Ճնճղուկի մի ձագուկ ծլվլում էր կամաց,
Ծիծեռնակն իր բույնն էր նորոգում,
Երբ ամպրոպը ճայթեց երկնքում կարկամած
Ու… Էրգիրը թաղվեց մորմոքում…...
Ամենուր ասկյարներ`
Ճիվաղներ կատաղած,
Ընկնում են ահելն էլ, մանուկն էլ,
Աղերսում են Աստծուն շվար ու կարկամած
Ահելներ, ջահելներ, մանուկներ…
Իսկ հետո…
Իսկ հետո անապատ է անջուր,
Հրաշեկ մագիլներ արևի,
Գետերը դարձել են արնամած մսաջուր,
Խեղվում է սխրանքը դարերի...
Բազմաբյուր երազներ,
Իմաստուն, նորածին,
Անհաշիվ, անհամար սովյալներ,
Համբառնում են երկինք, որ գտնեն կորածին…
Զոհյալներ, Զոհյալներ, Զոհյալներ..,
Եվ … սա է կրկնվող բախտը մեր…
Խենթանում են մարդիկ,
Արարող ու բարի,
Փրկության շավիղ են որոնում,
Բայց չկա այն ուժը,
Որ նրանց սատարի,
Լոկ մահն է ամենուր դարանում…
Երկրագունդը լուռ է,
Պտտվում է դանդաղ,
Նրան ինչ, թե Հայը չի լինի,
Ի վերուստ է հայտնի`
Խլացած ու կույր է
Ու կապրի և առանց Հայերի…
Եվ միթե դարերի փորձությունը չէ, որ
Մենք պիտի ականջի օղ անենք,
Թե անվերջ մուրալով, կորամեջք, գլխիկոր,
Լոկ վերջում մեր խելքին զոռ անենք…
Փորձեցինք, խնդրեցինք, ամենքին, ամենուր,
Լաց եղանք`
Չուզեցին մեզ լսել,
Երբ մեր իսկ ձեռքերում
Եվ Վահան կա և Սուր,
Ուրիշից ենք ուզում գութ հայցել:
Ուշքի եկ Հայկորդի,
Ետ նայիր գեթ մի պահ,
Փորձությու՞նն է արդյոք քո մուսան,
Աշխարհի տերերը նենգ են միշտ ու ագահ
Չդառնանք ամենքին կարուսել…
Սևանի պաղ ջրից մի մի ումպ խմելով`
Պիտի որ ամեն հայ Հայ մնա,
Բայց Սևանն էլ հատավ անհարկի խմվելով,
Օգնության կարոտ է նաև նա…
Հավատում եմ,
Որ դեռ Գարուններ են գալու,
Կհագնի Մայր հողն իր Ծիրանին,
Շիվից է վեր հառնում ամեն ծառ անտառում,
Մեր Շիվերը չտանք օտարին:
Մեր գենում
Մեր Փառքի հանգանակն է պահված,
Հարուստ է Մայր հողը Հանճարով,
Աստ պարզենք
Հայ ազգի Անգինը պահպանված,
Վեհանանք
Մեր Գոյի Տաճարով
22 Ապրիլ 2001 Սեյրան Մալխասյան