեղացած մար Արտավազդն Անտոնիոսի մոտ է ուղարկում գերված Պոլեմոնին՝ Պոնտոսի թագավորին: Պոլեմոնին հանձնարարված էր դաշնակցության առաջարկություն անել Անտոնիոսին: Անտոնիոսը, բնականաբար, ոչ միայն համաձայնում է, այլև Պոլեմոնին Փոքր Հայքի թագավոր է կարգում՝ նրա կորցրած Պոնտոսի թագավորության փոխարեն: Մար Արտավազդի և Անտոնիոսի դաշինքն իրականում ուղղված էր հայոց արքայի դեմ:

Մ.թ.ա. 35 թվականին Անտոնիոսն Արտավազդին գերելու առաջին փորձն է ձեռնարկում. հրավիրում է իր մոտ՝ իբրև պարթևների դեմ նոր արշավանքի ծրագիր կազմելու: Պատմագիր Դիոն Կասիոսն համոզված է եղել, որ հրավերքի նպատակը Արտավազդի ձերբակալումն է եղել: Զգալով Անտոնիոսի բուն նպատակը՝ Արտավազդը չի ներկայանում: Շատ շուտով Անտոնիոսը երկրորդ փորձն է ձեռնարկում՝ հայոց արքունիք ուղարկելով իր մերձավորներից մեկին: Սա Անտոնիոսի անունից առաջարկում է Արտավազդի դստերն ամուսնացնել Անտոնիոսի և Կլեոպատրայի որդու՝ Ալեքսանդրի հետ: Դիոն Կասիոսն ասում է, թե այս առաջարկը ևս Արտավազդին ծուղակը գցելու նպատակ է հետապնդել:

Այս փորձն էլ է ձախողվում, և տեսնելով, որ խաբեությամբ հնարավոր չէ արդյունքի հասնել, Անտոնիոսը ներխուժում է Հայաստան: Կլեոպատրան նրան ուղեկցում է մինչև Եփրատ գետը: Անտոնիոսը նախ մտնում է Փոքր Հայք, որի թագավոր էր նշանակել իր դաշնակից Պոլեմոնին ու դադար է առնում Նիկոպոլսում: Այստեղից նա կրկին Արտավազդին իր մոտ է կանչում: Արտավազդը դարձյալ չի գնում: Անտոնիոսի լեգեոնները ներխուժում են Հայաստան: Թիկունքից պատրաստ էր հարվածել մար Արտավազդը, պարթևների հետ հարաբերությունները վատ էին: Շուտով հռոմեական բանակը հայտնվում է Արտաշատի դարպասների մոտ: Արտավազդը ստիպված է լինում գնալ Անտոնիոսի ճամբար: Զավակների ամուսնության մասին քննարկման փոխարեն՝ նրան ձերբակալում են, ու քանի որ գերյալ թագավորին ամոթալի էր երկաթե շղթաներով շղթայել, նրան արծաթե շղթայով են շղթայում, որն Ալեքսանդրիայում ոսկե շղթայով է փոխարինվում: Անտոնիոսի ձեռքն է ընկնում նաև հայոց թագուհին և երկու արքայազունները՝ Տիգրանն ու Արտավազդը, իսկ ավագ որդին՝ թագաժառանգ Արտաշեսը, կարողանում է թաքնվել:

Պատմագիր Դիոն Կասիոսը գրում է, թե Արտավազդին սկզբում չեն շղթայում, որպեսզի հայերից փրկագին կորզեն. Անտոնիոսն Արտավազդին տանում է այն վայրերը, որտեղ նրա գանձերն էին, բայց հայերը նրանից թաքցնում են ոսկին: Իսկ Հոսեփոս Փլավիսը գրում է, թե հռոմեական զորքերի հետ Հայաստան էին մտել նաև հռոմեական վաճառականներ, որոնք աշխատում էին բույն դնել այնտեղ, ինչպես մի ժամանակ նորանվաճ Փոքր Ասիայում կամ Ասորիքում էին բույն դրել՝ Հայաստանը համարելով հռոմեական նահանգ:

Հայոց բոլոր բերդերում կայազորներ տեղադրելով՝ Անտոնիոսը մեկնում է Եգիպտոս՝ իր հետ տանելով հայոց թագավորին, նրա ընտանիքն ու հսկայական ավար, այդ թվում՝ Անահիտ դիցուհու ոսկյա արձանը, որ հափշտակվել էր Եկեղյաց գավառում գտնվող նրա տաճարից:

Անտոնիոսը Հայաստանի արևելյան շրջանները և Հայաստանի կառավարումը հանձնել էր մար Արտավազդին, իսկ հայոց թագավոր էր հռչակել իր և Կլեոպատրայի վեցամյա որդուն՝ Ալեքսանդրին, որին նա նախապես ցանկացել էր ամուսնացնել Արտավազդի աղջիկներից մեկի հետ՝ Հայաստանին տիրանալը «օրինական» դարձնելու համար:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
162 | 0
наверх