MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +9 °C Yarın:+11 °C
Կարմիր բանակի պատերազմական հանցագործությունները Երկրորդ աշխարհամարտի տարիներին
20:10, 03.10.2023
837 | 0

Գերմանիայի դեմ պատերազմի այն փուլից ի վեր, երբ Կարմիր բանակը հարձակման է անցել, խորհրդային զինվորները բազում գազանություններ են կատարել օկուպանտների հետ համագործակցության մեջ կասկածվող խաղաղ բնակչության կամ թշնամական պետությունների քաղաքացիների նկատմամբ (նույնիսկ այն բանից հետո, երբ այդ պետությունները, օրինակ, Ֆինլանդիան, Ռումինիան կամ Բուլղարիան, անցել են հակահիտլերիան կոալիցիայի կողմը): Խաղաղ բնակիչների բռնաբարություններն ու կողոպուտները սիստեմատիկ բնույթ են կրել և խրախուսվել են խորհրդային պաշտոնական քարոզչությամբ: Օրինակ՝ Իլյա Էրենբուրգը քարոզել է խորհրդային միլիոնավոր մարդկանց մահվան վրեժն առնել: Այդ բռնությունը կիրառվել է թշնամիների ու «կոլաբորացիոնիստների» դեմ: Խորհրդային Միության Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատն այս եզրույթը կիրառել է խորհրդային այն միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ, որոնք ակտիվորեն չեն դիմադրել օկուպանտներին:

Խորհրդային պաշտոնական պատմագրությունը բացահայտորեն անտեսել է այդ փաստերը, և ԽՍՀՄ փլուզումից հետո էլ իրավիճակը շատ քիչ է փոխվել: Թեպետ խորհրդային բանակի զինվորականության բարբարոսությունները բաց վերք են մնացել մի քանի երկրում (Ֆինլանդիա, Լեհաստան, մերձբալթյան երկրներ, Ռումինիա, Հունգարիա և այլն), արևմտյան երկրները, այդուհանդերձ, շատ քիչ են անդրադառնում այդ ոճրագործություններին, և միայն որոշ ակադեմիական շրջանակներ են ժամանակ առ ժամանակ խոսում դրա մասին: Տեղի ունեցածի նկատմամբ հետաքրքրության գրեթե բացակայության պատճառներից մեկն այն է, որ ԽՍՀՄ ներխուժելու ժամանակաշրջանում գերմանացի ազգայնամոլներն ու նրանց դաշնակիցները (ուկրաինական կամ մերձբալթյան երկրների օժանդակ զորքերը, հունգարական ու ռումինական բանակները և այլն) նույնպես խորհրդային տարածքում ռազմական հանցագործություններ են կատարել՝ «1940 – 1941 թվականներին նախկին բուրժուական պետություներին ծառայելու համար տեղի բնակչությանը ԳՈՒԼԱԳ-ի ճամբարներ նետելու վրեժն առնելու» պատճառաբանությամբ: Հիշյալ պետությունները ջանացել են իրենց տարածքները «մաքրել բոլշևիկներից, հրեաներից ու նրանց գործակալներից»: Առանցքի երկրները «մաքրում» -ի ներքո ընդգրկել են խորհրդային գրեթե ցանկացած քաղաքացու (կամ էլ «Հիտլեր – Ստալին պայմանագիր» կոչվածով խորհրդային քաղաքացու վերածվածներին ու բոլոր հրեաներին):

Բալթյան երկրներում, Լեհաստանում և Ռումինիայում քաղաքացիական բնակչությունը շատ թանկ է վճարել ինչպես ֆաշիստական, այնպես էլ խորհրդային զինվորական հանցագործությունների համար: Ռեպրեսիվ քաղաքականության ուսումնասիրման էստոնական ազգային հանձնախումբը հաղորդել է, որ 1940 և 1941 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում խորհրդային օկուպացիայի զոհերի թիվը 33.900 խաղաղ բնակիչ է: Նրանցից 7800-ը կալանավորվել են, 6000-ը՝ աքսորվել, 5000-ը՝ էվակուացվել, 1100-ն անհետ կորել է, իսկ 14000-ն ուղարկվել է հարկադիր աշխատանքի: Խորհրդային երկրորդ օկուպացիայից հետո, 1944-ից – 1945 թվական ընկած ժամանակամիջոցում խորհրդային բանտերում մահացել է 5000 էստոնացի:

1939 – 1941 թվականներին Արևելյան Լեհաստանին տիրելու ընթացքում կարմիր բանակը բազում ռազմական հանցագործություններ է կատարել: Պատմաբան Անջեյ Ֆրիշկեն հաշվել է սպանված 2500 ռազմագերի (զինվոր և ոստիկան) և մի քանի հարյուր խաղաղ բնակիչ: Միևնույն ժամանակ խորհրդային զինվորականները Ուկրաինայի և Բելոռուսիայի խաղաղ բնակիչներին սպանությունների ու բռնաբարությունների են հրահրել: Առավել հայտնի հանցագործությունները կատարվել են Կատինում, Ռոգատինում Գրոդնոբում, Նովոգրուդկում, Սարնախում, Տերնոպոլում, Վոլկովիսկում, Օշմյանում, Սվիսլոչիում, Մոլոչենկոյում և Կոսով-Պոլեսկում:

Խորհրդային ներխուժումից հետո օկուպացիոն ուժերը «դասակարգային թշնամիների» ու «ժողովրդի թշնամիների» զանգվածային ձերբակալություններ են կատարել: 1939 – 41 թվականներին Արևելյան Լեհաստանում ձերբակալվել է շուրջ 110 հազար մարդ: Գերվածների ճակատագիրը լոկ մասամբ է հայտնի: Վորկուտայի մարզի համակենտրոնացման ճամբարներում զոհվել է շուրջ 40 հազար մարդ, 1940 թվականին սպանվել է Բելոռուսիայի և Ուկրաինայի բանտերում կալանավորված շուրջ 7300 խաղաղ բնակիչ: 1941 թվականի ամռանը Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակման ժամանակ բանտերի էվակուացիայի ընթացքում սպանվել է ավելի քան 10 հազար մարդ:

2009 թվականի օգոստոսին Ազգային հիշողության լեհական ինստիտուտը հաշվել է, որ խորհրդային հետապնդումների զոհ է դարձել Լեհաստանի 150 հազար քաղաքացի: ԽՍՀՄ անկումից հետո լեհ պատմաբաններին թույլ է տրվել օգտվել Լեհաստանի օկուպացիայի հետ կապված խորհրդային արխիվներից: Անջեյ Պաչկովսկու գնահատմամբ՝ աքսորված մեկ միլիոն լեհերից 90-ից 100 հազարը մահացել են, իսկ 30 հազարին գնդակահարել են: 2005 թվականին պատմաբան Թադեուշ Պիոտրովսկին հայտարարել է, թե Խորհրդային Միությունը 350 հազար լեհ է սպանել:

1940 թվականի հունիսին Արևելյան Ռումինիա խորհրդային ներխուժման ժամանակ (դա տեղի է ունեցել «Հիտլեր-Ստալին դաշինք» -ին համապատասխան, ինչպես Լեհաստան ներխուժումը) ձեռնարկություններն ու պահեստները թալանվել են, իսկ անվանի մարդիկ և բոլոր քաղաքացիները (ներառյալ կանայք, երեխաներն ու ծերերը) հայտարարվել են «ժողովրդի թշնամիներ» կամ «վնասարարներ» ու սպանվել են «կամիր բրիգադ» -ների կողմից, որոնք շտապ կազմավորվել են Ներքին գործերի ժողկոմիսարիատի կողմից, իսկ 22.842 մարդ աքսորվել է ու մահապատժի ենթարկվել ծաղր հիշեցնող «ժողովրդական դատարաններ» -ի որոշումներից հետո: Երբ 1944-ի մարտին ԽՍՀՄ-ը վերստին տիրել է հիշյալ տարածքին, հանցագործությունները խաղաղ բնակչության, հատկապես տեղի հրեաների նկատմամբ վերսկսվել են (ի դեպ, 1941-ի հունիսից մինչև 1943-ի վերջը հենց ռումինական բանակն է հանցանքներ գործել տեղի հրեաների նկատմամբ՝ համարելով նրանց ԽՍՀՄ գործակալներ): Հետևանքները. համաձայն բնակչության մարդահամարի՝ 1940-ից 1950 թվականը հիշյալ տարածաշրջանը կորցրել է 850 հազար բնակչի: Դրանց մի մասին աքսորել են: Հետագայում աքսորյալներից ողջ է մնացել ընդամենը 49 հազարը:

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Համլետ Մելիքյան
yukarı