1899 թվականին Ելիզավետպոլում (այժմ՝ Գյանջա) ծնված Հայկ Պողոսի Ադամյանը եղել է ՀամԿ (բ) Կ անդամ և ղեկավարել է Վ. Լենինի անվան Կենտրոնական թանգարանի բաժիններից մեկը և միաժամանակ դասախոսել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում: Նա եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի ավագ գիտաշխատող և հրատարակել է գերմանացի տնտեսագետ, պատմաբան, հրապարակախոս և սոցիալ դեմոկրատական գախափարախոսության քարոզիչ Կարլ Կաուցկուն նվիրված գիտական հետազոտություն: Նա նաև եղել է դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի դասագրքի հեղինակներից մեկը: Մի քանի տարի անց այդ դասագիրքը համարվել է հակակուսակցական, իսկ նրա հեղինակների հիմնական մասը գնդակահարվել է: 1931 – 1932 թվականներին Շաբալկին ազգանունով տեսաբանն ու նրա ղեկավարած խումբը, որի կազմում է եղել նաև Ադամյանը, բանավիճել է տեսաբանների մեկ այլ խմբի հետ, որը ղեկավարել են պրոֆեսորներ Միտինը և Յուդինը: Մ. Միտինը և Պ. Յուդինը նամակներ են գրել ՀամԿ (բ) Կ Կենտկոմ, իսկ Ֆ. Կոստանտինովն ու Վ. Բերեստնևը1936 թվականին քննադատական հոդված են տպագրել «Մարքսիզմի դրոշի ներքո» ամսագրում: Դրանց հիման վրա Շաբալկինի խմբի բոլոր անդամներին միաժամանակ բռնադատել են: Մ. Միտինի փաստարկումը լիովին համապատասխանել է Մեծ տեռորի մթնոլորտին ու մոտեցումներին. սկզբում առաջադրվել է գաղափարական ուղղվածության մեղադրանքը, ապա, կալանավորումից հետո, հակահեղափոխական գործունեության, լրտեսության և այլնի մեղադրանք է ներկայացվել: «Թե ինչ է իրենից ներկայացնում ձերբակալված Ադամյանը, -ասել է Միտինը, - դա նույնպես բոլորին հայտնի է. նա եղել է շաբալկինականների խմբի երբեմնի ակտիվ անդամներից մեկը ։ Վերջին ժամանակահատվածում, երբ շաբալկինականները դուրս շպրտվեցին Կոռեկցիոն մանկավարժական ինստիտուտից, տպավորություն ստեղծվեց, թե այս մարդը հեռացել է Շաբալկինի խմբից, աշխատանք է ուզում, ակտիվորեն ներգրավված է աշխատանքի մեջ, իսկ վերջ ի վերջո պարզվեց, որ նա Շաբալկինի ամբողջ խմբավորման հետ միասին եղել է ավազակային-տրոցկիստական ահաբեկչական կազմակերպության մասնակից: Մենք, այդ թվում՝ ես, հիանալի ճանաչում էինք Ադամյանին, գիտեինք, որ սա շաբալկինական է։ Ճիշտ է, այն ժամանակ մենք շաբալկինականներին չէինք որակում որպես թշնամիներ, որպես երկակի տրոցկիստական խմբավորում … այլն» ։ 1936 թվականի մարտի 21-ին Հայկ Ադամյանը Կ. Անդրիաձեի հետ կալանավորվել է: Վեցամսյա հետաքննությունից հետո ԽՍՀՄ Գերագույն դատարանի Զինվորական կոլեգիան նրան մեղադրել է ահաբեկչական գործունեության և հակախորհրդային կազմակերպության անդամակցելու մեջ: 1936 թվականի նոյեմբերի 4-ին դատապարտվել է գնդակահարության: Աճյունափոշին թաղվել է Մոսկվայի Դոնսկոյե շրջանի գերեզմանոցում: 1956 թվականի հունիսի 9-ին արդարացվել է: |