Ղազարոս Աղայան
«ՏՈՐՔ ԱՆԳԵՂ ԵՎ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳԵՂԵՑԻԿ» (երգ առաջին)
Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լուսով,
Սև-սև ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան,
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները՝ թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները՝ գերան,
Մի խոսքով մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ: