* * * Կուրծքն այրվում էր հեռացած մատների հետքերից, Կուրծքը լա՜ց էր լինում հեռացումը… Աչքերում ցա՜վ էր, Աչքերում թա՜ց էր, …ու կրակն էր բորբոքվում արցունքներից: * * * Երբ սիրածդ կնոջ տանից վերադառնում ես տուն՝ Քայլերդ հարբածի, շարժումներդ անկանոն Գիշերը լուսավոր, Անցորդներն անհետացած …և չկա մեկը որ տեսնի քո երջանիկ դեմքը: * * * Մի սանրվածք էր իջնում աստիճաններից: Սանրվածքի հետ միասին իջնում էին կիսաբաց ազդրեր, …ու թվում էր, թե դրանք քո աղոթքնե՜րն են, որ բարձրից վերադառնում են դեպի քեզ: * * * Երբ գլուխդ չի՛ շարժվում աչքերդ էլ չե՛ն փնտրում արևելքից արևմուտք՝ Նշանակում է պարանոցիդ փաթաթվել է Սերը, Նշանակում է ամեն պահի կարող է քեզ խեղդել, …ու սպասում ես խեղդվելուն: * * * Մարմինս ընկերացել է օգոստոսի հետ՝ դարձել նրա նման անկարգ, քրտնած ու անկանխատեսելի… Հոգիս ըմպում է օգոստոսի շոգը …դանդաղ ծանոթանում եմ դժոխքի հետ: |