MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Yarın:+20 °C
«Ում դեմքը տասը ոսկուն նայելուց փոխվում է, չի կարող կառավարել նույնիսկ մի փոքրիկ քաղաք: Ում դեմքը փոխվում է հարյուր ոսկի տեսնելիս, չի կարող զորք առաջնորդել»
23:13, 19.09.2022
5040 | 0

16-րդ դարի Չինաստանում Սյույ Սյուեմո անունով մի բավականին բարձրաստիճան պաշտոնյա է ապրել, որը դեռ երիտասարդ տարիքից աչքի է ընկել ստեղծագործական կարողություններով և արդեն քսանմեկ տարեկանում արժանացել է գիտական բարձրագույն՝ «ցզինշի» կոչման: 1551 թվականից ի վեր, երբ ընդամենը 21 տարեկան է եղել, նա կայսրության պրովինցիաներում և մայրաքաղաքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ու իր ծառայության ընթացքում տեսել է երկրի անարդար կառավարման կսկծալի արդյունքները: Նրան ծառայությունից վտարել են, բայց հետագայում, հաշվի առնելով գիտուն երիտասարդի ունակությունները, նորից ընդունել են ծառայության: Տարիներ անց նա դարձել է ծեսերի գործակալության ղեկավար: Առավել նշանակալի է այն հանգամանքը, որ սկզբունքայնությամբ հռչակված Սյույ Սյուեմոն ամենևին էլ չի եղել Կոնֆուցիուսի ուղղափատ հետևորդ, և ինչպես ցույց են տալիս ստորև ներկայացված նրա աֆորիզմները, նա հիանալի իմացել է ցուցադրական առաքինության ու առաքինիների իսկական գինը: Կայսրության արարողությունների այս գլխավոր կարգադրիչի խոցող սրամտությունը բնորոշում է այդ ժամանակաշրջանի մարդկանցից շատերի անբավարարությունն ու երկրում գերիշխող արժեքների վերագնահատման անհրաժեշտությունը:
***

-Ջրհեղեղների, հրդեհների և ավազակների պատճառած դժբախտություններն առաջին հերթին թափվում են աղքատների գլխին:

-Ունայնությամբ ու սնափառությամբ հարուցված դժբախտությունները հետապնդում են մեծատոհմիկներին ու հարուստներին:

-Պետության նույնիսկ ամենանշանավոր այրերը կյանքում գոնե մեկ անգամ ստանում են նսեմացնող ծանուցում: Նույնիսկ հասարակ մարդկանցից ամենաանարժանները կյանքում մեկ անգամ դրվատող խոսքերի են արժանանում:

-Եթե մարդը դատողություն անել չի կարողանում, եթե նույնիս գրքերի լեռ կարդա, արժանի է ընդամենը նրան, որ «գրապահարան» անվանն արժանանա: Եթե մարդը հոգով չի մաքրվել, եթե սովորի բուդդայան բոլոր կանոնները, միևնույն է, կնմանվի փայտե կուռքի:

-Լռակյաց ու ծածկամիտ մարդուն չի կարելի նվիրական մտքեր վստահել: Չար ու ինքնասիրահարված մարդու հետ շփվելիս պետք է զգույշ խոսել:

-Անդրշիրիմյան թագավորությունում մարդը հագուստի ու սննդի կարիք չունի, բայց մահվան մահճում պառկածին շարունակում ենք հոգածությամբ շրջապատել: Ետ ընկած գյուղում տիտղոսներն ու կոչումները նշանակություն չունեն, բայց ծառայությունից ազատված պաշտոնյաները դեռ դատողություններ են անում պետական գործերի մասին:

-Տղամարդն ուժեղ է կնոջից, բայց կռվարար կնոջ առաջ նա թևաթափ է լինում: Ծնողներն ավելի մեծ հարգանք են ներշնչում, քան նրանց երեխաները, բայց անհնազանդ զավակների առջև նրանք կորցնում են արժանիքը:

-Անշահասեր, անարծաթասեր մարդկանց ամենքը տխմար են համարում. ահա թե ինչու են աշխարհում խարդախներն այդքան շատ: Անզիջում մարդկանց ամեն տեղ բթամիտ են անվանում. ահա թե ինչու են պալատում շողոքորթներն այդ քան շատ:

-Անարվեստ ստեղծագործությունը նման է ողորկված, փայլեցված սանդալի, որն ընդգծում է փայտի բնական հատկությունները: Գրականության մեջ վերամբարձ, ճոռոմ ընդօրինակումները նման են ջնարակված սպասքի, որը թեպետ շողշողում է, բայց վատ հոտ է արձակում:

-Բարի գործերում պետք է միայնակ վարժվել: Միայն այդպես մարդիկ կարող են բարի դառնալ: Չարիք արարելու համար պետք է պայմանավորվել: Ահա թե ինչու են թալանչիները միշտ իրենց հետ գործակցող տանում:

-Պատահում է, որ քաղցն ու կարիքն արժանապատիվ տղամարդուն ստիպում են օգնություն խնդրել, բայց նա դա անում է արժանապատվորեն: Անելանելի դրության մեջ զոհվել են նույնիսկ ամենաիմաստուն տղամարդիկ, բայց հավերժական հիշատակ են թողել:

-Երբ կինը թախծում է, և ամուսինը ևս թախծում է նրա հետ, կնոջ թախիծն անցնում է: Երբ կինը զայրանում է ամուսնու վրա, և ամուսինը նրան նույն կերպ է պատասխանում, կնոջ զայրույյթ էլ ավելի է բորբոքվում:

-Ով ահեղ տեսք է ընդունում, նման է այն հասուն մարդուն, որը երեխային հրեշի դիմակով է վախեցնում: Ով համեստություն է դրսևորում, նման է այն թեթևաբարո երգչուհուն, որը հրաժարվում է մարդկաց ներկայությամբ հյուրասիրությունից, բայց գալով տուն, ագահությամբ նետվում է ուտելիքի վրա:

-Ոմանք հրաժարվում է խոշոր ընծաներից, բայց ուրախությամբ ընդունում են չնչին ողորմությունները. դաշտամուկը գողանում է իր ախորժակին համապատասխան: Ուրիշները սկզբում ամեն ինչ մերժում են, իսկ հետո միանգամից շատ են վերցնում. ծեր վագրը որսին մեկ ցատկով է բռնում:

-Եթե մի ձեռքով ձաղկես հանցագործին, իսկ մյուս ձեռքով նրան թաքցնես, ձաղկված չարագործի տեղում ևս մեկը կհայտնվի: Եթե այսօր պատժես շնացողին, իսկ վաղը թաքուն նայես անառակություն անող կնոջը, կստացվի, որ մի անառակը կպատժվի, իսկ մեկ ուրիշն անառակություն կսերմանի:

-Չափից դուրս խիստ օրենքները նման են չափազանց ձգված լարերի, որոնցով դեռ կարելի է նվագել: Չափից դուրս մեղմ օրենքները նման են թուլացված լարերի, որոնցից այլևս հնարավոր չէ ձայն հնչեցնել:

-Տղամարդը սիրում է կնոջն այնպես, ինչպես ծարավից տանջվող ճանապարհորդը ձգվում է դեպի ջուրը: Հագեցնելով ծարավը՝ նա կորցնում է հետաքրքրությունն իր տենչանքի առարկայի նկատմամբ: Կինը սիրում է տղամարդուն այնպես, ինչպես տապից տառապող ճանապարհորդն է սառնություն փնտրում. ցանկալիին հասնելուց հետո անգամ նա սիրուց չի հագենում:

-Հիմար որդին քեֆչի որդուց վատն է, որովհետև երբեք դեպի լավը չ փոխվում: Պետական ծառայությունում անմիջականությունը խաբեբայությունից վատ է, որովհետև այն հատակն է քաշում նաև ուրիշներին:

-Չափից դուրս շատ կարդացած մարդը հիմարանում է: Բավական է նրանից խորհուրդ հարցնես, ու նա քեզ գրքերից փոխ առնված բառերով կպատասխանի:

-Ում դեմքը տասը ոսկուն նայելուց փոխվում է, չի կարող կառավարել նույնիսկ մի փոքրիկ քաղաք: Ում դեմքը փոխվում է հարյուր ոսկի տեսնելիս, չի կարող զորք առաջնորդել:

-Կծծին (սաստիկ ժլատ) կարող է հսկայական հարստություն կուտակել, բայց երբ նրան դժբախտություն պատուհասի, փողոցում ոտի տակ ընկած մկան նման կլինի: Լայնասիրտ մարդը կարող է սնանկանալ, բայց եթե նրան նույնիսկ դժբախտություն պատուհասի, նա կնմանվի այն քառասունոտնուկին, որը զրկվել է ընդամենը մի քանի ոտից:

-Նա, ով սովորում է բարձր պաշտոնի հասնելու, փառքի արժանանալու մտադրությամբ, կարող է անգրագետին մոլորեցնել, բայց չի կարող գիտուն հանրությանը խաբել: Նա, ով բանաստեղծություններ է գրում հանուն փառքի, կարող է պատանու հիացմունքը հարուցել, բայց չի արժանանա իմաստուն ծերունու գովեստին:

-Եթե դուք հանդիպեք մեկին, որը շարունակ մի կետի է նայում, կնշանակի նրա ուղեղը վնասվել է: Եթե հանդիպեք մեն մի գաղափարով տարված մարդու, իմացեք, որ նա ունակ է ստորության:

-Կատաղի բարքը կարող է թաքցնել ագահությունը: Զիջողամտությունը կարող է թաքցնել մարդու բարոյազրկությունը:

-Աղքատի հետ ծանոթություն հաստատող հարուստը կարող է փառաբանվել: Հարուստի հետ ծանոթություն հաստատող աղքատը կարող է հարստանալ:

-Համեստությունը մեծ առաքինություն է, բայց չափից ավելի համեստությունը խորամանկության է վերածվում: Լռակյացությունը բնավորության հիանալի գիծ է, բայց չափից ավելի լռակյացությունը հանգեցնում է նենգության:

Նախանձը հարուստների միջավայրում ավելի սարսափելի է, քան աղքատների միջավայրում: Ատելությունը երբեմն եղբայրների միջև ավելի ուժգին է լինում, քան կողմնակի մարդկանց միջև:

-Լավ կլինի մարդուն գովաբանել ոչ իր ներկայությամբ. Այդպիսի գովեստը շատ ավելի թանկ է:

-Հարստությունն ու ճանաչվածությունը վեհ մարդկանց հետևից չի վազում, քանի որ նա ինքը դրանց հետամուտ չէ: Հաջողությունն ու փառքն անպայման կայցելեն նպատակասլաց մարդկանց, քանի որ նրանք պայքարում են դրանց հասնելու համար:

-Ավելի լավ է մարդկանց հացահատիկով կերակրել, քան խոսքերով:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
220 | 0
yukarı