МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
«Սև մահ»-ը կամ ժանտախտի երկրորդ աշխարհավարակը
19:18, 19.03.2020
5951 | 0

Այս ահավոր հիվանդությունը ոչնչացրել է Եվրոպայի բնակչության առնվազն 30 տոկոսը:

«Սև մահ» -ը սարսափելի հարվածներ է հասցրել Եվրոպայի տնտեսությանը, մշակույթին, մարդկանց հոգեբանությանը և նույնիսկ ազդեցություն է թողել բնակչության գենետիկական կազմի վրա:

Այս ժանտախտին «Սև մահ» անունը սկզբում փոխաբերական առումով է տրվել, և այն կապ չի ունեցել ժանտախտի ախտանշանների հետ: 14-րդ դարի համաճարակին «սև մահ» բնորոշումն առաջին անգամ տրվել է 1350 թվականին, փարիզաբնակ աստղաբաշխ Սիմոն Կովինսկու մի բանաստեղծության մեջ, իսկ վենետիկցի բանաստեղծ Ջակոմո Ռուֆինին, նկարագրելով 1556 թվականի ժանտախտը, այն անվանում է «սև հիվանդություն, խավարի հրեշ»: 1908 թվականին կարդինալ Ֆրենսիս Գասկեն ենթադրություն է հայտնում, թե 14-րդ դարի համաճարակին «սև մահ» անունը տրվել է նիդերլանդացի պատմաբան Յոհան Պոնտանայի՝ 1631 թվականին արված այն պնդման հիման վրա, թե այդ անունը հիվանդության ախտանշաններից է բխեցվել: Բայց և այնպես, «սև մահ» անունը լայն տարածում է ստացել միայն 19-րդ դարում, քանի որ այն օգտագործվել է պատմության դասագրքերում, ինչպես նաև գերմանացի բժիշկ Յուստուս Հեկկերի «Սև մահը 14-րդ դարում» մենագրությունում, որտեղ հեղինակը, հղում կատարելով Յոհան Պոնտանային, բացատրել է, թե այդ անունը ծագել է նրանից, որ ժանտախտից մահացածների մաշկը սևացել է:

«Սև մահ» անվանումը հանգեցնում է այն մտքին, որ 1346 – 1351 թվականների համաճարակից մահացածների դիակներն արագ սևացել են ու «ածխացածի» տպավորություն են թողել, ինչը ժամանակակիցներին սարսափեցրել է:

Ամենայն հավանականությամբ՝ հիվանդությունը բռնկվել Գոբի անապատում՝ ներկայիս մոնղոլաչինական սահմանի մոտակայքում, որտեղ արջամկներն ու կրծողների այլ տեսակները, երաշտով պայմանավորված սննդի պակասի պատճառով, ստիպված են եղել հեռանալ այդ վայրերից ու մոտենալ նարդաբնակ վայրերին: Կուտակված կենդանիների միջավայրում վարակ է սկսվել, և այդ վարակը մարդկանց է փոխանցվել այն պատճառով, որ մոնղոլները կերել են արջամկան միսը, որը նրանց կերակրացանկում նրբախորտիկ է համարվել: Մոնղոլները շատ են արժեվորել նաև արջամկան մորթին, և այս պատճառով կենդանու զանգվածային ու մշտական որս է տեղի ունեցել: Այսպիսի իրավիճակում վարակվելն անխուսափելի է դառնում, և 1320 թվականից համաճարակի թափանիվն սկսում է գործել: Ժանտախտը տարածել են նաև մոնղոլական զորքերն ու Մետաքսի ճանապարհով տեղաշարժվող վաճառականները: Համաճարակն առաջինը հարվածել է Չինաստանին, որտեղ, համաձայն չինական աղբյուրների, տուժել է հատկապես Հեբեյ նահանգը, որտեղ մահացել է բնակչության 90 տոկոսը: Չինաստանից համաճարակն անցել է Հնդկաստան:

Իսկ դեպի Արևմուտք ժանտախտի հաղթարշավն սկսվում է Իսիկ Կուլ լճի հարակից տարածքից, որտեղ վարակն հասնում է 1338 – 1339 թվականներին:

1346 թվականին ժանտախտն հայտնվում է Վոլգա և Դոն գետերի ստորին հոսանքների շրջանում՝ ամայացնելով Ոսկե հորդայի մայրաքաղաք Սարայն ու մերձակա քաղաքները: Նույն թվականին առևտրական նավերը հիվանդությունն հասցնում են Ղրիմ, իսկ 1347-ին՝ Կոստանդնուպոլիս: Բյուզանդական կայսրության մայրաքաղաքում ժանտախտի առաջին զոհերից մեկն է դառնում կայսեր տասներեքամյա որդին՝ Անդրոնիկոսը: Մեռնում են հազարավորները:

1347-ի ժանտախտը տարածվում է Մերձավոր Արևելքում Պարսկաստանում ու Հայաստանում:

Եգիպտացի պատմիչ գրում է, թե 1347-ի աշնանըԿոստանդնուպոլսից Ալեքսանդրիայի նավահանգստում մի առևտրային նավ է կառանում, որում գտնվող 32 վաճառականներից, նավի անձնակազմի 300 անդամներից ու ստրուկներից ողջ էին մնացլ 40 նավաստի, չորս վաճառական և մեկ ստրուկ, որոնք էլ հենց նավահանգստում մեռնում են: Նրանց հետ քաղաք է թափանցում նաև ժանտախտը, որը 1949-ի փետրվարին հասնում է Ասուան՝ ճանապարհին ամայացնելով ամբողջ երկիրը:

1347-ի աշնանը Ղրիմի Կաֆֆայից Մեսսինա է ժամանում ջենովական 12 նավ, որոնք, ըստ ժամանակագրի, «իրենց հետ մահացու վարակ էին բերել»: Այն արագ տարածվում է քաղաքում ու համատարած մահ սփռում: Սիցիալիացի պատմիչ Միքելե դե Պյացան գրում է. «դիակները մնացել էին տներում, և ոչ մի հոգևորական, ոչ մի ազգական՝ որդի, հայր կամ մեկ այլ մերձավոր, չէին համարձակվում այնտեղ մտնել. գերեզմանափորներին մեծ գումարներ էին տալիս, որպեսզի տներից հանեն դիակներն ու տանեն թաղեն: Մեռածների տները՝ գանձերով, փողով ու թանկարժեք իրերով հանդերձ, բաց էին մնացել, և եթե որևէ մեկն ուզենար մտնել, ոչ մեկը չէր փակում նրա ճանապարհը»:

Մեսսինայի մեռնող բնակչությունը փորձում է փախչելով փրկվել, բայց փախուստի ճանապարհին շատերը մեռնում են: Ողջ մնացածները հասնում են Կատանիա, որտեղ նրանց շատ սառն են ընդունում, նույնիս հաց ու ջուր չեն տալիս: Բայց մեսսինացիներին այս մերժողական վերաբերմունքը չի փրկում, և շուտով քաղաքը գրեթե ամբողջությամբ ամայանում է, ու պատմիչը ցավով գրում է. «Էլ ինչ ասեմ Կատանիայի՝ այն քաղաքի մասին, որն այժմ ջնջված է երկրի երեսից»: Ժանտախտը Կատանիայից տարածվում է ամբողջ Սիցիլիայում: Տարապանի քաղաքը լիովին մարդաթափվում է: Համաճարակի վերջին զոհերից մեկն է դառնում «Սիցիլիայի վախվորած հերցոգը» ՝ Ջովանի Ռանդացոն, որը համաճարակից փորձել էր թաքնվել Սենտ Անդրեաս ամրոցում: Սիցիլիան կորցնում է ամբողջ բնակչության մեկ երրորդը:

1347 թվականի հոկտեմբերին Մեսինայից վտարված ջենովական նավերը փորձում են տուն դառնալ, բայց վտանգի մասին տեղեկացած ջենովացիները վառվող նետերով ու քարանետ մեքենաներով նրանց դեպի ծովն են քշում: Այս կերպ ջենովացիները կարողանում են երկու ամսով հետաձգել ժանտախտի տարածումն իրենց քաղաքում:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
наверх