MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Yarın:+27 °C
Արտավազդ Փելեշյան.Լեգենդար կինոբեմադրիչի 85-ամյակը
17:28, 28.02.2023
1088 | 0

Thursday, 23 February 2023

Արտավազդ Փելեշյան.Լեգենդար կինոբեմադրիչի 85-ամյակը


Արտավազդ Փելեշյանը՝ Աիդա Գալստյանին. «Իմ բոլոր ֆիլմերը դու ես արել՝ իմ միջոցով» -Լեգենդար կինոբեմադրիչի 85-ամյակը

  • 22.02.2023. այս Հետաքրքիր հարցազրույց֊բացահայտումը տպագրվել է ORER Armenian European Magazine Եվրոպական ամսագրում, այն բավականին բովանդակալից ու մանրամասնություններով լի հագեցված կենսագրական է այսօրվա ժամանանակների կինոլեգենդ Արտավազդ Փելեշյանի մասին` ում ծննդյան 85-ամյակը լրացավ փետրվարի 22֊ին։

Այսօր մեր ժամանանակների կինոլեգենդ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյակն է։ Եվ նա այս տարիքում շարունակում է ստեղծագործել, գրում է օպերա ու կինոսցենար, մասնակցում իր վերջին՝ «Բնություն» պոետիկ ֆիլմի համաշխարհային ցուցադրություններին։ Ու թեեւ նա հարցազրույցներ չի տալիս, բայց սիրով մասնակցում է մամուլի ասուլիսներին ու վարպետության դասերին։ 2021 թվականին ՕՐԵՐ ամսագրում տպագրեցինք բացառիկ հարցազրույց նրա սիրելի տիկնոջ՝ Աիդա Գալստյան-Փելեշյանի հետ։


Այս մտերմիկ զրույցը թերեւս առաջին անգամ բացահայտում է Փելեշյան արվեստագետի, ՄԵծ մարդու ստեծագործական ու անձնական կյանքի շատ մանրամասներ։ Այսօր, Մեծ կինոբեմադրիչի ծննդյան 85-ամյակի առիթով այն հրապարկում ենք նաեւ համացանցում՝ ՕՐԵՐ-ի կայքէջում։ Ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի Արտավազդ Փելեշյանին եւ մաղթում առողջություն եւ երկար ստեղծագործական ընթացք։

Բացառիկ հարցազրույց Արտավազդ Փելեշյանի տիկնոջ՝ Աիդա Գալստյան- Փելեշյանի հետ

-Տիկին Աիդա, մեր զրույցը սկսենք Ձեր ծանոթությունից։ Որտե՞ղ հանդիպեցիք պարոն Փելեշյանին։

– Մենք ծանոթացել ենք 1959 թվականին Կիրովականի (Վանաձորի) «Ավտոմատիկա» գործարանում, կոնստրուկտորական բաժնում։ Ինքը գծագրող էր աշխատում, իսկ ես կանանց խմբում էի, մենք գծագրերը ստուգում էինք եւ դրանց կրկնօրինակներն էինք ստեղծում։ Բոլորս երիտասարդ էինք, նոր կոլեկտիվ էր։ Ես քսան տարեկան էի, ինքը՝ 21։

Փելեշյանն ստացել է ՎԳԻԿԻ պատվավոր Առաջին մրցանակը

– Եվ այդպես օրերից մի օր սիրո խոստովանություն արեց։

– Չէ, մինչեւ օրս չի եղել, երբեք չի ասել՝ ես քեզ սիրում եմ։ (ծիծաղում է), բայց վերաբերմունքով էր ցույց տալիս իր սերը։

-Բայց դուք այդ ժամանակ արդեն զգում էիք, որ նա տարբերվում է մյուսներից, որ տաղանդավոր է։

-Աշխատանքի մեջ զգում էի, որ շնորհք ունի։ Իհարկե, ինքը բոլորից տարբերվում էր, իր բնավորությամբ կատակասեր էր, ուրախ, զվարթ։ Ինձ ասում էին, եթե Արթուրի հետ ամուսնանաս (այդպես էին անվանում Արտոյին երիտասարդ տարիքում), ամբողջ կյանքդ ծիծաղի մեջ է անցնելու։

-Հետագայում մեկնեց Մոսկվա սովորելու։

Երբ ասաց, որ մեկնելու է Մոսկվա սովորելու, ես առաջարկեցի, որ ընդունվի Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, որպեսզի մեզ մոտ լինի։ Բայց իր նախընտրած առարկան Երեւանում չկար։ Այդպես 1963 թվականին մեկնեց Մոսկվա Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում՝ ՎԳԻԿ-ում սովորելու։

Փելեշյանները ամուսնությունից հետո

-Արդեն ամուսնացել էի՞ք։

-Ոչ, 1964 թվականի փետրվարին ինքը Մոսկվայից արձակուրդ եկավ, եւ այդ ժամանակ նշանվեցինք։ Ես եւ՛ աշխատում էի, եւ սովորում էի շինարարական տեխնիկումում, եւ ցանկանում էի ընդունվել պոլիտեխնիկ ինստիտուտ։ Հաջորդ տարի մայիսին ես գնացի Մոսկվա իր մոտ, որտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք ու այնտեղից վերադարձանք Կիրովական՝ ուղիղ իր մայրիկի տուն։ Այդպես ամուսնացանք 1965 թվականին։ Իրականում, ինքը հետաքրքրվել էր, որ Մոսկվայի կինոյի ինստիտուտում նոր բաժին էր բացվել՝ ֆիլմերի տնօրենների համար, եւ մտածում էի ավարտելուց հետո կգնամ այնտեղ, սակայն ամուսնանալուց ու երեխաների ծնվելուց հետո այլեւս չէի կարող մտածել այդ մասին։

-Ինչպիսի՞ն էր նա տանն իբրեւ հայր ու ամուսին։ Արվեստում ինքն անզիջում էր, տանն էլ էր այդպես սկզբունքային։

-Տանն էլ էր այդպիսին։ Իհարկե, հասկանում էի, որ իրեն ազատություն է պետք, որպեսզի ինքը ստեղծագործի, աշխատի։ Դրա համար երեխաների բոլոր հոգսերը ինքս տարա։ Ինքը, ճիշտ է, օգնում էր, բայց նաեւ ամբողջությամբ տարված էր իր գործով։ Առաջին հերթին իր մտածմունքն էր, իր ստեղծագործելը, երազանքները։ Ու երբ ինչ որ բան էր անում, ինձ հետ կիսվում էր, պատմում էր։ Ես էլ անմիջապես ասում էի՝ գրի։ Այդպես գրվեց «Հոմո Սափիենսը» ։

-Ձեր կարծիքը հաշվի՞ էր առնում։

-Այո, միշտ։ Ես աշխատում էի իբրեւ իր օգնական։ «Տարվա եղանականեր» ի ժամանակ մեզ ուղարկեցին Մոսկվա՝ ֆիլմի մոնտաժն իրականացնելու համար։ Իհարկե, ես մոնտաժից բան չէի հասկանում, բայց շատ հարցերում օգնում էի իրեն։ Այդ ֆիլմը երկրորդ անգամ նայելուց հետո, այլ կադր էի տեսնում։ Այն ժամանակ չէի հասկանում, իսկ ինքը ասում էր, որ դա է հենց դիստանցիոն մոնտաժը։ Վերջերս, տանը զրույցի ընթացքում, ինձ ասաց. «Իմ բոլոր ֆիլմերը դու ես արել՝ իմ միջոցով» ։

-Հիշում եք առաջին ֆիլմը ե՞րբ նկարահանեց։

-1964 թ. ամառային արձակուրդներին, երբ եկավ Հայաստան, առաջարկեցին մի ֆիլմ նկարել։ Այդպես ծնվեց «Լեռնային պարեկները» ֆիլմը։ Երրորդ կուրսում՝ 1966թ.-ին արդեն մի այլ առաջադրանք ստացավ եւ նկարահանեց «Մարդկանց երկիրը» ֆիլմը։

Դրան հաջորդեց 1967թ «Սկիզբը» ֆիլմը։ Այդ ֆիլմը շահեց Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի այդ տարվա բոլոր մրցանակները։ Այդ ֆիլմի պատմությունը հետեւյալն է։ Հեռուստատեսությունը պատվեր էր ստացել, որ ԽՍՀՄ 50-ամյակին նվիրված 100 սերիանանոց ֆիլմ նկարահանեն։ Արտոն առաջարկել էր, որ կարճ ժամանակում կնկարի։ Այդպես վերցրեց Գեորգի Սվիրիդովի «Վրեմյա վպերյոդ» (Ժամանակն առաջ) երաժշտությունը ու դրա ուղեկցությամբ տասը րոպեում նկարեց Սովետական Միության հիսուն տարվա պատմությունը։ Այս ֆիլմից հետո, հեռուստատեսությունը գլխավոր լրատվական ծրագիրը՝ «Վրեմյան» (ժամանակը) սկսում էր այդ երաժշտությամբ։ Սվիրիդովին ցույց տվեց ֆիլմը, ասաց՝ կներեք, որ նախապես ձեզ չեմ հարցրել, բայց ուզում եմ, որ նայեք։ Ինքը միշտ երաժշտության մեջ փոփոխություններ էր մտցնում։ Կրճատում էր, միացնում էր, ինչպես կադրերն է մոնտաժում։ Սպիրիդովը չէր էլ հասկացել, որ իր երաժշտությունը փոփոխության է ենթարկել։ Նա շատ հավանել էր, եւ ասել, որ հաջորդ ֆիլմի երաժշտությունը իրեն պատվիրի։ Այդ ֆիլմի հաջողությունից հետո, մի օր ռեկտորը կանչեց իր մոտ եւ ասաց, որ ուզում են իրեն ավարտական դիպլոմ հանձնեն, մինչդեռ ինքը ¹» é» õë երրորդ կուրսում էր։ «Համարում ենք, որ դու ՎԳԻԿ-ում այլեւս բան չունես անելու։ Դու պատրաստի ռեժիսոր ես», - ասել էր ռեկտորը։ Իսկ Արտոն պատասխանել էր. «Չեմ ուզում, բոլորի նման ցանկանում եմ սովորել եւ ավարտել» ։ Մինչեւ հիմա կարոտով է հիշում ՎԳԻԿԸ, ամեն անգամ Մոսկվա գնալիս անպայման գնում է, հանդիպում է, նույնիսկ հանրակացարան ու Գորկու ստուդիա է գնում։ Մի քանի օր առաջ նորից հիշել էր եւ ասում էր, որ կարոտել է։


Աիդա Գալստյան Փելեշյանը երիտասարդ տարիքում

-Իսկ մի առիթով ասել է, որ ամենաշատը «Կյանք» ֆիլմն է սիրում, ինչո՞ւ։ Իսկ դու՞ք։

-Այո, ինքը դա էր սիրում, ես՝ «Մեր դարը» ֆիլմը։ Ինձ հիացնում է տիեզերքի երաժշտությունը։ Ինքնաթիռները կարծես թե այդ երաժշտության տակ պարում են, ոչ թե սավառնում։ Այդ ֆիլմը շատ դժվար ստացվեց, եթե տիեզերագնացները չլինեին, Բերեգովոյը չլիներ, չգիտեմ ինչպես կլիներ։ Աստվածային, երկնային բան կար։ Դրա համար ամենաշատը այդ ֆիլմն եմ հավանում։ Իսկ «Կյանքը» նկարահանեց 1993 թվականին, երբ մեր երկու աղջիկների երեխաները՝ թոռնիկներ Մարիամն ու Մարիան ծնվեցին, մեկ տարի անց ծնվեց Աիդան։ Նկարահանումները կատարվել էին Հայաստանի ծննդատներում՝ մեծ թվով կանանց ու երեխաների էին նկարել։ Ու երբ Մոսկվայում սկսեց մոնտաժել, նկատեց, որ կադրերը որակով չեն, եւ չգիտի ինչպես ընտրի, որ ֆիլմ դառնա։ Ես էլ ասացի՝ «Դու ֆիլմդ քո պատկերացրած ձեւով պատրաստի, թող մնա» ։ Օրերից մի օր, երբ արդեն վերջացնում էր, մեր ընկերներից մեկը գնացել էր իր մոտ մոնտաժի սենյակ, եւ այնտեղից զանգեց ինձ։ Հարցրեցի՝ «Արտոն դժգոհ է, դու ի՞նչ կարծիքի ես, ստացվել է՞» ։ Ասաց՝ «Աիդա, ինչպես միշտ շեդեվր է» ։ Հետո ինքն էլ համոզվեց, որ «իրոք «լավ է ստացվել։ Դրա համար էլ երեւի շատ է սիրում այդ ֆիլմը։

-Իսկ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Փելեշյանի դերասանական խաղին ինքն ինչպե՞ս է վերաբերում։

-Ինքը զղջացել է, որ նկարահանվել է այդ ֆիլմում, ես էլ չեմ հավանում։ Շատ անգամ են հետո դերեր առաջարկել, բայց ինքը հրաժարվել է։

-Ձեր աղջիկները՝ Աննան եւ Աշխենը նույնպես Կիրովականում են ծնվել։ Երեխաներն ի՞նչ ուղղություն ընտրեցին, հայրիկի ազդեցությունը կա՞ր, արվեստի հետ կապ ունեին։

-Այո, երկուսն էլ Կիրովականում են ծնվել։ 1966ին Աննան ծնվեց, Արտոն Մոսկվայում էր, 10 օր անց եկավ։ Իսկ 1969-ին թվականին՝ «ՄԵՆՔ» ի նկարահանման ժամանակ Աշխենը ծնվեց։ Այդ ժամանակ Արտոն արդեն Երեւան ստուդիայում էր աշխատում։ Մեր տանից ոչ հեռու երաժշտական դպրոց կար, Աննան դաշնամուրի էր գնում, իսկ Աշխենը՝ ջութակի։ Աշխենը քննությունների ժամանակ լավ էր նվագում, բարձր գնահատականներ էր ստանում, ուսուցչուհին զարմանում էր։ Նա նաեւ լավ նկարում էր, այդ պատճառով գեղարվեստի դպրոց ընդունվեց, որը հիմա ակադեմիա է։ Աշխենը դիզայներական-ճարտարապետական ֆակուլտետում էր սովորում։ Իր դիպլոմը երկար տարիներ ինստիտուտի պատից չէին հանում։ Իսկ Աննան ուզում էր բժշկուհի դառնալ եւ ութերորդ դասարանից բժշկական ուսումնարան ընդունվեց, որպեսզի կարողանա նաեւ աշխատի եւ հետո ընդունվի ինստիտուտ, քանի որ այն ժամանակ նաեւ աշխատանքային ստաժ էին ուզում։ Հետագայում ընդունվեց ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետը եւ դարձավ հոգեբան։

2016թ Փելեշյանը չեխական Յիհլավայի միջազգային կինոփառատոնում ստացավ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար մրցանակը

Իսկ թոռնուհիները, ի՞նչ մասնագիտություն ընտրեցին։

-Աիդան փայլուն ավարտեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄԳԻՄՈՆ), ստացավ Կարմիր դիպլոմը Համաշխարհային տնտեսագիտության գծով, նաեւ ավարտեց ասպիրանտուրան եւ այժմ դոկտորականն է պաշտպանում, ճապոներենի մասնագետ է, աշխատում է գերմանական կոնցեռնում։ Մարիամը ավարտել է Մոսկվայի բալետի դպրոցը եւ այժմ բալետմեյստեր է, իբրեւ խորեոգրաֆ դասավանդում է 2-14 երեխաներին։ Իսկ Մարիան Երեւանում ավարտել է Ճարտարագիտական համալսարանի ճարտարապետական-դիզայնի բաժինը, ապա թատերական ինստիտուտի անմիացիայի բաժինը, շնորհալի մուլտիպլիկատոր է, ապրում եւ աշխատում է Երեւանում։ Ունի նաեւ 2.5 տարեկան դուստր՝ հրաշք Վիկտորիային, որը մեր առաջին ծոռնուհին է։

-Երբ Պրահայում էիք, նկատեցի, թե պարոն Փելեշյանն որքա՜ն է սիրում թոռնուհիներին, մի առանձին սիրով էր նրանց նայում։

-Այո, նա մի այլ կերպ է սիրում երեխաներին, թոռնուհիների համար գժվում է։

Արտավազդ Փելեշյանը թոռնուհիների հետ Փարաջնովի թանգարանում

-Ցավոք, ձեր փոքր դուստրը՝ Աշխենը հիվանդության պատճառով երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ։ Հասկանալի է, որ նրա անժամանակ կորուստը ազդեց նաեւ պարոն Փելեշյանի ստեղծագործական գործունեության վրա։

-Իհարկե։ 1985-86 թվականներն էին, Գերմանիայից այդ ժամանակ պատվեր ունեին եւ վրացի գործընկերոջ հետ սկսել էին ռուսական եկեղեցուն նվիրված ֆիլմ նկարահանել, որը կոչվում էր «Աստվածը Ռուսաստանում» ։ Այդ ժամանակ Աշխենն արդեն հիվանդ էր, ու թեեւ Արտոն նկարահանումները վերջացրել էր, բայց սկսվում էր գլխավոր մասը՝ մոնտաժը։ Իսկ մենք Աշխենիկին պետք է Փարիզ տանեինք ստուգման։ Այդ պատճառով Արտոն հոգեպես վատ վիճակում լինելով, այլեւս չուզեց աշխատել ֆիլմի վրա։ Մոնտաժն արդեն իրենք արեցին։

-Իսկ խորհրդային տարիներին Փելեշյանին էլ են հետապնդումների ենթարկել, ինչպես Փարաջանովին։

-Չէ, նման բան չի եղել։


-Վարպետի ստեղծագործական կյանքում կարեւոր տեղ է գրավում «Մենք» ֆիլմը։ Նա մի առիթով ասել է, որ. «Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի եմ ունեցել հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»: Ի՞նչ մանրամասներ եք հիշում ֆիլմի հետ կապված։

-Դեռ ուսանողական տարիներին՝ 1969թ երբ ավարտեց «Մենք» ֆիլմը, ինստիտուտի ղեկավարությունը այդ ֆիլմը գաղտնի ուղարկեց գերմանական Օբերհաուզենի կինոփառատոն, ուր արժանացավ մրցանակի։ Մինչդեռ, ֆիլմը ո՛չ Մոսկվան էր ընդունել, ո՛չ Երեւանը։ «Մենք» ֆիլմով էլ պաշտպանեց դիպլոմայինը։ Եվ երբ դիպլոմային պաշտպանության ժամանակ ելույթ ունեցավ, բոլորն ասում էին, որ սա ոչ թե վավերագրական, այլ գեղարվեստական ֆիլմ է։ Իսկ ինքը վավերագրական ֆիլմերի ֆակուլտետում էր։ Սակայն հանձնաժողովը քննարկումից հետո որոշում կայացրեց Փելեշյանին հանձնել գեղարվեստական, վավերագրական եւ հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսորի դիպլոմ։ Դա ինստիտուտի՝ ՎԳԻԿԻ պատմության մեջ միակ դեպքն է, եւ այլեւս որեւէ մեկին նման դիպլոմ չեն տվել։

-Մրցանակների համար որեւէ կարծիք հայտնե°լ է։ Ո՞ր մրցանակն է թանկ իր համար։

-ՎԳԻԿԻ մրցանակն է շատ գնահատում, կարոտում է ինստիտուտը, նաեւ մինչեւ հիմա հիշում է մոսկովյան գրադարանները, ուր ուսանողական տարիներին հաճախել է ու կարդացել անթիվ գրքեր։

-Այն, որ նա անհավատալի գիտելիքների տեր է, երեւում է նաեւ իր գրքերից, հատկապես «Իմ տիեզերքը եւ դաշտի միասնական տեսությունը» գրքից։

-Այո, երբ շատերը զրուցում են նրա հետ, զարմանում են, կարծես գիտության շտեմարան լինի։ տիեզերքի մասին գիրքը, որ գրեց երկար տարիներների ընթացքում, հիմնված էր իր ֆիլմերի վրա։ Այդ գրքում Էյնշտեյնին հակասում է, քանի որ վերջինս եթե նշում էր, որ մոլորակները բախվելու են եւ վերանան, ինքը ապացուցում է, որ նման բան չի լինի։ Նրա գիտելիքները տիեզերքից են։ Ինքը կիսատ բաներ չի արտահայտում։ Ինքը նոտա չգիտի, բայց երաժշտությունն այնպես է ընտրում, կածես ինքը գրած լինի։ Չի հասկացվում, որ փոփոխություն է արել։ Ինքը չի սովորել, դա տրված է վերուստ։ Ամեն ինչ տիեզերքի հետ է կապված։ Հիշում եմ, Մոսկվայում երբ դուրս էինք գալիս տան շուրջը զբոսնելու, միշտ գրիչ ու թուղթ էր վերցնում, եւ զբոսնելիս հանկարծ ինչ որ նշումներ էր անում։ Այդ նշումները հետագայում օգտագործեց նաեւ իր գրքում։

-Հայտնի է, որ վարպետն արդեն օպերա է գրում։ Ինչպե՞ս սկսեց գրել։ Ի՞նչ այլ ծրագրերի վրա է աշխատում։

-Մի քանի տարի առաջ, երբ օպերայում Սերժ Սարգսյանը կազմակերպեց իր 80-ամյակի երեկոն, դրանից մի փոքր առաջ ասաց, ուզում է օպերա բեմադրել։ Արդեն մտքով հղացել էր։ Մինչեւ իր ուղեղում չի հասունացնում, չի արտահայտում, չի ասում։ Ինչպես «Հոմո Սափիանսի» մասին ասաց, որ ես այդ ֆիլմը տեսել եմ, բայց շատ կուզեի դուք էլ տեսնեք։ Ցավոք, սցենարը կադալով, մարդիկ այն պատկերացումը չեն ստանում, մինչդեռ «Հոմո Սափիանսը» պետք է լիներ լիամետրաժ խաղարկային ֆիլմ՝ դերասաններով, նկարահանումները կատարվելու էին անապատներում, օվկիանոսներում, հագուստները անտիկ ժամանակների էին, դերասանները պետք է խաղային առանց խոսքի, երաժշտությունն էր հնչելու։ Դրա համար թանկ ֆիլմ էր, անհրաժեշտ գումարը չկարողացավ հավաքել։

Օպերան էլ կարծես այդ ֆիլմի փոխարեն կլինի։ Ասում էր՝ ուզում եմ տարբեր օպերաներից հավաքել եւ նոր օպերա ստեղծել, որ ոչ ոք չի էլ մտածել նման բան։ Նոր բնակարան տեղափոխվելուց հետո, երբ կահավորեցինք իր աշխատասենյակը, սկսեց աշխատել եւ կարճ ժամանակում ավարտեց լիբրետոն։ Արդեն երգիչները ծանոթանում են տեքստին։ Այս օպերայում ինքը նաեւ ժամանակակից տարրեր է մտցրել։ Գլխավոր դերում մարդն է՝ իր տարբեր հատկանիշներով։

Այժմ աշխատում է նաեւ «Սեւ ու սպիտակ երազներ» գեղարվեստական ֆիլմի կինոսցենարի վրա։

-Ինչի՞ մասին է լինելու ֆիլմը։

-80 -ամյա տղամարդու եւ 20-ամյա աղջնակի սիրո պատմություն է։

-Ինձ միշտ զարմացրել է, թե Արտավազդ Փելեշյանն ինչո՞ւ հարցազրույց չի տալիս։ Ի՞նչ որ դեպք է եղել, որից ազդվել է եւ այլեւս լրագրողներին չի վստահում, թե այլ պատճառ կա։

-Նա մշտապես զգացել է, որ լրագրողները հարցերը տալիս են, բայց պատասխանները շարադրում են իրենց տեսանկյունով։ Եվ երբեք հարցազրույց չի տվել, նույնիսկ ֆրանսիական հայտնի հեռուստալրագրողներ էին եկել, նրանց էլ մերժեց։ Բայց մամուլի ասուլիսներ եւ հանդիպումներ սիրով անցկացնում է, ցանկացած հարցի պատասխանում է։


-Զարմանալի է, որ այսքան տարիների ընթացքում Հայաստանում չստեղծվեց Փելեշյանական դպրոց, մեր երիտասարդ սերունդը չօգտվեց նրա գիտելիքներից։

Այո, ես էլ եմ ափսոսում, որ նա աշակերտներ չունի։ Դպրոցի մասին խոսակցություններ եղել են դեռեւս Քոչարյանի ժամանակ, որ ուզում էին ինստիտուտ բացել, բայց հարմար շենք չգտան, ու այդպես մնաց։ Սերժ Սարգսյանը ապահովեց բնակարանով, կազմակերպեց 80-ամյակի նշումը, բայց չհասցրեց դպրոցի բացման խնդրով զբաղվել, քանի որ հրաժարական տվեց։ Արմեն Սարգսյանին դիմեցինք, ինքը հանդիպեց, ասաց, որ դա իր լիազորություններից դուրս է, քանի որ նման հարցերը կառավարությունն է լուծում։ Իհարկե, մի անգամ սլավոնական համալսարանը կազմակերպեց հանդիպում–վարպետության դաս, նույնիսկ առաջարկեցին դասավանդել այնտեղ, սակայն իր պայմանները չկարողացան բավարարել։

Որքան գիտեմ վերջին ֆիլմը՝ «Բնությունը», որը նկարահանվել է նաեւ ֆրանսիական Կարտիե հիմնադրամի ֆինանսավորմամբ, վարպետը նվիրել է Ձեզ։ Ինչո՞ւ այդ ֆիլմը։


- «Բնությունը» երկար ճանապարհ անցավ, մինչեւ վերջիվերջո ավարտեց։ Երբ Կարտիեն ֆինանսավորեց, մենք մեկնեցինք Փարիզ եւ 5 ամիս աշխատեցինք այնտեղ։ Հատուկ օգնականների խումբ կար, որ տարբեր արխիվներից բերում էին բնական աղետների մասին անհրաժեշտ նյութեը եւ մենք ընտրում էինք պետքական կադրերը։ Այնուհետեւ 3.5 ամիս էլ Գերմանիայում անցկացրեցինք, ուր արդեն մոնտաժեց ֆիլմը, եւ եկանք Մոսկվա, բայց պարզվեց այլեւս ֆինանսավորում չկա, եւ ֆիլմը փակվեց։ Դա 2006 թվականն էր։ Երբ մի քանի տարի առաջ գալիս էինք Երեւան, ֆիլմը բերեցինք մեզ հետ, հույս ունենալով, որ մշակույթի նախարարությունը կֆինանսավորի, եւ կավարտենք։ Սակայն գումար չգտնվեց։ Ու վերջին պահին օգնության հասավ Սան Ֆրանցիսկոյից մեր բարեկամ Լեւոն Դեր-Պետրոսյանը, ով առանց որեւէ նախապայմանի տրամադրեց այդ գումարը եւ նա ավարտեց ֆիլմը։ Նախնական տարբերակում ընդամենը 30 րոպե էր, ավելացումներ կատարելուց հետո ստացվեց 1 ժամ 6 րոպե։ Նախնական տարբերակը գունավոր էր, որը շատ էի հավանում, սակայն քանի որ կային նաեւ սեւ ու սպիտակ կադրեր, եւ իրար չէին համապատասխանում, որոշեց, ամբողջ ֆիլմը դարձնել սեւ-սպիտակ։ Փարիզում շատ էին հավանել ֆիլմը, որոշել էին մեծ շնորհանդես անել, սակայն 2020-ին չկարողացանք գնալ հայտնի պատճառներով, իսկ այս տարի իր ծննդյան օրը հույս ունենք Փարիզում կրկին կլինի ֆիլմի ցուցադրությունը։ Իսկ թե ինչու ինձ նվիրեց, դա էլ իր պատմությունն ունի։ 2020-ին քանի որ իմ ծննդյան 80 ամյակն էր, ես խնդրեցի, որ ֆիլմն ինձ նվիրի։ Ասաց՝ կմտածեմ։ Հետո մոնտաժային աշխատողն ասաց, որ գրել է՝ «Նվիրում եմ Աիդա Գալստյանին» ։ Մի օր տանը ինձ հարցրեց, թե ինչո՞ւ էի ուզում, որ այդ ֆիլմն ինձ նվիրեր։ Ասացի՝ որովհետեւ այդ ֆիլմը սկզբից մինչեւ վերջ իմ կյանքն է։

Զրույցը վարեց

Հակոբ Ասատրյանը

2021 թվական

Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Վարպետին՝ շնորհավորելու և պատվելու նրա վաստակը:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք վայելելու Ձեր տաղանդն ու գործերը: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կշարունակեք ստեղծագործել ու հարստացնել հայ և համաշխարհային կինոարվեստը», - ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով Վարպետին:

Ժաննա Անդրեասյանը Փելեշյանին է նվիրել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը՝ կարևորելով կինոյի 2 հսկաների փոխառնչությունները: Վարպետը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հույս հայտնել, որ Համո Բեկնազարյանի հիշատակը Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում ըստ արժանվույն կգնահատվի։

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև վերջին տարիներին հրատարակված Արտավազդ Փելեշյանի հեղինակային գրքերին ու «Բնություն» ֆիլմին՝ ընդգծելով, որ նրա արվեստը մեզ համար արժանի տեղ է ապահովում համաշխարհային ասպարեզում։

Արտավազդ Փելեշյան արվեստագետին գնահատանքի խոսք է ասել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. «Վարպետի վաստակը գնահատելն անհամեստ հավակնություն կլինի: Պարզապես պետք է վայելել նրա ներկայությունը, քանի որ նրա ժամանակակից լինելն արդեն իսկ երջանկություն է: Փելեշյանն այն անունն է, որն իմաստավորում է մեր միջավայրը, մեր գեղարվեստական և հոգևոր իրականությունը, անուն, առանց որի՝ անհնար է պատկերացնել հայ կինեմատոգրաֆիայի պատմությունն ու ընթացքը: Նա իր ուրույն տեղն ունի կինոկրթության մեջ, և նրա արվեստով ուսուցանում են արտասահմանյան հաստատություններում»:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նաև տեղեկացրել է, որ Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ցուցադրվում է տարբեր երկրներում՝ ստանալով մեծ արձագանք:

«Արտավազդ Փելեշյանը բնապաշտ է, և նա ամեն ինչ գիտի բնության ուժի ու հավերժության մասին», - եզրափակել է Ա․ Խզմալյանը:

orer.eu

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
792 | 0
yukarı