MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Yarın:+22 °C
Վարուժան Նալբանդյան, ՎԱՅՐԻՎԵՐՈ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
18:34, 23.03.2014
3037 | 0


ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ


ՎԱՅՐԻՎԵՐՈ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ


Խճողված տրանսպորտը արդի քաղաքակրթության մեջ մարդու ապրելակերպի ամենացայտուն պատկերն է: Ճնճղուկներին կերակրելիս` դու սովորում ես համարյա անշահախնդիր բարություն: Կա ընդդիմություն, որը ոչ կուսակցական է, ոչ էլ կարիերիստական է, այլ զուտ անհատական և բացառապես գաղափարական. դա բայրոնական ընդդիմությունն է: Երկրագնդին տիրապետող լեզուների միջև մրցակցություն է գնում, թե իրենցից ո՜ր մեկը շատ մարդ կընդգրկի: Պարզվում է` առաջին տեղը պատկանում է խուլուհամրերին, որոնց նմանակությամբ խոսում են և նորմալ մարդիկ ու նաև միմյանց լեզու չիմացողները: Կնոջ կոչումը սիրահարվելն ու սիրահարեցնելն է: ՙԱտում եմ քեզ և քո շառը, դիահեծան փորսող Չար՚: Մասնագիտական դաժանությունը Չգիտակցված սնանկացում է: Եթե ծերացած ու հաշմանդամ մորդ չսիրես, հայրենիքդ ինչպե՞ս պիտի սիրես: Հայը սիրել է արհեստն ու արվեստը, քանի որ ար-ն է վերցրել այդ բառի արմատը: Նույնպես սիրել է Արարչին, Արարատը, արբունքը, արորը, արագությունը, արգասավորությունը, Արազը, արարածին և այլն: Իսկ Արքային ինչո՞ւ չի սիրում:
Աղմկարարներին թվում է, թե խռովում են Տիեզերքի մեծ լռությունը: Ինչը մարդկայնորեն հնարավոր է, ինքդ էլ կկարողանաս: Երեխա դաստիարակել նշանակում է ստեղծագործել բնության սևագրության վրա: Հարգիր քեզանից փոքրին, առավելևս, եթե նրա տառապանքներն ավելի են եղել քան քոնը, որովհետև տառապանքների չափով է չափվում մարդու տարիքը: Երջանիկները բախտից երես առած երեխաներ են կամ իմաստուն երեխաներ:
Լեզուների մեջ տառ-հնչյուն հերթականության միջոցով կարելի է մի թեթև կողմնորոշվել, թե ինչպիսին է նրանց ազգային ֆենոմենը: Տառերի հերթականությունների ընդհանրության շերտերը վկայում են համամարդկային եղբայրության հանդեպ իրենց ունեցած նկրտումների մասին:
Գլխի փոխարեն ոտքերն են դասը սովորում, երբ ֆուտբոլասիրության վարակը կլանում է երեխաներին: Այնքան տափակ գրվածքներ սրբագրեց, որ եզրակացրեց, որ այդպես և ավելի լավ ինքն էլ կարող է գրել: Պանթեոնի հայերենը ծանր կորստավայր է: Անտեր մեռելների գերեզմանոցը ամենաթեթևագույն կորստավայրն է: Ագնի Յոգան սրտի տրամաբանությունն է: Թարգմանիչներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Բաբելոնի աշտարակի շինարարներին: Եթե աշխարհը չսիրելուց կյանքը չես սիրում, ինքնասպանությամբ կյանքդ չես ընդհատում, որպեսզի կրկնվի էլ ավելի ցածր մակարդակով իբրև ծանր ու տհաճ պարտականություն: Միայն ապրելով, այսինքն` չդասալքելով կարող ես հաղթել: Ստեղծվում է Հայաստանի հարաբերականորեն անմահ գրողների միություն, և ըստ Թումանյանի փերիների օրինակով, համահայկական սարի գլխին ՙկհավաքվեն գիշերով՚: Հիմնադիր առաջին համագումարի ամենածանր քարը շալակելու պատիվը կտրվի ըստ խաղարկության: Այդ միության պատվավոր անդամ կընտրվեն դեռևս կենդանի դասականներ, որոնք ավարտած լինեն կարիերա անելու դասընթացը: Երթուղային թռիչքը` հանրապետական Պանթեոնից: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել թաղման քաղբյուրո:
Մի պահանջի բավարարումն առաջացնում է մեկ ուրիշ պահանջ, մինչև որ պահանջատեր որդիները օրհասական ժամիդ կստանան իրենց հասանելիքն ըստ պահանջի: Սատանայապաշտները վավերացնում են, որ դևերը գոնե մինիաստվածներ են, որոնք սակայն դատախազությունում գրանցվելու հայտ չեն ներկայացրել: Հանճար ծնվելը հեշտ է: Դժվարն այդ դեպքում վաղաժամ Չմեռնելն է:
Փոփոխական ամպամածությունն այն է, որ արևը պայմանական է: Պրոֆմիությունները կոմունիզմի դպրոց էին, որովհետև պաշտպանում էին կոմունիստ դասատուների շահերը: Այժմ ստեղծված են նեոկապիտալիզմի համալսարաններ, որտեղ դասախոզում են քիլլերները` ի բարօրություն…
Խորապես թեթևացնելու համար իրենց կյանքը` ինքնասպանները փսխեցին մարդկանց երեսին, հոգեվարքն ընդունեցին իբրև պատրանքային ազատագրում: Մեռնելու կերպը վայրիվերո չպետք է լինի:


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13132 | 0
01:01, 08.12.2017
30002 | 0
23:45, 27.08.2017
21780 | 0
yukarı