Երևանը կողոպտելուց որոշ ժամանակ անց օսմանցիները պայմանագիր են կնքել պարսիկների հետ, որի համաձայն Երևանը վերադարձվել է Պարսկաստանին: Բայց ընդամենը երկու տարի անց, երբ քաղաքը դեռ չէր մոռացել թուրքի ավերմունքն ու թալանը, օսմանյան մի նոր արշավանք է սկսվել, որը ղեկավարել է Ֆերհադ անունով թուրք փաշան: Քաղաքը նորից գրավվել է: Հրամայված է եղել բերդ կառուցել Երևանում, և Ֆերհադ փաշան ամենայն եռանդով ձեռնամուխ է եղել այդ գործին: Նա Ղըրխ Բուլաղից ջուր է բերել շինարարության վայր, իսկ պարիսպների համար քար որոնելը նույնիսկ ավելորդ է համարել, քանի որ պատրաստի քարն աչքի առջև է եղել. Նրա հրամանով քանդվել են հայոց եկեղեցիները և դրանց քարերով բերդի պարիսպներն են կառուցվել: Հերթը հասել է «Երկու երես» անվանյալ մեծ եկեղեցուն, բայց հայ վարդապետներից մեկը՝ Առաքել անունով, համարձակվել է մտնել Ֆահրադի ընդունարան և խնդրել, որ եկեղեցին չքանդվի: Փաշան ընդառաջել է նրա խնդրանքին: 1585 թվականին Մուրադ 3-րդ սուլթանը մեծածավալ ռազմական գործողություններ է սկսել Պարսկաստանի դեմ: Դերբենդից իր մոտ կանչելով Օսման Օզդեմիրօղլու փաշային, որը մեծ հռչակ էր ստացել իր հաղթանակների շնորհիվ, նրա հրամանի տակ մեծ բանակ է դրել, «Արևելքի գլխավոր հրամանատար» տիտղոսն է շնորհել և ուղարկել է Խուդաբանդա շահի դեմ: Այս նոր արշավանքը նորանոր թշվառություններ է բերել Հայաստանին ու նրանում ապրող ժողովուրդներին, և հատկապես հայերին: Բարսեղ աբեղան՝ Վարագի վանքի միաբաններից մեկը, իր հիշատակարանում հետևյալն է արձանագրել. «Վերջին դարում, մեր նսեմ ժամանակում, մեր ծովացած մեղքերի պատճառով, մեծ բարկություն և պատուհաս եղավ մեր աշխարհում. մեծ թագավոր Խոնդքարը յոթ հարյուր հազար հեծյալների զորաժողով արեց և նրանց գլխավոր նշանակեց Օսման փաշա անունով մեկին: Եվ այս զորքը եկավ Թեոդուպոլիս, որն է Արզրում: Եվ այն չարագործություններն ո՞վ կարող է պատմել կամ գրի առնել: Բազում օրեր մնալով այնտեղ՝ տղամարդկանց դուրս էին նետում, գեղեցիկ կանանց, կույս աղջիկներին և տղաներին պղծությամբ խայտառակում էին Մուհամմեդի ազգի մարդիկ և օտար երկիր էին տանում: Այստեղից նրանք գնացին Թավրիզ քաղաք: Եվ նանց դեմ ելավ Պարսից թագավոր Խուտապանտայի որդի Ամիր Համզա Միրզան…և Խոնդկարի զորքը հրետանիով հարվածում էր նրանց, և նրանք հետ քաշվեցին, և թուրքերը հետապնդեցին պարսիկներին, իսկ պասիկներն էլ հանկարձակի հետ էին դառնում և սաստիկ ձիընթացով հարվածում էին նրանց սրով, նետով և նիզակով և շատերին գետնին էին փռում, և դիակներն արյունաշաղախ թավալվում էին… Բայց հետո շահի որդին չկարողացավ դիմակայել թուրքերի զորքերի բազմությանը, որովհետև շահի զորքերը միաբան չէին, երբ մեկը կռվում էր, շատերը հետ էին դառնում: Այնժամ զորացավ Խոնդքարի զորքը և մտավ Դավրեժ քաղաք (ՌԼԳ, 1584), ավարառություն կատարեցին, տղամարդկանց սրատեցին, կանանց, աղջիկներին և տղաներին գերեվարեցին: Քաղաքի պարիսպներն ամրացրին, շուրջը խանդակ փորեցին և այնտեղ թողեցին երեք փաշա և երեք հազար տղամարդ: Այնուհետև Խոնդքարի (Օսման փաշայի) մտքով անցավ դեպի արևելք գնալ և այն կողմերից ավար առնել, գյուղ ու քաղաք հիմնիվեր ավերել, բայց Աստված չկարողացավ հանդուրժել այդ պիղծ մարդու գոյությունը, այլ իր տղաներին հանեց իր դեմ և նրանք թունավորեցին նրան, և նա սատակեց, և զորքերի ահից նրա մահը գաղտնի պահեցին և զորքերի գլխավոր դրեցին Վանի փաշային՝ Ջղալ օղլուն, որը ֆրանկների ազգից էր, և լքեցին քաղաքն ու ետ դարձան՝ ճանապարհին բազում չարիք գործելով, բազում գյուղ ու քաղաք անբնակ դարձրին և բազում գերիներ Ստամբուլ հասցրին: Եվ դարձյալ անհամար զորք հավաքեցին և գնացին օգնելու Թավրիզում գտնվող զորքին: Եվ զորքը գլխավորում էր Ֆերհադ փաշան. այնտեղ սաստիկ կռիվ է տեղի ունեցավ, և ես չեմ կարող նկարագրել այն անհաշիվ արհավիրքները, կսկիծն ու ողբը, սրատումն ու սովը, որ այդ գայլ ազգի կողմից պատուհասվեց մեզ մեր ծովացյալ մեղքերի պատճառով: Երևանի աշխարհը, քաղաքն ու ամբողջ շրջակա գավառն իսմայիլացիների անօրեն ազգի կողմից սրբաջինջ արվեց, և ամենը կատարածը մենք չգիտենք, և միայն Աստված գիտե»: Թավրիզից ետ մղված պարսիկներն իրենց ուժերը կենտրոնացրել են Ղարաբաղի և Գանձակի կողմերում: Այստեղ է եղել նաև ինքը՝ Խուդաբանդա շահն իր քաջարի որդու՝Համզա Միրզայի հետ, սակայն ոչինչ չեն կարողացել ձեռնարկել օսմանցիների դեմ, և շուտով պարսկական ամբողջ բանակը կազմալուծվել է: Ղզլբաշներից կազմված բանակում կարգապահության նշույլ իսկ մնացած չի եղել: Նրանք նույնիսկ սպանել են իրենց խիզախ և հմուտ հրամանատարին՝ Համազա Միրզային, որից հետո նրա հայրը, կսկիծը սրտում, հեռացել է բանակից ու գնացել է Խորասան՝ իր մյուս որդու՝ Աբբասի մոտ: 1588 թվականին Ղարաբաղը նորից դարձել է պատերազմների դաշտ: Սուլթանի հրամանով այստեղ է գնացել Երևանը գրաված Ֆերհադ փաշան, որպեսզի պարսից զորքերի մնացորդներին քշի այնտեղից և թուրքական տիրապետությունը վերականգնի այդ երկրում: Հանձնարարությունը կատարվել է բնակչությանը մեծ դժբախտություններ պատճառելու գնով: Օսման փաշայի ավերումները դեռ չմոռացած երկիրը նորից քարուքանդ է եղել: Այդ ընթացքում, ինչպես գրում է Հովհաննես Ծարեցի պատմիչը, թուրքերը Գանձակի մեջ բերդ են կառուցել և այնտեղ օսմանյան իշխանությունն են հաստատել: Նկարում՝ Ֆերհադ փաշան Մուրադ 3-րդ սուլթանի առջև: |
Haber akışına abone olun