МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Завтра+19 °C
Բյուզանդիային անցած Հայաստանի մի մասի իշխանների կարգավիճակի մասին
14:57, 11.09.2020
7135 | 0

387 թվականից ի վեր Հայաստանը բաժանված է եղել Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Այդ բաժանումից հետո հայոց Արշակ թագավորը տեղափոխվել է Բյուզանդիային անցած տարածք և Եկեղյաց գավառում թագավորել է մինչև իր կյանքի վերջը: Իսկ Բյուզանդական կայսրությունն իրեն պատկանող Հայաստանը սկզբում երեք մասի է բաժանել: Եփրատի արևմտյան կողմում գտնվող Փոքր Հայքը մասնատել է Առաջին Հայք և Երկրորդ Հայք նահանգների: Մեծ Հայքի այն մասը, որն անցել էր Բյուզանդիային, նույնպես երկու մասի է բաժանված եղել: Հարավային մասը կոչվել է Սատրապական Հայաստան, իսկ մնացած մասը, որի մեջ մտել են գլխավորապես Բարձր Հայքի գավառները, կոչվել է Մեծ Հայք կամ Ներքին Հայաստան: Փոքր Հայքը թեև վաղուց էր կորցրել իր կապը Մեծ Հայքի հետ և ենթարկվել էր օտար տիրապետությունների, բայց և այնպես, Բյուզանդիայի լծի ներքո հայտնվելուց տասնամյակներ անց, լրիվ չի ապազգայնացել և դեռ պահպանելիս է եղել ազգային առանձնահատկությունները:

Սատրապական Հայաստանում դեռևս պահպանված հինգ նախարարությունները գրեթե անկախ են եղել, ունեցել են իրենց զորքը: Հայ սատրապների և կայսրության միջև հարաբերությունները դաշնակցային են եղել: Կայսրը նախարարներին հաստատել է իրենց պաշտոններում՝ ուղարկելով նրանց համապատասխան զգեստ: Այնուհետև նախարարը ցմահ մնացել է իր պաշտոնում: Նրա պարտավորությունը կայսրության հանդեպ այն է եղել, որ պատերազմի ժամանակ զորք է տրամադրել կայսերական բանակին:

Բյուզանական հռչակավոր պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին հպանցիկ անդրադարձել է այդ գավառական արքայիկներին:

«Սատրապական Հայաստանում, - գրում է նա, - իշխում էին հինգ հայ սատրապներ, որոնք իշխանության էին նշանակվում ժառանգաբար և ցմահ մնում էին իշխանության: Հռոմեական կայսրից նրանք ստանում էին միայն իշխանության նշաններ: Հետաքրքրական է նկարագրել այդ պատվանշանները, որովհետև դրանք այլևս չպիտի երևան մարդկանց աչքին:

Քղամիդ՝ գործած բրդից, բայց ոչ թե այն բրդից, որ տալիս են ոչխարները, այլ այն ստացվում է ծովից: «Պիննու» – այս է անունն այն կենդանիների, որոնցից վերցվում է այդ բուրդը: Ոսկով էր բանված ծիրանիի կոճկվող մասը: Քղամիդի վերևում ոսկե ճարմանդ է և դրա մեջտեղում թանկագին քար է ամրացված: Այդտեղից էլ կախված է երեք հակինթ՝ ոսկե առաձգական շղթաների վրա:

Վերարկուն մետաքսից է՝ ամբողջովին զարդարված ոսկե բանվածքներով, որոնք կոչվում են փետուրներ:

Մինչև ծնկներն հասնող ոտնամանները կարմիր գույնի են. դրանցից կրելու իրավունք ունեն միայն հռոմեական կայսրները և պարսից թագավորները:

Հռոմեական զորք չէր լինում ո՛չ հայոց թագավորի, ո՛չ էլ սատրապների մոտ, և նրանք իրենք էին կարգադրում պատերազմական գործերը: Հետին ժամանակներում, Զենոնի գահակալության օրոք, սատրապներից մի քանիսը որոշեցին բացարձակ անցնել Իլլոսի և Լևոնտիոսի կողմը, որոնք ապստամբած էին կայսրի դեմ: Զենոնը բռնեց Լևոնտիոսին և Իլլոսին ու սատրապներից մեկին, որը մյուսներից ամենաթույլն էր և ամենաքիչն էր արժանի ուշադրության, և որին պատկանում էր Բալահովիտ անունով գավառը, թողեց նախկին դրության մեջ, իսկ բոլոր մնացած սատրապներին հեռացրեց և թույլ չտվեց, որ նրանք այլևս վայելեն ժառանգական տիրապետության իրավունք, այլ կարգադրեց, որ այնուհետև այդ պաշտոնը վարեն կայսրի ընտրած մարդիկ, ինչպես այդ սովորություն է հռոմեական այլ պաշտոնների վերաբերմամբ: Սակայն նրանց մոտ գտնվում էին ոչ թե հռոմեական, այլ առաջվա պես հայկական զորքեր»:

Իսկ Ներքին կամ Մեծ Հայքը սատրապություններից տարբերվել է նրանով, որ այստեղ կայսերական կառավարությունն ունեցել է իր ներկայացուցիչը: Նախարարական ցեղերն այստեղ այլևս չեն ունեցել իրենց հատուկ տոհմանունները, այլ կոչվել են իրենց գավառների անուններով: Օրինակ՝ նրանք անվանվել են Սպերի, Մանանաղիի, Դարանաղիի, Եկեղյաց, Կարինի, Դերջանի իշխաններ: Կային նույնիսկ Կամախ քաղաքի անունը կրող նախարարներ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Բյուզանդական Հայաստանի Ներքին Հայքի նախարարներն իրենք իրենց Արշակունի են անվանել: Պրոկոպիոս Կեսարացին հայտնում է, թե իրենց Արշակունի են համարել Հուստինիանոս կայսեր դեմ դավադրություն կազմակերպած Արտավանը և նրա ազգական ու գործակից Արշակը. այնպես որ դեռևս 6-րդ դարի կեսերին հայ բարձրաստիճան զինվորականներից ոմանք շարունակել են իրենց Արշակունի անվանել՝ իրենց սերված համարելով Արշակ թագավորից, այն Արշակ թագավորից, որը Հայաստանի բաժանումից հետո անցնում է Բյուզանդիային անցած տարածք և Եկեղյաց գավառում թագավորում է մինչև իր կյանքի վերջը: Բայց հետագայում որոշ հայազգի նշանավոր գործիչներ, իրենք իրենց Արշակունի ծագում վերագրելով, պարզապես ցանկացել են սեփական վարկը բարձրացնել: Նրանցից էր Վասիլ 1-ին կայսրը (867 - 886) ՝ Մակեդոնական հարստության հիմնադիրը, թեև նա ոչ մի առնչություն չի ունեցել Արշակունիների հետ: Այսպիսի արքայական ծագում իրենց վերագրելը հայ նախարարներին անհրաժեշտ էր հենց այն պատճառով, որպեսզի կարողանան պահպանել իրենց արտոնյալ կարգավիճակը նաև կայսրության կազմում: Նրանք պնդել են, թե Արշակ թագավորն իր հողերը կայսրին է հանձնել այն պայմանով, որ ինքն ու իր ժառանգներն ինքնավար ու հարկերից ազատված լինեն:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
209 | 0
наверх