MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Yarın:+19 °C
«Ամենևին մի՛ անհանգստացեք, ես նրանց կգոհացնեմ ձևական հնազանդությամբ». ֆրանսիացի նշանավոր հայագետ Ժակ դը Մորգանը Կիլիկիայի առաջին հայոց թագավորի մասին
19:27, 02.10.2022
2665 | 0

1199 թվականի հունվարի 16-ին կարդինալ Կոնրադ Վիտելսբախցին՝ Մայնցի արքեպիսկոպոսը, Սելեստինոս 3-րդ պապի նվիրակը, Տարսոնի Սուրբ Իմաստության եկեղեցում բարոն Լևոն 2-րդին է ներկայացրել արքայական թագը, և կաթողիկոս Ապիրատը (1195-1203) օծել է նոր ինքնակալին, որն ընդունել է Հայաստանի թագավոր Լևոն Առաջին անունն ու տիտղոսը՝ Հռոմեական կայսրի (Հենրիխ 6-րդ) ողորմածությամբ՝ այսպիով իրեն հռչակելով Արևմտյան Եվրոպայի ֆեոդալ՝ հաստատված իր սյուզերենի՝ Գերմանիայի կայսեր կողմից: Բայց թագադրումից մի քանի տարի անց վասալությունը նրան ծանր թվաց, և այս իշխանն իրեն Աստծո օծյալ թագավոր հռչակեց:

Լևոնին թագ ուղարկելով՝ պապը նոր թագավորին խնդրում էր կատարել երեք նախապայման, որոնք վերաբերում էին հայերի և լատինների ծեսերի տարբերությանը. առաջինը՝ Սուրբ Ծննդյան և սրբերի տոնակատարությունները նշել ճիշտ այն օրերին, երբ լատինական եկեղեցին է նշում: Երկրորդ՝ եկեղեցում կատարել ցերեկային և գիշերային ժամերգություններ, որոնք հայերը դադարեցրել են արաբների ներխուժման ժամանակներից ի վեր: Երրորդ՝ չխախտել Սուրբ Ծննդյան և Զատիկի օրերի ժուժկալությունը՝ թույլ տալով միայն ձկան և ձեթի օգտագործումը:

«Երբ դուք կընդունեք այս ծեսերը, - հավելել է կարդինալ Կոնրադ Վիտելսբախցին, - դուք այլևս հարկադրված չեք լինի անհանգստանալ այն նվերների և վճարների մասին, որոնք դուք պարտավոր եք հրամցնել կայսրին և պապին՝ ի նշան ձեր թագի նկատմամբ հարգանքի: Եթե դուք հրաժարվում եք, ես իրավունք ունեմ ձեզանից շատ նշանակալի չափի ոսկի, արծաթ ու թանկարժեք քարեր պահանջել»:

Խորհրդակցության հրավիրելով կաթողիկոսին և եպիսկոպոսներին՝ Լևոնը նրանց հարցրել է, թե ինչ պատասխան պետք է տա ինքը լատինների առաջարկներին: Կաթողիկոսը և եպիսկոպոսները հրաժարվել են ընդունել այդ առաջարկները, և Լևոնը նրանց ասել է. «Ամենևին մի՛ անհանգստացեք, ես նրանց կգոհացնեմ ձևական հնազանդությամբ» և, դրանից հետո նա ասում է լատին արքեպիսկոպոսին. «Մենք անմիջապես և անվերապահորեն կկատարենք մեծ կայսրի և ինքնիշխան հովվապետի հրամանները»: Արքեպիսկոպոսը պահանջում է, որ տասներկու եպիսկոպոսներն այդ պարտավորությունն ամրագրեն երդմամբ, և Լևոնը համոզում է իր տասներկու եպիսկոպոսներին երդվել, և նրանք երդվում են:

Լևոնի այս խոսքերը հայ հոգևորականությանը հանդիսանում են դրսևորումն այն քաղաքականության, որն այս իշխանն իրականացրեց լատինների նկատմամբ, և որը փոխանցվեց նաև նրա հաջորդներին: Բայց լինելով պապերի պահանջների և հայ հոգևորականության ու ազգի հզոր ընդդիմության միջև, Կիլիկիայի կառավարողները շարունակ հարկադրված են եղել խուսանավել ու ամոթալի առևտրի մեջ մտնել: Եթե նրանք ազգային նախապաշարմունքներին բախվելուց չխուսանավեին, նրանք կարող էին Լուսինյանների ողբերգական ճակատագրին արժանանալ: Ե՛վ լատինները, և՛ հայերը անհաշտելի անհանդուրժողականություն են դրսևորել, և կրոնական համոզմունքները դարձել են ամոթալի հետապնդումների առարկա: Մի կողմից, Արևմուտքի բնակիչների՝ խաչակրաց արշավանքներից ծնունդ առած մոլեռանդությունը, մյուս կողմից էլ հայերի ավանդապաշտությունը, որն ազգային է համարվել, խորընդոտել են ցանկացած անկեղծ մերձեցման:

Լևոնի թագադրումը բյուզանդական արքունիքի համար մեծ կարևորություն է ունեցել, քանի որ Նոր Հայաստանը վերջնականապես ազատվել է բասիլևսների (Բյուզանդիայի կասրերի) վասալը լինելուց և նոր թագավորին չճանաչելը բացահայտ պատերազմ կնշանակեր խաչակիրների, այսինքն՝ ամբողջ Արևմտյան Եվրոպայի դեմ։ Իրենց սովորության համաձայն՝ հույները նախընտրում են խորամանկությունը, քան բռնությունը։ Ալեքսիոս 3-րդ Անգելոսը (1195 - 1203), կրկնօրինակելով լատիններին, ներկայացուցիչներ և թագ է ուղարկում նոր թագավորին՝ միաժամանակ հանձնարարելով փոխանցել հետևյալ սպառնալից խորհուրդը. «գլխիդ մի՛ դիր այն թագը, որը քեզ տվեցին հոռոմները, քանի որ դուք շատ ավելի մոտ եք մեզ, քան Հռոմին»: Բյուզանդիայի քաղաքականությունը հայերի նկատմամբ լիովին արտացոլված է այս մի քանի բառում:

Այնուամենայնիվ, Լևոնի ամենամեծ ցանկությունն իրականացել էր. Եվրոպայի բոլոր իշխանները, Բյուզանդիայի կայսրն ու Բաղդադի խալիֆը իրենց ներկայացուցիչներն ու դեսպաններն էին ուղարկել նոր թագավորի մոտ:

Ժամանակագիրները համակարծիք չեն Լևոնի թագադրման տարեթվի հարցում. Հեթում պատմիչն այդ արարողությունը թվագրում է 1197 թվականի հուլիսի և 1198 թվականի հունվարի միջակայքում: Բայց Մայանսի արքեպիսկոպոսի ժամանումը որպես Սուրբ Աթոռի նվիրակ, ըստ լատին ժամանակագիրների, կարող էր տեղի ունենալ միայն1199 թվականին:

Տասնհինգ հայ եպիսկոպոսներ ու երեսունինը իշխաններ ու մի խումբ խաչակիր ասպետներ են մասնակցել Լևոնի թագադրմանը:

Նկարում՝ բարոն Լևոն 2-րդի դրամը:

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
207 | 0
yukarı