МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Завтра+24 °C
Ստալինը ցանկացել է միանալ Եռյակ դաշինքին
16:37, 02.05.2021
1393 | 0

Ազգայնական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և միլիտարիստական Ճապոնիայի միջև կնքված Եռյակ դաշինքին ԽՍՀՄ-ի միանալու համար Ստալինի վարած բանակցություններին Վլադիմիր Պուտինը հետևյալ բացատրությունն է տվել.

«Խորհրդային Միությանը համատեղ գործողությունների մղելու վերջին փորձը Հիտլերը ձեռնարկել է 1940 թվականի նոյեմբերին Մոլոտովի՝ Բեռլին կատարած այցի ընթացքում: Բայց Մոլոտովը ճշգրտորեն կատարել է Ստալինի ցուցումները՝ սահմանափակվելով 1940 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեմ ուղղված երեքի՝ Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի միջև ստորագրված դաշինքին միանալու ընդհանուր խոսակցություններով: Պատահական չէ, որ արդեն նոյեմբերի 17-ին Մոլոտովը հետևյալն է հրահանգում Լոնդոնում գտնվող խորհրդային լիազոր ներկայացուցիչ Ի. Մայսկուն. «Ձեր կողմնորոշվելու համար…Բեռլինում ոչ մի պայմանագիր չստորագրվել և դա չի նախատեսվել անել: Գործը Բեռլինում սահմանափակվել է…մտքերի փոխանակմամբ…Գերմանացիներն ու ճապոնացիները, ինչպես երևում է, շատ են ցանկացել մեզ հրել Պարսից ծոցի և Հնդկաստանի կողմը: Մենք մերժել ենք այդ հարցի քննարկումը, քանի որ ոչ տեղին ենք համարում Գերմանիայի կողմից այդպիսի խորհուրդները»:

Իսկ նոյեմբերի 25-ին խորհրդային ղեկավարությունն այստեղ ընդհանրապես վերջակետ է դրել. Բեռլնին պաշտոնապես նախապայմաններ է առաջադրել, որոնք անընդունելի էին ազգայնականների համար. այդ պայմաններում ներառվել է Ֆինլանդիայից գերմանական զորքերի դուսբերումը, ԽՍՀՄ-ի և Բուլղարիայի միջև փոխօգնության պայմանագիրը և այլ պայմաններ՝ դրանով իսկ գիտակցաբար բացառելով իր համար Դաշինքին միանալու ցանկացած հնարավորություն»:

Հիմա տեսնենք, թե իրականում ինչ է եղել:

1940 թվականի նոյեմբերի 13-ին Բեռլինում Ռիբենտրոպի հետ երկրորդ զրույցի ընթացքում Մոլոտովը, մասնավորապես, հղում է կատարել Ստալինի նամակին:

Քաղվածք Ռիբենտրոպի հետ Մոլոտովի զրույցի սղագրությունից.

«Մոլոտով. Այժմ ԽՍՀՄ-ի, Ճապոնիայի, Գերմանիայի և Իտալիայի համատեղ աշխատանքի մասին: Նա այդ հարցին պատասխանում է դրականորեն, բայց պետք է այդ հարցի առումով պայմանավորվել: Այստեղ մի շարք կոնկրետ հարցեր են ծագում: Ընդհանուր պատասխանն արդեն տրվել է Ստալինի նամակում: Նա՝ Մոլոտովը, հաստատեց այստեղ և վերստին հաստատում է, որ պետք է պայմանավորվածություն փնտրել»:

Այդ նույն զրույցում փոքր-ինչ ավելի վաղ Ռիբենտրոպը նույնպես հիշատակել է Ստալինի նամակը կամ նույնիսկ նամակները.

Քաղվածք զրույցի սղագրությունից.

«Ռիբենտրոպ. Ստալինի նամակից նա՝ Ռիպենտրոպը, հասկացել է, որ Ստալինը բացասական վերաբերմունք չունի երեք պետությունների հետ ԽՍՀՄ-ի համագործակցությանը: Նա կարծում է, որ դիվանագիտական բանակցությունները կարող են ավարտվել Ստալինին արտաքին գործերի նախարարների այցելությամբ և այդպիսի համաձայնության ստորագրմամբ…Որտե՞ղ են լինելու Գերմանիայի և ԽՍՀՄ-ի շահերը՝ դա ենթակա է վճռման: Պետք է լուծում գտնել, որպեսզի մեր պետությունները մեկմեկու դեմ կուրծք կրծքի չկանգնեն, այլ համատեղ աշխատանքով իրականացնեն իրենց ձգտումները՝ չհակասելով մեկմեկու: Ռիբենտրոպը կցանկանար պատասխան ստանալ, թե պատրա՞ստ է արդյոք ԽՍՀՄ-ը ուսումնասիրել այդ հարցը և համագործակցել երեք տերությունների հետ: Ստալինի նամակից նա շատ է տպավորված, որ ԽՍՀՄ-ը հակված է դրան»:

Ստալինի այդ ի՞նչ նամակի կամ նամակների մասին է խոսքը:

Այդ նամակը կամ նամակները ո՞ւմ են հասցեագված եղել և ի՞նչ բովանդակություն են պարունակել:

Խոսքը վերաբերել է 1940 թվականի հոկտեմբերին Ռիբենտրոպի և Ստալինի միջև նամակագրությանը: Հոկտեմբերի 13-ին Ռիբենտրոպն ընդարձակ նամակ է հղել Ստալինին, որում առաջարկել է քննարկել Եռյակ դաշինքին ԽՍՀՄ-ի միանալու հնարավորությունը: Հակակոմինտերնական այդ դաշինքը Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի միջև կնքվել էր 1940 թվականի սեպտեմբերի 27-ին:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
224 | 0
09:44, 13.04.2024
285 | 0
11:39, 08.04.2024
361 | 0
09:16, 06.04.2024
321 | 0
08:44, 03.04.2024
271 | 0
16:35, 27.03.2024
419 | 0
наверх