МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
«Մի՞թե նա տարածքային նախորդ ձեռքբերումների պարգևած արբեցման ներքո է եղել, թե՞ նոր զավթումների ախորժակ էր բացվել»
21:40, 04.05.2021
1487 | 0

Հոկտեմբերի 18-ին ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպան Շուլեմբուրգը Ռիբենտրոպի նամակը փոխանցել է Մոլոտովին: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Շուլենբուրգին կանչել են ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողկոմիսարիատ, որպեսզի տեղեկացնեն Ռիբենտրոպի առաջարկությանը Ստալինի համաձայնության մասին:

Քաղվածք ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպան Ֆ. Շուլենբուրգի հետ ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ. Մոլոտովի զրույցից.

«Այնուհետև ընկ. Մոլոտովը Շուլենբերգին հայտարարեց, թե ընկ. Ստալինի պատասխանը Ռիբենտրոպի նամակին կտրվի հոկտեմբերի 21-ին, բայց արդեն հիմա ընկ. Մոլոտովը կարող է ասել, որ պատասխանը բարենպաստ է լինելու, և որ ինքը, ի մասնավորի, կգնա Բեռլին: Ինչ վերաբերում է ուղևորության ժամկետին, ապա ենթադրվում է, որ այն տեղի կունենա Հոկտեմբերյան տոներից հետո: Ընկ. Ստալինի նամակը Ռիբենտրոպին Մոլոտովի կողմից դեսպանին կփոխանցվի հոկտեմբերի 21-ին»:

Հոկտեմբերի 21-ին Մոլոտովը Շուլենբերգին է փոխանցել Ստալինի պատասխանը.

ՀամԿ (բ) Կ Կենտկոմի Քարտուղար Ի.Վ. Ստալինի ուղերձը Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Ի. Ռիբենտրոպին

Մեծարգո պարոն Ռիբենտրոպ.

Ձեր նամակն ստացա: Անկեղծորեն երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ վստահության համար, նաև վերջին իրադարձությունների վերաբերյալ Ձեր նամակում շարադրված ուսանելի վերլուծության համար:

Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ լիովին հնարավոր է մեր պետությունների միջև հարաբերությունների բարելավումը երկարատև ժամանակաշրջանի համար, մեր շահերի սահմանազատման հենքի վրա: Վ.Մ. Մոլոտովը համարում է, որ ինքը Ձեզ պարտք է և պարտավոր է պատասխան այց կատարել Բեռլին: Ասել կուզի՝ Վ.Մ. Մոլոտովն ընդունում է ձեր հրավերը: Մնում է պայմանավորվել Բեռլին ժամանելու օրվա մասին: Վ. Մ. Մոլոտովն ամենահարմար ժամկետն իր համար նոյեմբերի 10 – 12-ն է համարում: Եթե այն հարմար է նաև Գերմանիայի կառավարությանը, ապա հարցը սպառված կարելի է համարել:

Ես ողջունում եմ նորից Մոսկվա այցելելու՝ ձեր արտահայտած ցանկությունը, որպեսզի շարունակվի նախորդ տարի սկսված մտքերի փոխանակությունը մեր երկրներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ, և հույս ունեմ, որ դա կիրականացվի Մոլոտվի Բեռլին կատարելիք այցից հետո:

Ինչ վերաբերում է Ճապոնիայի և Իտալիայի ներկայացուցիչների հետ որոշ հարցերի քննարկմանը, ապա, սկզբունքորեն չառարկելով այդ գաղափարին, ինձ թվում է, որ այդ հարցը հարկ է ենթարկել նախնական քննարկման:

Խորին հարգանքով՝ պատրաստ ծառայելու Ի. Ստալին

Մոսկվա, 1940 թ. Հոկտեմբերի 21

Աննախադեպ պատմություն

Հարկ է ուշադրություն դարձնել այս իրադարձությունների աննախադեպ բնույթի վրա:

Նախ՝ կոպտորեն խախտելով դիվանագիտական արձանագրությամբ սահմանված կարգը՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարը դիմում է ո՛չ թե իր պաշտոնակցին՝ ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողկոմին, այլ անմիջապես խորհրդային առաջնորդին: Ի տարբերություն դրա, 1939 թվականի օգոստոսի 21-ին, երբ պատրաստվում էր «Մոլոտով-Ռիբենտրոպ» պայմանագիրը, Ստալինին դիմել էր ո՛չ թե Ռիբենտրոպը, այլ հենց Հիտլերը:

Երկրորդ՝ նամակի բովանդակությունը ցույց է տալիս, որ այն գրվել է ոչ թե Հիտլերի հանձնարարությամբ ու այդ նամակում շարադրվել են վերջինիս առաջարկները, այլ նակակագիրն հենց Ռիբենտրոպն է, և նա այն գրել է սեփական նախաձեռնությամբ: Նամակի հեղինակին վերաբերող «ես» դերանունը գործածվել է առնվազն 15 անգամ: Իսկ Հիտերը Ռիբենտրոպի նամակում հիշատակվել է ընդամենը երկու անգամ՝ այն էլ ոչ որպես հրավերի նախաձեռնող:

Երրորդ՝ Հիտլերի դիրքորոշումը Ռիբենտրոպի արած առաջարկությունների վերաբերյալ հիշատակվել է միայն մեկ անգամ՝ ընդ որում շատ լղոզված. «Ի մի բերելով վերը շարադրվածը՝ ես կուզենայի ասել, որ նաև ֆյուրերի կարծիքով չորս տերությունների պատմական խնդիրն ի դեմ Խորհրդային Միության, Իտալիայի, Ճապոնիայի և Գերմանիայի, ըստ երևույթին, կայանում է նրանում, որ կառուցվի սեփական քաղաքականությունը երկար ժամանակի համար…»:

Այսինքն Ռիբենտրոպը բաց տեքստով գրում է, թե իր շարադրած առաջարկությունների գլխավոր (միակ) հեղինակն անձամբ ինքն է՝ Ռիբենտրոպը, իսկ Հիտլերն ընդամենը միացել է դրան:

Բայց նույնիսկ այդ «միանալը» նամակի ուշադիր վերլուծության դեպքում նկատելի կդառնա, որ այն շատ հպանցիկ է: Հիտլերի «կարծիքը» Ռիբենտրոպը շարադրում է «ըստ երևույթին» բառակապակցության հետ: Այսինքն Ռիբենտրոպը տեղեկացնում է, թե լիովին վստահ չէ, թե իր առաջարկն արտացոլում է Հիտլերի կարծիքը: Ինչ վերաբերում է «ես շարադրում եմ ֆյուրերի դիրքորոշումը», «ֆյուրերը կարծում է», «ֆյուրերն ինձ հանձնարարեց» և նմանատիպ այլ ստանդարտ ձևակերպումներին, ապա այդպիսիք Ռիբենտրոպի նամակում պարզապես չկան:

Չորրորդն այս պատմության ամենաշշմեցնող տարրն է: Ռիբենտրոպի նամակին պատասխանել է ո՛չ թե արտգործժողկոմ Մոլոտովը, այլ ինքը՝ Ստալինը: Ընդ որում Ստալինն այնքան է շտապել, որ Մոլոտովին հանձնարարել է անհապաղ, հաջորդ օրն իսկ, հաղորդել իր դրական արձագանքի մասին: Իսկ ծավալուն պատասխանը նա ներկայացրել է երկու օր անց:

Ի վերջո, հինգերորդը՝ ուրիշ երկրի արտաքին գործերի նախարարին հղված ստալինյան նամակի ինքնանսեմացնող ոճը.

«Մեծարգո՛ պարոն Ռիբենտրոպ

Անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ վստահության համար... (երախտապարտ եմ) վերջին իրադարձությունների վերաբերյալ Ձեր նամակում շարադրված ուսանելի վերլուծության համար.

Ես համաձայն եմ Ձեզ հետ...

Մոլոտովը համարում է, որ ինքը Ձեզ պարտք է և պարտավոր է պատասխան այց կատարել Բեռլին:

Խորին հարգանքով՝ պատրաստ ծառայելու Ի. Ստալին»:

Ո՞վ է այս նամակը գրել: Աշխարհի մեկ վեցերորդ մասի միահեծան տիրակա՞լը: Աշխարհի հզորագույն բանակի տե՞րը, թե՞ մի մանր դուրսպրծուկ, որը վայելում է իր գլխին թափված այն հաջողությունը, որ իրեն պատշաճ վերաբերմունքի են արժանացնում աշխարհի հզորները:

Համեմատեք Ստալինի նամակի ոճը Ռիբենտրոպի՝ 1940-ի հոկտեմբերի 13-ի նամակի քաղաքավարի ոճի հետ:

Համեմատեք Ստալինին 1939 թվականի օգոստոսի 21-ին Հիտլերի գրած նամակի ոճի հետ.

«Պարոն Ստալինին, Մոսկվա...

...Ուրախ կլինեմ ստանալ Ձեր շտապ պատասխանը: Ադոլֆ Հիտլեր»:

Մեկ օր անց, օգոստոսի 22-ին Ստալինն այս ոճով է պատասխանել.

«Գերմանիայի պետության կանցլեր պարոն Ա. Հիտլերին.

Երախտապարտ եմ նամակի համար...

Խորհրդային կառավարությունն ինձ լիազորել է տեղեկացնել Ձեզ առ այն, որ նա համաձայն է օգոստոսի 23-ին պարոն Ռիբենտրոպի՝ Մոսկվա ժամանելուն: Ի. Ստալին»:

Ի՞նչ էր տեղի ունեցել այս անգամ: Ինչո՞ւ է Ստալինի նամակի ոճն այդպես-քաղցր-մեղցր դարձել, ընդ որում նամակը ոչ թե Հիտլերին է հասցեագրված, այլ Ռիբենտրոպին:

Մի՞թե նա տարածքային նախորդ ձեռքբերումների պարգևած արբեցման ներքո է եղել, թե՞ նոր զավթումների ախորժակ էր բացվել:

Ինչպես երևում է՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
202 | 0
наверх