МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Завтра+25 °C
․․․ԵՎ ԵՂԱՎ ԿԻՆԸ
04:49, 07.04.2021
1904 | 0
․․․ԵՎ ԵՂԱՎ ԿԻՆԸ

Գուրգեն Միքայելյան

․․․ԵՎ ԵՂԱՎ ԿԻՆԸ

Եվ Աստված ասաց․ «Թող լինի և՛ կին»,

Ու ճերմակ մի ամպ առավ երկնքից,

Վերցրեց ամեն ծաղկից մի բջիջ։

Մի բուռ ցող տվեց առավոտը ջինջ,

Ջրվեժը՝ ջուրը իր անմահական։

Ծիածանից լույս կաթեց յոթնագույն,

Արևից՝ մեռոն, լուսնից՝ լուսե կաթ։


Բյուր նյութեր այսպես մեկտեղ հավաքեց,

Խմորեց, հունցեց․․․


Եվ նյութն այդ եղավ իր ուզածի պես․

Առեղծվածային եղավ, դյութական․․․


Թռչունների երգ ու եդեմական բույր կար օդի մեջ։

Օրն էր առաջին։


Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․


Եվ Աստված ձև ու տեսք տվեց նյութին։

Լուսահունց ու տաք շաղախը տնտղեց,

Նայեց վեր՝ լուսնին՝ գլուխը կնոջ,

Մի պահ մտորեց՝

Ուսերը կնոջ, ձեռքերը կնոջ,

Ձիգ սոճիներին նայեց եդեմի՝

Կողերը կնոջ ու մեջքը կնոջ,

Հանելուկային ոտքերը կնոջ

Իր աստվածային ձիրքով արարեց։


Եվ տեսավ, զգաց, որ լավ է այդպես։


Թռչունների երգ և արարչական շունչ կար օդի մեջ։

Օրն էր դա երկրորդ։


Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․


Եվ Աստված ասաց․

«Թող կնոջ դեմքին լինեն հմայող,

Գրավող աչքեր,

Եվ թող աչքերում թրթռան աստղեր։

Թող կինն ունենա թիթեռ-շրթունքներ,

Եվ շրթունքներին՝ շողան թրթիռներ։

Թող կինն ունենա հուրհրան վարսեր,

Եվ թող վարսերից թափվեն արևներ» ։


Եվ եղավ այդպես։


Թռչունների երգ և արարչական լույս կար օդի մեջ։

Օրն էր դա երրորդ։


Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․


Եվ Աստված ասաց․

«Թող որ լույս բխի լանջերից կնոջ,

Եվ թող չմարի ակունքն այդ երբեք» ։


Եվ ձև ստացավ կախարդանքն անգամ․

Կնոջ լանջերից բխեց ճերմակ հուր,

Ու նուրբ շշնջոց լսվեց ամենուր․

«Եղիցի, Աստվա՛ծ, եղիցի միշտ լույս» ։


Թռչունների երգ և աստվածային սեր կար օդի մեջ։

Օրն էր դա չորրորդ։


Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․


Եվ Աստված ասաց․

«Թող սեր լինի միշտ սրտի մեջ կնոջ,

Թող սիրտը նրա շողարձակի սեր» ։


Եվ Աստված լուսե մատներով հպվեց

Նուրբ կրծքին կնոջ,

Եվ սրտում նրա սերը բաբախեց։


Եվ Աստված տեսավ, որ լավ է այդպես։


Թռչունների երգ ու եդեմական հույզ կար օդի մեջ։

Օրն էր հինգերորդ։


Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․


Եվ Աստված ասաց․

«Թող կինը ծնի,

Թող անմահանա ու հարատևի» ։


Եվ մայրանալու լուսե հրաշքը կինը ունեցավ:

Եվ հեռու-հեռու ինչ-որ խավարում

Մահվան պաղ մարմնով սև սարսուռ անցավ․․․


Նայեց և անգամ Արարիչն ինքը

Կին արարածով մի պահ հիացավ։

Շոյեց վարսերը,

Շունչ փչեց նրան։


Թռչունների երգ և աստվածային լույս կար օդի մեջ։

Օրն էր վեցերորդ։


Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․


Գոհացավ Աստված իր ստեղծածով

Եվ օրհնեց դարձյալ օրը յոթերորդ։

Եվ եղավ լույսը,

Եղավ երկինքը,

Եղավ երկիրը,

Եվ եղավ կինը աշխարհի վրա․․․



Նկարչական ձևավորման հեղինակ` ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ (Նիդերլանդներ)


Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
294 | 0
00:09, 09.03.2024
805 | 0
наверх