MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +20 °C Yarın:+20 °C
Պերճ Պռոշյանի ծննդյան 176-րդ ամյակն է
22:37, 03.06.2014
13241 | 0
Հունիսի 3-ը համարվում է հայ դասական գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրը, այսօր լրացավ ականավոր գրողի 176-րդ տարեդարձը:
Հայ գրող Պերճ Պռոշյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հովհաննես Տեր-Առաքելյան) Ծնվել է 1837 թվականին Աշտարակ գյուղում, սովորել է Աշտարակի ծխական և Երևանի արքունական դպրոցներում: 1856թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1 տարի ուսանել Թիֆլիսի արքունական գիմնազիայում: 1857թ. վերադարձել է ծննդավայր, նշանակվել ծխական դպրոցի տեսուչ, վարել գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը: 1859թ.-ից աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես ուսուցիչ:
Պռոշյանը Թիֆլիսում մասնակցել է նաև հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը (1863թ. գրել և բեմադրել է «Աղասի» ողբերգությունը, խաղացել Աղասու դերը), Երևանում, Թիֆլիսում, Ագուլիսում, Շուշիում, Աշտարակում և այլ վայրերում` օրիորդաց և երկսեռ դպրոցների հիմնադրմանը, 1876–81թթ. աշխատակցել է «Փորձ» ամսագրին, որտեղ էլ հատվածաբար տպագրվել են նրա վեպերից մի քանիսը:

Մինչև 1879թ. դասավանդել է Շուշիի, Ագուլիսի, Աստրախանի հայկական դպրոցներում: 1879–81թթ. եղել է Երևանի և Կարսի թեմերի հոգևոր դպրոցների տեսուչ: Այդ շրջանում աշխարհաբարի է վերածել Մատթեոսի Ավետարանը, որի համար Գևորգ Դ կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում:

Պատանի Պռոշյանի վրա մեծ տպավորություն է թողել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որն էլ կանխորոշել է ապագա գրողի ստեղծագործական ուղին: Նա ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» (1860թ.) վեպով, որտեղ ներկայացրել է հայրենի գյուղի նահապետական կենցաղը, ազգային սովորույթներն ու նիստուկացը, դրանց բախումը փողի ուժի ազդեցությամբ խեղաթյուրված բարքերին: Միքայել Նալբանդյանն իր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» » (1863–64թթ.) աշխատության մեջ. Պռոշյանին համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից:

Վիպասանի երկրորդ՝ «Կռվածաղիկ» (1876թ.) վեպում նահապետական գյուղն այլևս ներփակ համայնք չէ, այլ ներքին ու արտաքին հակասություններից տրոհված ցավալի իրողություն:

Պռոշյանի ստեղծագործության բարձրակետը «Հացի խնդիր» (1879թ.) վեպն է, որտեղ գրողը ներկայացնում է 2 անհաշտ ուժերի հակամարտությունը. բախվում են կեցության 2 ձևեր՝ բարոյական 2 նկարագրով: Նրանցից մեկի ներկայացուցիչ Խեչանենց Խեչանը ձգտում է պահպանել նահապետական համայնքի գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ Միկիտան Սաքոն, կապիտալի նախնական կուտակման մոլուցքով տարված, անողոք վայրենությամբ քանդում է նրա հիմքերը: Միկիտան Սաքոն ու նրա նմաններն ապրում են «Ինչ կանես արա, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս» սկզբունքով, որովհետև «հացի խնդիր ա»: Պռոշյանը խորությամբ ու անողոքությամբ է բացահայտել վերջիններիս գործելակերպի քստմնելիությունն ու վայրենացող բարոյազրկությունը:

«Ցեցեր» (1889թ.), «Բղդե» (1890թ.), «Հունոն» (1901թ.) վեպերում, «Գյուղական խանութպան», «Հինգերորդ գինագիժը», «Բուլի-Բուլի», «Վարդի յուղը մահադեղ» և այլ պատմվածքներում Պռոշյանը շարունակել է գյուղի թեման:

Ազգային-հայրենասիրական թեմայով գրած «Շահեն» (1883թ.), «Սկիզբն երկանց» (1892թ.) վեպերում հեղինակը ներկայացրել է XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի հայ իրականության ողբեգական պատկերը պարսկական ու թուրքական տիրապետության պայմաններում, փորձել է ընդհանրացնել XIX դարի ազգային-ազատագրական շարժման գլխավոր նպատակը և առաջադրել է որոշակի ծրագիր` հայ ժողովրդի փրկության ելքը համարելով ինքնակրթությունն ու զինված ինքնապաշտպանությունը:

Գրական-պատմական ուշագրավ էջերից են Պռոշյանի հուշագրությունները և հայ թատրոնին, դպրոցին ու մանկավարժությանը վերաբերող հոդվածները:
Ազգային-հայրենասիրական թեմայով գրել է «Շահեն» (1883թ.), «Սկիզբն երկանց» (1892թ.) վեպերը: Թարգմանել է Տոլստոյի, Գոգոլի, Օստրովսկու, Դիկկենսի և այլ գրողների գործերից:
Ապրել է 70 տարի: Մահացել է 1907 թվականի նոյեմբերի 23-ին Բաքու քաղաքում, թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը:
Պռոշյանի անունով Երևանում և ՀՀ այլ վայրերում կոչվել են դպրոցներ ու փողոցներ, գյուղ Կոտայքի մարզում: 1948թ-ից Աշտարակում գործում է Պռոշյանի տուն-թանգարանը:
________________________________
Հատված Հ.Դ. Դարբինյանի ակնարկից գրված Պերճ Պռոշյանի ծննդյան 150-ամյակի առիթով


Պերճ Պռոշյանը, հայ դասական գրականության նշանավոր դեմքերից՛
մեկը, ապրեց երկար ու բեղմնավոր ստեղծագործական կյանքով։ Նրա ստեղծագործությունը գալիս է ժողովրդի կյանքի ամենախոր ակունքներից, հարստանում ժամանակի շնչով և մարդու նկատմամբ անսահման սիրով ու հավատով։ Պռոշյանի գրական տարերքն առավել ուժգնությամբ դրսևորվեց վիպական ժանրերում։ Դարի սոցիալական կոնֆլիկտներն արտացոլող նրա վեպերը լայն ժողովրդականություն են վայելում, և ինչպես Թումանյանն է ասում՝ «խոսում են ամեն սրտում» ։ Պռոշյանի գրական գործունեության 40-ամյա հոբելյանի առթիվ նրա ստեղծագործությանը Թումանյանի տված գնահատականը չի կորցրել իր թարմությունը։ Իրոք, շատ մեծ է Պռոշյանի ստեղծագործության ճանաչողական, հասարակագիտական արժեքը հետռեֆորմյան հայ գյուղում կատարվող սոցիալական տեղաշարժերն ընկալելու, առավել ևս իմաստավորելու գործում։ Պռոշյանը գրականություն բերեց հասարակության մի ամբողջ խավի՝ գյուղացի ութ յան սոցիալ դասակարգային գիտակցության, ընդվզումի ու տարերային պայքարի, հոգեբանության ու կենցաղի, հայրենի բնաշխարհի ու պատմական, աշխարհագրական միջավայրի գեղարվեստական անկրկնելի պատկերներ, որոնք լի են քնարական ջերմությամբ, բարոյական արժեքների կորստյան տագնապներով։ Քայքայվող գյուղի օրեցօր խորացող ողբերգությունը նրա երկերում խոր նստվածքներ է տվել և գրողին մղել արդարության տենդագին որոնումների։ Պռոշյանի ստեղծած գեղարվեստական արժեքները միայն անցյալին չեն
պատկանում և դրանց դերը այսօրվա մարդու հոգևոր կյանքում միայն ճանաչողական նշանակությամբ չի սահմանափակվում։ Բարոյական իր բարձր սկզբունքներով, մարդկային վսեմ առաքինությունների ջանադիր ու հետևողական փառաբանությամբ, հասարակական չարիքի դեմ հայտարարած անհաշտ պայքարով և, իհարկե, այս ամենի հետ ու ամենից սւռաջ՝ մեծ, անձնուրաց հայրենասիրությամբ, իր հող ու ջրին անմնացորդ նվիրվածությամբ, հայրենի աշխարհը միշտ շեն ոլ ծաղկոլն տեսնելու ձգտում ով Պռոշյանն այսօր էլ խոսում է մեր ժամանակակցի հետ: Պերճ Պռոշյանը (Հովհաննես Տեր-Առաքելյան) ծնվել է 1837 թ. հունիսի 15-ին (Ամսաթիվը վիճելի է' ծանոթ. Նիդ.Օրագրի), Աշտարակում։ նրա հայրը՝ դերձակ Ստեփանը, աշխարհ տեսած, գրասեր մարդ էր և ինքն առաջինը որդուն հաղորդակից դարձրեց գրքերի աշխարհին։ Շատ կարճ ժամանակամիջոցում հնգամյա Հովհաննեսին սովորեցրեց հայոց այբուբենը, ապա տեսնելով տղայի արտակարգ ընդունակությունները, որոշեց նրան անպայման կանոնավոր կրթություն տալ, իսկ գյուղի միակ դըպրոցը վաղուց դադարել էր գործելուց։ Չափավոր ապրուստի տեր դերձակ Ստեփանը ապրում էր փոքրիկ այգուց ստացված հասույթով ու արհեստի ընձեռած համեստ միջոցներով և որդու կրթության համար նյութական զոհողության հնարավորություններ չուներ։ Բայց դրա փոխարեն ուներ ուսման մեծ սեր, ձեռներեց էր և ամենից կարևորը՝ որպես ազնիվ ու աշխատասեր մարդ վայելում էր համագյուղացիների հարգանքը և նրանց աջակցությամբ էլ հաջողեցնում է Աշտարակում նոր դպրոց բացելու գործը։ Հենց այս դպրոցում էլ Պռոշյանը սկսում է իր ուսումնառությունը։ Աշտարակի դպրոցը փակվելուց հետո ուսումը շարունակում է Մուղնու վանքում, հետո ընդունվում է Թիֆլիսի ներսիսյան դպրոցը՛ ավարտում գերազանց գնահատականներով, Հրաժարվհւոմ իր համար նախատեսված հոգևորականի գործունեությունից, մտնում է արքունական գիմնազիա, սակայն ապրուստի միջոցներ չունենալով, երեք ամիս հետո ստիպված է լինում թողնել այն և մեկնել Աշտարակ, զբաղվել մանկավարժությամբ, Այնուհետև սկսվում է ապագա գրողի դժվարին, հաճախ նույնիսկ փորձություններով լի ոլսռմնաոոլթյռնը կյանքի համալսարաններով՝ մանկավարժ Աշտարակով, հոգևոր գործակալի քարտուղար Ապարանի, Կարբոլ, Թալինի գյոլղորայքում, Աշտարակի շրջակա մոտ յոթաՆասուն գյուղերում, նորից Թիֆլիս՝ ուսուցիչ Ներսիսյան դպրոցում, ածխավաճառ, խմբագրությունների աշխատակից, լուսանկարիչ՝ Թիֆ/իսում ու Հյուսիսային Կովկասոսէ I Թիֆլիսում, Ներսիսյան դպրոցում սովորելիս, նրա ձեոքն Է ընկնում

Աբովյանի «Վերք Հայաստանին» ։ Գիրքը հափշտակում Է երիտասարդին, տակն ու վրա անում նրա ողջ Էությունը։ Սա երիտասարդ Պ ռոշյանի երկրորդ հանդիպումն Էր Աբովյանի հետ, Առաջինը տարիներ առաջ Էր եղել, երբ նա հայրենի գյուղի դպըոցի "ան Էր, ու իրենց դպրոցը այցելոլթյան Էր եկել Խաչատուր Աբովյանը։ Տեսուչի առաջ իրենց դպրոցի հաջողությունները ցուցադրելու համար, պարծենկոտությամբ դաս են հարցնում ութամյա Հովհաննեսին, որն իր զարմանալի ընգուն ակութ յոմւներով դպրոցի զարդն Էր։ Աբովյանը գոհունակությամբ շոյում Է մանկան գլուխը, ոգևորում։ Եվրոպական հագուստով այդ մարդը եկել Էր Պռոշյանին անծանոթ մի այլ աշխարհից և ոչնչով նման չէր իրեն շրջապատող մյուս մարդկանց։ «Վերք Հայաստանի» և Խաչատուր Աբովյանց բառերը լափեցին հեսւաքըրբըրոլթյոլնս. դեռ չթերթած, կազմին նայելով, շվարածի նման շուռեշուռ էի տալիս։
Սկսեցի հառաջաբանից։
Դժվար է ինձ պատմել այն տպավորությունը և այն հեղհեղուկ զգացմունքները, որ անդադար ներսումս միմյանց հետևում էին. մի րոպե արտասուք տրտմաթախիծ, մյուս վայրկենին՝ ուրախության արտասուք, երրորդ ակնթարթին՝ նստած տեղիցս անհեթեթ ոստումներ... Թե ինչպես անցավ ժամանակը, Ոչինչ չեմ կարող ասել»:

Պարզ հետաքրքրասիրությունը Պռոշյանի մոտ վերաճում է վեպի ամե-
նաբարձր, հիացական գնահատականի. «...Ի՞նչ է անում պարոն Աբովյանցը. այս ի՞նչ նորանշան և սքանչելի երևույթ է մեր գրականության մեջ, ո՞ւր էր թաքցրած մինչև օրս այս անգին գանձը» (7, 182) ։
Ոգևորված այս վեպով նա որոշում է աշակերտել Աբովյանին. «Եվ ընչի, — մտածում է նա, —հետևողներ չունենա Աբովյանցը, ինչի՞ զուրկ պահել մեր ժողովրդին ընթերցասիրությունից, մինչև ե՞րբ մեր գրականությունը գրագետ դասակարգի սեփականությունը մնա» (7, 182) ։
Նույն գիշեր նա մեծ հափշտակությամբ նորից է կարդում «Վերքը» .
«Աքաղաղը հինգ բերան կանչել էր, որ տեղս մտա, Քնիս մեջ շարունակ Աշտարակովն էի ման գալիս» . Եվ այսպես, հենց նույն երեկոյան էլ ծնվում է ապագա վեպի թեման՝ Աշտարակն իր վարք ու բարքով, կենցաղով, ծիսակատարություններով, մարդկային փոքր ու մեծ ուրախություններով, հուզումներով ու տագնապներով, առօրյա հոգսերով ու ապագային հառված հայացքով, «Խանութից թուղթ ու թանաք գնեցի, փոնչու մոտից հինգ կոպեկի հաց առա և ողջ օրը սենյակիցս դուրս չեկա։
Ծունկս սեղան էի շինել և գրում էի։ «Սոս և Վարդիթերն էի գրում» (7, 408), Գրում էր իր տեսածն ու զգացածը, գրում էր իր հայրենի Աշտարակի մասին, իր հարազատ բարբառով, Վեպը հրապարակվեց 1860 թ. «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրում, ապա և առանձին գրքով, Դա մի կատարյալ հայտնություն էր, և քսաներկուամյա երիտասարդի մուտքը գրականություն միանգամից իր վրա բևեռեց ինչպես ընթերցող հասարակության, այնպես էլ գրական քննադատության ուշադրությունը։ Երբ լույս տեսավ «Սոս և Վարդիթերը» ընթերցողները դեռ չէին հասցրել ազատվել Աբովյանի «Վերքի» կախարդական հմայքից։ Սակայն դա չխանգարեց այս նոր վեպի հաջողությանը, քանի որ նրանում բացահայտորեն զգացվում էր Աբովյանի հարազատ շունչը «Թեև. տարբեր էին այս երկու վեպերի պատկերած ժամանակն ու ժողովրդին հուզող խնդիրները, սակայն դրանք ինչ-որ տեղ լրացնում էին միմյանց՝ հայրենասիրությամբ, ժողովրդասիրությամբ ու ազգային կյանքի նրբին իմա-

ցությամբ։ Վեպի հիմքում ընկած է գյուղական պատանիների՝ Սոսի և Վարդիթերի ողբերգական սիրո պատմո՛ւթյունը։ Սակայն հեղինակը վեպը կառուցում է ոչ թե որպես ընտանեկան դրամա, այլ ժողովրդական կյանքի ողբերգություն։ Այդ պատճառով էլ գլխավոր հերոս հասկացությունն էլ այստեղ զուտ պայմանական է։ Սոսի և Վարդիթերի սիրավեպը ժողովրդական կյանքի մի անբաժան մասն է կազմո՛ւմ և իմաստավորվում է հենց այդ կյանքում կատարվող ներքին տեղաշարժերով, Հերոսների ողբերգական սիրո պատմությունը հազիվ թե տևականորեն հետաքրքրեր ընթերցողներին, եթե հասարակական լուրջ հիմնավորումներ չունենար։ Իսկ այդ հիմնավորումները վեպ են մուծվում խաղաղ, ժամանակի մեջ անշտապ հոսող ընթացքովս ազգային ծեսերի, սովորությունների, հավատալիքների, կենցաղի, վարք ու բարքի, բարոյական սկզբունքների տեսքով։

Մի խոսքով այն ամենով ինչը դարերի ընթացքում կազմավորում է ժողովրդի հոգեբանությունը։ Վեպի ամբողջ պատումը սաՀմանափա կվում է ժամանակի մի կարճ հատվածում՝ մարտ ամսից մինչև նոր տարի։ Սակայն այնպիսի հանդիսավոր, դանդաղ ռիթմով է տարվում պատումը, որ թվում է հազարամյակների հևքը կա այնտեղ: Վեպում նկարագրվում են ժողովրդի հոգևոր կերտվածքում խոր նստվածքներ տված դարավոր ծեսեր ու սովորույթներ, ընթերցողին փոխադրում մի բանաստեղծական մաքուր աշխարհ, որը թվում է, թե անվախճան
է իր ընթացքի մեջ և Ոչինչ չի կարող խանգարել նրա կյանքի այդ դանդաղ, հանդիսավոր ընթացքը։ եվ այս պայմաններում փողային հարաբերությունների մուտքը կործանարար է դառնում։ Առաջին զոհերը Սոսն ու Վարդիթերն են։ Սակայն դրանով չի սահմանափակվում աղետը, հոգեպես հաշմանդամ են դաոնում նաև նրանց շրջապատող մարդիկ։ Եվ որքան անամպ էր վեպում նկարագրվող ժողովրդական կյանքի երկինքը, նույնքան զարհուրելի է դաոնում աղետը։
Պռոշյանն այս վեպում դրամի ավերիչ ազդեցությունը ներկայացնում է այնպիսի ուժով, որ միանգամայն պարզ է դառնում, որ հասարակա՛կան կյանքում բուն դրած այդ ցեցը կամաց-կամաց լափելով, իրեն ենթարկելով կյանքի կառավարումը բոլոր ոլորտներում, դաոնալու է անկասելի չարիք։ Գործակալը կաշառք է վերցնում հասը չհաս և չհասը հաս դարձնելու համար, քույրն իր ամուսնու հետ, հանուն 20 արծաթի, հարազատ եղբոր մահվան պատճառ է դառնում։

Գյուղում ընդհանուր մասսայից առանձնանում է մի ղաս, որը թեև առայժմմ ակտիվ գործողությունների չի դիմել ուրիշի աշխատանքը շահագործելու Համար, բայց արդեն հարստությունը համարում է իր մեծագույն առավելությունը։ Վեպում Լսվում են սոցիալական բողոքի աոաջին երկչոտ, անհամարձակ ձայները: Նոր-նոր ծլարձակվող այս քննադատական ոգին հասարակական մեծ խմորումների ու մեծ վերափոխումների, սոցիալական շերտավորման խորացման ու տարերային ընդվզումի առաջին նախագուշակն Ու առաջին ար-
ձագանքն է մեր գրականության մեջ։
________________

Պերճ Պռոշյան

ՀՈՒՇԵՐ

Ես ծնվել եմ Երևանու նահանգի Աշտարակ գյուղումը:
Թեպետ ծննդական վկայականիս ցուցմամբ` ես ծնունդ եմ 1837 թվականի հունիս ամսի, սակայն մետրիքականից ավելի հավատ ընծայելու է մորս պատմածներին:
Հանգուցյալի ասությամբ` ռուսաց Նիկողայոս կայսեր էջմիածին այցելած տարին` ես նոր ոտի էի ուզում լինել, չոչեչոչ էի քայլում, ուրեմն դարձյալ 1837 թվին, կամ մի տարի հառաջ կամ ետ:
Հայրս` Ստեփան Տեր-Առաքելյան Պռոշյանց և մայրս` Ֆալաք Մարգարյան Մելումյանց` բուն Աշտարակի ծնունդ են եղել:
Մորս նախնիների մասին ոչինչ չգիտեմ, իսկ հայրական պապերս բնիկ աշտարակեցի չեն եղած, պատմական Գառնի ավանից (արդիս Բաշ-Գառնի գյուղից) են գաղթել Աշտարակ` անցյալ 18 – րդ դարու սկզբներում:
Հորս բերանացի պատմությունը և երկու մամռոտած գերեզմանաքար վկայում են այդ:
Պապիս` Տեր-Առաքելի մահարձանագիրն է. "Ամփոփեալ դնի յայսմիկ կայան, Տէր-Առաքել Դանիէլյան, բուն Գառնեցի, ազգ Պռոշեան և այլն":
Իսկ նույն Դանիելի քրոջ տապանագիրն է "Այս է տապան Խորիշանին, որ է կենակից Գէորգ Խալֆին և է դուստր Ազարիային Գառնեցւոյ` Պռոշեանց, թիւ Հայոց ՌՄԾԱ" (1802):

Թեպետ դարուս վերջին քառորդի գործն է անուն և ազգանունով ստորագրվելը, առաջ ամենքը բավականանում էին հոր անունով կոչվիլ, օրինակ` Մարտիրոս Ղազարի, Սահակ Գրիգորի, բայց իմ հայրս երբեմնապես միայն հետևում էր եղած սովորությանը, նա մեծ մասամբ ստորագրում էր` Ստեփան Տեր-Առաքելյան Խուբովյանց:
Խուբովյանց տոհմանունը, կերևի, Հաշտարխանում յուրացրած սովորության հետևանքն էր:
Պատանեկության տարիներում հայրս պարսկական տիրապետության ժամանակ, չգիտեմ ինչպես, Վրաստանի կողմերում երկար թափառելուց հետո, ընկնում է Հաշտարխան:
Այնտեղ նա ծանոթանում է յուր ազգակից Խուբյան կամ Խուբովյան Գևորգ վարժապետին, որը Խուբովյանց տոհմագ-րության հաստատության բուն աշխատողն էր:
Գևորգ վարժապետը լսելով, որ հայրս աշտարակեցի Տէր-Առաքելի որդին է, հայտնում է վերջինիս յուր խնդակցությունը, ցույց է տալիս հորս ռուսաց տերությունից հաստատված յուր ազնվության թերթը, բայց լիովին հավատ չընծայելով հորս խոսքերին, վերադարձնում է նրան Աշտարակ` բերելու վկայական, որից եթե երևար, թե հայրս` Ստեփան Տէր-Առաքել Դանիելյանի որդին է, ապա ինքը կտա նրան արտոնագիր Խուբովյանց գրվելու:

Հևիհև շտապում է հայրս Աշտարակ, մի կերպ համոզում է հորը` իրավունք տալ իրան վերադառնալու, ստանում է Էջմիածնի այն ժամանակվան բարձրագույն հոգևոր կառավարությունից վկայագիր, բայց խեղճի իղձը փորումն է մնում: Յուր հայր տեր-Առաքելը, միակ որդուց չզրկվելու արդարացի նպատակով, հնարքներ է մտածում նրա ոտքն անպարան կապելու, մինչև Էջմիածնից վերադարձը` տերտերն յուր զավակին նշանում է գյուղի առաջավորներից մեկի` Մելումենց Մարգարի Ֆալաք դստեր հետ:
Որդիական պարտը պահանջում էր հլու – հնազանդ լինել հորը, այդպիսով խեղճ ծնողս զոհում է իր տոհմական բարձր ծագումը մի աղջկա:
Երևի պապիս` Տեր-Առաքելի քահանայական պատիվը կամ մորս դեմքի տգեղությունն է ստիպել Մելումենց Մարգարի պես իշխան մարդուն տալ մի տկլոր աղքատ տղայի:
Մի փոքրիկ այգի միայն պապս թողել է ժառանգություն յուր որդվոյն և ուրիշ ոչինչ:
Նոր ամուսիններն ապրել են իրանց պտղունցով: Հայրս դերձակ է եղել և մայրս` նորա օգնականը: Իմ ամենախոր հիշողությունը հասնում է մինչև հորս լայնաբերան մկրատը, ընկուզյա դազգահը (ցած սեղան, որի վրա գործում են դերձակները):

Խեղճ հայրս անդադար կրկնում էր յուր ազնվական ծագման մասին, ինչ որ լսել է Գեորգ վարժապետ Խուբովյանից, պատմում էր Խուբովյան բառի ծագումն և նշանակությունը, ասում էր, որ յուր նախնին եղել է "Պռոշ թագավորը", որ նստել է Գառնիումը և շինել է Գեղարդա հռչակավոր վանքը. ասում էր` Պռոշ ռուսերեն բառով թարգմանվում է ղուբ (չցոՈ) և թե ղուբով բառը քաղցրահնչյուն չլինելու համար, Գեորգ վարժապետը բարվոք է դատել Պռոշյանց բառը վերածել Խուբովի կամ Խուբովյանցի:
Հորս ասությունը համապատասխանում է վերջերումը դիպվածով ձեռք ընկած Խուբովենց ցեղի հաստատված ճյուղագրության պատճենին:
Մի մանեթանոց դրոշմավոր (гербовая) թերթը կրում է " Покаленная росьпись и родословная о дворянстве рода Хубовых Июня 29 дня, 1818 г" - Ճյուղագրության Խուբովյան սերնդի, հունիս 29, 1818 թ.:
Տոհմի նահապետն է Պռոշ իշխանը, որ այսպես է գրված ռուսաց լեզվով. " Князь Брош, был в провинции Карни, умер".
"Իշխան Բռոշ, էր Գառնի նահանգումը. մեռած":
Ըստ ճյուղագրության, Պռոշից սերում են յուր երեք որդիքը` Պապուկա կամ Պապաք, Ամիր – Հասան և Վասակ:
Պապաքից հառաջանում է մեր ճյուղը և հասնում է մինչև հայրս` Ստեփանը, որը վեցերորդն է` սկսած Պռոշից: Այս, իհարկե պատմական մեծ սխալ է. Պռոշ իշխանն ապրում էր ԺԲ դարում,

ակներև է, ուրեմն, որ շատ անուններ են բաց թողված ճյուղագրությունը կազմելու ժամանակ:
Միայն մեր ճյուղը չէ, որ թերի է. նույնիսկ Գեորգ վարժապետենց ճյուղը` Պռոշից սկսյալ մինչև ինքը տոհմագրությունը հաստատել տվող Գեորգ Խուբովյան վարժապետը` յոթ սերունդ են հաշվում. ինքը Գեորգը Պռոշից յոթներորդն է և սերված է Պռոշի Վասակ որդուց:
Հայտնի չէ` ինչ աղբյուրներից է քաղել Գեորգ վարժապետն յուր տեղեկագիրը, պարզ է, որ շատ ու շատ անհատներ Պռոշի սերնդից մոռացության են տրվել, բայց մեր ազգի Պռոշի սերնդից շարունակությունն անտարակուսելի է:
Ամենահավանական ապացույցն ավանդությունն է և Խորիշանի մահարձանը: Հայրս պատմում էր, որ պապիս մոտ ինքը տեսել է Գառնի գյուղի ֆիրմանը կամ կալվածագիրը` Պարսից շահերից տված, որով հաստատում են Գառնի գյուղի նախնական սեփականության իրավունքը: Ինչպես հայտնի է, Գառնին հռչակավոր Գեղարդա վանքի ամենամոտ գյուղն է:
Այդ վկայաթուղթն, իբրև թե, ավանդ է տված եղել Ներսես Ե. կաթողիկոսի եղբայր Կարապետին, որ 1827 թ. ռուս-պարսկական պատերազմից հառաջ` պարսից սարդարների հետամտությունից փախուստ է տվել Թիֆլիս:
Կարապետ աղայի հարազատ որդիքն էին Հովակիմ և Հարություն Շահազիզյանները,

որոնց որդիքը` Ալեքսանդրն և Հովհաննեսը ցայսօր կենդանի են և ապրում են Թիֆլիսում: Վերոգրյալ ճյուղագրության զորությամբ` Խուբովյան տոհմն ընդունված է ռուսաց ազնվականների շարքում, պարզ է, ուրեմն, որ մեր ցեղն ևս պետք է լիներ ազնվական, բայց այդպես չէ, հայրս չունելով ձեռքին վկայաթուղթ, իբրև հոգևորական միայն հարկից եղել է ազատ, ապա թե ոչ` ես և եղբայրս լինելու էինք հարկատու: Բարվոք եմ համարում ճյուղագրական պատճենն արտանկարել այստեղ: Դրոշմավոր թերթի չորրորդ երեսին գրված է ճյուղագրության նկարագրությունը ռուսերեն, որ է այս.

ОПИСАНИЕ РОДОСЛОВНОЙ

Род Хубовых происходит от древних Аршаков, из коих родоначальник наш Брош сын Васака был в последние времена в Армении князем, в провинции Карни; он имел трех сынов: Папука, Амиргасана и Васака. Наследник старшего сына Брошева, живший в городе Карни, имевший должность смотрителя при Монастырском кладбище предков своих, по причине усилившейся власти от тиранов, в Армении, похитивших отечество их, переселился в село Аштарак, близ Уракацорна, который имел внука Данийла коего сын священник Аракел и внук Стефан и по ныне находятся в том же селе Аштараке. А Худабагиш есть внук младшего сына Брошева Васака, в 1550 – м году по рождестве Христове, с потомством своим признаваем был от турков меликом,

а во время Шаха­Абаса находился при нем; потом будучи признаваем и от шаха меликом, определен был владетелем Еревани, где оной в сем достойинстве и умер. Он имел трех сынов: Давыда, Григория и Элиаза, из которых первый т.е. Давыд есть продед мой: Он имел многих детей, кои поселились в разных областях; два только сына его Григорий и Исай, который есть дед мой, остались в Еревани. Григорий родил там сыновей: Якова, Элизара и Саркиса, от коих дети некоторые и по ныне там в живых находятся, а дед мой Исай родил отца моего Арутюна. Второй сын Худабашха Григорий родил Карапета, а сей Мелхиседека, Худабашха, Газара и Арутюна, из коих двое последние в юности померли; а Мелхиседек имел двух сынов: Кеворка и Карапета; из них первый живет ныне в Кизляре, а второй в Тифлисе.
Все сие происхождение рода Хубовых доказываются свидетельством патриархов всея Армении Данийла кафоликоса и Ефрема кавалера, девяти архиепископов, четырех епископов и многих дворянских вельмож, которое подлинникам с доказательствами представлено от родственника моего жительствующаго в Кизляре, помянутого Кеворка Хубова в Правительствующий Сенат, коим он признан российским дворянином и внесен в дворянскую, по Кавказской Области родословную Книгу.

ՃՅՈՒՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

(Թարգմանություն)

"Խուբովյան տոհմը ծագում է նախկին Արշակներից, որոնցից մեր տոհմապետը` Վասակի որդի Բռոշը վերջերումը Հայաստանի Գառնի գավառումն իշխան էր: Նա ուներ երեք որդի` Պապուկա, Ամիր-հասան և Վասակ:
Բռոշի անդրանիկ որդու ժառանգը, որ բնակվում էր Գառնի քաղաքում և յուր նախնյաց հանգստարանի վանքի վերակացուի պաշտոնն էր կատարում, յուրյանց հայրենիքը – Հայաստանն ավերող բռնակալների խստասրտության շնորհիվ, վերաբնակեցվեց Աշտարակ գյուղը, Ուրակաձորի մոտ:
Նորա թոռն էր Դանիելը, որի որդի Առաքել քահանան և յուր զավակ Ստեփանը մինչև օրս գտնվում են նույն Աշտարակ գյուղում: Իսկ Խուդաբաղիշն է Բռոշի կրտսեր որդու` Վասակի թոռը: Նա 1550 թվին (Ք.Հ.) յուր սերնդի հետ միասին ճանաչվեց թուրքերից մելիք, իսկ Շահ-Աբասի օրով նա գտնվում էր նրա մոտ:
Ահա Շահից ևս ճանաչելով մելիք` նշանակվեց Երևանի տիրապետ և մեռավ նույն կոչման մեջ: Նա ուներ երեք որդի` Դավիթ, Գրիգոր և Էլիազ, սրանցից առաջինը` Դավիթն է իմ նախնին: Նա ուներ շատ որդիք, որոնք բնակվեցան զանազան նահանգներում, միայն նրա երկու որդին` Գրիգորն և Եսային, որ իմ պապս է, մնացին Երևանում:

Գրիգորն այնտեղ ծնավ Հակոբին, Եղիազարին և Սարգսին, որոնց որդիքներից մի քանիսը մինչև օրս էլ այնտեղ կենդանի են, իսկ իմ պապ Եսային ծնեց իմ հայր Հարությունին:
Խուդաբաղիշի երկրորդ որդի Գրիգորը ծնավ Կարապետին, իսկ Կարապետը ծնավ Մելքիսեդեկին, Խուդաբաղիշին, Ղազարին և Հարությունին, որոնցից երկուսը պատանեկության հասակում մեռան:
Մելքիսեդեկը ունեցավ երկու որդի Գրիգոր և Կարապետ, սրանցից առաջինը այսօր բնակվում է Ղզլարումը, իսկ երկրորդը` Թիֆլիսումը:
Խուբովյանց տոհմի ծագումն ապացուցվում է ամենայն հայոց կաթողիկոսների` Եփրեմ կաթողիկոսի և ասպետ Դանիելի, նույնպես և ինն արքեպիսկոպոսի և շատ ազնվական իշխանների վկայություններից:
Այս ապացույցների բնագիրն իմ ազգակից ղզլարաբնակ Գևորգ Խուբեանի ձեռքով առաջարկված է պետական սենատը: Սենատումը Գրիգորը ճանաչվում է Ռուսաց ազնվական և մուծված է Կովկասյան ազնվականաց տոհմագրական մատյանի մեջ":
Այս ճյուղագրությունից պարզ երևում է, որ Պռոշի որդի Վասակի հետնորդներն աշխատելով հաստատել տալ իրանց սերնդին ազնվական, ամենևին հոգ չեն տարել մեր նախնյաց մասին, որոնք ապրելով Աշտարակ գյուղում, բավականացել են անշունչ տապանաքարերով և չեն մտածել երբեք յուրյանց տոհմական ծագման համար,

մինչև որ վերջումը հայրս Հաշտարխանում դիպվածով պատահելով Գեորգ վարժապետին, նրա դրդմամբ գալիս է Էջմիածին վկայական տանելու և թղթերը ծոցին մնում է Աշտարակում` վայելելու ամուսնական քաղցրությունը:
Հանգուցյալ ծնողս շարունակ պատմում էր յուր վերջին սխալը, թե ընչո՞ւ ինքն յուր հոր հրամանով զրկվել է "Պռոշ թագավորի" ժառանգ լինելուց և Խուբովյան նշանավոր տոհմի հետ իշխանական արտոնություն վայելելուց: Հենց այդ երևակայության շնորհիվ էր, որ յուր անդրանիկ որդու անունը կոչել է Խուբով, որը ցարդ կենդանի է Աշտարակում` տեր Առաքել քահանա Պռոշյանց մականունով և ունի ութ տղա և երկու ամուսնացրած դուստր:

Բ

Առաջին այբուբենն ես սովորել եմ բերանացի` հինգ տարեկան ժամանակս հորիցս, իսկ տառածանոթությունն եղբորիցս:
Հայրս Երևանից ուղարկել էր այբբենարանը, մի ամսից նա վերադարձավ և գտավ ինձ վարժ կարդալուս:
Լուսահոգին և ուրախացավ, և տրտմեց, նորա նպատակն է եղել վարժեցնել տառաճանաչության մեջ, բայց արդեն ես ոչ միայն իրանից, այլ նույնիսկ իմ ուսուցիչ եղբորիցս ավելի քաջավարժ էի:
Չգիտեմ` բնական ընդունակությա՞նս վերագրելու է, թե դասագրքիս նորաձևության և պատկերազարդությանը, որ ես երկու շաբաթի մեջ վարժ կարդում էի:

Դիպվածով, թե բախտի բերմամբ, ինձ վիճակվեց ոչ այն ժամանակվա ընդհանրացած "Քերական, որ է այբբենարան" անվանված դասագիրքը, այլ ժամանակի համար միանգամայն նոր դասագիրք:
Որքան հիշում եմ` Զմուռնիայի բողոքականաց տպագրություն էր այն` տաճկահայ բարբառով և արդի մեթոդով ու պատկերազարդ:
Նյութի դյուրըմբռնելիությունն ինձ ստիպում էր գիրքը ձեռքից չթողնել, այդպիսով կարճ միջոցում անգիտակցաբար գրավարժվեցի: Չերկարացնենք, մի տարուց հետո, հորս շնորհիվ` Աշտարակում դպրոց բացող վաղարշապատեցի Շապուհ Շահնազարյան ուսուցչի 70 աշակերտներից առաջինն ես էի, առաջինը` ոչ թե տարիներով, այլ կարդալ-գրելով:
Հիմի եմ նկատում, որ մեծ հիշողության տեր եմ եղել մանկության տարիներում, օրինակ երեք գլուխ Նարեկացու աղոթք առանց դժվարության և առանց մի բառ անգամ հասկանալու անգիր էի անում:
Դրանով ես չեմ կարող ասել, թե օրական, - ես հինգ անգամ ասեմ, դու տասն ասա, - բարդի ծառի բարակ և թարմ ճղնիկներով չեմ ձաղկվիլ: Տասնավոր ճղնիկներ, ամեն Աստծու տված օր, փշրվում էին ազդրներիս փափուկ մսերի վրա: Խոստովանում եմ, ոչ մեկ պատիժը դաս չիմանալու համար չի եղած, այլ չարությանս և տգեղ վայելչագրության, չարությունս ոչ այլ ինչ էր, եթե ոչ մանկական անմեղ և աշխույժ խաղեր, իսկ գեղագրության մեջ միանգամայն անընդունակ էի:

վարդապետները` Մակար վարժապետ-վարդապետը (վերջումը կաթողիկոս), Եղիազար եպիսկոպոսը, ինքն մեր ուսուցիչն և այլք:
Շապուհ Շահնազարյանցը, բացի իրանից և երկու վերոհիշյալներից, ուրիշ ընկերների անունն արժան չէր համարում հիշել` իբրև երկրորդական թերուսներ:
Թե արդարև Շահնազարյանցն անկեղծորեն համոզված էր ծեծի ազդեցությանը, նա պարզ խոստովանեց աշակերտածնողաց ներկայությամբ այն ժամանակվա Երևանի արքունի դպրոցի տեսուչին, բայց որքան զղջաց խեղճը, երբ վերջինս, իբրև իշխանավոր, հրամայեց նրան ձեռք քաշել ծեծից:

Գ

Արժեր առանց հիշողության չթողնել Երևանի դպրոցի տեսչի գալուստը:
Ամառն է, հուլիսի տժտժան շոգերն են, բայց մենք սովորում ենք: Կրակ էլ որ թափվեր երկնքից, Շաբոն (այսպես էր կոչում ռամկությունը մեր վարժապետ Շապուհին) մեզ արձակողը չէր: Գոնե պարապմունքը պակասեցներ. – ոչ, Շապուհի համար ամառ-ձմեռ չկար:
Ձմեռներն "Ամենափրկիչ" կոչված եկեղեցու արևելա-հյուսիսային խարխուլ ավերակումն էր փոշեխեղդ անում մեզ, ամառը` նույն եկեղեցու հյուսիսային պատի երկարությամբ, կամ արևմտյան բակի տերևաշատ նալբանդենի, կամ չինարի կոչված թեղի ծառի հովանու ներքևն էր քրտնքախաշ անելով, վաղ առավոտից մինչև ուշ երեկո, հոգիներս հանում, դաս տալիս:

Մոռացա ասել, որ իր գալստյան առաջին ձմեռը, "Ռուբ" մականվանյալ Ղափանցոնց Ստեփանի գոմի օդումն էր թրքահոտումը մեզ խեղդում:
Զուգադիպությանն ենք պարտական, որ այն դժոխքից ազատվեցինք: Դեպքն աննշան է, բայց ծիծաղաշարժ լինելու պատճառով` պատմելն աղալի և արժան է:
Չամչյանի քերականության վերա ենք սովորում, հոլովում ենք "Գետ, գետո, գետով":
Ողորմածիկ "Ռուբ" Ստեփանը նստել է մի անկողնում և ապշած լսում է:
Մեկել, միամտաբար, Շապուհ վարժապետը հրամայում է մեկին հոլովել "Ռուբ", որ նշանակում է մաթ, բաքմազ, խաղողի օշարակ:
Աշակերտներս փռթկացնում, ծիծաղում ենք: Վարժապետը չիմացած բանի էությունը, սաստիկ բարկանում է և հրամայում Ռուբ բառը հոլովել:
Ուղղական` Ռուբ, սեռական` Ռբոյ, տրական…
Վայ ես ձեր…
Աշակերտցու օրհնություններ` մեկս-մեկու հետևից թափում
է ուսուցչի, նրան մեր գյուղը բերողի և աշակերտներիս հասցեին` ծերունի "Ռուբ" Ստեփան ափերը (հայրիկ, պատվանուն) և գավազանի հարվածներով մեզ և ուսուցչին դուրս է քշում, ձյունի երեսն անում:
Շատ ուշ հասկացավ պարզամիտ վարժապետն յուր սխալը, բայց զուր, նա ոչինչ կերպիվ Ստեփանին չկարաց համոզել, թե ինքն անգիտությամբ իբրև օտարական, չի հասկացել անպատվաբեր բառի ծաղրական լինելը:

Գանք մեր պատմության շարունակությանը:
Չեմ հիշում` առաջիկա՞, թե երկրորդ տարու ամառը, հանկարծ մեր վարժապետը լեղապատառ ներս է ընկնում մեր բացօթյա ուսումնարանն և գոռում, ուղղվեցեք, կարգի ընկեք, փայտի նման տեղներդ չորացեք, վայր թափեցեք, Երևանի թագավորական վարժարանի մեծն եկել է, հենց հիմի էստեղ կլինի, ձեզ հարցմունքներ կանի, վայ նրան, ով որ մի տառում սխալվել է, ճիպոտի տակին կմհացնեմ:
Խեղճ Շապուհը տերևի պես դողում է, գույնը դեղին քրքումի (զաֆրան) է փոխվել, ատամներն իրար են դիպչում:
Մենք, իսկույն, թուրքերի նամազի և հայտնի ժամերին անհրաժեշտ եղած լուլեին կոչված ծորակավոր խեցի ջրամաններով, որոնցով ջուր էինք խմում, մերձակա առվից ջուր հասցրինք, սրսկեցինք: Մեզանից ոմանք էլ ավելները վերցրած` եկեղեցու բակը բոլոր մաքրեցինք, գրքերս ձեռք առանք և սկսանք ամեն ոք մեր դասերը բարձրաձայն կրկնել:
Վարժապետը բարակ շյուղը ձեռքին ճոճեցնելով` սրա-նրա գլուխն էր թակում, որ ուղղվենք, լավ նստենք, գրքներս ուղիղ բռնենք և այլն:
Ահա, հևալով տուն ընկավ գզիրն և հայտնեց "աղայի" գալուստը:
Մի քանի րոպեից "աղան" յուր հետևից Աշտարակի բոլոր առաջնորդներին քարշ տալով` մտավ եկեղեցու բակը, գնաց ժամի դուռը համբուրեց և մոտեցավ մեզ:
Մենք ուսուցչի պատվերին համաձայն` տեղներիցս կանգնեցինք և խոր գլուխ տվինք:

Աղան բարևեց, հետո նստեց խալիֆա Շապուհի միակ հասարակ փայտյա աթոռի վերա և մատով ինձ յուր մոտ կանչեց ու հարցրեց.
- Ընչի՞ համար դու փոքրիկ ես ու քո հասակակիցներին թողած` մեծ տղայոց մոտ, բոլորի ծայրումն ես նստել, երևի մեծերը քո դասդ սերտացնում են, հա՞:
- Մե՞ղք կլինի, որ ասես` ես եմ նրանց չգիտցածը գլխի ձգում, ես առաջին աշակերտն եմ, - հանդգնաբար պատասխանեցի ես:
- Ո՞նց թե դու ես առաջին աշակերտը, - զարմացմամբ ու քնքշաբար հառաջ քաշեց, երկու ծնկների մեջ առավ ինձ ու հարցրեց աղան, - դու դեռ մի թիզ չկաս, ահագին մազ ու միրուքով տղամարդկանց առաջի՞նն ես:
Կուզես խալֆիս հարցրու:
- Հրաման քեզ (այո), ողորմած տեր, դա մեր առաջին աշակերտն է, - հաստատեց Շաբո խալֆան:
Ըհը, լավ, ապրիս, - գլուխս շոյեց աղան և հարցրեց.
- Եթե դու առաջին աշակերտն ես, ասա տեսնեմ` հաց ու պանիր կարդացե՞լ ես:
- Հաց ու պանիր ամեն օր ուտում եմ, դու մեծ-մեծ բաներ ասա:
Որ էդպես է, գնա գիրքդ բեր, տեսնեմ:
- Մի՞թե դու քերականություն ես սովորում, - ստուգիվ աչքերը չռեց աղան և հարցասիրաբար նայեց ուսուցչին:
- Այո աղա, դրա փոքրությանը մի նայեք: Չամչյան քերականության առաջին մասը վերջացրել է և ամենքիցը լավ սովորում է, - պնդեց վարժապետը:

Աղայի հրամանով եկան և իմ երկու դասընկերներս, որոնք, թեև ինձանից հասակավոր, բայց համեմատաբար շատերից փոքր էին:
Տարօրինակ էր, բայց ճշմարտություն էր, ինը տարեկան էի ես, երեք տարով իմ երկու ընկերներս` տեր-Գրիգորի տղա Խաչատուրն և Տնտեսենց Գալուստը մեծ էին ինձանից, և ահա մենք երեքով, մեր ներքևը նստած 15 – 20 տարեկան պատանի - ների մեջ առաջինն էինք:
Խաչատուր տեր-Գրիգորյան, տեր-Խաչատրյանցը` "Աշտարակցի Խաչիկ" կոչմամբ, այսօր ևս լավ հիշում է մեր երջանիկ մանկությունը: Խաչիկի բանաստեղծության միջի գոհարները արտատպված են "Սոխակ Հայաստանի" երգարանի էջերում:
Աղան քառորդ ժամի չափ մեզ հարցմունքներ արավ, կարդալ, թարգմանել տվեց, մեր գրաբար կարճ գրությունները տեսավ և հրամայեց տեղերս նստել: Մի ժամի չափ բոլորին մի առ մի քննեց, ամենքիցս էլ գոհություն հայտնեց, վարժապետի էլ ձեռքը բռնեց, շնորհակալություն արեց:
Խեղճ ուսուցչի գլխին հարամ եղավ շնորհակալությունը:
Ինչ չարաճճի էի, մեղավորը ես եմ:
Մանկական պարզությամբ, հայտնած խոստովանությունս ծեծի մասին` տեղի տվեց Արքունի դպրոցի տեսչին երկար հարցուխնդիր լինել ուսուցչի ծեծի վերաբերությամբ:
Շապուհը չթաքցրեց, պարծանքով հայտնեց, որ ինքն անողորմաբար պատժելով, հասել է ցանկալի արդյունքին:

- Երեխայք, - դառնում է աղա տեսուչը դեպի մանուկներս, - եթե ես խնդրեմ վարժապետից, որ այսուհետև ձեզ չծեծի, խոստանո՞ւմ եք, որ միշտ դասերդ լավ պատրաստեք:
- Խոստանո՞ւմ ենք, - գոչեցինք միաձայն:
- Դեհ, ուրեմն, միամիտ կացեք, որ այսուհետև ծեծը վերանում է ձեր միջից:
Կամեցավ ուսուցիչն ապացուցել ծեծի անհրաժեշտությունը, բայց զուր աշխատություն էր:
Տեսուչ աղան մի ուրիշ նորություն ևս սահմանեց, նա զարմացավ, երբ մեզանից լսեց, որ զրկված ենք լողալուց:
Նա ինքը նույն երեկոյան պահուն մեզ տարավ գետը, "Ավազագյոլ" կոչված լճի մեջ լողացրեց, ինքն էլ մեզ հետ լողացավ:
Հիանալի լողորդ է եղած աղան, բայց մենք էլ իրանից պակաս չէինք լողում:
Աշտարակի Քասախ գետակը լողալու շնորհն անխնայաբար շռայլել է հավասարապես բոլոր աշտարակեցիներին, մեծ ու փոքր քաջավարժ են լողանալու մեջ:
Երեք օր անդադար գալիս էր տեսուչը մեզ այցելություն, աչքով չտեսած ու ականջով չլսած նորություններն էր մտցնում խալիֆայական մահակի ու ռոզգու սովոր աշակերտներիս մեջ նոր-նոր խաղեր էր սովորցնում, ինքն խաղում էր մեզ հետ և ստիպում վարժապետին հետևել իր օրինակին:

Դու ոչ մեռնիս, ծեծի օգտակարության գաղափարով տոգորված ուսուցիչը յուր հեղինակության հաստահիմն աշտարակը հիմնահատակ եղած տեսնելով, քաշվել էր հեռու անկյուն և կուչ եկել օտար մարդու պես:
Հասկանալի է, նա մտքով անիծում էր տեսչի եկած ճանապարհը և անդադար սպասում էր նրա գնալ-կորչելուն, որ վրեժն առնի յուր արդեն երես առած ստահակներից:
Չորրորդ օրն յոթանասուն երեխայք, Շապուհ վարժապետն և գյուղի կեսը ոտքով ուղեկցում էինք Երևանի արքունի դպրոցի մեծապատիվ տեսչին: Նա ինքը ցանկացավ, որ իրան ճանապարհ դնեն երգելով և զվարճանալով:
Նա ձի չհեծավ, շուրջ առած դպրոցականներիս, մեզ խրախուսելով, ոտքով էր գնում: Գետի կամրջովն անցկացանք, ձորը դուրս ելանք:
Եթե նա մեզ չկանգնեցներ, մենք պատրաստ էինք մեր սիրելի և թանկագին հյուրին ուղեկցել մինչև Երևան:
Ամենքիս մեկ-մեկ համբուրելով, յուր հրաժեշտը տվեց այս խոսքերով:
- Երեխայք, ձեր վարժապետն ինձ խոստացել է այսուհետև ծեծը բոլորովին վերացնել, ամառվան շոգերին միայն առավոտյան և երեկոյան հով ժամանակը պարապել, մյուս ժամանակներին ազատ եք, խոստացել է ամեն օր երեկոյան դեմ ձեզ լողալու տանել, օրական երկու ժամ խաղացնել:
- Բայց, երեխայք, եթե որևէ խնդիր ունենաք ինձ դառնալու, իրավունք եմ տալիս գրավոր դիմելու, ես Երևանի թագավորական ուսումնարանի տեսուչն եմ,

ձեր թուղթն ուղղակի ուսումնարան ղրկեցեք, մի քաշվեք, ես ինքս էլ գյուղացի եմ, Քանաքեռ գյուղիցն եմ, իմ անունս է Խաչատուր Աբովյանց:
- Աստված կյանք տա, շատ շնորհակալ ենք, - ձայն-ձայնի տվինք մանուկներս:
Նա ձի նստեց և հեռացավ:
Բլրի հետևն էր անցել Աբովյանցը, իսկ մենք մեր կեցցեները դեռ չէինք դադարեցրել:
Գնաց հայ ազգի նոր գրականության լուսատու աստղը` հանրահռչակ Խաչատուր Աբովյանցն և մեր սիրտը հետը տարավ:
Նա տարավ և մեր վարժապետի հոգու անդորրությունը: Ինչպես վերն ասացի, այն օրից Շապուհ Շահնազարյանցի ոգևորությունը մեռավ:
Հայտնի չէ վախենում էր, որ չգրենք Աբովյանցի՞ն, թե յուր խոստումն էր կամենում սրբությամբ կատարել:
Էլ այնուհետև ծեծը վերջացրեց:
- Ախ, ինչ անեմ… - ատամները կրճացնում էր հաճախ խալֆան, երբ անկարգություն էինք անում կամ դասերը չէինք իմանում, - արևը վատ տեղն է մայր մտել, թե չէ ես գիտեի ինչ անելս:
Էլ չդիմացավ Շապուհը, երկրորդ տարին տուն ու տեղն ուսեց, յուր մատաղ ամուսնույն շալակեց, Աշտարակից երեսը շրջեց և տեղափոխվեց Երևան, ուր և վախճանվեց ջահել հասակում:
Կարծեմ դեռ Շապուհը չէր գնացել մեր գյուղից, որ Աբովյանցի կորստյան բոթը հռչակվեց:
Եթե չեմ սխալվում, 1846 կամ 1847 թվականն էր:

Ասում էին, իբր թե, մի առավոտ զարթնել են և գտել, որ տան գլուխը չկա, ո՞ւր է գնացել, ո՞վ է տարել` ոչ ոք չգիտեր:
Ձայն դուրս եկավ, իբր թե` Աբովյանցի գլխարկը, կոշիկի մի հատն և սյուրտուկը գտնվել է Զանգու գետի ափին…
Այլք ուրիշ հավանական և անհավանական ենթադրություններ էին անում… ով գիտե, ժամանակից առաջ ծնած մարդ էր, ամեն բան կարելի էր գուշակել, բայց հաստատ ոչինչ չիմացվեց:
Հաստատ էր միայն, որ Զանգուն աղեցին, մաղեցին, ամեն տեղ որոնեցին և դիակը չգտան, չգտան ու չգտան:

Դ

Հիշատակաց արժանի ուսուցչիս հեռանալուց հետո, շատ հավանական է, ես մնալով գյուղում, հորս մահից հետո, կձուլվեի համաբնակչացս զարգացման բովում և կմնայի մի պարզ գեղջուկ, եթե հետևյալ դեպքն ինձ չխլեր հայրենիքիցս:
1849 թվին հորս ձեռքով հանձնվեցի մեր դրացի և Աշտարակի պաշտպան Մողնու սուրբ Գեորգի վանքի միաբան Մարտիրոս Մժեժյան կարնեցի աբեղայի նորաբաց վանական դպրոցը, և, ինչպես վստահ էի, շուտով առաջին աշակերտը և վարդապետ-վարժապետիս սիրելին դարձա: Եթե մեր բոլոր կուսակրոնները հայր Մարտիրոսի առաքինազգաց վարքի և բարքի տեր լինեին, սուրբ հայրերի վերա տարապարտուց շարունակ բարձած զրպարտանքներն ու բամբասանքներն բավական էին ապաքեն դասել նրանց հրեշտակաց դասը:

Ավելացրու հայր Մարտիրոսի սրբակրոն և անտխեղծ բնավորությունն և երիտասարդական վառ աշխույժին` նրա ազգի մանուկների կրթության գործում ցույց տված մեծ արիությունը, ապա երանելին մեր ժամանակի անզուգական և ընտիր հոգևորականներից մեկն էր:
Մոտավորապես 70 տարեկան ծերունի էր նա վերջերումս Հառիճո վանքում, ուր քանի տարի ապրում էր իբրև միաբան և այդ զառամյալ հասակում չէր հանգել նրա սրտի կրակը դեպի դասատվությունը:
Մի քանի տարի էր` Մժեժյան վարժապետը դասատու էր Հառիճո Ժառանգավորաց դպրոցում, նա այնտեղ և միաբան էր և տնտես էր, և վանահոր տեղակալ էր, և ամենայն ինչ էր: Օրնիբուն, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, ոտքի վրա գործում էր և չէր դադարում, չնայեցյալ, որ խեղճը հոդացավ ևս ուներ:
Վերջումը, յուր չնչին ստացվածքն ու գրքերը կտակելով Հառիճո վանքին, այնտեղ էլ գլուխը դրեց ու հանգստացավ` երկրորդ գալստյանը զարթնելու հուսով:
Ահա այս Մժեժյան վարժապետն էր, որ Տաճկաստանից եկել էր Էջմիածնի միաբան դառնալու փափագով և մինչ նրա միաբանակցության օրինական հաստատությունը գալը, ուղարկված էր Մողնի` միաբան սուրբ Գեորգա վանքին:
Մողնու վանահայրն այդ ժամանակն էր աշտարակեցի Սիմեոն Շաժումյանցը կամ Սաժումյանցը:
Սիմեոնը միայն Մողնու կառավարիչը չէր, Ներսես Աշտարակեցի Ե. կաթողիկոսի հրամանով, Սիմեոնն Աշտարակում եղած բոլոր վանքապատկան այգիների վերատեսուչն ևս էր.

կաթողիկոսը նրան էր հանձնել նույնպես յուր եղբայր Կարապետ աղայի ժառանգներին մնացած Աշտարակում եղած անշարժ կալվածքները, նրանց պատկանած Ղզթամիր գյուղն և էլի շատ վանքապատկան կալվածներ ու գործեր: Մի ժամանակ Սիմեոնի ձեռքին էր մինչ անգամ Կարբու, Ապարանու և Թալինու ընդարձակ գործակալությունը: Իսկ այս մեծ պաշտոնյան, բացի յուր անունն ստորագրելուց, ոչինչ չգիտեր: Բայց և այնպես Սիմեոնը շատ-շատերից արդյունավետ գտնվեց յուր գոծառությանց մեջ:
Ի դեպ, չի կարելի Սաժումյանցի վերաբերությամբ զանց առնել ժողովրդական առածը, մեղր ծախողը մատը կլպստի:
Երկու տարի մնաց Մժեժյան վարժապետը Մողնու վանքում, նրան գրավում էին ոչ թե վանքի բազմաթիվ ուխտավորներն իրանց նվերներով, ըստ որում վարդապետը միանգամայն անշահասեր էր, ոչ թե Էջմիածնի միաբանության փարթամ կոչումը. – ոչ, Մողնում նրան կապողներն էին շրջակա գյուղերից հավաքված երթևեկ աշակերտներն և նրանց ցույց տված հառաջադիմությունը:
Եթե Էջմիածնի Սինոդի անդամ` տաճկաստանցի Ղազար գիտնական վարդապետի արկածքը չլիներ, Մժեժյան հայրը չէր բաժանվիլ յուր սիրելի սաներից:
Ահա, թե ինչ պատահեցավ:
Շատ ուշ հասկացվեցավ որ հայր Մժեժյանը Տաճկաստանում աշակերտ է եղած հիշյալ Ղազար վարդապետին:

Մժեժյանն յուր ուսուցչի հետքը բռնած` հասել է Էջմիածին:
Մի քանի տարի առաջ էր Ղազար վարդապետն եկել Էջմիածին և յոր գիտնականության շնորհիվ Սինոդի անդամ դարձել:
Չգիտեմ, ինչպես է լինում, Սինոդում բացվում են Ղազար Վարդապետի գործած զեղծումները, որոնց առթիվ Ներսես կաթողիկոսի և Ղազար վարդապետի մեջ բավականին տհաճ ընդհարումներ են տեղի ունենում, և Ղազար վարդապետը բարվոք է դատում գլուխն ազատել փախչելով:
Թե երբ կապվեցավ Ղազար վարդապետի և Մժեժյանի մեջ համերաշխության պայմանը, ես չգիտեմ: Այսքանը միայն լավ հիշում եմ, որ 1851 թվի աշնանը, մի քանի օր, Մարտիրոս վարդապետն իմ ուշադրությունս հրավիրում էր դեպի Կ.Պոլիս, Փարիզ և այլն:
Մի օր էլ շատ վրդովված, ինձ առանձապես հայտնեց, որ ինքը մի քանի օրից մեզնից ընդմիշտ հրաժեշտ կտա, և եթե ես հաճիմ, կարող եմ հետը գնալ:
- Այդպիսով միայն, - ասում էր նա, - կարող կլինեմ հանգուցյալ հորդ տված խոստմանս չդավաճանել:
Այդ բանը ես չէի մոռացել: Հայրս և Մժեժյանը շատ սիրով բարեկամացել էին:
Կերևի, զգացել էր հանգուցյալ ծնողիս հոգին, որ հիվանդության մեջ կանչեց վարդապետին, ձեռքս բռնեց, տվեց նրան և ասաց. – հայր-սուրբ, իմ որդուն քեզ եմ հանձնում, քեզ էլ Աստծուն, կուզես` մարդ շինիր, կուզես` ջուրը ձգիր:

Երկու օրից հետո հայրս չկար: Այնուհետև վարդապետի հայրական հոգածությունն իմ վերա պարզ տեսնում էի:
Իսկ ո՞ւր պիտի գնաս, - հարցրի ես զարմացած:
- Ես գնալու եմ ուղղակի Կ.Պոլիս և Տատյան Պողոս բեյին, իբրև իմ նախածանոթ բարեկամի, խնդրելու, որ քեզ ուղարկի Փարիզ` ուսումդ կատարելագործելու:
Եթե այդպես է, - ասացի, - ուրեմն կգամ հետդ:
Ամենից մեծ դժվարությունն այս էր, որ, ինչպես հայր -սուրբն ինձ հայտնեց, ինքը ոչ թե բաց աշկարա, օրով-ցերեկով էր գնալու, այլ գիշերով` փախստյա:
Այդ լուրն ինձ թեև շփոթեց, այնուամենայնիվ, խոսքիս հաստատ մնացի, միայն թե` ոչ առանց մորս համաձայնության լիներ փախուստը:
Կասկածանքների առիթ չտալու համար երկրորդ օրը մորս բերի "Կավահանքի" կոչված ձորակը, ուր տեսակցություն նշանակեց հայր Մժեժյանը:
Շատ համոզեց, շատ հուսալից խոստումներ արավ վարդապետը, ես էլ շատ ոտքերս քարերին զարկելով ցանկություն հայտնեցի գնալու, բայց մայրս բացեիբաց մերժեց գաղտնի փախստականին որդի հանձնելը, իսկ հայտնապես տանելուն հակառակ չէր:
- Եթե այդպես է, - ասաց հայր-սուրբ, ինձ աչքով ակնարկելով, - քո որդին քեզ, ես ինձ ազատ եմ համարում հանգուցյալ ամուսնուդ տված խոստումից, միայն թե, աղաչում եմ, գաղտնիք պահիր իմ նպատակս:
Մորս ապահով խոսքն առնելով, հայր Մժեժյանը դարձավ Մողնի, իսկ ես բերի ծնողիս Աշտարակ և շտապեցի սուրբ Գեորգա վանքը:

Միակ ելքը գտանք մորիցս ծածուկ փախուստ տալս, բայց թե ե՞րբ, ո՞ւմ հետ և ինչպես` այդ միանգամայն շփոթեց մեզ:
Անճարացած, սպասեցինք սաղմոսավանքի տեր-Մանվելի գալուն:
Ե

Սաղմոսավանք գյուղը և նույն անունի վանքը երկու ժամով հեռի են Մողնուց:
Տեր – Մանվելի որդի Սարգիսը նմանապես աշակերտում էր Մժեժյանի դպրոցում, գիշերելով Մողնի գյուղում:
Վարդապետի գրության համաձայն, եկավ տեր-Մանվելն և հանձն առավ ոչ միայն ինձ փախցնել, այլ նույնիսկ իրան վարդապետին ևս ողջ-առողջ տաճկական սահմանն անցկաց- նել:
Միակ պայմանը տեր-Մանվելի կողմից` յուր որդի Սարգսին մեզ հետ ընկերացնելն էր: Իհարկե, վարդապետը խոստանալու էր Տաճկաստանում քաշելու և Սարգսի կրթության հոգսը:
Հայր-սուրբն ուրախությամբ խոսք տվեց:
Պողոս բեյի համար մեծ դժվարություն չէր երկու մանկանց կրթության ծախքն յուր վիզն առնելը:
Որոշվեցավ նախ և առաջ փախցնել վարդապետին, ապա ինձ և Սարգիս տեր-Մանվելյանցին:
Նշանակվեց երկրորդ գիշերը փախստյան համար միջոց և տեր-Մանվելը գնաց գործը կարգի դնելու:
Որոշյալ երեկոյին հայր Մժեժյանը համբուրեց ճակատս և պատվիրեց սպասել յուր նամակին:

Մյուս առավոտը, ես գործից բոլորովին տեղյակ չեղողի նման, գրքերս կռնակիս, ուզում եմ բարձրանալ դեպի Մողնի, որպես թե ուսումնարան:
Ահա վերևից շտապով իջնում է վանքի ծառան և գյուղում հռչակում վարդապետի փախուստը:
Բոթաբերը վազում է Սիմոն աղային իմաց տալու:
Ես, իհարկե, զարմանք եմ հայտնում, բայց և այնպես գնում եմ Մողնի և գտնում բոլոր աշակերտակիցներիս ու Մողնի գյուղի բնակիչներին խռնված վարդապետի խցի առաջին:
Ընդհանուր սարսափ ու շփոթ է տիրել, ես ևս ինձ ցույց եմ տալիս շփոթվածներից մեկը:
- Սիմոն աղեն, Սիմոն աղեն…
Եկավ Սիմոն աղեն և առաջին գործն եղավ վանքի բանալիներն առնել, վանքը բանալ և մասունքներն ու սպասները աչքի անցնել:
Երևեցավ, որ ամեն բան յուր տեղն է, մի ասեղ չի կորել:
Ամենքս գնացինք մեր տները, իսկ Սիմոն աղեն նստեց յուր նժույգն և փութաց Էջմիածին` զեկուցումն անելու:
Նույն երեկոյին իմ զարմանքս էլ անկեղծ էր, երբ Սիմոն աղայից իմացա, որ միևնույն գիշերն Էջմիածնից փախել է Ղազար վարդապետը:
Մարտիրոս հայր-սուրբն այդ գործն ինձանից ծածկել էր: Վերջը պարզվեց, որ խոսք են կապած եղել, որ Ղազար վարդապետն Իգդիրի կողմից անցնի ռուսաց սահմանը, իսկ Մարտիրոս վարդապետն Ապարանով գնա Շիրակի գավառի Արթիկ գյուղումն յուր հեռավոր ազգական տեր-Ադամի տանը մի քանի օր թաքչի, մինչև հետքը սառչի,

ապա թե Ախուրյան գետն անցնի, մի քանի ժամանակ Անու մոտ Ղոշավանքումը մնա և, չգիտեմ որտեղ, միանան երկու վարդապետներն ու ճանապարհերն ուղղեն Պոլիս;
Երջանկահիշատակ Ներսես կաթողիկոսը լսելով Սիմոն աղայից Մարտիրոս վարդապետի փախուստը և ստուգելով, որ Մողնու վանքից ոչինչ չի տարել, ասում է, էլ ինչո՞ւ էր գիշերով փախչում, նրա կուռն ո՞վ կբռներ, եթե ցերեկով գնար, այլ բան է Ղազար վարդապետը, նա Սինոդի անդամ էր և պատասխանա- տըվության ներքո:
Այդպիսով Մժեժյանին ոչ ոք չհետապնդեց, իսկ Ղազար վարդապետին երկու շաբաթ որոնում էին, մինչև իմացվեց, թե Իգդիրից վաղուց անցել է տաճկաց սահմանը:
Մարտիրոս վարդապետի հետքն իսպառ մոռացվեց հասարակության համար, իսկ իմ համար նա շատ մոտ էր: Շարունակ ութն օր նա ճգնում էր Սաղմոսավանքի եկեղեցու պահարանում:
Տեր-Մանվելը պահեց վարդապետին վանքի մեջ, մինչև որ հավաստիացավ, թե ամենայն հետամտություն դադարել է, ապա թե 9-րդ գիշերն արթիկցի տեր- Ադամի կողմից ուղարկված հետևորդների ուղեկցությամբ վարդապետին ճանապարհ դրեց Սաղմոսավանքից, որոնք առավոտ չեղած, հասան Արթիկ գյուղը` Հառիճո վանքի մոտ և իջևանեցին տեր-Ադամի տանը:
Այս մանրամասնությունն իմացա ես իմ հետևից ուղարկված տիրացու Ղևոնդ արթիկեցուց:

Վարդապետն սպասում էր Արթիկում ինձ և տեր-Մանվելի որդի Սարգսին, Ղևոնդն եկել էր մեզ տանելու:

Զ

Աշունք է, այգեկութն Աշտարակում վերջացել է, գյուղացիք այգիներից տուն են հավաքվել, աշնան լվացքն արել (Առաջ Աշտարակում տարեկան երեք անգամ մեծ լվացք կանեին` Զատկին, Ջրօրհնեքին և աշնանը` քաղցվահանին, այսինքն` այգեկութից հետո) է մայրս և հագուստներս կախել չորանալու, իմ հագին մի քանի հին-մին ցնցոտիներ են:
Երեկոյան ժամից հետո է, ես ընկերներիս հետ գյուղի ափում եղած "Ազզենց" կոչված կալում խաղում եմ: Աչքս բարձրացնում եմ և տեսնում տեր-Մանվելի տղա Սարգսին հեռվում կանգնած:
Նա ինձ ակնարկ է անում, մոտ կանչում և հայտնում, որ տիրացու Ղևոնդը գյուղից վեր Կահավանքի ձորակում, Պատաշարի հետևն ինձ սպասում է: Սարգիսը հանձնում է ինձ հայր Մժեժյանի երկրորդ նամակը:
Առաջին նամակն ես ստացել էի սաղմոսավանքցի տեր-Մանվելի ձեռքով, որով հայր Մժեժյանն հուսադրում էր ինձ` Սաղմոսավանքից գնացած երրորդ օրն ուղարկել տիրացու Ղևոնդին իմ և Սարգսի հետևից, որ և ահա կատարում է:
Անմիջապես թողնում եմ ընկերներիս, Սարգսին ուղարկում տիրացու Ղևոնդի մոտ և ինքս շտապում տուն և խնդրում, ստիպում մորս հագցնել ինձ արդեն ցամաքած շորերս:

Շատ էլ քարոզներ կարդաց մայրս գլխիս` չհագնել մինչև մյուս առավոտ, բայց լսողն ով էր, ինքնին հագա և դուրս թռա, ասելով. - գնում եմ կալը խաղալու:
Ինչպես երևում է, լուսնի 15 կամ 16 – ն էր, մութը նոր էր առնում, որ բոլորակ լուսինն յուր լույսը տարածեց աշխարհի վերա:
Օգուտ քաղելով պարզ գիշերից, մենք երեքով դաշտակտրուկ քայլում էինք արագ-արագ դեպի Սաղմոսավանք:
Ինչպես գուշակեցի, այնպես էլ կատարվեց:
Երբ մութն ընկնելուց հետո տուն չեմ եկել, մայրս ողջ գյուղը ոտքի է հանել: 40-ի չափ ձիավոր սփռել են Աշտարակի շրջակայքն ինձ որոնելու, Կարբի գյուղի մոտ էինք, որ նկատեցինք իմ համագյուղացի Շուխոնց Բեգլարին և ուրիշ հինգ հեծյալների:
Իսկույն պառկեցինք մի փոսումն և տազ արինք:
- Այ եղբայր, - գոչեց Բեգլարը, - մենք զուր այս կողմերն եկանք, նա գնացած կլինի դեպի Երևան, ամենից լավն այն է, որ վերադառնանք այն կողմերը:
Այս խոսքերը խոսելու ժամանակ Բեգլարի ձիու սմբակը թաղվելու էր ազդրիս մեջ, եթե ետ չքաշվեի:
Նրանք թեքվեցին դեպի Աշտարակ, մենք ապահով վերկացանք և մեզ տվինք Արագածի թումբն ու բարձրացանք դեպի Սաղմոսավանք:
Կես գիշերին մոտ կլիներ, և մենք մտանք տեր-Մանվելի գոմի օդեն և մրսած անդամներս տաքացրինք գոմի արտաշնչությամբ ու "գազ" կոչված փշի փայլուն բոցով:

Մյուս առավոտը տեր-Մանվելը մեզ յուր ձեռքով իջեցրեց Սաղմոսավանքի ձորը, տեղավորեց վանքի տակի քարայրում և ինքը գնաց մեզ որոնելով` մեր հետքը կորցնելու:
Է

Թե ուր գնաց տեր-Մանվելը, չգիտեմ, երեկո եղավ, և մենք դուրս ելանք այրից ու գիշերեցինք նույն օդում, հետևյալ առավոտուն, լույսը չբացված, դարձյալ այրն իջնելու պայմանով:
Ճաշը թեքվել էր, ես, Սարգիսն և տիրացու Ղևոնդը տերտերի մեծ որդու բերած կերակուրը կերել ենք և կատակներ ենք անում:
Հանկարծ լսում եմ եղբորս ձայնը: - Ի՞նչ է այս, երևակայություն:
- Ոչ, զուտ իրողություն, - եղբայրս գոռում է տեր-Մանվելի վերա, իբր թե, ինքն յուր փոքր եղբոր հոտն առնում է այն ձորում:
Տերտերն յուր կարգովն երդվում է, որ ինքը ոչինչ չգիտե:
Ահա եղբայրս` այն ժամանակը Խուբով անվանեալ, իսկ այժմ տեր-Առաքելը, մոտենում է այրի մուտքին և հոտ քաշելով, ճչում տերտերի վերա այս խոսքերով. - այ երեց, ես քեզ չասացի, որ եղբորս հոտը գալիս է, կա, չկա` իմ եղբայրս այս այրումն է:
Այս խոսքերով մեր Խուբովը ներս է մտնում այրն և կանգնում մեր առջև ու գոչում ինձ վրա. - այստեղ ի՞նչ ունես, փուչ կենդանի:
Ես լռում եմ:

Եղբորս ձայնից խեղճ տիրացու Ղևոնդը սարսափած` քաշվեց այրի խորքը:
Եղբայրս տեսավ նրան ու մտրակով հարձակվեց անպաշտպան տիրացուի վրա ու անողորմաբար ծեծում էր, հետն էլ սպառնում, որ ինքը կսպանի յուր եղբոր փախցնողին:
Իզուր տեր-Մանվելը կամեցավ մտրակը խլել եղբորս ձեռքից, դրանով քահանան ավելի գրգռեց եղբորս բարկությունը և եթե ես չկանգնեի տիրացու Ղևոնդի առաջին ու չգոռայի եղբորս վերա, ճիշտ որ տիրացուի բանը բուրդ էր:
Ընչո՞ւ ես անմեղ մարդուն նահատակում, - ասացի, - նա ընչո՞վ է մեղավոր, ես հոժարությամբ եմ գնում, իսկ ես ոչ քո գերին եմ, և ոչ որդիդ, մի եղբայր դու ես, մի եղբայր` ես, էլ չեմ ցանկանում հետդ ապրել, հեռանում եմ, որ ինձ խոտհնձվոր չհիշես:
Մի անգամից զինաթափ արի եղբորս. նա լալով հարցրեց իմ փախչելու պատճառը և երբ իմացավ, որ գնում եմ Կ.Պոլիս ուսում առնելու, նեղացավ ինձանից, որ իրանից ծածուկ եմ գնում:
- Այժմ ապահով եմ, - վերջացրեց եղբայրս խոսքը, - ես և տեր-Մանվել հայրը կվերադառնանք Աշտարակ, մորդ կմիամտացնենք ու լուսադեմին կգանք, մեր ձեռքով ձեզ երկուսիդ կտանենք, կհանձնենք վարդապետին Արթիկումն և կվերադառնանք:
Իսկ տիրացու Ղևոնդին եղբայրս պատվիրեց հավախոսին միայնակ ճանապարհ ընկնել հետիոտս` առանց իրան սպասելու:

Ողորմելի մարդը նույն երեկոյին, քարայրը թողնելուց հետո, ուղի ընկավ: Օձի մի՞ս էր կերել, որ սպասեր եղբորս վերադարձին, հերիք չէ՞ր կերած ծեծը:

Ը

Շատ շուտ պարզվեց հանելուկը: Բանից դուրս եկավ, որ տեր-Մանվելն իրանից կասկածելով, հեծնում է ձին և առաջին օրը Ապարանի մերձակա գյուղումն է հռչակում յուր որդու փախուստը, իսկ երկրորդ օրն, իբր թե լսելով, որ Աշտարակից էլ անհետացել է դերձակ Ստեփանի փոքր որդին, այսինքն ես, իջնում է Աշտարակ` մանրամասնություններ իմանալու:
Բայց դեռ տեր-Մանվելը չեկած, եղբայրս մեր հարևան Շաժումենց Աղոյի-Սիմոն աղայի եղբոր շնորհիվ իմանում է իմ տեղս:
Աղոն ընչո՞վ էր մեղավոր, ես եմ եղած անշնորհք ու անփորձ, փոխանակ պատասխանելու կամ զգույշ պահելու հայր Մժեժյանի առաջին նամակը, գրպանիցս վայր եմ ձգել կորցրել:
Շաժումից Աղոն գտել, կարդացել է և ծածկել, սպասելով վախճանին:
Իմ կորչելու երկրորդ օրը Աղոն խղճալով մորս արտասուքներին և եղբորս չարչարանքներին, թաքուն հայտնում է եղբորս եղելությունը:
Նույն միջոցին տեր-Մանվելն է երևում գյուղը մտնելուս:
Եղբայրս հարձակվում է տեր-Մանվելի վրա և պահանջում յուր եղբորը:

Տերտերն իսկույն խոստովանում է եղելությունը և եղբորս ձի հեծացրած, բերում է Սաղմոսավանք ու իջեցնում ձորը, ուր նա, շնորհիվ յուր սուր հոտառության, գտնում է յուր կորուստը:
Եղբայրս պահեց յուր խոսքը, հավախոս չեղած, տեր- Մանվելի հետ վերցրին մեզ իրանց ձիանց գավակն և ճանապարհ ընկան, տանում են, իբր թե, Մարտիրոս վարդապետին հանձնելու:
Լոկ խաբեբայություն, լույսը բացվեց ոչ թե Արթիկում, այլ Ապարանու գյուղերից մեկում` Թաքառլու գյուղում, ուր տերտերն ու եղբայրս տարածեցին, որպես թե իրանք խլել են մեզ քրդերի ձեռքից ու վերադարձել:
Այդպիսով իմ ճանապարհորդությունս ետ մնաց, ես ծաղր ու ծանակ` փակված ընկած էի տանը, մինչև որ իմ հայրապատիվ ուսուցիչ Շապուհ Շահնազարյանը տերտերացած, եկավ Սուրբ Գևորգ ուխտի և լսելով իմ արկածը, մի ապտակ տվեց ինձ ու առավ իր գավակը, տարավ Երևան` արքունի դպրոցը տալու:
Մի ամսաչափ մնացի տեր-Սահակ Շահնազարյանցի տանը, երթևեկում էի արքունի դպրոցը, մինչև մի օր էլ Էջմիածնից թվանքչի Սարոն եկավ և Ներսես կաթողիկոսի հրամանով ձիու վրա դրեց ինձ ու տարավ:

Թ

Իջանք Ղազարապատի դռանը ձիուց և մտանք Էջմիածնի վանքի բակը:
Առաջին մարդը, որ աչքովս ընկավ, տեր-Մանվելն էր:

Նա կանգնած էր զանգակատան կամարի ներքո:
Ես սառը ողջույն տալով քահանային, համբուրեցի տաճարի դուռը:
Տերտերը մոտ եկավ ինձ ու ասաց. - Եթե դու իմ տունը կքանդես և ճշմարտությունը կհայտնես, այս սուրբ տաճարը քեզ պատժի, ինձ հարցրել են, ասել եմ` քրդերն են փախցրել, դու էլ նույնն ասա:
Տերտերը կամենում էր դարձյալ շարունակել, բայց Սարոն մոտ եկավ և բարկացավ ու ինձ հրամայեց հետևել իրեն:
Ես նշանացի ապահովացրի տեր-Մանվելին և Սարոյի հետ բարձրացա մոմատան սենյակն ու մոտեցա մի կրակոտ քահանայի:
Դա թիֆլիսեցի տեր-Ստեփան Մադինյանցն էր` Ներսես կաթողիկոսի քարտուղարը, վերջումը` "Մեղու Հայաստանի" լրագրի անդրանիկ խմբագիրը:
- Տո, դո՞ւն իս Պռոշյանցը, - առանց "Աստված օրհնեսցելով" աջ տալու, հարցրեց հայր Մանդինյանցը, և երբ իմացավ, որ ես եմ, գոչեց. - գժվի՞լ էիր, որ մի կռո վարդապետի քամակիցն ընկած կորչում էիր:
Երբ տեր-Մանդինյանցն յուր մի քանի հարցերին ոչ մի պատասխան չստացավ, առաջ ընկավ դեպի վեհարան և ինձ հրամայեց յուր հետևից գնալ:
Հայր Մանդինյանցի նման չվարվեց Հայրապետը:
Տեր-Ստեփանի բանավոր զեկուցումից կաթողիկոսն իմացել էր, որ յուր առաջ ներկայացողը մի մանուկ է լինելու:

Շեմքը մտա և տեսա ոչ թե մի ահեղասաստ դատավոր, որի անունը սարսափ էր ազդում խիղճն անմաքուր մարդկանց, այլ մի քաղցրագութ հայր, որ վաղուց փափագելով յուր օտարության մեջ եղած որդուն տեսնելու, պատրաստ էր գրկել նրան խանդաղատանոք:
Օ~… դու բարով հազար բարի, սա ինչ լավ տղա է…
Այս քաջալերիչ խոսքերով մեծ Ներսեսն աջը մեկնեց ինձ և մյուս ձեռքով առաջ քաշեց յուր ծնկների մեջ:
Նա հարցրեց անունս, հորս անունը, և երբ իմացավ, որ տեր-Առաքելի որդի դերձակ Ստեփանի տղան եմ, գոչեց.
- Հա՞, դու իմ սիրելի Ստեփանի որդի՞ն ես, քո հայրդ իմ լավ բարեկամն էր, ուրեմն դու էլ իմ զավակն ես, ապրիս, ապրիս:
Ես աչքս ետ թեքեցի, որ տեսնեմ, թե ինձ խիստ ընդունող տերտերի քեֆն ինչպես է:
Քահանան դռան մոտ կանգնած էր զարմացական հայացքով: Ես ժպտացի դառն հեգնությամբ և սառնորեն երեսս շրջեցի նրանից ու նայեցի կաթողիկոսին:
- Ասա ինձ գառնուկս, - հարց տվեց ժպիտն երեսին Ներսես Ե.-ն, - էն վարդապետը քեզ ո՞ւր էր տանում:
Ստամբուլ:
Ընչի՞ համար:
Այդտեղ ես համառոտիվ պատմեցի կաթողիկոսին հորս բարեկամական հարաբերությունը հ. Մժեժյանի հետ, հորս կտակը վարդապետին իմ կրթության մասին և հայր Մարտիրոսի դիտավորությունը, ասացի, որ Մժեժյանը թեև միայն ինձ միտք ուներ տանելու,

իսկ ես լինելով Սարգիս տեր-Մանվելյանի մոտ ընկերը, չուզեցա առանց նրան գնալ, որով և վարդապետը, թեև ակամայից, հանձն առավ Սարգսին էլ ինձ հետ վերցնելու:
Իսկ տեր-Մանվելի մասնակցությունը միանգամայն ուրանալով, ստեցի, որ եղբայրս և տեր-Մանվելը մեզ հասան Ճիլլի լճի ափին և սպառնալիք տալով, վախացրին նրանց ու մեզ առան ու ետ եկան:
Կաթողիկոսի հարցին, թե տերտերի ասությամբ քրդերն էին մեզ փախցնողները, ես պատասխանեցի, որ քրդի շորով հայեր էին:
- Իսկ եթե դու ինձ խաբում լինես, ականջներդ մի լավ քոքե՞մ, - ժպտալով դարձավ ինձ վեհ Հայրապետը:
- Քո ձեռքին չէ՞, կուզես ծեծիր էլ:
- Որ էդպես է, դարձավ կաթողիկոսը տեր-Ստեփանին, - տար սրան մյուս սենյակը, թող այնտեղ սպասի, մինչև կրկին կկանչեմ, նայիր, - ձայն տվեց հետևից, - երեխային միայն չթողնես, մոտը մի խոսակից դիր:
Տերտերն ավելի խիստ էր, ինձ հրելով ձգեց մի սենյակ և դուռը վրաս կողպեց ու գնաց:
Ես մնացի ծոծրակս քորելով մի ժամից ավել:
Երբ շաթիրն ինձ յուր հետևը ձգած գնում էր դեպի կաթողիկոսի ննջարանը, ուր մահճակալի վրա նստած ընդունում էր ամենքին Հայրապետը, դահիլճում ես կանգնած տեսա տեր-Մանվելին և երկու ուրիշ քահանաների:
Երկու խոսքով տեր-Մանվելն ինձ ասաց, որ ինքը, իբրև քահանա, չէր կարող սուտ խոսել և թե ինքը բոլորը մի առ մի կաթողիկոսին խոստովանեց:

- Եթե այդպես է, իզուր էիր ինձ վանքովն երդում տալիս, - փնթփնթացի ես ու մտա վեհի սենյակը:
- Խաբեբա աշտարակցի, - կիսաժպիտ ճչաց Հայրապետը, - ձեր գյուղացիք բոլո՞րն են ստախոս, թե միայն դու ես:
- Այդ դու ինքդ ինձանից լավ պետք է իմանաս, - վստահորեն պատասխանեցի ես, - աշտարակցու մեծը դու ես:
Ես սուտ խոսող աշտարակցի չեմ:
- Ես էլ չէի, բայց տեր-Մանվելի երդումն ինձ ստախոս շինեց:
Ապա պատմեցի տեր-Մանվելի հանդիպումն Էջմիածնի դռան մոտ և տված երդումս:
- Ուրեմն դու լավ տղա ես, և եթե այդպես է, հիմի պատմիր ինձ բոլոր եղելությունը մանրամասնորեն սկզբից մինչև վերջը:
Ամեն բան մի առ մի պատմեցի, հավատացնելով, որ Ղազար վարդապետի փախստյան և Մարտիրոս վարդապետի հետ ունեցած հարաբերության մասին ոչինչ չգիտեի:
- Իսկ քո գնալուդ գլխավոր պատճառն ի՞նչ էր, - դարձյալ հարցրեց կաթողիկոսը:
- Այն, որ հայրս յուր կենդանության ժամանակ թույլ չէր տալիս ինձ մի բաժակ ջուր լցնել խմելու, ինքն էր ծառայում ինձ, միայն թե ես կարդայի, իսկ եղբայրս, հորս մահից մի քանի օր հետո, էտոցը (այգեպանի կեռակտուց դանակ) ձեռքս տվեց և տարավ այգին բանացնելու, սպառնաց մինչև անգամ իմ համար մի փոքրիկ մանգաղ պատվեր տալով` խոտ հնձելու համար:

- Հապա դու ուզում ես անգործի մե՞կը դառնալ, - հարց տվեց կաթողիկոսը.
- Ոչ, ես ուզում էի հորս սրտի ցանկությունը կատարել, ուզում էի ուսում առնել, և վարդապետը խոստանում էր ինձ Պողոս Բեյին հանձնելու` Փարիզ ուղարկելու համար:
- Կուզե՞ս, որ ես քեզ ուղարկեմ ուսումի:
- Ոտքդ էլ չեմ պաչի՞լ:
- Եթե այդպես է, գնա պատրաստվիր, մի ամսից ես գալու եմ Թիֆլիս, քեզ հետս կտանեմ իմ ուսումնարանը: Տեր-Ստեփան, - հրամայեց նա, - կանչել տուր հանդերձապանին, հանձնենք` երեխայի համար հագուստ պատրաստի, իսկ մինչև մեր գնալը, սրան քո մոտ պահիր քո հատուկ հսկողության ներքո:
- Ոչ, ես տերտերի մոտ չեմ կենալ, գյուղումը բարեկամ ունիմ, Բոյաղչոնց Ներսեսն իմ փեսեն է, նրա մոտ կմնամ, - խոսեցա ես:
- Էդ լավ եղավ, ուրեմն դու ճանաչում ես մեր Աննայի տղա Մկրտչին:
Ինչպես չէ, իմ խաղընկերն է և մեր բարեկամի տղեն:
- Ուրեմն մենք ել բարեկամ ենք, ուրախացիր, միայն չես գնալ Թիֆլիս, մեր Մկրտիչն էլ քեզ հետ կլինի: Մկրտիչն իմ քրոջ թոռն է:
- Գիտեմ, - հանդգնեցա պատասխանել ես, - Աննայի մայր Գյարանը քո քույրն է:
- Ուզում ես ասել Գայանե՞ն, բայց դու աշտարակեցի ես, բառի կեսը կուլ կտաս, վնաս չունի, գնա Բոյաղչոնց տանը կաց, միայն ճաշիր մեր սեղանատանը:

Դեկտեմբերի կեսն էր, Ներսես կաթողիկոսին ներկայացա, մի ամիս մնացի Վաղարշապատ, երեք օր գնացի Աշտարակ` մորս տեսնելու, և վերադարձա:
1852 թվի հունվարի կեսն էր, որ ճանապարհ ընկա կաթողիկոսի քրոջ թոռը Մկրտչի ընկերակցությամբ դեպի Թիֆլիս:
Թիֆլիսում երեք օր վեհարանում մնալուց հետո, մենք տարվեցանք Ներսիսյան դպրոց և մտանք որդեգրաց շարքը:
Ժ

Վերը մոռացման էի տվել մի դեպք:
Աշտարակում Շապուհ Շահնազարյանցի ուսուցչության ժամանակ մեր գյուղական դպրոցն այցելության եկան Ներսես կաթողիկոսի եղբոր որդի թիֆլիսաբնակ Հովակիմ աղա Շահնազարյանցն և Սինոդի բժիշկ, վերջը պրոկուրտը` Կարապետ Վասակյանցը:
Համառոտ հարցաքննության ժամանակ Վասակյանցն հավանեց իմ սրամտությունն, ընդունակությունն և վստահու- թյունն, և ինձ որդեգրեց, խոստանալով հայթայթել իմ ուսումնական պիտույքս և վճարել ուսուցչի տարեկան երեք մանեթ վճարքը, որ և կատարեց:
Տարեկան երկու անգամ հայրս ինձ տանում էր Էջմիածին Վասակյանցի մոտ, հանգուցյալը սիրով ընդունում էր մեզ, թեյ էր խմացնում, գրքեր էր բաշխում, թուղթ ու գրիչ էր տալիս, ուսուցչի վարձն էր հորս հանձնում և քաղցրությամբ ճանապարհ դնում:
Շապուհ վարժապետի Աշտարակը թողնելուց հետո, Վասակյանը կանչեց ինձ Վաղարշապատ և կամեցավ տալ սուրբ Էջմիածնի վանական դպրոցը:

Ներսես կաթողիկոսն այդ ժամանակ Թիֆլիսումն էր, վանքի տերն էր տեղակալ Ղուկաս արքեպիսկոպոսը:
Վասակյանցն ինձ ներկայացրեց տեղակալին և խնդրեց ընդունել դպրոցում, և որովհետև սրբազան տեղակալի առաջարկությունն ես միանգամայն մերժեցի, վարդապետա - նալու խոսք չտվի, նա էլ ինձ չընդունեց, որով մեծապես սրտնեղություն պատճառեց Վասակյանցին:
Վերջին անգամ ես տեսա նրան գանձապետ Ստեփան Սամվելյանցի սենյակում` մեր Թիֆլիս ուղևորվելու օրը:
Բարերարս հայտնեց յուր ուրախությունը` յուր աշխատանքն իզուր չկորցնելու համար, հորդորեց արի լինել, խելոք լինել և ապա քսակը բանալով, ցավեց, որ բացի մի վրացական քառասուն կոպեկանոց ջխտանոց կոչված փողից, ուրիշ դրամ չունի մոտը:
- Այսքանը քեզ հերիք է, - ասաց, - երեխային փող տալը վնաս է, քեզ համար չամիչ կառնես, կուտես:
Այդ փողովն ես չամիչ չառա, այլ զուրգել և խավիար:
Հիշյալ կերակուրներն իմ և Մկրտչի համար նոր բաներ էին. դեռ դպրոց չմտած, մենք շաթիրի հետ գնացինք փողոց և կես ֆունտ զուրգել, նույքան էլ խավիար առանք:
Զուրգելի ֆունտն արժեր տասնհինգ կոպեկ, իսկ խավիարինը` երեսուն կոպեկ:
Ոչ մինը կարողացանք ուտել և ոչ էլ մյուսը, երկուսն էլ զզվեցինք:

Երկրորդ օրը մեզ տարան տեսուչների սենյակը, երկու հոգի էին նոքա, մինը ռուսաց լեզվի և առարկաների համար էր տեսուչ, մյուսը` հայոց:
Առաջինը Միքայել Պատկանյանցն էր, երկրորդը Հակոբ վարժապետ Կարենյանցը: Դեռ Մկրտչին քննեցին և գտնելով, որ ոչինչ չգիտե, վերակացուին հանձնեցին առաջնորդել դեպի փոքր պատրաստականը կամ կիսի կես կլասը:
Իմ ձեռքը տվին ավետարան: Ես սվար և անսխալ կարդացի ու առանց նրանց կողմից հրամանի, թարգմանեցի ու դարձա հարցրի, վերլուծեմ է՞լ: Հակոբ վարժապետը զարմացմամբ երեսս նայեց և քերականական կանոններ հարցրեց, ու երբ անսխալ պատասխաններս լսեց, գովեց ու ասաց. - Էս տարի երկրորդ դասարանը կնստես, եկող տարի կփոխենք երրորդը:
Պատկանյանցը Կարենյանցի հետ ռուսերեն մի երկու խոսք խոսեց ու մի ռուսերեն գիրք տվեց ձեռքս կարդալու, և երբ իմացավ, որ տառերը միայն ճանաչում եմ, ասաց. - Ափսոս, մատաղ, ափսոս, դու էլ պիտի գնաս ընկերիդ մոտ:
Երևի թե Հակոբ վարժապետը տհաճ գտնվեց, բավական ժամանակ ռուսերեն տաք վիճաբանությունից հետո, վերակացուի ձեռքով ինձ ևս տարան Մկրտչի մոտ նստեցրին:
Էջմիածնում ինձ և Մկրտչին միատեսակ հագուստ կարեցին,

մի տեսակ երկար կապա էր կապույտ ղադաք կոչված կտավից, ժամանակի համեստ հագուստն էր համարված, կիսահոգևորականի, կիսաաշխարհականի տարազ, այժմ շատ եմ աչք ածում, բայց ոչ մի տեղ չեմ տեսնում նույն ձևի հագուստ: Բոլորեքյան մեր վերա ծիծաղում էին: Չեմ մոռացել, այդ օրը թվաբանության դաս էր, հանգուցյալ Սողոմոն Աբամելիքյանցն էր ուսուցիչը:
Նա ծուռ աչքով նայեց մեզ, գլուխը պտտեց ու լռեց, իսկ երբ վերակացու Երեմիա Իսահակյանը դուրս գնաց, Աբամելիքյանցը տեղիցը վեր կացավ, ծանր-ծանր, ուղտի վրա նստած մարդու նման կուզը դուրս գցած, ուղտաքայլ մոտ եկավ մեզ, մի քանի րոպե առաջներիս կանգնած, աչքով չափ ու ձև արեց երկուսիս և դառնալով ինձ, հեգնորեն հարցրեց.
- Ազգդ ի՞նչ է:
- Պռոշյանց:
- Էլ սրան ի՞նչ հարցնեմ, սա էլ Քնթյանց կլինի անշուշտ:
Ասավ ու ետ դարձավ:
Բոլոր դասարանը հռհռաց, իսկ մենք շրթունքներս ուռցրինք բարկությունից:
Մի քանի ժամանակ Պռոշյանցն ու Քնթյանցն էին ընդհանուրի խոսակցության առարկան, և եթե Մկրտիչը չսպառնար, որ ինքը կերթա կաթողիկոսին կասի, գուցե երկար շարունակվեր:
ԺԲ

Երջանիկ էինք ես ու Մկրտիչը, շատ չանցավ, Ներսիսյան դպրոցում մի հիմնական հեղափոխություն տեղի ունեցավ,

փոխվեցին հիշյալ երկու տեսուչները, մնալով միայն ուսուցիչներ, իսկ տեսուչ կարգվեց Մոսկվայի համալսարանի նախկին ուսանող, երիտասարդ Պետրոս Սամվելյան Շանշյանցը:
Շանշյանցի տեսչության երկրորդ շրջանն էր այս: Մի անգամ նրա տեսչությունը շատ կարճատև է եղել, կարծեմ 1849 թվին:
Այս երկրորդ անգամ մեծ դվարությամբ համոզվել է Շանշյանցը հանձն առնուլ տեսչությունը, զիջանելով կաթողիկոսի բարի ցանկությանը:
Շանշյանցի տեսչությամբ Ներսիսյան դպրոցը կարող էր ընդմիշտ պարծենալ:
Թեպետ այս անգամ դարձյալ Շանշյանցը շատ երկար չմնաց Ներսիսյան դպրոցում, ընդամենը հինգ տարի կարելի է համարել նրա կրոնավոր գործողությունը, բայց հենց այս հինգ տարին է, որ մինչև այսօր էլ ամենայն իրավամբ, կոչվում է Ներսիսյան դպրոցի ոսկի դարը:
Ոսկի դար ոչ այնքան ուսման և առարկաների վերաբերությամբ, որովհետև ընդամենը երկու պատրաստական և երեք հիմնական դասարան էին, այլ այն լուսավոր գաղափարներով և բարձր բարոյականությամբ, որով փայլեցավ Ներսիսյան դպրոցը:
Շանշյանցի ոտնամուտի առաջին իսկ օրը մի նոր կերպարանափոխություն եղավ դպրոցում, պատիժը վերացավ, պաշտոնական հարաբերությունները տեղի տվին պարզ մտերմականին, ուսուցիչները թողին իրանց բիրտ-վարմունքն և բարոյապես սկսան ազդեցություն գործել իրանց սաների վերա,

վերցվեցին պատերի վերա կախված բոլոր ազդարարու - թյուններն ու կանոնները, որոնք գուցե կախվելու առաջին օրն աչքի անցրած լինեին մի քանիսից ու իսկույն մոռացման տրված:
Մինչև անգամ ուսուցչական մատյանների նշանակությունը կորածի պես եղավ, հառաջադիմության թվանշաններն արհամարհվեցին և մատենի մեջ մնաց միայն նշանակելու աշակերտանց բացակայությունը:
Շանշյանցն ամեն մի դասարանում հայտնեց, որ յուր համար թվանշանները զորություն չունին, և թե թվանշանների համար սովորող աշակերտը լավ կանի, որ օր առաջ դպրոցը թողնի, ինքը ցանկանում է, որ աշակերտն ուսման կարևորությունը ճանաչելով դպրոց հաճախի:
Աշակերտներից ավելի գուցե ուրախ եղան դպրոցական ծառաները, էն ի՞նչ տանջանք էր, որ խեղճերը կրում էին ծեծվելու բերված աշակերտներից, մինչև երեք հոգով մեկին գետին կտապալեին և ոտ ու գլուխը կբռնեին, իրանց հոգիները դուրս կգար, անձնապաշտպանության հարգելի սկզբունքով, պատժի ենթարկվողը շատ անգամ իր դահճի դունչն ու մռութն էր արյունոտում և սիրտը հովացնում, և ինչ փույթ, թե տասի փոխարեն քսան մահակ պետք է ուտեր:
Շանշյանցի բոլոր կարգադրություններից առավել, պատժի վերացումն աղմուկ բարձրացրեց, ուսուցիչների տրտունջը մեծացավ, տեսչի երեսին ոչինչ չէին կարողանում ասել, իսկ հոգաբարձուների ականջումն ամեն օր հեղհեղում էին:

Սկզբում հոգաբարձուք մեծ հոխորտանքով պարծեցել էին բողոքարկուների առաջ` սանձել դպրոցի կարգերը խանգարող տեսչի կամայականությունը, բայց խեղճերը կիսաճանապարհին կանգ առան:
Կաթողիկոսը բացիեբաց արգելել էր հոգաբարձուներին խառնվել տեսչի ներքին կարգադրությանց մեջ:
Այս լուրը մի կայծակի հարված էր, որ իջավ պատժելու սովոր ուսուցիչների գլխին:
Մեղադրվելու չէին ուսուցիչները, այնուհետև նրանց համար դժոխք մտնելն ավելի սիրելի էր, քան դասարանը, ընչե՞ր չէին խաղում երես առած աշակերտները խեղճերի գլխին:

ԺԳ

Շանշյանցի դաստիարակության մեթոդը միանգամայն չէր համապատասխանում այն ժամանակվա ընդունված սիստեմային:
Ի՞նչ թե այն ժամանակվան, ներկայումս էլ լսողների համար միանգամայն անհավատալի է թվում: Բանից դուրս է գալիս, որ նա մի ինքնուրույն անհատ էր:
Նորա համար չկային ծույլ ու չար աշակերտներ, նորա համար շտապելը, ուսումը որոշ ժամանակի ներքո դնելը, դասարանափոխության կարգերը նշանակություն չունեին: Հերիք էր, որ անընդունակ աշակերտն օրական երկու բառ սովորեր, հերիք էր, եթե ծույլերը քիչ աշխատասիրությու ցույց տային, և նա այդպիսիներից իր հույսը չէր կտրում:
Իսկոիյն ինքն էր ձեռք առնում այդպիսիներին ուղղելը:

Չարերը հրավիրվում էին յուր մոտ, մրգեղեն էին ստանում և այն օրվանից փոխվում էին, կարծես էլ նույն տղան չլիներ: Դասարաններում շարունակ հրամայում էր ծույլերին յուր ներկայությամբ դասի կանչել, ինքն էր հարցնում, երբ մի հատ բառ պատասխանում էին, գգվում, գուրգուրում էր, գովում էր, խոստանում էր հետևյալ օրը դարձյալ գալ և նրանց դաս հարցնել, և արդարև գալիս էր ու դուրս կանչում դարձյալ նրանց:
Եվ ի՞նչ, ուսուցիչն ու ամբողջ դասարանը զարմանում էին:
Ամիսներով դաս չգիտեցող տղան հիանալի գիտեր յուր դասերը:
Առաջադեմ աշակերտը նույնպես չէր մնում առանց խրախուսանքի:
Հերիք էր, որ այդպիսիները մոտենային և հայտնեին իրանց ցանկությունը վերին դասարանը փոխվելու ու խոստանային այն դասարանի թողած դասընթացը տանն առանձնապես պատրաստել:
Շատերը նախապես պատրաստում և այնպես էին դիմում:
Եթե այդպիսիների համար ուսուցիչների կարծիքը նպաստավոր էր լինում, նույն րոպեին Շանշյանցը հրամայում էր գրքերը վերցնել և իրան հետևիլ, լիներ այս բանն ուսումնական տարվա առաջին, երկրորդ, թե երրորդ քառորդին:
Այս զիջողության շնորհիվ, ես և վերոհիշյալ կույր Բադալյանցը մի տարվա մեջ պատրաստականները մեջ տվինք և անցանք առաջին դասարանը:

Վեց ամսից ես Բադալյանցին թողի առաջինում և անցա երկրորդը:
Մենք գիտեինք այս քայլի վտանգավորությունը` Շանշյանցն օրին մեկը հանկարծ կանչում էր և լոք տված դասարանի դասընթացից հարցաքննում:
Այդ պատճառով, մինչև մեր անձը չպատրաստեինք, չէինք հանդգնում դիմումն անել, թեպետ այն ևս գիտեինք, որ եթե տկարանայինք անգամ պատասխանների մեջ, կրկին բարկանալու չէր: Այսքանը կասեր, թե գնացեք պատրաստեցեք ուրիշ անգամ կհարցնեմ:
Լավ էր այդպիսի աշակերտի համար գետինը պատռվեր և իրան կուլ տար, քան թե Շանշյանցի սառը խոսքը:
Մարդ ապշում էր այն մարդի արարքը հիշելով, ոչ թե ուսուցիչը, ոչ թե տեսուչը, ծնող հայրը չի կարող յուր հարազատի կողմից այն աստիճան հանակրանք և անկեղծ սեր վայելել, - անկեղծ սեր, ասում եմ, համեմած պատշաճավայել պատկառանքով: Խաղալիս, վազելիս, դաս սովորելիս, մեր ուրախությունը կատարյալ էր, եթե հանկարծ Շանշյանցը մեջներս կբուսներ, կմասնակցեր մեզ հետ ու կխրատեր կամ նոր խաղեր կսովորեցներ:
Նա մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ փոքր, ամենքին յուրյանց հասկացողության և զարգացման աստիճանին համապատասխան ոգի էր ներշնչում:
Իրանք` նախկին տեսուչների ժամանակից մնացած աշակերտները խոստովանում էին, որ այժմ միայն նրանք զգում են յուրյանց կոչումն ու պարտականությունը դեպի ավետարանի ճշմարտությունները,

դեպի ազգայնությունն և դեպի ընդհանուր մարդկությունը:
Նշանավորն այս է, որ տեսչի հետ փոխվեցան և վարժապետներն իրանք, այսինքն` ոչ թե հները գնացին ու նորերն եկան, այլ նույն հներն իրանք իրանց համոզմունքով վերանորոգվեցին:
Մինչև Շանշյանցի գալն ազգայնության գիտակցությունը շատ թույլ է եղել, ազգային ուսումին գերակշռություն տալու նշույլն անգամ գոյություն չի ունեցել, զանազան տեղերի օտարախոս հայերի վերա մտածելու կարիքը ոչ ոքի մտքով չի անցել:
Մտավ Շանշյանցը Ներսիսյան դպրոց, և ահա կաթողիկոսի հրավիրանոք ուտիախոս ու չերքեզախոս հայերից ուղարկվեցան մանուկներ:
Հինգ չերքեզահայ, նույնքան և ուտիահայ տղայք իրանց լեռնական խեցբեկ լեզվով սկզբում մեր ամենքիս ծիծաղն էին շարժում, վերջումը մեր ընկերական սերն էին վայելում:
Չերքեզահայերից երկուսը կոչվեցան Էջմիածնից, Վարդանին ու Դավթին կաթողիկոսը երկու տարի առաջ էր դեռ Էջմիածին տարել:

Ի

Ես արդեն ստորին դասարաններից գրավել էի իշխանա - վորներիս ուշադրությունը, բայց քանի բարձրացա, այնքան առավել աչքի ընկա:
Համարվում էի դպրոցի լավ աշակերտներից մինը, բայց ոչ առաջինը:

Առաջին աշակերտն և դպրոցի ծաղիկն ու ընդհանուրի սիրելին էր Գարեգին Մուրադյանցը, այսօր Մելքիսեդեկ եպիսկոպոս:
Մինչև Շանշյանցի տեսչությունը` ինձ անհայտ է, թե ո՞վ է եղել կրոնուսույց: Ես հանդիպեցա ստորին դասարաններում գորեցի տիրացու Գրիգոր Տեր-Բարսեղյանցին (այժմ տեր-Գրիգոր` Բեթղեհեմ եկեղեցու ավագ քահանան):
Նա սրբազան պատմություն էր ուսուցանում:
Տիրացու Գրիգորը մի գեղեցկադեմ, համեստ և քաղցր բնավորության տեր մարդ էր:
Շանշյանցն եկած օրից յուր վերա առավ կրոնագիտության ուսուցումը:
Սկզբներում` քանի հոգաբարձուաց և տեսչի հարաբերու -թյուններն այնքան լարված չէին, ամենեքյան անտարբերու- թյամբ էին նայում այդ գործին, վերջերքը` Շանշյանցնի կրոնագիտության տետրակը դարձավ մի գայթակղության քար տեսչի հակառակորդների համար:
Կաթողիկոսը, կերևի, կարդացել էր այն տետրակը, այդ պատճառով ուշադրություն չէր անում քնջերում եղած բամբասանքներին:
Ընդհակառակն, նա ամենայն սիրով լսում էր յուր տանը մեր` վերին դասարանի աշակերտաց պատրաստաց քարոզները:
Առաջիկա մեծ պասի համար Շանշյանցի հրամանավ մենք պատրաստել սկսանք քարոզներ:
Մեր քարոզները այն կրոնական ուսումի արդյունքներն էին, ինչ որ դաս էինք առել Շանշյանցից:

Շանշյանցի ավանդած բարոյախոսությունից յուրաքանչյու- րը մեզանից, ըստ յուր հասկացողության, գրում էր քարոզ և հետևյալ դասին աշակերտաց ներկայությամբ Շանշյանցի առաջին կարդում:
Տեսուչը նախապես մեր ամեն մեկիս կարծիքներն էր լսում, ապա թե յուր եզրակացություններն անում:
Տոն օրերը` քարոզ գրող աշակերտներից հետը տանում էր վեհարան և Ներսես կաթողիկոսի մոտ կարդալ տալիս:
Որքան ուրախանում էր խորիմաստ Հայրապետը մեր պարզ և անկեղծ սրտով գրած քարոզի համար:
Այդ օրն ապագա քարոզախոսը ճաշելու էր Շանշյանցի հետ կաթողիկոսի մոտ:
Բացի քարոզներից` մենք գրում էինք և ուրիշ շարադրություններ: Ազգային պատմությունը, ազգի անցյալ և ներկա կենցաղը, հաջող և անհաջող արարքները և առնելիքները, ընդհանրապես մեր ամեն մի ցավերը` մեր հասկացածին չափ` պարզում էինք մեր հոդվածներում:
Այս գրվածքներիս ղեկավարողը նախապես Հակովբ վարժապետն էր լինում: Հետո լսում էր դասարանի մեջ Շանշյանցն և յուր կողմից նկատողություններն անելուց հետո` շաբաթ օրերը ճաշերից հետո հրավիրում էր դպրոց յուր ծանոթ հասկացող հայերին և նրանց ներկայությամբ կարդալ էր տալիս: Այս ամենը մի նորություն էր, որ փշի պես ծակում էր Շանշյանցի հակառակորդների աչքերը: Սկսվեցան այնուհետև բերնեբերան սխալ ենթադրություններ և չարախոսություններ պտտել շրջանների մեջ,

հարձակվում էին մանավանդ Շանշյանցի կրոնագիտության տետրակի դեմ, ուր, իբր թե, բողոքականության սկզբունքի նշաններ էին երևում:
Կաթողիկոսն արհամարհում էր այն լուրերը, իսկ ժողովրդի մեջ հետզհետե սերմանում էին:
Այն կրոնագիտության տետրակը մինչև այսօր սրբությամբ պահպանում եմ ես, քանիցս անգամ քննադատական աչքով ուսումնասիրել եմ, բայց և ոչ մի բառ չկա Լուսավորչի լույս հավատի դեմ:
Ընդհակառակն` ավետարանը բացատրում է բուն քրիստոնեական ոգով և ուղղությամբ: Կարդալուց` մարդ վերանում է մտքով դեպի Աստծո նախախնամողի աթոռը, դեպի Փրկիչ Հիսուսի գիրկը:
ԻԱ

Եկավ մեծ պահքը, քարոզ խոսելու օրերն են: Մինչև այդ ժամանակը մի քանի քահանայք էին հայտնի իրանց խոսեցած քարոզներով:
Ի՞նչ էր սրանց քարոզածը. – Հայսմավուրքից և պառավական հեքիաթներից հանած առակներ ու օրինակներ և Ադամ - Եվայի պատմությունը:
Երբեմնապես ինքը Ներսես կաթողիկոսը կքարոզեր Քրիստոսի ավետարանը` ներկա և հանդերձյալ կյանքի պահանջների համեմատ մեկնաբանելով: Ահա Ներսիսյան վերին դասարանի աշակերտներս սրտատրոփ, առած մեր գրած քարոզի տետրակը, Շանշյանցի առաջնորդությամբ, կյուրակե օրերը գնում ենք Ներսես կաթողիկոսի մոտ, կարդում մեր քարոզը նրա առաջին և օրհնությունն առած` ցրվում Թիֆլիսի առաջնակարգ եկեղեցիները:

Հայ ժողովուրդը ժամասեր է, մանավանդ մեծի պահոցը` հայն իրան հայ – քրիստոնյա չէ համարում, եթե ժամից ետ ընկնի, գոնե մի օր այդպես էր:
Թիֆլիսի հայը, որքան և օտար սովորությունների ու նորամուտ հասկացողությունների ենթարկված, նա բոլորովին չի սառչում յուր եկեղեցուց, ազատամտության կեղծ դրոշի տակ գլուխը թաքցրած անհեռատես երիտասարդները` տոն և հայտնի օրերում` կյուրակե ճաշին հավաքվում են եկեղեցու գավիթը:
Մեծ պահոց կյուրակեներին նամանավանդ եկեղեցիներում ասեղ ձգես` գետինը չի ընկնիլ, ժամերում կանգնելու տեղ չի մնում, բակերում դարձյալ վխտում են:
Կանացի սեռը երկու գլխավոր պատճառ ունի եկեղեցի հաճախելու, մեկ, որ իսկապես եռապատիկ ջերմեռանդ է այր մարդից և երկրորդ` գնում են իրենց պաճուճանքները ցույց տալու:
Միևնույն է Թիֆլիսի կնոջ համար, հասկանում է հայերեն թե ոչ, քարոզի օրերը նա տեղ-տեղ խլուկ է անում:
Իմ մանկությունից այդպես եմ տեսել, հիմա էլ նույնն է, առաջ վրաց լեզվով էր կանանց դասի աղմուկը ականջ ծակում, այսօր վրացերենը փոխվել է ռուսերենի, մանուկ սերունդ, միջին սերունդ` հին սերունդ` բոլորեքյան ռուսերեն են միմյանց հանդիմանում` իրար տեղ հափշտակելու համար: Որքան կուզես մեջդ նեղացիր, հայտնի տհաճություն ցույց տուր, երեսդ դեպի արևմուտք - դեպի կանանց դասը շրջիր և ձեռքերով լռելու ակնարկներ արա, միևնույն է, կանանց դասի շշուկը չի դադարիլ:

Ես լսել եմ Թիֆլիսի ճակատով քահանաների ոմանց` քարոզի ժամանակ կամ ժամ ասելուս` կանանցը տված սառը հանդիմանությունը:
Մեզ համար նույնպես նոր բան չէր Թիֆլիսի կանանց անհաճո սովորությունը, այդ պատճառով առանց ուշադրության մենք ժամի վերջին, կյուրակե երեկոները, ժամաշապիկը հագած` բարձրանում էինք սեղան, գրակալը առաջներս դրած, մեր գրվածքը վրան փռած` կարդում էինք մեր քարոզները:
Յոթը հոգի էինք քարոզաբաններս, որ փոխ առ փոխ շրջում էինք այս և այն եկեղեցիները:

Լ

Երեք անգամ Ներսիսյան դպրոցում եղածս ժամանակ հրապարակական հարցաքննություն կատարվեց: Առաջինը` մտած տարիս, որ դեռ նոր էի և ուշադրության չառնվեցա, երկրորդը` երկրորդ դասարանից վերին երրորդը փոխվելիս, երբ արժանացա առաջին մրցանակի: Մի քանի առաջադեմներիս բաժանեցին վենետիկցոնց փառակազմ հրատարակություն-ներից` ոսկի տառերով վրան գրած` "մրցանակ առաջին կարգի վասն գերազանց ջանասիրության, հառաջադիմության և պարկեշտ վարուց":
Ինձ տվին "Ճառաք Կիկերոնի յաղագս պատշաճից":
Երրորդ վերջնական հարցաքննություն եղավ 1855 թվի մայիսին, երբ դարձյալ աչքի ընկա:
Հարցաքննությունը տվել ենք, բայց մեզ չեն բաց թողնում:

Շանշյանցը միշտ գալիս է և մեզ հուսադրում, թե առաջիկա սեպտեմբերից բացվելու է չորրորդ, ապա հետևաբար հինգերորդ, վեցերորդ և յոթներորդ դասատուն:
Այսօր մեզ հույս է տալիս, վաղը նա ինքն է մեզ հուսահատեցնում:
- Գիտեք, տղալք, կաթողիկոսը խնդրեց ինձ համբերել մի քանի ժամանակ, մինչև ինքը վերահասու կլինի դպրոցի ներքին կյանքին և արդարություն պարզելուց հետո, կնդունի իմ առաջարկությունը:
Գիտեք, գիտեք, բայց ես ի ծնե անհամբեր եմ, այդ թերությունս Շանշյանցը յուր համբերությամբ չկարողացավ ուղղել:
Մի օր էլ մտա կաթողիկոսին և ասացի.
- Մինչև ե՞րբ նստեմ ես դպրոցում, ինձ ուղարկեք Լազարյան ճեմարան:
Կաթողիկոսը գլուխը բարձրացրեց և խեթ - խեթ երեսիս նայելով ասաց. ընչի՞, չե՞ս հավանում իմ դպրոցը:
- Հավանում եմ, - ասացի, - բայց եղած ուսումը վերջացրինք, նոր առարկայք էլ չես ուզում մտցնել:
- Քո կամքն է, եթե չես ուզում, կարող ես ուրիշ դպրոց մտնել, - սառնությամբ ասաց կաթողիկոսը:
- Ուրեմն ուղարկիր ինձ Լազարյան ճեմարան:
- Ես Լազարյանների հետ լավ հարաբերությունների մեջ չեմ, Մատթեոս եպիսկոպոսի պատճառով մենք միմյանց հետ սառն ենք, ես չեմ կարող խնդրել, եթե ուրիշի ձեռքով կհաջողացնես, ես դեմ չեմ:
- Եթե այդպես է, ինձ տուր այստեղի Գիմնազիան:

- Դարձյալ ես չեմ կարող խնդրել, չափահաս ես, այժմ ինքդ հարթիր քո ճանապարհը:
Հարթեցի, գտա միջոցը, մտա արքունի գիմնազիայի չորրորդ դասարանը, բայց մյուս օրը ստիպվեցի բաց օդի տակ մնալ:
Ներսիսյան դպրոցից իրավունք ստացա ընդմիշտ հեռանալ, բոլոր կարողությունս` երկու-երեք փոխնորդ, մի քանի կտոր նոր ձեռք բերած գրքեր ու տետրակներս ամրացրի արկղի մեջ, ծառայի շալակը տվի և ուրախ-ուրախ եկա վանքը ու շեշտակի մտա կաթողիկոսի սենյակը.
- Եկա:
- Ո՞ւր և ի՞նչ տեղից, - առանց երեսիս նայելու հարցրեց կաթողիկոսը:
- Իրեղեններս վերցրի դպրոցից ու եկա այստեղ, երկու օր է, ինչ գիմնազիա եմ հաճախում:
- Շատ ուրախ եմ, բայց մեր տանը քեզ համար տեղ չկա, կարող ես ուրիշ բնակարան վարձել քեզ համար:
- Ինչպե՞ս, ի՞նչ միջոցով:
- Այդ էլ քո գիտենալու բանն է, - ասաց կաթողիկոսն և գրիչը թաթախեց ու սկսեց գրել:
- Ներսես կաթողիկոսին ես շատ քաջ ճանաչում էի, գիտացի, որ մեր մեջն ամեն մոտիկություն վերջացավ: Թերևս կախ, սիրտս կոտրած դուրս եկա և գնացի կաթողիկոսի եղբոր որդի Շահազիզյան Հովակիմ աղայի մոտ ու ամեն բան մի առ մի պատմեցի:
Դժվար թե կարողանանք կաթողիկոսին համոզել, - ասաց Հովակիմ աղան և իսկույն եկավ վեհարան: Կես ժամից, նա ինձանից ոչ պակաս կարմրած, դուրս եկավ ասաց.

- Զուր է աշխատանքդ, կաթողիկոսը խիստ վշտացած է, որ դու յուր ուսումնարանը չես հավանել և գնացել ես գիմնազիա, նա չի ուզում այսուհետև քեզ ճանաչել: Վերցրու իրեղեններդ և եկ մեր տունը, մինչև տեսնենք ինչ կլինի;
- Դուք գնացեք ես կգամ, - ասացի Հովակիմ աղային և չկատարեցի խոստումս:
Մտա Վեհապետյան Գևորգ արքեպիսկոպոսի սենյակը:
- Հը, աշտարակցի, ի՞նչ կա, - ժպտաց լրջադեմ Վեհապետյանը:
- Աշտարակցին աշտարակցու հետ խռովել է, աշտարակցին պիտի հաշտեցնի, - ասացի ես և պատմեցի բոլոր եղելությունը, չթաքցրի և Հովակիմ աղայի միջնորդությունը:
- Հիմի մարդ բեր, որ նրա կոպիտ կողքը ծալի, - ասաց Գևորգ եպիսկոպոսն ու տեղիցը վեր կացավ:
Մի ժամից նա դուրս եկավ կաթողիկոսարանից և ասաց. – հոգիս դուրս եկավ, կողքավեր հայրն ինքն է, շարունակ այն է պնդում, թե նա իմ դպրոցս չհավանեց: Վերջ ի վերջո հազար օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու տեղ և սնունդ գտնել, իսկ դասական պիտույք, իսկ հագուստ, իսկ ուսման վարձ (այն ժամանակը տարեկան երեք մանեթ էր) միանգամայն մերժում է: Գնա իրեղեններդ դիր զանգակատան տակի սենյակը, այնտեղ էլ ապրի մի քանի ժամանակ, մինչև իծանը դուրս գնան գլխից:
ԼԱ

Երեք ամիս շարունակ գիմնազիա եմ հաճախում,

չորրորդ դասարանում ընդունված եմ ոչ իբրև իսկական աշակերտ, այլ ինչպես ազատ ունկնդիր` առաջիկա տարին աշակերտ համարվելու պայմանով:
Թեպետ ռուսաց լեզվի ուսուցիչը չի կարողանում հաշտ աչքով նայել երեսիս` տՐՌսՈչՈՑպսՖվօռ (ածական) բառը լավ արտասանել չկարողանալուս պատճառավ, բայց մյուս վարժապետները հետս քաղցր են:
Բոլորեքյան առանց բացառության այն ժամանակվա գիմնազիայի աշակերտները քաղաքի իշխանների ու ծառայողների, այսպես ասած` ազնվականների որդիքն էին, հիմիկվա պես հասարակ դասակարգի որդվոց համար չէր, անունն էլ համապատասխանում էր նշանակությանը` "Թիֆլիսի ազնվականաց գիմնազիա":
Հետևաբար, բոլորեքյան փափկակյաց "մոր պահած", երես տված մանուկներ էին, որոնց տներումը չէր լսվում հայի խոսքը:
Միջանկյալ ասենք, այն ժամանակն ընդհանրապես Թիֆլիսումը հայերեն խոսքը շատ սակավ գաղթականների սեփականությունն էր, ռուսերենը նոր-նոր սկսել էր գործածական դառնալ բարձր շրջաններում, այսինքն այն դասակարգերի մեջ, որոնց որդիքը գիմնազիական էին, իսկ մնացյալ տեղերը վրացերենն էր թագավորում:
Ահա հիշյալ երես առած քաղցրապարար աշակերտները շրջապատում էին ինձ և շաքարահացերով ու քաղցրեղեններով տրաքացնելով, խնդրում էին իրանց համար շարադրություն գրեմ, իրանց կրոնի ու հայոց լեզվի դասեր սերտացնեմ, այսինքն ես բառե-բառ կարդամ, իրանք թութակի նման առանց հասկանալու կրկնեն:

Սիրո զգացմունքով լցվում էր մարդ` Շանշյանցի երեսին նայելիս:
Սեր ու պատկառանք ներշնչում էր և գիմնազիայի կրոնի ուսուցիչ Տեր-Հովսեփ Օրբելլին:
Մի համեստ, մի քաղցրախոս հոգևորական էր նա: Ներսիսյան դպրոցում եղած ժամանակս Օրբելլուն ես երբեմնապես տեսնում էի Ներսես կաթողիկոսի մոտ գնալուս և գալուս, անունը շատ էի լսել և այդքան:
Այժմ գիմնազիայում ես արժանացել եմ նրա խորին ուշադրությանը, իբրև ամենալավ հայագետ գիմնազիստը` պատվերներ էի ստանում նրանից օգնել յուր աշակերտներին` դասերը պատրաստելու, որ և սիրով կատարում էի:
Հայր Օրբելլուն ոչ միայն ես, բոլոր աշակերտները հարգում էին, նրա դասերը շատ խաղաղ էին անցնում, մի տեսակ պատկառանք տիրում էր դասատանը Օրբելլու դասերին:
Եվ այսպես, երեք ամիս է, որ ես գիմնազիայի ունկնդիր եմ:
Ճաշում և քնում եմ վեհարանում: Հագուստս Ներսիսյան դպրոցի լայնաքղանցք կապեն է, իսկ գրքերս` ընկերներիս հները:
Փող չունիմ, միջոց չունիմ, դասական պիտույքի անհրաժեշտություն կա, Ներսես կաթողիկոսը բարկացած է, չի տալիս, ի՞նչ անեմ: Մելորվել ու պաշարվել եմ, գործ չի հառաջ գնում, եթե այսպես շարունակվի, երբեք չեմ կարող քննություն տալ:
Իմ տարաբախտությունից` Զատկից հետո կաթողիկոսը գնաց Էջմիածին, ես մնացի միանգամայն անտեր:

Ստիպվեցա թողնել գիմնազիան:
Լավ էր, որ այդ ժամանակ Ներսիսյան դպրոցի տերտերության պատրաստվող աշակերտ, Սոմխեթ գավառի Թոնեթ կոչված գյուղից Սարգիս Սարդարյանցը դիմեց ինձ և խնդրեց արձակուրդներին հետը գնալ իրանց գյուղը և պատրաստել իրան:
Եթե Սարդարյանցը չէր եղել, մտադրվել էի Թիֆլիսին հրաժեշտ տալ:

ԼԲ

Ամբողջ ամառն ազատ, անհոգ ճպռան նման օդ ծծեցի ու աշնան բերանին վերադարձա Թիֆլիս:
Առաջին գիշերը հյուրընկալվեցանք Սարդարյանցի ազգականի տանը, մյուս օրը նա գնաց Ներսիսյան դպրոց, ես մնացի փոցոցում:
- Էլ բավական է, անգործությունից գժվում եմ, - ասացի ես և մի օր բարև մնա տվի ամենքին, ֆուրգոն նստա և դեպի իմ ծննդավայրն` Աշտարակ:
Այդ դեպքում ես լսեցի և հնազանդվեցի Շանշյանցի խորհրդին, ոչ դեռ սպասում էր Ներսիսյան դպրոցում կաթողիկոսի անելիք կարգադրությանը:
1857 թ. Շանշյանցը ընդմիշտ թողնում է Ներսիսյան դպրոցը` Ջալալյան Սարգիս եպիսկոպոսի առաջնորդության օրով, Ներսեսի մահից հետո:
Սարգիս եպիսկոպոսը յուր հանախոհների հետ բանսար - կությամբ դեռևս, Ներսեսի կենդանությամբ էին իրանց որոգայթները լարել:
Այժմ քարն էլ է իրանց ձեռքին, ընկույզն էլ:

Ի՞նչ պետք է գործեր ինձ պես մի անգործ պատանի` Աշտարակում առանց ուրիշների օգնության:
Ընտանեկան դրություններս նեղ էր, հորս թողած 300 մանեթ պարտքի տոկոսը հազիվ կարողացել էր վճարել եղբայրս, ծախելով մեր պապական պարտեզը, մի ձեռք տները և մարագը, պարտքը մնացել էր պարտք, միակ այգու բերքով իրանք չորս հոգվով հազիվ ապրում էին, մայրս, եղբայրս և երկու քույրս, ես էլ հինգերորդն ավելացա:
Հարկավոր էր մի գործի կպչել:
Աշտարակումն այն ժամանակ մի ծխական դպրոց կար, գյուղական տիրացուներից մեկն ուսուցիչ էր, բայց ռուսերեն չգիտեր:
Գյուղացիք ժողովեցան, խորհուրդ արին և ինձ ընկերացրին Հովհաննես վարժապետին:
Ես ռուսերեն պետք է ուսուցանեի, նրանց հասկացողությամբ ես քաջ ռուսագետ էի:
Շուտով երկու ծայրն էլ ինձ մնաց, Հովհաննես վարժապետը չկամեցավ ինձանից ավելի գիտնականի հետ միասին ծառայել և թողեց ուսուցչությունը:
(Աշտարակցոց աչքերում նախկին պատմական յոթն իմաստուններից մեկը ես էի, Հովհաննես վարժապետն էր այսպես տարածել, խեղճն իր հետ համեմատությամբ էր կշռադատել):
Դեռ թագավորում էր ծննդավայրումս Շապուհ Շահնազարյանցի` որպես և առհասարակ` խալֆայականության սիստեմը:

Առավոտյան ժամին աշակերտներիս հետ ժամերգություն անելուց հետո, պարտական էի դպրոց մտնել, ուսում սկսել, մոտավորապես տասնումեկ ժամին արձակել ճաշելու, կերակուրը կոկորդներումը կրկին ժողովել և երեկոյան ժամից հետո ցրվել:
Քաջ գտնվեցա, առաջինն ես էի, որ կարողացա մի միջոցից հետո այդ սովորության հիմքը խախտել:
Մի ժողով արի աշակերտահայրերից, ասացի, խոսեցա և համոզեցի մտցնել հոգաբարձական կազմակերպություն:
Մինչև այդ օրը վարժապետի հարաբերությունն աշակերտաց ծնողաց հետ էր:
Տարեկան վճարքն երեք մանեթ էր, ամիսը 25 կոպեկ տասն անգամ խնդրելով ու գլուխ ծռելով ժողովելու էր ուսուցիչը ծնողներից, վարժապետը ինքը պետք է յուր ոտքով գնար դռները բախեր:
Յոթանասուն աշակերտ էին, այդքանի քառորդից եթե ուսուցիչը հաջողեր ամսավճար ստանալ, բարեբախտ էր, ապառիկի ծայրն երբեք չէր կտրվում:

ԽԱ

Ներսես կաթողիկոսն իր կենդանության օրով յուր անձի մեջ էր ամփոփել ամեն հոգևոր գործերը, Սինոդ, վիճակավոր առաջնորդներ, կոնսիստորիայք, հաջորդություն և այլն, բոլորն ինքն էր: Մի հատիկ արժանավոր գտավ Ներսեսն եպիսկոպոսացնելու և Թիֆլիսի առաջնորդ նշանակելու, այդ յուր խոսքով, Ջալալյան Սարգիսն էր, որ Ներսեսի մահից հետո ստանձնեց առաջնորդական կոչումն և պաշտոնը:

Եվ ահա, Սինոդի երկու անդամները Ներսեսի մահից հետո անսահման իշխանության տեր եղան և սկսեցին փոխել, փոխփոխել հանգուցյալ հայրապետի ամեն կարգադրություն - ները:
Անմիջապես ետ մղվեցին բոլոր աշխարհական կառավարիչները և փոխարենը վարդապետներ նշանակվեցին, գավառները լցվեցին տերտերներով, Էջմիածնի վարդապետ - ներն ավելացան և այլն:
Ուրիշների թվում մեր աշտարակցի Սիմոն աղան ևս ետ նստեց իր պաշտոններից:
Մողնու վանքն ունեցավ մի նոր վանահայր` Քյանդարյան Հակովբ վարժապետը, որը նաև լիազոր բարեկարգիչ կամ գործակալն էր Ապարանու, Կարբու և Թալինու կողմաց գյուղորեից, այսինքն` 70–ից ավելի գյուղերի, մի ամբողջ գավառակի կառավարիչ:
Քյանդարյան հայր-սուրբը կատարյալ աղա էր` թե նիստ ու կացով և թե գործով. "հարկս հարկավորաց, պատիվս արժանավորաց"` գիտեր յուրաքանչյուրին ըստ արժանանույն գնահատել:
Քաջ մարդաճանաչ էր Քյանդարյանը, ներս մտնողի գալուստը ճշտությամբ գուշակում էր և արժանի պատիվը տալիս:
Վարդապետի սիրտը լայն էր և սեղանը ճոխ:
- Ձեր հացն է, որդիք, ազգի հացն է` ազգի տունը, դուք ազգի որդիքը` մենք ազգի մշակները, ձեր բերած, ձեր կերած, մենք էլ ձեր շնորհիվ ապրում և օրհնում ենք ձեզ:
Այսպես էր սիրաշահում հայր-սուրբն ամեն այցելուի: Մողնու վանքի պատվելի ուխտավորներին հո գլխի վրա էր նստացնում:

Դատարկաբանություններ չեն պատմածներս, երկու բոլորակ տարի լի օրերը ցերեկներն Աշտարակու ուսուցչություն էի անում, իսկ գիշերները Մողնու վանքումը` գործակալի քարտուղարություն, կյուրակի և տոն օրերին միշտ Մողնի էի:
Հայր-սուրբը միայն իր ստորագրությունն էի դնում, մնացած պաշտոնական թղթերն ես էի գրում:
Իմ այս արդար քրտինքի համար ստանում էի երեք մանեթից, ոչ ավել, մի մանեթից ոչ պակաս:
Այս ամեն վարձատրությունները չնչին են այն մեծ և բարոյական վարձատրության հետ համեմատած, որ արեց ինձ հայր Քյանդարյանը` կարգելով քարտուղար:
Նա միջոց տվեց ինձ մոտից ծանոթանալ Արարատյան և Արագածոտն գավառների բնակիչների կյանքին և բնավորու -թյուններին, որոնք իմ երկասիրությունների էական մասն են կազմում:

ԽԲ

Մողնում Հակովբ վարդապետ Քյանդարյանի մոտ ես հանդիպեցա Թիֆլիսի առաջնորդ Ջալալյան Սարգիս արքեպիսկոպոսին:
Նա գալիս էր Էջմիածնի վեհաժողովից և գնում էր Ապարանով Սանահին:
Սարգիս եպիսկոպոսին մի քանի անգամ միայն հանդիպել եմ Թիֆլիսի վեհարանում:
Այն ժամանակ նա վարդապետ էր: Ներսես կաթողիկոսը նրան բոլոր հոգևորականներից առավել էր սիրում

և շարունակ ուղարկում էր օտար քաղաքներ հոգևոր գործերը քննելու և կարգի դնելու:
Վերջումը Ներսեսը Սարգսին միայնակ օծեց եպիսկոպոս:
Շատ էին միջնորդել, որ մի քանի ուրիշներին էլ հետը ձեռնադրեր, բայց կաթողիկոսը հակառակվել է` ասելով, ոչ, սա միակն է մեր հոգևորականության մեջ և միակ պիտի ձեռնադրեմ:
Թիֆլիսում Ջալալյանցը մի երկու անգամ հետս խոսեցավ և հավանեց: Այսքան է եղել մեր հանդիպումն և ուրիշ ոչինչ:
Միանգամայն զարմացավ և ուրախացավ Սարգիս եպիսկոպոսը, երբ ինձ գտավ Մողնումը, իսկ երբ պաշտոնս իմացավ և դրությունս, վճռական հրաման արձակեց ինձ թողուլ անմիջապես գործս և շտապել Թիֆլիս` առանց մտածելու ապրուստի և օթևանի մասին, Թիֆլիսի առաջնորդարանի սենյակներից մի հարմարավուն և մի կտոր հացը պատրաստ էր ինձ համար:
- Գիտե՞ք, հայր վարդապետ, - դարձավ նա դեպի գործակալը, - ձեզ մոտ գրագրի ստորին պաշտոնով պահում եք մեր ընդունակ երիտասարդներից մեկին, հանգուցյալ Ներսես կաթողիկոսը սրա մեջ մի շնորհք էր տեսնում, նա ասում էր, որ չի կարող անհայտ ապագա ունենալ: Իմ սիրտս նույնպես վկայում է, որ սա անհայտության մեջ մեռնողներից չի լինելու:
- Էլ չմնաս, վեր կաց շուտով արի Թիֆլիս, մինչև օգոստոսի 15 – ը այնտեղ կլինեմ և քեզ կսպասեմ, - հրամայեց ինձ:
Հուլիսի վերջերին հրաժարական տվի մորս և մերայնոց:

Ծ

Տեր-Հովսեփյանցը գիմնազիոնում վերակացու և ուսուցիչ էր, յուր մոտ թոշակավոր գիշերօթիկներ էր պահում, նա ինձ տարավ յուր առանձնասենյակը, ձեռքով յուր գրադարակը ցույց տվեց ու ինքը գնաց աշակերտներին դասեր պատրաստել տալու:
Հետաքրքրությունս շարժեց սեղանի վրա դրված նոր գիրքը, վերցրի, վերնագիրը կարդացի ու ինքս վերացա, սառած մնացի:
Առաջին անգամն էի տեսնում այդ գիրքը:
Խաչատուր Աբովյանցի "Վերք Հայաստանին" Էր:
Աբովյանցի անունն ինձ անծանոթ չէր, ով կարդացել է 1889 թվի "Արձագանք շաբաթաթերթի հունվարի համարները, նա գիտի, որ ես Աբովյանցին անձամբ ճանաչում եմ մանկության օրերս, երբ նա Աշտարակ էր եկել` մեր դպրոցն այցելության:
Երբ գիրքը բոլորովին վերջացրի, այն ժամանակ միայն կողքիս կանգնած տեսա Տեր-Հովսեփյանցին և գոչեցի.
- Ի՞նչ է այս, պարոն Հովհաննես, ի սեր մարդասերին, ասացեք, ի՞նչ է անում Աբովյանցը, էս ինչ նորանշան և սքանչելի երևույթ է մեր նոր գրականության մեջ, մինչև օրս ո՞ւր է թաքնված էս անգին գանձը:
- Այո, ուղիղ ես ասում, - գլուխը շարժելով պատասխանեց ինձ Տեր-Հովսեփյանցը, - միայն դու չես, շատ շատերի վրա միևնույն տպավորությունն է արել "Վերք Հայաստանին": Նույն ազդեցության ներքո Փոնդոյանցը իր ծախքով հրատարակեց այս գիրքը:

- Բայց ընչի՞ հետևողներ չունենա սա, ընչի՞ զուրկ պահել մեր հասարակության մեծագույն մասը ընթերցասիրությունից:
- Ամենքը միաբերան քո կարծիքին են, սակայն ո՞ւր են գործը ձեռնարկողներ, հեշտ բան չէ:
- Փորձելը հանցանք հո չէ:
- Ի՞նչ է դիտավորությունդ, - թերահավատական ժպիտով հարցրեց ինձ Տեր-Հովսեփյանցը, - այ տղա, ես քո աչքերի մեջ մի տեսակ վճռական հաստատամտություն եմ նկատում, չիցե՞ միտք ունես ուժդ փորձելու, Աշտարակը քեզ համար առատ նյութ է, ախ, երանի թե հաջողեիր: Քեզ տեսնեմ, մեր Աշտարակը Քանաքեռից պակաս չէ, Աբովյանցն իր ծնած տեղը անմահացրեց, դու էլ մերն անմահացրու: Մի վախիր, սկսիր, որքան թերի լինի, մեզ ընդունելի է, պետք է հայ լեզվի մեջ մի արմատական հեղափոխություն անել, շատ ճշմարիտ է նկատել Աբովյանցը, գրաբարով սերունդ չես կրթիլ:
- Լիակատար հաջողություն չեմ խոստանում, բայց ահա իմ ձեռքս, ես Աբովյանցին աշակերտելու և հետևելու եմ:
- Ցանկանում եմ կատարյալ հաջողություն, միայն չմոռանանք, որ ընթրիքը սառչում է, գնանք, այնտեղ գինու ազդեցության տակ, մեր խոսակցությունը կշարունակենք:
Ընթրիքը վերջացավ, իսկ մենք դեռ Աբովյանցի ոսկորներն էինք անհանգիստ անում:
Տեր-Հովսեփյանցն ինձ խաղաղ քուն և բարի գիշեր մաղթեց, հեռացավ, ես երկրորդ անգամ սկսեցի կարդալ "Վերք Հայաստանին":

Աքաղաղը հինգ բերան կանչել էր, որ տեղս մտա: Քնի մեջ շարունակ Աշտարակումն էի ման գալիս:
Հետևյալ առավոտը Տեր-Հովսեփյանցը դարձյալ հիշեցրեց ինձ երեկյան խոստումս:
- Լավ, լավ, անպատճառ, անպատճառ, ցտեսություն…
Խանութից թուղթ ու թանաք գնեցի, փռնչու մոտից հինգ կոպեկի հաց առա և ողջ օրը սենյակից դուրս չեկա:
Ծունկս սեղան էի շինել և գրում էի:
"Սոս և Վարդիթերն" էի գրում:

ՎԵՐՋ

Արփեն Մովսեսյան Հայից Հայ - Պերճ Պռոշյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13152 | 0
01:01, 08.12.2017
30011 | 0
23:45, 27.08.2017
21804 | 0
yukarı