MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Yarın:+24 °C
ԱՐԾՎԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ (երրորդ մաս)
16:07, 21.02.2024
497 | 0

Անհուշ բերդում: Արշակ թագավորը, խցի անկյունում նստած, աչքերը փակած, կիսանիրհի մեջ հիշում է...

Անցնում է շքախմբով: Գլխին ոսկե թագ է, հագին՝ պարեգոտ: Հավաքված է մեծ բազմություն:


ՈՒՂԵԿՑՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐ (ճանապարհ բացելով)

Բացե՛ք ճանապարհը:

Բացե՛ք ճանապարհը:

ՁԱՅՆԵՐ ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԵՋԻՑ

Կեցցե՜ թագավորը:

Կեցցե՜ թագավորը:

ՈՒՂԵԿՑՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐ

Ճանապա՛րհ տվեք հայոց արքային:

Ճանապա՛րհ տվեք հայոց արքային:

ՁԱՅՆԵՐ

Փա՛ռք թագավորի՜ն:

Փա՛ռք թագավորի՜ն:


Արքան նիրհից սթափվում է: Նայում է շղթաներին: Քիչ անց հիշում է դարձյալ: Ինքը նստած է գահին: Սուրհանդակը՝ Արգամը, հայտնում է:


ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Սպարապետն այս անգամ էլ

Մեր թշնամու զորքը ջարդեց:

Հետ բերեց նա

Արքաների առևանգված ոսկորները,

Որ տանում էր Մերուժանը:


Թագավորը նայում է Վասակի պաճուճապատանին և կարծես թե լսում:


ՁԱՅՆ

Հետո Վասակը արեց դիտապաստ

Գունդն Անդիկանի,

Հերթն ապա հասավ

Հազարավուխտին:

Ապա՝ Վահրիճին,

Գումանդ Շապուհին,

Սուրեն Պարսիկին,

Վսեմականին,

Հրևշողոմին...


Ձայնն ականջներում արձագանքվում է: Նիրհի մեջ լսում է ձիերի դոփյուն, խրխինջ, սրերի զնգոց: Սթափվում է բանտապետի ոտքերի ձայնից ու դռան ճռռոցից...


Հայոց բանակում: Մուշեղ սպարապետի վրանում են հազարապետ Գնունին, Պարգև Ամատունին, սեպուհ Վարագն ու Բատ Սահառունին:


ՄՈՒՇԵՂ

Ինչ անելու էր պարսիկը, արեց փոթորկի նման, և թափը նրա ընկել է հիմա: Մենք պիտի այժմ անվերջ, անդադար խոցոտենք նրան:


ԳՆՈՒՆԻ

Գնելն արդեն գումարել է ստվար մի վաշտ:

ԱՄԱՏՈՒՆԻ

Իսկ Մաղխազը սեպուհների հետ միասին գունդ է կազմել ազատներից:


ՄՈՒՇԵՂ

Իր կողմ դարձնելով նախարարներին՝ Շապուհը հարցը չի լուծում դյուրին, քանի որ ազգը չի հնազանդվում և չի ընդունում հավատը արյաց:


ԱՄԱՏՈՒՆԻ

Եվ դարձնում է դա հնարավոր, որ Պապը հիմա երկրի տերերին իր գահի շուրջը հավաքի կրկին: Միաբանվելու կոչով դիմել է բդեշխներին ու նախարարներին:


ՎԱՐԱԳ

Պիտի մենք այժմ տանենք մի խոշոր, ցնցող հաղթանակ, որ ազգի ոգին կրկին բարձրանա:


ՄՈՒՇԵՂ

Այդ պահը, Վարա՛գ, եկել է արդեն: Կանանոցն ամբողջ, որի մեջ նաև տիկինն է տիկնանց, պարսից հետնապահ գնդում է հիմա: Պատեհ է ժամը, որ անակնկալ գրոհով գերենք:


ԲԱՏ

Հանդուգն է քայլը, տե՛ր Մամիկոնյան: Ուժեղ է պարսից հետնապահ գունդը:


ՄՈՒՇԵՂ

Պատերազմելիս ամեն մի քայլն էլ հանդուգն է, ասպե՛տ:


Պարսից բանակում: Բանբերը մոտենում է Մերուժան Արծրունուն:


ԲԱՆԲԵՐ

Տե՛ր Արծրունի,

Մամիկոնյան նախարարի Սամվել որդին

Գործել է մի ստոր ոճիր:

(Արծրունին զարմացած նայում է):

Սպանել է նա հորը իր և մորն անգամ:

ԱՐԾՐՈՒՆԻ (կարճատև լռությունից հետո)

Լուրդ, բանբե՛ր,

Ոչ թե լուր էր, այլ սև գույժ...


Շղթայակապ գերիներ, որոնք պիտի գլխատվեն: Նրանց մեջ են երեց Զվիթն ու դպիր Գրիգորը:


ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Նա, ով մազդեզանց կրոնն ընդունի,

Ներում կստանա, ազատ կարձակվի:

(Գերիներից մի քանիսն առաջանում է, բայց գերակշռող մասը մնում է տեղում կանգնած: Շապուհը նայում է Զվիթին):

Իսկ դո՞ւ, հոգևո՛ր: Չե՞ս ուզում ապրել:

ԶՎԻԹ

Ես պատասխանն իմ ասել եմ արդեն.

Ծնվել եմ որպես ես Աստծո ծառա

Եվ չեմ կամենում մեռնել իբրև մոգ:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (ծաղրանքով)

Տեսքիցդ անգամ երևում է քո չար հոգին, երե՛ց:

Կախարդ ես հարկավ.

Սև մորուք ունես, սպիտակ մազեր:

(Զինվորները ծիծաղում են):

ԶՎԻԹ

Այդպես էլ պիտի լինի, տե՛ր արյաց.

Չէ՞ որ մազերը միշտ տարիքով են

լինում մորուքից:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Եվ փուչ գլուխն էլ

Միշտ վաղաժամ է ընկնում ուսերից:

(Նայում է Գրիգորին):

Ասում են, որ դու գիրք շատ ես սիրում:

Տեսնո՞ւմ ես՝ ինչքա՛ն մատյան եմ բերել:

(Անցնելով խիստ տոնի)

Սուրբ կրակի դեմ եթե չծնկես,

Բոլոր գրքերն այս հրի կմատնեմ:

ԳՐԻԳՈՐ

Ես Քրիստոսի զավակն եմ խոնարհ,

Ծնկում եմ միայն մեր Աստծո առաջ:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (սուրը բարձրացնելով)

Վառիր քո ձեռքով, և կխնայեմ:

ԳՐԻԳՈՐ

Կյանքս ոչինչ է

Գրքերի առաջ այս մեծ ու անմահ:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (Սուրը դնում է պատյան):

Կայրենք, ուրեմն, մենք գրքերն այդ մեծ

Եվ նրանց վրա՝ մի փուչ խրտվիլակ:


Լազիկայի անտառում: Լուսնկա գիշեր է: Պապ թագավորը նստած է ծառի տակ՝ թիկունքը հենած բնին: Խորասույզ է մտքերի մեջ...

Լսվում են անտառային ձայներ: Բնությունը խաղաղ է, անվրդով:

Մոտենում է համհարզներից մեկը:


ՀԱՄՀԱՐԶ

Գիշերը արդեն կես եղավ, արքա՛,

Հանգիստ առ մի քիչ:

ԹԱԳԱՎՈՐ

Քնած թե արթուն ես չունեմ հանգիստ:

Աչքերս մի պահ փակում եմ թե չէ,

Մղձավանջային տեսիլքի նման

Տեսնում եմ հորս,

Մորս տառապյալ:


Հայրս՝ շղթայված, մայրս՝ տանջամահ...

Պատկերացնելը անգամ, իմ ասպե՛տ,

Մի անպատմելի պատիժ է արդեն:


Երբեմն, Վարդա՛ն,

Անկարող եմ ես լինում ինձ զսպել:

Ուզում եմ, որպես զինվոր հասարակ,

Առնել զենքերս ու կռվի նետվել:

Սիրտս վրեժ է գոռում, հանց գազան,

Սակայն այլ մի մայր՝ երկիրը մեր որբ,

Հորդորում է ինձ լինել ողջախոհ:

ՀԱՄՀԱՐԶ

Եվ մայրն այդ, արքա՛, իրավ է իրոք:

ԹԱԳԱՎՈՐ

Իրավ է իրոք... (Կարճատև դադարից հետո)

Ստացա՞ր դու լուր քո ընտանիքից:

ՀԱՄՀԱՐԶ

Ստացա, տե՛ր իմ:

Հայրս, որ ուսյալ մի վարդապետ էր,

Ընկել է սրից:

Մայրս գերված է:

Քույրս ընտրել է դասը կուսանաց:

ԹԱԳԱՎՈՐ

Ցավակիցն եմ ես քո սրտի, իշխա՛ն:

Հայրդ՝ վարդապետ, իսկ քույրը մեր՝ կույս:


Բայց մի՞թե լավ չէր լինի, իմ Վարդա՛ն,

Եթե քո հայրը սուր բռներ ձեռքին ու ոչ թե խաչվառ:

Եթե քույրը մեր ոչ թե լոկ աղոթք աներ օրնիբուն,

Այլ ծներ մանուկ:


Կույսերով է մեր երկիրը լցված

Ու հոգևորաց հսկա բանակով:

Բայց ո՞վ, իմ իշխա՛ն,

Պիտի բռնի զենք, խնամի մանուկ:


Պարսիկ այրերի համար ծնում է մի ողջ կանանոց,

Իսկ մեր քույրերը կուսանոցներում

Մայրանալու սուրբ բնազդն են խեղդում:


Հարկադրում ենք խաչ պաշտել միայն:

Իսկ դու կարո՞ղ ես պաշտել մի աստծու,

Որին ողջ սրտով հավատ չես տածում:

ՀԱՄՀԱՐԶ

Չեմ կարող, արքա՛:

ԹԱԳԱՎՈՐ

Չի կարող նաև քո արքան, Վարդա՛ն:

Չի կարող ոչ ոք:


Իսկ գիտե՞ս՝ ցայսօր քանի աստված ենք

Երկինք բարձրացրել ու հետո գցել,

Արել գահընկե՛ց:

Եվ գիտե՞ս՝ ինչո՛ւ:

Քանզի մինչ այսօր

Չենք գտել մենք դեռ ճշմարիտ աստծուն...


Մարդը, իմ իշխա՛ն,

Հիմա դեռևս խավարի մեջ է, որոնումների,

Ինչո՞ւ, ուրեմն, արգելենք նրան, որ դեռ որոնի...


Արյաց արքայի հետնապահ գունդը: Զորականները, որոնց մեջ նաև Կարենն է, հեռվում նկատում են մի վաշտ, որը սրարշավ ընթանում է իրենց կողմը:


ԶՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Զորք է հարձակվում:


Մեկ ուրիշ զորախումբ էլ երևում է հակառակ կողմից, ապա՝ մյուս երկու կողմերից:


ԿԱՐԵՆ

Շրջափակման մեջ ենք:

Պատրաստվել կռվի:


Ստեղծվում է տագնապալի վիճակ: Պարսից գունդը շրջափակած հայ ռազմիկներն սկսում են անխնա կոտորել: Խուճապի մատնված պարսիկներին ուժերը դասավորել չի հաջողվում: Պաշտպանվում են տարերային, խառնաշփոթ կերպով:

Սրամարտի են բռնվում Մուշեղ սպարապետն ու Կարեն զորագլուխը:


ՄՈՒՇԵՂ

Չէի՞ր սպասում, Կարե՛ն:

Ասում են, թե դու եղել ես արի,

Բռնաբարել ես երբ որ գերի կին:

ԿԱՐԵՆ

Ոչ թե կին, Մուշե՛ղ, այլ տիկնանց տիկի՛ն,

Հայոց թագուհի՛:

ՄՈՒՇԵՂ

Դե ուրեմն քո

Վա՛րձն էլ ստացիր դու հիմա հայից:


Վահանով հարվածում է: Կարենը, զարկին չդիմանալով, ձիուց ընկնում է: Մուշեղը սուրը բարձրացնում և, ողջ ցասումն ու վրեժը բազկի մեջ կուտակած, շեշտակի իջեցնում է: Կարենը տեղում անշնչանում է:

Պարսիկների մի մասն սպանվում է, մի մասը՝ փախչում:

Կանանոցն ընկնում է գերի:


ԱՄԱՏՈՒՆԻ

Գերված է, Մուշե՛ղ, կանանոցն արդեն:

Չէր հանել վաղուց մեր սուրն այսպիսի

Փառահեղ վրեժ:

ՄՈՒՇԵՂ

Վրանը նրանց խստորեն հսկեք:

Ոչ մեկին մոտիկ գնալ չթողնեք:


Կանանց վրանում: Սարսափահար կանայք տարբեր լեզուներով աղոթում են, ողբում:


ՏԻԿՆԱՆՑ ՏԻԿԻՆ

Ընկել ենք գերի:

ԱՅԼ ԿԻՆ

Ու պիտի մեռնենք մահով սոսկալի:

ՏԻԿՆԱՆՑ ՏԻԿԻՆ

Իրենց թագուհու ոխը մեզանից կհանեն հիմի:

ՄԵԿ ԱՅԼ ԿԻՆ

Բա՜խտ մեր անիծյալ:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ

Փրկիր, Ահրամա՛զդ:


Սմբատ Բագրատունի, Գազավոն և Շավարշ սեպուհներ:


ՇԱՎԱՐՇ

Հույնը միշտ էլ երկդիմի է եղել: Սիրաշահում է, իսկ հետո՝ դավում:


ՍՄԲԱՏ

Այդպես էլ, Շավա՛րշ, պիտի որ լինի: Այդ խաղով է, որ նա մեզ պահում է կախված իրենից: (Մոտենում է մի զինվոր՝ Շավասպը):


ՇԱՎԱՍՊ

Զորավա՛ր, վաշտ է գալիս թշնամու:

ՍՄԲԱՏ

Կդիմավորե՛նք վաշտին թշնամու:

Հնչեցրեք փող:


Մուշեղ Մամիկոնյան, Պարգև Ամատունի և Սպանդարատ Կամսարական:


ՄՈՒՇԵՂ

Սպանել է, ուրեմն, նա մորը անգամ:

ՍՊԱՆԴԱՐԱՏ

Այո՛, իշխան:

ՄՈՒՇԵՂ

Մեղք է գործել:

ԱՄԱՏՈՒՆԻ

Դժվար է, սակայն, նրան մեղադրել:

ՄՈՒՇԵՂ

Նա հայր ու մայր է սպանել, Պարգև՛:

ԱՄԱՏՈՒՆԻ

Խորթ մայր, ուրացո՛ղ։

Եվ հայր դավաճան։

ՍՊԱՆԴԱՐԱՏ

Ու սպանել է ամենքիս համար:

ԱՄԱՏՈՒՆԻ

Եվ ով գիտի, թե Վահանը ինչեր դեռ պիտի աներ,

Սամվելի սուրը եթե չկանխեր:

ՄՈՒՇԵՂ (խորհելով)

Այդ արնոտ սուրը ունի երկու սայր...

(Մի պահ լռում են: Մոտենում է Բատ Սահառունին):

ԲԱՏ

Ի՞նչ ես մտադիր, Մամիկոնյա՛ն տեր,

Ինչպե՞ս մենք վարվենք կանանոցի հետ:

ՄՈՒՇԵՂ

Կանանոցի հետ

Տղամարդու պես կվարվենք, ասպե՛տ:

ԲԱՏ

Զորքին չհանձնե՞նք:

ՄՈՒՇԵՂ

Իշխա՛ն, ես ասի՝ տղամարդու պես...

(Բատը տարակուսած նայում է...)


Պալատական սենյակ: Հավաքված են Աղձնիքի և Կորդվաց բդեշխները, Փայտակարանի, Ատրպատականի և Արցախի տերերը:


ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽ

Պապը ոչնչով չի տարբերվում հորից: Առաջարկում է կրկին Արշակունյաց գահին ենթարկվել, իր հետ միասին արյաց դեմ կռվել: Եվ ակնարկում է, որ չի ների մեզ, եթե դեմ լինենք: Ու պատասխան է մանուկն այդ ուզում:


ԿՈՐԴՎԱՑ ԲԴԵՇԽ

Գահին չնստած՝ սպառնո՞ւմ է մեզ:

ԱՐՑԱԽԻ ՏԵՐ

Այդ պատանին չգիտի դեռ՝ ինչպես պիտի խոսի մեզ հետ:


ՓԱՅՏԱԿԱՐԱՆԻ ՏԵՐ

Եվ ո՞վ հորինեց, թե Բյուզանդիոնն է, որ բարեկամն է մեր:

ԿՈՐԴՎԱՑ ԲԴԵՇԽ

Կամենում է ճանկն իր խարդախությամբ գցել:

ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽ

Եվ խայծը նրա կուլ են տվել ոմանք:

ՓԱՅՏԱԿԱՐԱՆԻ ՏԵՐ

Ինչպես որ ինքն է կուլ տվել խայծը խարդախ հունացու:


ԱՐՑԱԽԻ ՏԵՐ

Կարծում եմ, տիա՛րք, որ հիմա չունենք խորհելու ոչինչ: Մեր ընտրությունը արել ենք վաղուց և կողմնորոշվել դեպի արիացին: Հարկավոր չեն մեզ խաչն ու խաչվառը քրիստոնեից:


ՓԱՅՏԱԿԱՐԱՆԻ ՏԵՐ

Գուցե այդպես էլ գրենք պատասխան: Ասենք, որ Հայոց երկրին թիկունք ենք մենք ընտրում ոչ թե Բյուզանդիան խարդախ, այլ Պարսկաստանը, որի հավատը մեր աշխարհներում հիմա շատերն են արդեն ընդունում:


ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽ

Գրենք պատասխա՞ն: (Լռություն): Իսկ նա ո՞վ է, տիա՛րք, որ գրենք նրան:

Չենք պատասխանի նամակին մենք այս, և դա կլինի զորեղ պատասխան: (Ներկաները հավանություն են տալիս):


Պարսից արքայի վրանում: Շապուհը նստած է հանգիստ ու ինքնագոհ: Գալիս է սենեկապետը:


ՍԵՆԵԿԱՊԵՏ

Արքա՛ արքայից,

Բանբեր է եկել հետնապահ գնդից:


Շապուհը նշան է անում, որ ներս թողնի: Սենեկապետը դուրս է գալիս: Ներս է մտնում բանբեր զինվորը:


ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Ի՞նչ լուր է բերել զինվորը զորքից:

Չի՞ հասնում դեռ իմ կանանոցը ինձ:

ԲԱՆԲԵՐ

Չի պտտվում իմ լեզուն, տիրակա՛լ,

Որ տամ պատասխան:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Ի՜նչ ես դուրս տալիս:

ԲԱՆԲԵՐ

Մուշեղը, տե՛ր իմ, զորքին հետնապահ...

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (անակնկալի եկած)

Ի՜նչ:

Թե իմ կանանցից թեկուզ և մեկին

Դիպել է շան թաթ,

Գլխատել կտամ ամբողջ գնդին այդ:

ԲԱՆԲԵՐ

Արքա՛ ողորմած, գունդն այդ էլ չկա:


Շապուհը բարկությունից կանգնում և սկսում է քայլել:


ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Մինչև որ չընկնի Մուշեղի գլուխն իմ ոտքերի տակ,

Եվ ո՛չ մի զինվոր իր կանանց գիրկը չի վերադառնա:


Լսվում է ձիու խրխինջ: Կրկին ներս է մտնում սենեկապետը:


ՍԵՆԵԿԱՊԵՏ

Տե՛ր իմ,

Մեկ ուրիշ զինվոր էլ եկավ գնդից հետնապահ:

Կարծես թե լուրը բարի է նրա:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Ներս կանչիր, թող գա:


Սենեկապետը դուրս է գալիս: Մտնում է զինվորը:


ԶԻՆՎՈՐ

Արքա՛ արքայից, ճանապարհին է կանանոցն արդեն:

Բամբիշը ասաց, որ շուտով քեզ մոտ իրենք կլինեն:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (ապշած, առաջին զինվորին)

Դու ստո՞ւմ էիր:

ԱՌԱՋԻՆ ԲԱՆԲԵՐ

Այն, ինչ ասացի, տեսել եմ անձամբ:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Պարզ է ամեն բան:

Լավ կլիներ, որ այդ ձևով չգար:

ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԲԵՐ

Արքան թող թույլ տա ինձ շարունակել:

Մուշեղն ազատ է արձակել գերած

կանանոցն ամբողջ՝

Չդիպած բնավ և ոչ մի կնոջ...


Շապուհը զարմանքից լռում է: Քիչ անց, նշան անելով, որ բանբերները հեռանան, ծափ է զարկում: Գալիս է սենեկապետը:


ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Եղիր կարգադիր՝

Ձուլեն ինձ համար մի նոր ոսկե գավ:

Եվ թող այդ գավին

Լինի պատկերը վեհանձն ու արի

Մուշեղ ասպետի...


Լազիկայի անտառում: Պապ թագավոր, Սյունյաց Բաբիկ նահապետ և Նոյ իշխան:


ԲԱԲԻԿ

Երկիրը ամբողջ դարձրել են ավեր,

Չեն կարողացել բայց ազգին կոտրել:

ՆՈՅ

Երաշտ է սաստիկ ու սով ամենուր,

Բայց ժողովուրդը ծնկի չի իջնում:

ԲԱԲԻԿ

Գերադասում է չարաչար մեռնել,

Քան պարսից սրի առջև խոնարհվել

ու կրակ պաշտել:

ԹԱԳԱՎՈՐ

Նժարը արդեն թեքվում է, տիա՛րք:

Մեր գահին նորից հպատակվել են

Շատ նախարարներ ու կուսակալներ:

Իսկ սուրհանդակը քիչ առաջ հայտնեց,

Որ հունաց զորքը գալիս է արդեն:


Հայաստան մտնող հունական լեգեոններ, որոնց գլխավորում են Տերենտիոսը, Ադդե կոմսն ու Գորգոնոսը: Բանակը լավ զինված է: Շողշողում են վահաններն ու զրահները: Լսվում են հունարեն խոսակցություններ:


Հայոց բանակում: Հազարապետ Գնունի, Պարգև Ամատունի, Բատ Սահառունի և Դարայ:


ԲԱՏ

Մուշեղի արածն ինձ վրդովել է:

ԴԱՐԱՅ

Իմ սրտով էլ չէր, ճշմարիտն ասած:

ԲԱՏ

Մի՞թե մոռացավ, որ Շապուհը մեր տիկնանց տիկնոջը հանձնեց իր զորքին ու հանեց ցցի:

ԱՄԱՏՈՒՆԻ (կողքի նայելով)

Սպարապետը:


Երևում են Մուշեղ Մամիկոնյանն ու Սպանդարատ Կամսարականը:


ՄՈՒՇԵՂ

Դու ուզում էիր, որ կանա՞նց վրա սուր բարձրացնենք:

Իմ հոր զավակը չեմ կարող կոչվել,

Եթե կին պիտի ես հանեմ ցցի կամ բռնաբարեմ:

ՍՊԱՆԴԱՐԱՏ

Աշխարհի կարգն է՝ ակն ընդ ական:

ՄՈՒՇԵՂ

Վրեժը պետք է ասպետի նման լուծել, բարեկա՛մ:

ՍՊԱՆԴԱՐԱՏ

Շատերը, իշխա՛ն, քեզ չեն հասկանա:


Խրճիթ: Վառվում է ճրագ: Այծեմնիկը՝ երեխաների հետ:


ԱՅԾԵՄՆԻԿ (Պատմում է: Խոսքը զուգակցվում է կադրերով)

Ապա Շապուհը հրաման է տալիս հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը, վրայից ցանել Հայաստանի ջրից, իսկ մյուս կեսը թողնել պարսկական հողով: Եվ Արշակ թագավորի հետ քայլելիս, իբրև միամտաբար, նրան տանում է հայկական հող ցանած հատակի վրա: Երբ Արշակ թագավորը ոտք է դնում հայկական հողին, ըմբոստանում է, ասում, որ վրեժ կլուծի, որովհետև նրանք իրենց բարձն են հափշտակել: Իսկ երբ Շապուհը նրան տանում է պարսկական հողի վրա, Արշակ թագավորը խոնարհում, զղջում է ասածների համար:

Հաջորդ օրը պարսից թագավորը հրամայում է իր մոտ բերել Վասակ Մամիկոնյանին: Քանի որ Վասակ սպարապետը փոքր էր մարմնով, Շապուհը նրան ասում է. «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր, որ այսքան տարի մեզ խանգարում ու չարչարում էիր: Քեզ աղվեսի մահով պիտի սատկացնեմ»: Վասակ սպարապետը պատասխանում է. «Այժմ տեսնում ես դու ինձ մարմնով փոքր, սուրս վրաս չէ, և իմ մեծության չափը չես զգում: Ես քեզ համար մինչև այժմ առյուծ էի, հիմա՝ աղվե՞ս: Երբ որ ես դեռ Վասակ էի, հսկա էի: Դնում էի մի ոտքս մի լեռան վրա, իսկ մյուսը՝ մեկ այլ լեռան: Երբ աջ ոտքիս էի հենվում, աջ լեռն էի գետին տանում: Երբ ձախ ոտքիս էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»:

Եվ Շապուհը մտածում է, որ Արշակ թագավորը եթե վերադառնա Հայոց երկիր, իրեն չի ենթարկվի, ու հրամայում է նրան բանտարկել: Վասակ զորավարին էլ սպանում է, որովհետև վախենում է նրա ուժից:


ԵՐԵԽԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Մայրի՛կ, իսկ Մուշեղ սպարապետը Վասակ սպարապետի նման կարո՞ղ է կռվել:

ԱՅԾԵՄՆԻԿ

Կարող է, տղա՛ս:

ՄՅՈՒՍ ԵՐԵԽԱՆ

Իսկ մեր հայրի՞կը:

ԱՅԾԵՄՆԻԿ

Նա՛ էլ, բալի՛կս:


Անհուշ բերդում: Պատի տակ պառկած է Արշակ թագավորը՝ դեմքը դեպի Վասակի պաճուճապատանը: Տիրում է գերեզմանային լռություն: Կրկին լսվում են ոտնաձայներ: Դուռը բացվում է: Ներս են մտնում բանտապետն ու սպասավորը:


ԲԱՆՏԱՊԵՏ

Հերիք է, արքա՛, մրափես,

Վեր կաց, լափդ կեր:

(Թագավորը մնում է անշարժ: Բանտապետը նայում է ամանին, որը լիքն է):

Ի՞նչ է, մեռնո՞ւմ ես: (Ոտքով հրում է):

Վե՛ր կաց, թագավո՛ր, շուտ է, որ սատկես:

(Թագավորը դարձյալ մնում է անշարժ: Բանտապետը նրա գլուխը շրջում է իր կողմը և արտաբերում ինչ-որ խորհրդավորությամբ):

Մեռած է թագավորը...


Շապուհ, Մերուժան Արծրունի, զորագլուխներ Վարազ և Անդիկան:


ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (Արծրունուն)

Պիտի պարսկական

Դպրոցներ միայն լինեն Մեծ Հայքում:

Հավատն արիական

Հաստատել պետք է ողջ Արմենիայում:

ՎԱՐԱԶ

Ժողովուրդը այս, արքայի՛ց արքա,

Չի հպատակվում:

ԱՆԴԻԿԱՆ

Վաղեսը Պապին դարձրել է արքա

Ու տվել նրան զորքեր օժանդակ:

ՄԵՐՈՒԺԱՆ

Խախտել է այդպես

Նա թարմ դաշինքը արյաց և հունաց:

Արդեն հունական

Լեգեոններ են մտել Հայաստան:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Այստեղ թագավոր

Կարող եմ լոկ ես կարգել, Մերուժա՛ն,

Եվ չեմ հանդուրժի,

Որ Պապը նստի հոր գահի վրա:

ԱՆԴԻԿԱՆ

Արքա՛ արքայից,

Մեզ հարկավոր է նոր համալրում,

Քանի որ կռվի

Հուրը նորից է հիմա բորբոքվում:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Եվ դա նշան է, որ պատերազմն այս

Իր ավարտին է արդեն մոտենում: (Անդիկանին)

Շտապ սուրհանդակ ուղարկիր Սուրեն

Անդերձապետի,

Ուռնայր արքայի և Շերգիրի մոտ:

Ասա, որ իրենց զորքերը վերցնեն

Եվ փութով դեպի Արմենիա շարժվեն:


Հայկական դասակ: Սմբատ Բագրատունի և Սամվել Մամիկոնյան:


ՍՄԲԱՏ

Հայոց արքաներին ես եմ թագադրում.

Հերթը կհասնի նաև Արծրունուն:


Մոտենում է սուրհանդակ:


ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Ասպե՛տ թագադիր,

Սպարապետը շարունակում է հաղթական երթը:

Նա Դարանաղում պարսկական զորքը

իսպառ ջարդել է,

Իսկ զորագլուխ Զիկին՝ սպանել:

ՍԱՄՎԵԼ

Պատերազմում այս

Կարծես շողում է մեր աստղն արդեն:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Հետ է առել նա բազմաթիվ բերդեր:

Մեր ձեռքում են արդ

Վաղարշապատը,

Շահապիվանը:

Գուգարաց երկրում

Մեր զորքերը Կուր գետին են հասնում՝

Սահմանին մեր հին:


Ավերում է նա ատրուշանները

Եվ սրի քաշում դավաճաններին:


Պարսից բանակում: Վարազ և Անդիկան:


ՎԱՐԱԶ

Հրամայել է Վաղեսը բերել

Մայրաքաղաքի հետևակ զորքն էլ:

ԱՆԴԻԿԱՆ

Պապն ու Մուշեղը գնդեր կազմեցին

հենց մեր քթի տակ:

ՎԱՐԱԶ

Մուշեղը եթե մնա կենդանի,

Մեր գլխին դեռ շատ փորձանք կբերի:

Կարգադրել է վեց հարյուր գերու անել մորթազերծ,

Պարսպին շարել:

ԱՆԴԻԿԱՆ

Իր հոր վրեժն է նա այդպես հանել:


Զորավարժություններ հայ պատանիներից կազմված գնդում, որոնց գլխավորում է Գազավոնը:


ԳԱԶԱՎՈՆ (հարձակվելու պատրաստ հեծելազորին)

Ի մա՜րտ:


Երկու կողմերից այրուձիերը հարձակվում են մեկմեկու վրա: Զրնգոցով իրար են բախվում վահանները: Ոմանք ձիերից ընկնում են: Ոմանք բռնվում են սրամարտի: Քիչ անց լսվում է նահանջի փող: Զորքերը հետ են քաշվում:


ԳԱԶԱՎՈՆ

Այժմ վերցրեք նետեր ու աղեղ:


Պապ թագավոր, Մուշեղ Մամիկոնյան և հազարապետ Գնունի:


ՄՈՒՇԵՂ

Կարծում եմ, արքա՛,

Որ ժամանակն է մի վճռական ճակատամարտի:

ԳՆՈՒՆԻ

Ճակատամարտն էլ այդ վճռական

Կորոշի ելքն այս պատերազմի:

ԹԱԳԱՎՈՐ

Ոչ միայն ելքը այս պատերազմի,

Այլև ապագան մեր ամբողջ ազգի:

ՄՈՒՇԵՂ

Զորքերը պետք է ժողովել մի տեղ:

Հարկ եմ համարում շուտափույթ կանչել

Տեր Խոռխոռունուն,

Սմբատ ասպետին և Անձևացուն:

ԳՆՈՒՆԻ

Կոչ անենք նաև մեր ժողովրդին:

ԹԱԳԱՎՈՐ

Նախարարները՝

Հազարավորքն ու հարյուրավորքը,

Թող տան մեզ զինվոր որքան կարող են:

ՄՈՒՇԵՂ

Բանակատեղին թող որ լինի մեր

Նպատ լեռան մոտ՝ դաշտը Ձիրավի:


Շապուհ, Մերուժան և Վարազ:


ՇԱՊՈՒՀ (խստությամբ)

Կամքը իմ այն է, որ երկիրը այս

Հպատակ դառնա ինձ ամբողջովին:

ՄԵՐՈՒԺԱՆ

Դյուրին չէ գործը, արքա՛ արքայից:

Միաբանվել է նախարարների մեծ մասը կրկին,

Իսկ բյուզանդական լեգեոնները

Կանգնած են հիմա նրանց թիկունքին:

ՇԱՊՈՒՀ

Իշխա՛ն, թագը միշտ ունեցել է գին:

Իսկ թե ո՛ւմ գլխի կդնեմ ես այն,

Որոշվելու է պատերազմում այս:


Դարբին Մանասպ և Այծեմնիկ:


ՄԱՆԱՍՊ (պատից խաչն իջեցնելով)

Խաչի առաջ այս անզոր ու նանիր էլ չե՛մ աղոթի:

(Այծեմնիկը ձեռքը բռնում է):

Մենք մեր աստվածներն ունենք, Այծեմնի՛կ:

ԱՅԾԵՄՆԻԿ

Նաև որդիներ մենք ունենք, Մանա՛սպ:

ՄԱՆԱՍՊ

Ժամանակները ուրիշ են հիմա:

Ասում են, որ մեր Պապ թագավորը

Չի պարտադրում լինել խաչապաշտ:

(Թաքստոցից Վահագնի արձանիկը հանելով)

Կամեցողներին նա թույլ է տալիս

Դավանել իրենց հին աստվածներին:

Հի՛ն աստվածներին, Այծեմնիկ,

Մե՛ր աստվածներին...


Սյունյաց Բաբիկ նահապետ և Փավստոս եպիսկոպոս: րուցում են՝ հանգիստ քայլելով):


ԲԱԲԻԿ ՆԱՀԱՊԵՏ

Բոլորն արտաքուստ իրար նման են, բայց որքա՜ն տարբեր են ներքուստ: Վասակ Մամիկոնյանը ողջ կյանքում կռվեց, որ պահի, շենացնի Թորգոմա տունը: Նրա եղբայր Վահանը այրում ու ավերում էր: Սամվելն սպանեց հորը, որ հայրենիքին պարսիկը չտիրի: Մերուժանը ծախեց հայրենին, որ տիրի գահին: Նույն Մերուժանը իր նախնիների վրեժն է լուծում և ուրացավ հայրենին, Սպանդարատը հայրենիքի համար անցյալը մոռացավ: Համազասպուհին սպանվեց, որովհետև չուզեց պարսկանալ: Տաճատուհին սպանվեց, որովհետև պարսկացավ: Ո՞ր մեկը ասես:


ՓԱՎՍՏՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Աշխարհն այդպիսին է, նահապե՛տ: Թող Աստված մեղավորին դատի:


ԲԱԲԻԿ ՆԱՀԱՊԵՏ

Իսկ մեր անհավատ թշնամուն նա ե՞րբ է դատելու, Փավստոս...


Ներսես կաթողիկոս, հազարապետ Գնունի և Պարգև Ամատունի:


ԿԱԹՈՂԻԿՈՍ

Մի թշնամի էլ սովն է մեզ համար:

ՀԱԶԱՐԱՊԵՏ

Բացում ենք արդեն հորերը վերջին:

ԱՄԱՏՈՒՆԻ

Բանակի հացը ես ինձ վրա եմ վերցնում, Գնունի՛:

Այսօր սուրհանդակ կուղարկեմ շտապ,

Որ գրաստներով պարեն ուղարկեն:

ԳՆՈՒՆԻ

Զինվորը քիչ է:

Նաև զինվոր է մեզ պետք Ձիրավում:

ԿԱԹՈՂԻԿՈՍ

Բանակին հիմա դառնում է զինվոր, ով որ կարող է:

Ամենքն են զգում, որ մի վերջնական

Ճակատամարտ է այնտեղ լինելու:


Ձիրավ գնացող հոգևորականների զինված խումբ՝ Փավստոս և Հուսիկ եպիսկոպոսների գլխավորությամբ:


ՓԱՎՍՏՈՍ

Պարսիկին կտանք մենք այնպիսի դաս՝

Էլ չի մոռանա, որ քրիստոնյան

Աղոթելու հետ գիտի և՛ կռվել:


Երևում են մի քանի մշակներ՝ զինված գործիքներով:


ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ (հոգևորականներին)

Հոգևորնե՞րն էլ սուր են վերցրել:

ՀՈՒՍԻԿ

Հոգևորները միշտ են հոտի հետ՝

Աղոթքի ժամին, թե դաշտում կռվի:

ՄԻ ԳՅՈՒՂԱՑԻ

Գալիս է արդեն մեծ ժամն աղոթքի...


Հեռվում երևում են այլ գյուղացիներ:


ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ

Է՜- հե՜- հե՜յ,

Էդ ո՞ւր եք գնո՜ւմ...

Էդ ո՞ւր եք գնո՜ւմ:

ՊԱՏԱՍԽԱՆ ՁԱՅՆ (հեռվից)

Ձիրավի դա՜շտ:

Ձիրավի դա՜շտ:

(Արձագանքվում է): Ձիրավի դա՜շտ...


Հայաստան մտած պարսից, ալանաց և ղեկաց զորքերը: Առջևից գնում են Սուրեն զորագլուխը, Ուռնայր և Շերգիր թագավորները: Շուրջբոլորն ամայի է: Երևում են այրված տներ, կմախքներ, գանգերի կույտեր: Լսվում է ձիերի ու փղերի ձայն, ագռավների կռինչ:


Պապ թագավոր, Ներսես կաթողիկոս, Մուշեղ սպարապետ, հազարապետ Գնունի, Գնել Անձևացի, Սմբատ Բագրատունի, հույն զորավարներ Տերենտիոս, Արինթեոս, Ադդե կոմս և հետևակի հրամանատար Գորգոնոս: (Հայերեն ասվածը վերջիններիս համար թարգմանվում է):


ԹԱԳԱՎՈՐ

Արդ ժամն է արդեն վերջնական մարտի:

ՄՈՒՇԵՂ

Բանակը կռվին պատրաստ է, արքա՛:

(Հունարեն) Զորքը հունական Ձիրավի դաշտում

Կլինի, հարկավ, զորեղ զինակից:

ԹԱԳԱՎՈՐ

Թող որ Ձիրավի ճակատամարտը

Հաղթանակների պսակը լինի մեր բանակների:

Զորքերը ինքս կառաջնորդեմ, տիա՛րք:

ՏԵՐԵՆՏԻՈՍ

Քայլը այդ հիմա շատ վտանգավոր կլինի, արքա՛:

Տերն իմ թող թույլ տա իրեն առարկել:

Պատվիրել է ինձ կայսրը Բյուզանդիո

Ամեն րոպե պահապան լինել արքային մեր նոր:

Ձիրավի դաշտում ամեն բան կանեն

Զորավարները հունաց և հայոց:

ԿԱԹՈՂԻԿՈՍ (հունարեն)

Տերենտիոսը, արքա՛, իսկապես խորհում է առողջ:

Թող հայոց գահը չկանգնի կրկին առջև վտանգի:

ԹԱԳԱՎՈՐ (նույնպես հունարեն)

Շնորհակալ եմ, տիա՛րք մեծարգո,

Բայց ես չեմ կարող

Կռվում այս լինել պարզապես դիտող:


Պարսից զորքերը միանում են իրար:

Այրուձի: Հետևակ: Փղեր: Մոգեր ու մոգպետներ: Պարսկերեն խոսակցություններ:


Շապուհի մոտ հավաքված են Մերուժան Արծրունին, Վարազ և Անդիկան զորավարները, Սուրեն անդերձապետը, Ուռնայր և Շերգիր թագավորները:


ՎԱՐԱԶ

Գնդերն իրենց կուտակել են

Նպատ լեռան ստորոտում:

Ճակատամարտ ուզում են տալ

Հավանաբար Ձիրավ դաշտում:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Դաշտն այդ նաև մեզ համար է հարմար կռվի:

ՈՒՌՆԱՅՐ

Պետք է սակայն նկատել, որ

Մեր դեմ ուժ է կանգնած հզոր:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Ուժն այդ հզոր, արքա՛ Ուռնայր,

Վաղը պիտի էլ չլինի:


Հայկական զորքեր և հունական լեգեոններ: Մուշեղ Մամիկոնյանն անցնում է բանակի միջով, հրամաններ տալիս ու խրախուսում:


ՄՈՒՇԵՂ (Գնել Անձևացուն)

Ինչպե՞ս է զորքն արևելյան, սպարապե՛տ:

ԳՆԵԼ

Կազմ ու պատրաստ, Մուշե՛ղ:

ՄՈՒՇԵՂ (Գնում է այրուձիու կողմը)

Հազարապե՛տ, այս այրուձին վաղը ինքդ կառաջնորդես: (Երևում են կռվին պատրաստվող հայ և հույն երիտասարդներ: Սպարապետը մոտենում է աշխարհազորին): Ամատունի՛, գունդն աշխարհիկ հանձնում եմ քեզ: Ի մա՜րտ, իշխա՛ն:


ԱՄԱՏՈՒՆԻ

Ինչպես ասիր, ասպե՛տ:


Շավարշ սեպուհը՝ իր զինվորներին:


ՇԱՎԱՐՇ

Մենք պիտի հարձակվենք փղերի վրա: Փղին խոցելը մի բարդ խնդիր չէ: Դժվար է դուրս գալ փորը պատռված գազանի տակից:


Մուշեղ Մամիկոնյան և Սմբատ Բագրատունի:


ՄՈՒՇԵՂ

Դու սկզբում դաշտից հեռու կմնաս:

Երբ հրաման ստանաս,

Հուժկու թափով մխրճվիր թիկունքի մեջ նրանց:


Հայ և հույն զորավարների, զինվորների անդադար շարժում, խոսակցություններ: Այս ու այն կողմ վազող պատանիներ:

Աստիճանաբար մթնում է: Իջնում է գիշեր:

Լուսնկա խաղաղ, անվրդով երկինք, կայծկլտացող աստղեր...

Զրուցում են խմբված մի քանի զինվորներ:


ՇԱՎԱՍՊ (նրանց մոտենալով)

Քունս չտարավ:

ՄԱՆԱՍՊ

Իսկ ո՞ւմն է տանում:

ԱՅԼ ԶԻՆՎՈՐ

Այսօր չենք քնում,

Վաղը կարող է բնավ չարթնանաք...

ՇԱՎԱՍՊ

Վաղվա կռիվը կլինի դաժան:

ՄԱՆԱՍՊ

Լավ է, որ հույնը մեզ հետ է հիմա:

ՇԱՎԱՍՊ

Արյուն մենք նրան հաճախ ենք տվել:

Այսօր իրենն է հերթը հատուցման:


Մեկ այլ այդպիսի խումբ: Ինչ-որ պատմություն է արել զինվորներից մեկը, և բոլորը ծիծաղում են: Զինվորը շարունակում է.

– Իսկ մի անգամ, երբ Հոհանն անցնում է ճանապարհով...


Երևում է Հոհան եպիսկոպոսը՝ ճանապարհին: Դիմացից գալիս է մի հեծյալ՝ ընտիր նժույգով, մեջքին՝ աղեղ ու կապարճ, գլխին՝ վարսակալ: Երբ հասնում են իրար, Հոհանը դիմում է նրան:


ՀՈՀԱՆ

Քա՛ջ հեծյալ, Աստված շշնջում է ինձ, որ դու ընտրյալ ես: Ցած իջիր ձիուց, քեզ ձեռնադրեմ:


ԱՆՑՎՈՐ (ծիծաղելով)

Ի՞նձ, հա՛յր սրբազան:

ՀՈՀԱՆ

Այո, որդյա՛կ իմ: (Մոտենում և քաշում է, որ ձիուց իջեցնի): Իջի՛ր, որդյակ, իջի՛ր: Հնազանդ եղիր կամքին աստվածային: (Բռնությամբ ցած է գցում):


ԱՆՑՎՈՐ

Ես ի՞նչ ընտրյալ, հա՛յր Հոհան: Միշտ էլ եղել եմ ավազակ ու գող:


ՀՈՀԱՆ

Աստված ներում է բոլոր մեղքերդ: Այսօրվանից դու երեց ես: Հագիր այս պատմուճանը և գնա ձեր գյուղ: (Տալիս է մի մաշված պատմուճան): Այս նժույգն էլ, որդյա՛կ, տուր ինձ որպես վարձ: (Ցատկում է թամբին):


ԱՎԱԶԱԿ (ընդդիմանալով)

Չէ՛: Այս նժույգը ես նոր եմ գողացել:

ՀՈՀԱՆ

Աստված արդեն քեզ ներեց:

ԱՎԱԶԱԿ

Բայց ես անգամ մկրտված չեմ:

ՀՈՀԱՆ

Մկրտված չե՞ս: (Բացում է ջրամանը և վրան ջուր շփում): Ահա և՛ մկրտություն քեզ: Դե՛, բարով գնաս: (Ձին խթանում է և քառատրոփ սլանում: Ավազակը մնում է շվարած):


Պատմությունը լսած զինվորները քահ-քահ ծիծաղում են:

Պատկերը փոխվում է: Ծագում է արեգակը: Հնչում են փողեր: Շարվում են հայոց և հունաց զորքերը՝ զինված նիզակներով, աշտեներով, սրերով, նետ ու աղեղով...

Շարվում են այրուձիերը: Երկու կողմերի ռազմիկներն էլ ունեն վահաններ ու սաղավարտներ, շատերը՝ նաև բազպաններ ու զանգապաններ:

Առանձին գունդ է կազմել հայոց աշխարհազորը: Գնդի առջև կանգնած են Շավասպն ու Մանասպը:

Արևի տակ փայլփլում են մետաղյա զրահները:

Զորքերի առջև են Պապ թագավորը, Ներսես կաթողիկոսը, Մուշեղ սպարապետը, հազարապետ Գնունին, Սմբատ Բագրատունին, Գնել Անձևացին, Մաղխազ Խոռխոռունին, հույն զորավարները, Բաբիկ նահապետը, Նոյ իշխանը, Բատ Սահառունին, նախարարներ, կուսակալներ և այլք:

Հեռվում երևում է պարսից բանակը, որը նույնպես պատրաստվում է ճակատամարտի:

Պապ թագավորը կանգնած է զինված՝ պատրաստ առաջնորդելու բանակը: Ներսես կաթողիկոսի հետ կարճատև խոսակցությունից հետո նկատելի անհանգստությամբ նրան մոտենում է Մուշեղ Մամիկոնյանը:


ՄՈՒՇԵՂ

Ներիր ինձ, արքա՛,

Որ ընդդիմանամ պիտի ես նունպես քո որոշմանը:

(Թագավորը տարակուսած նայում է):

Ես գիտեմ, որ շատ

Դժվար է նման ճակատամարտին նայել թիկունքից,

Բայց պիտի նորից այժմ խնդրանքը անեմ ամենքիս:


Հայոց աշխարհին հիմա՝ այս պահին,

Թագավոր է պետք առաջին հերթին:

Խնդրում եմ, արքա՛,

Վստահիր դու այս ճակատամարտն ինձ:

ԹԱԳԱՎՈՐ

Անհնարինն ես դու խնդրում, Մուշե՛ղ:

ՄՈՒՇԵՂ

Անհնարինն ենք մենք ցայսօր արել:

ԹԱԳԱՎՈՐ

Եվ մի՞թե այդքան թանկ է ձեզ համար կյանքը արքայի:

ՄՈՒՇԵՂ

Թանկ է մեզ համար թա՛գը արքայի...


Զգացվում է, որ թագավորը նույնպես հուզվում է: Մի պահ երկմտում է, դժվարանում է կողմնորոշվել, բայց քիչ անց, նայելով Մուշեղի անհանգիստ դեմքին, նրան է մեկնում նիզակն ու ձիու սանձը:


ԹԱԳԱՎՈՐ

Զինաթափեցիր ինձ, սպարապե՛տ:

Վերցրո՛ւ, ահա:

Քեզ նման քաջին

Վայել են զենքն ու նժույգն արքայի:

ՄՈՒՇԵՂ

Շնորհակալ եմ խորապես, արքա՛:

Խոնարհ եմ ես միշտ քո հրամանին,

Թույլ տուր ինձ, սակայն, մարտի մեջ մտնել

Զենքերով իմ հոր և իմ նժույգով:

ԹԱԳԱՎՈՐ

Ինչպես որ կուզես դու ինքդ, Մուշե՛ղ:

(Կարճատև դադարից հետո)

Ժամն է արդ, ասպե՛տ:

Առաջնորդի՛ր բանակն ի մարտ:

Աստված մեզ հետ:


Մուշեղ Մամիկոնյանը շրջվում է բանակի կողմը: Բոլորը լռում են:


ՄՈՒՇԵՂ

Դե ինչ, արծիվնե՛ր,

Մեր վերջին կռվի ժամն է արդ եկել:

(Սուրը պատյանից հանում է: Զինվորները

նույնպես սրերը բարձրացնում են):

Զարկենք առաջին զարկը մենք այսօր

Հանուն մայր հողի և հայոց գահի՛:

ԲԱՆԱԿԸ

Հանուն մայր հողի և հայոց գահի՛:

ՄՈՒՇԵՂ

Զարկենք ի փառս նենգաբար բանտված

Արքայի՛ հայոց:

ԲԱՆԱԿ

Հանուն արքայի՜:

Հանուն արքայի՜:

ՄՈՒՇԵՂ

Զարկենք ի փառս

Հայոց թագուհո՛ւ:

ԲԱՆԱԿ

Հանուն թագուհո՜ւ:

Հանուն թագուհո՜ւ:

ՄՈՒՇԵՂ

Հիշեցնենք զարկը սպարապետի՛:

ԲԱՆԱԿ

Սպարապետի՜:

Սպարապետի՜:

ՄՈՒՇԵՂ

Ջարդենք մենք այնպես,

Որ չհանդգնի ոչ մեկն այլևս մեր հողը խուժել:

Հառա՜ջ:


Զորքերն առաջ են շարժվում: Ձիրավի դաշտում՝ Արածանիի ափին, դեմդիմաց ելնում են երկու բանակներ: Սկսվում է նետաձգություն: Երկու կողմերի վրա էլ տեղում է նետերի տարափ: Զինվորները պաշտպանվում են վահաններով: Ոմանք վիրավորվում են, ոմանք՝ զոհվում:

Ավելի մոտենալով՝ զինվորներն իրար վրա նետում են նիզակներ: Մարտն աստիճանաբար թեժանում է:

Կռվի մի թևում Գազավոնի գլխավորությամբ պարսիկների վրա հարձակվում է հայ երիտասարդների ու պատանիների գունդը, որի դեմ դուրս են գալիս նրանց հասակակից պարսիկները: Շեշտակի հարված տալով՝ հայերը հետ են քաշվում, որոնց վահաններով ստեղծած յուրօրինակ «բերդի» մեջ են առնում հույն զինվորները: Ապա նիզակների ու նետերի տարափի տակ հետ են քաշվում նույնպես հերոսաբար կռվող պարսիկները, իսկ հայերը, «բերդից» դուրս գալով, հարձակվում են կրկին:

Դրվագներ ճակատամարտից:


ՄԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ (աջ ու ձախ զարկելով)

Քաջ Արշակի՛ համար:

Քաջ Արշակի՛ համար:

ՄԵԿ ՈՒՐԻՇ ԶԻՆՎՈՐ

Մատա՛ղ եղիր մեր Արշակին:

Մատա՛ղ եղիր:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ

Էս քեզ՝ նենգությա՛ն համար:

Էս քեզ՝ թագուհո՛ւց:

էս քեզ՝ Վասակի՛ց:


Սրամարտի դրվագներ: Մեռած ու վիրավոր զինվորներ: Ձիերի խրխինջ, սրերի զնգոց: Խոցված մարմիններ: Արյունոտ դեմքեր:

Հերոսաբար մարտնչում են նախարարները, սեպուհները, ռամիկները...

Երևում են Մուշեղ Մամիկոնյանը, Գնել Անձևացին, Պարգև Ամատունին, Սամվել Մամիկոնյանը, Դարայը, հույն զորավարներ Տերենտիոսը, Արինթեոսը, Ադդե կոմսը և այլք: Զոհվում են Մանասպը, Վարագը, Աբելը:

Կատաղի ու անձնուրացաբար են մարտնչում նաև հակառակորդի զինվորներն ու զորագլուխները՝ Վարազը, Անդիկանը, Սուրենը, Մերուժանը: Մեծաթիվ են նաև կռվի դաշտ մտած մոգերը: Պատերազմի դաշտում է անգամ արյաց արքա Շապուհը:


Նպատ լեռան ստորոտում: Պապ թագավոր, Ներսես կաթողիկոս, Հուսիկ եպիսկոպոս և թիկնապահ զինվորներ: Փորձում են կռվի դաշտում ինչ-որ բան նշմարել:


ԹԱԳԱՎՈՐ

Դժվար է տեսնել՝ ինչ է կատարվում:

ՀՈՒՍԻԿ

Մի՛ լքիր մեզ, Տեր, եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն:

ԿԱԹՈՂԻԿՈՍ

Սուրհանդակ է երևում:


Պատերազմի դաշտը...

Մուշեղ Մամիկոնյանը, որ կռվի ասպարեզից դուրս է եկել, ճակատամարտին հետևում է թիկունքից:


ՄՈՒՇԵՂ (համհարզին)

Մարտի մեջ՝ մյուս հեծելազորը: (Համհարզը դրոշով հարձակվելու նշան է անում):


Կռվի դաշտ է խուժում Սմբատ Բագրատունու գլխավորած հեծելազորը: Ի պատասխան, գետն անցնելով, հարձակվում է պարսից այրուձին: Շապուհը մարտի մեջ է մտցնում նաև դրանիկ գունդը, որի վրա Խոռխոռունու առաջնորդությամբ հարձակվում է հայոց արքունական զորքը: Քիչ անց ամբողջովին մարտի է նետվում աշխարհազորը:

Իր խմբով թիկունքից փղերի վրա հարձակվում է Շավարշը: Զինվորները կտրատում են փղերի ոտքերի ջլերը, փորի տակից խոցում: Վիրավոր, կատաղած կենդանիները ամեն ինչ կոխկրտում են:

Սպանդարատ Կամսարականը հանկարծ նկատում է ղեկաց թագավոր Շերգիրին: Ձին շրջում է և պատրաստվում հարձակման: Այդ նկատելով՝ Շերգիրը փորձում է պաշտպանվել: Սպանդարատը փոքր-ինչ թափ է առնում և նիզակով շեշտակի հարվածում: Նիզակը ճեղքում է վահանը և խրվում Շերգիրի կուրծքը: Նա մահացած ընկնում է:

Ձիրավի դաշտը վերածվում է ճակատամարտի հսկա հրապարակի: Պարսից զորքը ցրելու, մասնատելու համար հայ և հույն զինվորները փռվում են ամբողջ դաշտով մեկ: Ճակատամարտը ասես դառնում է անկառավարելի, տարերային: Պատերազմի դաշտում իշխում է հզոր մի տարերք:

Պարսկական զորքերն աստիճանաբար թուլանում են և փորձում նահանջել: Երևում է արյաց արքա Շապուհը՝ բանակի թիկունքում:


ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (Սուրեն անդերձապետին)

Պահեստային վերջին գունդը...

ՍՈՒՐԵՆ

Զուր է, իմ տե՛ր,

Մուշեղն էլ դեռ մի գունդ ունի պահեստային:


Մոտենում է Անդիկանը:


ԱՆԴԻԿԱՆ

Տե՛ր արքայից, այստեղ մեր դեմ

Կռվում էին կարծես դևեր:

ՍՈՒՐԵՆ

Պահն է՝ նահանջի մասին մտածենք:

Հապաղելն արդեն վտանգավոր է:


Տեսնելով նաև հայոց պահեստային հեծելազորի հարձակումը՝ Շապուհը նահանջելու նշան է անում:

Պարսից բանակը մատնվում է խուճապի: Չկարողանալով կազմակերպված նահանջել՝ պարսիկներն սկսում են փախչել:

Երևում են նրանց հալածող Մուշեղ և Սամվել Մամիկոնյանները, Գնել Անձևացին, Պարգև Ամատունին և այլք:

Սմբատ Բագրատունին փախչող զինվորների մեջ տեսնում է Մերուժան Արծրունուն և հարձակվում: Մերուժանը փախչում է դեպի եղեգնուտները, Սմբատը՝ հետապնդում...


Նպատ լեռան ստորոտում: Պապ թագավոր, Ներսես կաթողիկոս, Հուսիկ եպիսկոպոս և թիկնապահներ: Հևասպառ մոտենում է մի հեծյալ:


ՀԵԾՅԱԼ

Մենք հաղթեցի՜նք,

Մենք հաղթեցի՜նք:


Լսվում է հուժկու արձագանքը՝

Հաղթեցի՜նք,

Հաղթեցի՜նք:


ՀԵԾՅԱԼ (կրկնում է)

Հաղթեցի՜նք,

Հաղթեցի՜նք...


Կրկնվում է նաև արձագանքը՝

Հաղթեցի՜նք,

Հաղթեցի՜նք:


Ներսես կաթողիկոսն ու Հուսիկ եպիսկոպոսը ծնկում են և ձեռքները պարզում վեր...


Ամիսներ անց:

Քաղաքամայր Դվինում՝ արքունիքի գավիթում, հավաքված են նախարարներ, կուսակալներ, սեպուհներ, հոգևորականներ, ռամիկներ: Սպասում են...


ԳԱԶԱՎՈՆ

Ով աչքը տնկի արքայի գահին,

Սմբատը նրան կթագադրի, ինչպես Արծրունուն:

ԱՄԱՏՈՒՆԻ

Այո՛, Գազավոն,

Շիկնած երկաթը դավաճան գլխին շատ լավ է նստում:


Խոսակցություններ ռամիկների մեջ:


ՇԱՎԱՍՊ

Մուշեղն իսկական ասպետի զարմ է:

ԱՅԼ ՌԱՄԻԿ

Ասում են, որ նա,

Կարգադրությամբ Պապ թագավորի,

Հայր մարդպետին է նաև սատակել:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ

Իսկ երբ Ձիրավում

Ձիուց գցել է արքա Ուռնայրին,

Չի քաշել սրի՝

Ասելով, թե քո բախտը բերել է, որ թագավոր ես,

Թագավոր մարդուն ես չեմ սպանի:

ՇԱՎԱՍՊ

Ու երբ կանչել է ու մեղադրել

Արքան այդ բանի համար Մուշեղին,

Սպարապետը նրան ասել է.

«Սրի մատնում եմ,

Արքա՛, ես միայն ինձ հավասարին...»:

Եվ թագավորը

Գահից իջել ու գրկել է նրան՝

Տեսնելով, թե ինչ վեհասիրտ է նա:

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ (բարձրաձայն)

Գալի՜ս է արքան:


Երևում է Պապ թագավորը՝ շքախմբով:


ՈՒՂԵԿՑՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐ

Բացե՛ք ճանապարհը:

Բացե՛ք ճանապարհը:

ՁԱՅՆԵՐ

Կեցցե՛ թագավորը:

Կեցցե՛ թագավորը:

ՈՒՂԵԿՑՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐ

Ճանապա՛րհ տվեք հայոց արքային:

Ճանապա՛րհ տվեք հայոց արքային:


Ցնծության աղաղակներ: Լսելի է՝

Փա՛ռք արքայի՜ն:

Փա՛ռք արքայի՜ն...


2000-2001 թթ.

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Գուրգեն Միքայելյան
18:43, 20.01.2024
423 | 0
14:25, 02.09.2023
833 | 0
21:23, 22.05.2021
1587 | 0
20:35, 17.05.2021
2382 | 0
21:12, 14.05.2021
1630 | 0
17:35, 03.04.2021
1849 | 0
20:55, 08.02.2021
7255 | 0
20:54, 08.02.2021
6658 | 0
yukarı