«Հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից» Տարվույս սեպտեմբերի 21-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տոնախմբվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձը։ Միջոցառման մեկնարկը տրվեց առավոտյան` Հանրապետական մաղթանքով, որը կատարվեց Կալկաթայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցում։ Այնուհետև ճեմարանի բակում թմբկահարների ելույթից հետո հանդիսավոր կերպով բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։ Միջոցառման գեղարվեստական մասը, որը կազմակերպել էր ճեմարանի «Հայոց պատմության» և «Հայոց Եկեղեցու պատմության» ուսուցչուհի տիկին Լիանա Փիրումյանը, տեղի ունեցավ ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Վերջինս հանդես եկավ զեկույցով՝ նվիրված պետության հիմնարար արժեքներին՝ անկախությանն ու ազատությանը։ Ուսուցչուհին իր խոսքում շեշտեց յուրաքանչյուրիս, ՀՀ- ն յուրաքանչյուր քաղաքացու կարևոր դերը մեր մեծ հայրենիքի փոքր հատվածում վերստեղծված պետության կառուցման ու կայացման գործում։Հաջորդիվ ներկայացվեց «Ճանաչենք Հայաստանը» խորագրով տեղեկատվական տեսանյութ ։ Ճեմարանի աշակերտների կողմից ներկայացվեցին անկախության մարտիկների` ռազմական ու մշակութային գործիչների մտքերն անկախության մասին։ Միջոցառումը համեմված էր ժողովրդական տպավորիչ պարերով, հայրենասիրական երգ ու ոգեշունչ ասմունքով։ Միջոցառման ավարտին ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին շնորհավորեց ներկաներին ՀՀ- ն անկախության առթիվ` հայերեն։ Միջոցառումը եզրափակվեց ճեմարանի տեսուչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանի շնորհավորական խոսքով և օրհնությամբ։ Վերջինս շնորհակալություն հայտնեց նաև տ. Լիանա Փիրումյանին` օրը հայրենասիրությամբ լցնելու համար։ Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։ Մեր թղթ. |
Haber akışına abone olun