МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Պատմության կեղծարար ու գրագող Մովսես Խորենացին
12:30, 29.06.2020
6094 | 0

Մովսես Խորենացին հաճախակի փոփոխություններ ու լրացումներ է կատարել այն աղբյուրների մեջ, որոնցից օգտվել է «Պատմություն հայոց» -ը շարադրելիս: Նրա աղբյուրներից մեկի՝ Լուբուբնայի երկում գրված է, թե Թադևոս առաքյալը Եդեսիա գալով՝ իջևանեց Տուբիայի մոտ: Խորենացին չի գոհանում այս տեղեկությամբ ու ավելացնում է «հրեա Տուբիա իշխանի մոտ, որի մասին ասում են, թե Բագրատունյաց տոհմից է եղել» (Բ.լգ): Ուրիշ տեղ էլ Խորենացին պատմում է, թե Տիգրանը (2-րդը), պարսից Արտաշես թագավորին վերադարձնելով նախագահությունը, հաշտեցնում է իր հետ, նրանից օգնական զորք է ստանում, հայոց և պարսից միացյալ զորքերի հրամանատար է նշանակում Ռշտունյաց նահապետ Բարզափրանին և ուղարկում է հռոմեացիների զորքերի դեմ: Ահա այդ հատվածը.

«Այս բոլորից հետո Տիգրանը, հիվանդ լինելով, աղաչում է պարսից Արտաշես թագավորին՝ իրենց մեջ սեր հաստատել (որը խաթարվել էր իր հոր հպարտության պատճառով, երբ նա պարսիկներից խլել էր նախագահությունը): Իսկ ինքը (Տիգրանը) երկրորդական գահն ընդունելով, ինչպես օրենքն էր, նախագահությունն իր կամքով վերադարձնում է նրան: Այս կերպով Արտաշեսին հաշտեցնելով՝ նրանից օգնական զորք է խնդրում: Ապա Տիգրանը Ռշտունյաց նախարարության նահապետ Բարզափրանին սպարապետ նշանակելով հայոց և պարսից զորքերին՝ ուղարկում է հռոմեացիների զորքերի դեմ և հրաման է տալիս՝ Ասորիքի և Պաղեստինի բնակիչներին հաշտության բերել և խաղաղեցնել»:

Մովսես Խորենացին այս պատմությունը մանրամասնորեն և շատ տեղերում բառացի արտագրել է Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմ» -ից, միայն թե Հովսեփոսը, որը Խորենացուց մի քանի հարյուր տարի առաջ է ապրել, այս ամենը վերագրում է պարսից թագավորին, իսկ Բարզափրանին էլ կոչում է պարթևների սատրապ: Հովսեփոսի «Հրեական պատերազմ» -ում ո՛չ Տիգրանի անունը կա և ոչ էլ Բազրափրանի՝ Ռշտունյաց նահապետ լինելը:

Հաջորդ գլխում Հովսեփոսը հիշում է թագավորի մի մատռվակի (տակառապետի) , որի անունը, ինչպես պարսից թագավորի որդու անունը, Պակարոս է եղել, իսկ Խորենացին սրա անունը փոխել է, և մատռվակ Պակարոսը Գնել է դարձել: Խորենացին գրում է.

«Բազրափրանին ընդառաջ է գալիս մեկը՝ Պակարոս անունով, որի հայրը եղել էր ասորիների թագավոր, իսկ ինքը խնամի էր Անտիգոնոսին՝ Արիստաբուղյան տոհմից: Գալով Ռշտունյաց նահապետ և հայոց ու պարսից սպարապետ Բարզրափրանի մոտ, խոստանում է 500 գեղեցիկ կին և 1000 քանքար ոսկի, եթե իրեն օգնի հրեաների Հյուրկանոսին թագավորությունից զրկելու և Անտիգոնոսին թագավորեցնելու:

Երբ հրեաների քահանայապետ ու թագավոր Հյուրկանոսը և Հերովդեսի եղբայր Փասայելը (Փասաիլոս) տեսան, որ Բազրափրանը հռոմեացիների զորքերին փախցրեց՝ ոմանց դեպի ծովը, ոմանց զանազան քաղաքներ, և ինքը խաղաղությամբ անցնում է երկրով, իրենք էլ նրա հետ բանակցում են խաղաղության համար: Նա էլ Գնել անունով մեկին Գնունյաց ցեղից, որ հայոց թագավորի տակառապետն էր, հեծելազորով ուղարկում է Երուսաղեմ՝ խաղաղություն կնքելու պատրվակով, բայց գաղտնապես՝ Անտիգոնոսին օգնելու նպատակով: Հյուրկանոսը տակառապետին չի ընդունում Երուսաղեմ բոլոր զորքերով, այլ միայն հինգ հարյուր հեծյալներով»:

Իսկ Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմ» -ում հետևյալն է գրված.

«1.Երկու տարին լրանալուց հետո, երբ Բարզափրանը՝ պարթևների սատրապը, և Պակարոսը՝ պարթևների թագավորի որդին, տիրեցին Սիրիային, Լիզանիոսը, որ ժառանգել էր իր հայր Պտղոմեոսի՝ Մենեոսի որդու, իշխանությունը, 1000 տաղանդ ու 500 կին տալու խոստմամբ համոզում է սատրապին, որ նա գահընկեց անի Հիրկանոսին և իշխանությունը վերադարձնի Անտիգոնեին: Այս կերպ կաշառված Պակարոսն անձամբ շարժվեց ծովի ափով ու Բարզափրանին հրամայեց շարժվել երկրի խորքը: Ծովափի բնակիչներից միայն տյուրոսցիները չընդունեցին Պակարոսին այն նույն ժամանակ, երբ Պտղոմեադան և Սիդոնը նրա առջև բացեցին դարպասները: Արքայական մատռվակին, որը կրում էր իր իսկ անունը, նա հանձնեց իր հեծելազորի մի մասը՝ հանձնարարելով ներխուժել Հուդա և այնտեղ տեղում տեղեկություններ հավաքել թշնամու մասին և անհրաժեշտության դեպքոմ Անտիգոնուսին ամենայն աջակցություն ցուցաբերել»:

«Պատմություն հայոց» -ի «Բ» գրքի «Իդ» և «Իե» գլուխներում Խորենացին ներկայացնում է Արշամի կամ Արջամի գործերը՝ նրան համարելով որդի Արտաշեսի, Եղբայր Տիգրանի, հայր Աբգարի: Բայց հայտնի է, որ Արշամ կամ Արջամ անունով թագավոր և առահասարակ մարդ չի եղել: Այս անունը մի մեծ սխալի արդյունք է: Խորենացին Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն» աշխատությունում կարդալով Աբգարի գրած թուղթը Քրիստոսին ու «Աբգարը, Ուքամայի որդին, տոպարքոսը (Աբգարը թագավոր չի եղել, Հռոմեական կայսրությունում կուսակալին «տոպարքոս» են անվանել) ողջույն է հղում Հիսուսին» վերնագիրը, եզրակացրել է, թե Աբգարի հոր անունը եղել է Արջամ կամ Արշամ, թեպետ ինքն էլ հիշում է, թե այս Արշամին ասորիներից ոմանք Մանովա են անվանում, և, ուրեմն, Աբգարի հոր անունը Մանով է եղել, որ, հիրավի, այդպես է: Իսկ Արջամը ասորական «ukkama» բառի, որ կարող է կարդացվել նաև «akkama», աղավաղված ձևն է և նշանակում է «թուխ», «սև»: Այս «ուքամա» -ն Խորենացին դարձրել է Արշամա: «Սև» բառն Աբգարի լոկ մակդիրն է, և Աբգար Արշամա-ն նշանակում է Աբգար Թուխ: Այս բառի ծագումն ու նշանակությունը չհասկանալով՝ Խորենացին կարծել է, թե դա սեռական հոլովով դրված հատուկ անուն է և հարմարեցնելով հայերենի քերականությանը՝ դարձրել է Աբգար (որդի) Արշամի:

Իսկ այն գործերը, որ նա վերագրել է Արշամին (Հյուրկանոսի պատճառով Ենանոս Բագրատունու հետ գժտվելը կամ բանվորներ տալը մերժելու պատճառով Հերովդեսի հետ ընդհարումը) Խորենացու հորինվածքներն են՝ մասամբ դարձյալ առնված Հովսեփոս Փլավիոսից:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
227 | 0
наверх