MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Yarın:+19 °C
Հովհաննես Այվազովսկի
12:09, 18.07.2014
11355 | 0

Այսօր աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է: Նա ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, հայ առևտրականի ընտանիքում: Հովհաննեսը ընտանիքում երրորդ, կրտսեր արու զավակն էր՝ Գրիքոր և Գաբրիել որդիներից հետո: Բոլորն էլ, ինչպես և նրանց Հռիփսիմե մայրը, մկրտվել էին Թեոդոսիայի հայոց Ս.Սարգիս եկեղեցում՝ հայ լուսավորչական դավանանքով:
Այվազովսկու նախնիները 18-րդ դարում Արևմտյան Հայաստանից բազմահազար հայերի հետ գաղթում են Լեհաստան: Հետագայում, հարազատ եղբայրների միջև ծագած անհամաձայնության պատճառով, նկարչի հայրը երիտասարդ հասակում տեղափոխվում է Մոլդովիա, այնտեղից էլ՝ Բուկովիա, իսկ 19-րդ դարի սկզբներին մեկնում է Ղրիմ, որտեղ, հանդիպելով հայուհի Հռիփսիմեին, ամուսնանում է նրա հետ և մշտական բնակություն է հաստատում Թեոդոսիայում:
Իրենց ազգանվանը կցելով "սկի" լեհական վերջավորությունը, Այվազյանները որոշ ժամանակ պահպանել են "Գ" սկզբնատառը և գրվել են Գայվազովսկի: Այդ "Գ"-ն մնացել էր ռուսերենում գոյություն չունեցող Հ տառի վերահնչյունավորումից: Այդ պատճառով "Հայվազ" ազգանունը գրվել է "Գայվազ": Հետագայում Այվազովսկիները նետում են "Գ" տառը և սկսում են գրվել ավելի բարեհնչյուն ձևով՝ Այվազովսկի:
Հովհաննես Այվազովսկու մանկությունն ու պատանեկությունը անցնում է Թեոդոսիայում: Թեոդոսիան այն ժամանակ մի փոքրիկ, ծայրգավառային առևտրական քաղաք էր: Բնակչության մեծ մասը հայեր էին: Այդ պատճառով շատ բնակավայրեր կոչվում էին հայկական անուններով, ինչպես, օրինակ, "Սուրխաթ" ("Սուրբ Խաչ"), "Չարխափան", "Արմյանսկ", "Արմյանսկի Բազար" և այլն:
Հովհաննես Այվազովսկին իր նախնական կրթությունը ստանում է ծննդավայրում: Ութ տարեկան հասակում նա սկսում է հաճախել Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցուն առընթեր ծխական դպրոցը: Դա տարական դպրոց էր, ուր երեխաներին սովորեցնում էին հայոց և ռուսաց լեզուներ, քերականություն, թվաբանություն, կրոն, ծանոթացնում աշխարհագրության և հայոց պատմության հետ: Այստեղ նա սովորում է 5 տարի: Այդ տարիների ընթացքում Հովհաննես Այվազովսկին ստանում է հայկական կրթություն և ընդհանուր տեղեկություններ հարազատ ժողովրդի պատմության, մշակույթի և անցյալի գործիչների մասին:
Վաղ հասակից նրա մեջ հետաքրքրություն է առաջանում նկարչության և երաժշտության նկատմամբ: Նկարում էր ձեռքն ընկած գրքերի, թերթերի վրա, իսկ երբեմն նաև, կավիճով կամ ածուխով, շենքերի պատերին:
Վաղ հասակում երաժշտասեր պատանին ինքնուրույնաբար սովորում է ջութակ նվագել և այնքան լավ է նվագում, որ մի անգամ փողոցով անցնող քաղաքագլուխ Կազնաչևը, պատահաբար լսելով նրա նվագը, "քնքշաբար խնդրեց շարունակել և գովեց նրան", ինչպես գրված է "ՀցրրՍՈÿ րՑՈՐՌվՈ" գրքում:
Պատանու նկարչական թոթովանքները գրավում են Թեոդոսիայի ճարտարապետ Կոխի ուշադրությունը: Տեսնելով նրա աշխատանքները՝ ճարտարապետը խորհուրդներ է տալիս նրան, ծանոթացնում է նկարչության՝ հատկապես հեռանկարչության, ծավալայնության և լուսաստվերների նախնական գիտելիքների հետ:
Մանուկ Հովհաննեսի դպրոցական տարիները անցնում են նյութական ծանր, աննպաստ պայմաններում: Չնայած դրան՝ Հովհաննեսը, սակայն, երբեք չի թողնում իր սիրած նկարչությունը:
Ճարտարապետ Կոխը, որը սիրում էր պատանուն և հետևում նրա մանկական աշխատանքներին, մի անգամ նրա գծանկարները տանում և ցույց է տալիս քաղաքապետին: Քաղաքապետ Ա. Ի. Կազնաչևը, որը կիրթ և զարգացած մարդ էր, նկատելով արտակարգ ընդունակությունները այդ համեստ, աշխատասեր ընտանիքի փոքրիկ անդամի նկարներում, ցանկություն է հայտնում տեսնել նրան: Հաջորդ օրը պատանի Հովհաննեսը, հոր և ճարտարապետ Կոխի ուղեկցությամբ, մի քանի նոր նկարներ ձեռքին, ներկայանում է Կազնաչևին: Վերջինս ուշադիր դիտելով նկարները, հայտնում է իր գոհունակությունը, խրախուսում է նրան և նվիրում ջրաներկերի մի տուփ ու նկարչական թղթեր: Ապա ծանոթացնելով իր որդու հետ, առաջարկում է հաճախ այցելել իրենց տուն: Այդ օրվանից Հովհաննեսը դառնում է այդ քաղաքակիրթ ընտանիքին հաճախ այցելող հյուրերից:
1830 թվականին Կազնաչևը նշանակվում է Ղրիմի նահանգապետ և ընտանիքով տեղափոխվում է Սիմֆերոպոլ: Նա իր հետ տանում է նաև Հովհաննես Այվազովսկուն:
Նրա արվեստով գրավված իշխանուհի Նատալյա Նարիշկինան՝ Աքսորված դեկաբրիստ Նարիշկինի կինը, մտահոգվում է նրան հիմնավոր կրթություն տալու խնդրով: Որոշ ժամանակ անց 14-ամյա Հովհանեսսը ընդունվւմ է Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայի առաջին դասարան:
Մեկ տարի անց՝ 1833 թվականի մայիսի 8-ին, նկարչի հայրը գրավոր դիմում է Սիմֆերոպոլի գիմնազիայի վարչությանը, որ իր որդուն տան ուսման մեջ ունեցած հաջողության վկայական, որպեսզի ընդունվի Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիա: Այդ դիմումի համաձայն 1833 թվականի հունիսին տրվում է հետևյալ տեղեկանքը."Տավրիկյան գիմնազիայի 2-րդ դասարանի աշակերտ, քաղքենիական կոչում ունեցող Իվան Գայվազովսկին, 1831 թ. օգոստոսի 15-ից ընդունվելով Տավրիկյան գիմնազիային, սովորել է այստեղ առաջին երկու դասարաններում մինչև ներկա թվականը: Ինչպես երևում է ուսուցիչների վկայությունից, ռուսերենքերականությունից և աշխարհագրությունից, հանրահաշվից և երկրաչափության նախնական հիմունքներից, գերմաներեն լեզվի նախնական կանոններից ունեցել է բավականաչափ հաջողություն, լատիներեն և ֆրանսերեն լեզուների նախնական կանոններից՝ լավ, կենդանաբանությունից և գծանկարչությունից՝ շատ լավ, ընդհանրապես գծանկարչության արվեստից՝ գերազանց հաջողություններ": Նույն տարվա հուլիսի 9-ին Հովհաննես Այվազովսկին ընդունվում է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա: Ակադեմիայում Հովհ. Այվազովսկին սովորել է Մաքսիմ Նիկիֆորովիչ Վորոբյովի դասարանում:
1835 թվականին ցարը Պետերբուրգում աշխատելու է հրավիրում ֆրանսիացի ծովանկարիչ Ֆիլիպ Տաներին: Ցարը դիմում է նաև գեղարվեստի ակադեմիայի պրեզիդենտին՝ նրանից պահանջելով "հարմար թեկնածու" Տաներին աշակերտելու համար: Պրեզիդենտ Օլենինը տալիս է Այվազովսկու անունը: Տաները դիտում է Այվազովսկու աշխատանքները և ընդունում նրան իր արվեստանոցում որպես աշակերտ: Տաները մեծ ուշադրություն չի դարձնում իր աշակերտի վրա: Ընդհակառակը, նա օգտվում է Այվազովսկու ճշտգրիտ Էսկիզներից և նրանց հիման վրա նկարված նկարները վաճառում է ազնվատոհմիկներին: Նույն թվականին Այվազովսկին, առանց Տաների իմացության, իր նկարներից մի քանիսը ցուցադրում է ակադեմիական ցուցահանդեսում: Տաները գանգատվում է ցարին, և ցարը հրամայում է ցուցահանդեսից հանել Այվազովսկու նկարները: Հենց այդ ժամանակ նվաստացած Այվազովսկուն մխիթարեցին և հուսադրեցին ռուս մտավորականները: Նրան այցելում և մխիթարության խոսքեր են ասում հայտնի բանաստեղծ Ժուկովը, առակագիր Կռիլովը: Նրանք խորհուրդ են տալիս Այվազովսկուն չդադարել նկարել: Նույն տարում Տաները մեկնում է Փարիզ:
Հաջորդ տարվա գարնանը ակադեմիայի պրոֆեսոր Զաուերվեյդը ցարի մոտ համարձակորեն արտահայտվում է. "Ակադեմիստ Այվազովսկին Տաներից վատ չի նկարում": Եվ չվախենալով ցարի դեմքի դժգոհ արտահայտությունից՝ ավելացնում է, որ Տաներն է նրան պատկերել սև գույներով, և նրա սուտ ցուցումներով Այվազովսկու նկարները հանվել են ցուցահանդեսից: Ցարը ցանկանում է տեսնել Այվազովսկու այն նկարները, որոնք հանել են ցուցահանդեսից: Հաջորդ օրը ցարը ուշադիր դիտում է նրա նկարները և շատ գոհ է մնում: Նա կարգադրում է վճարել երիտասարդ նկարչին 1000 ռուբլի թղթադրամ և նշանակել նրան ուղեկցող իր որդուն՝ Կոստանդինին, Բալթիկ ծովում նախատեսված փորձնական զորավարժության ժամանակ: 1830 թվականի կեսերին Ռուս մեծանուն նկարիչ Բրյուլովը Այվազովսկուն ներգրավում է "Եղբայրություն" խմբակը, որի անդամներից էին կոմպոզիտոր Գլինկան, գրողներ Չերնիշևը, Յանենկոն և շատ ուրիշ մեծանուն արվեստագետներ: Այս խմբակի հավաքույթների ժամանակ Այվազովսկին վերջնականապես ձևավորում է իր գեղարվեստական ճաշակը: Այդ հավաքույթների ժամանակ Այվազովսկին նաև նվագում և երգում էր հին ղրիմական երգեր, որոնցից մի քանիսը հետագայում Գլինկան օգտագործում է "Ռուսլան և Լյուդմիլա" օպերայում:
Ամռան ամիսներին Այվազովսկին մասնակցում է Բալթիկ ծովի ռուսական նավատորմի փորձնական զորավարժություններին: Գտնվելով ռազմանավի վրա՝ նա մոտիկից տեսնում և ուսումնասիրում է ռազմանավերի շարժումը ծովի ալիքների մեջ:
Այդ զորավարժություններից վերադառնալուց անմիջապես հետո Այվազովսկին նկարում է "Մեծ նավատորմը Կրոնշտադտում" կտավը և մի քանի ծովանկար, որոնք ներկայացնում է ակադեմիայի վարչությանը: Բարձր գնահատելով ուսանողի առաջադիմությունը՝ գեղարվեստի ակադեմիան որոշում է նրան պարգևատրել երկրորդ կարգի ոսկե մեդալով:
1836 թվականի ակադեմիայի աշնանային ցուցահանդեսում Այվազովսկին հանդիպում է Պուշկինին: Ժամանակակիցները պատմում են, որ այդ հանդիպումից հետո Այվազովսկին նոր աշխուժությամբ է լծվում աշխատանքին:
Այդ ցուցահանդեսի ժամանակ Այվազովսկուն անունը հաճախ հայտնվում է մամուլի էջերում:
Հաջորդ տարվա ապրիլին թագաժառանգ Կոստանդինը, որին նկարիչը ուղեկցել էր Բալթիկ ծովում ռազմանավերի զորավարժությունների ընթացքում, ցանկություն է հայտնում գնել ոսկե մեդալով պարգևատրված և արդեն ակադեմիային պատկանող նկարը: Նկարիչը նկարում է այդ կտավի պատճենը և այն հանձնում պատվիրատուին:
1837 թվականին նկարած "Անդորրությունը" կտավի համար պարգևատրվում է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալով: Նույն թվականին ակադեմիայի վարչությունը որոշում է կայացնում Այվազովսկուն երկու տարով, որպես ակադեմիայի թոշակառու, ուղարկել Ղրիմի թերակղզի, ուր պիտի նկարեր նոր ծովանկարներ: Դրա համար անհրաժեշտ էր ստանալ ակադեմիայի հովանավորի՝ ցարի համաձայնությունը: Դիմումից հետո չորս ամիս անց ստացվում է ցարի պատասխանը, որը թույլ է տալիս Այվազովսկուն մեկ տարով մեկնել Ղրիմ, բայց ոչ որպես ակադեմիայի թոշակառու: Նույն հրամանագրով ցարը ցանկանում է գնել Ակվազովսկու 7 կտավներ, նրանց համար վճարելով 3.000 ռուբլի: Այս որոշումով երկու տարով կրճատվում է Այվազովսկու դասընթացը: 1838 թվականի մարտի սկզբներին Այվազովսկին մեկնում է հայրենի Ղրիմ:
Գարնա սկզբներին Այվազովսկին արդեն Թեոդոսիայում էր: Մեկ տարի շարունակ Այվազովսկին նկարում է Ղրիմ փարթամ բնությունը:
Այդ ժամանակ Այվազովսկին նկարում է չորս մեծ կտավ: Այվազովսկին նաև հրավեր է ստանում մասնակցել Սև ծովում կատարվելիք զորավաժություններին: Զորավարժությունները վերջանում են հուլիս ամսին: Այդ ընթացքում նկարիչը նկարում է մի քանի էսքիզներ և փոքրիկ կտավներ:
Սակայն այդ շրջանում վերջանում են Այվազովսկու դրամական միջոցները և նա ստիպված նամակով դրամական օգնություն է խնդրում ակադեմիայի վարչությունից:
Այվազովսկու կյանքի ամենբեղմնավոր շրջաններից է Ղրիմում անցկացված արձակուրդները, որոնց ընթացքում նկարիչը նկարում է ավելի քան 20 մեծ կտավ:
Հաջորդ տարվա հուլիսին ակադեմիայի որոշմամբ Այվազովսկին և մի քանի այլ նկարրիչներ գործուղվում են արտասահման: Հուլիսի 20-ին Այվազովսկին մեկնում է Իտալիա: Նա հանդիպում է ունենում Մխիթարյան միաբանների հետ, հանդիպում է և’ ռուս, և’ այլ ազգերի մեծագույն արվեստագետներին: Այստեղ Այվազովսկին վերջնականպես մշակում է իր գեղարվեստական ճաշակը:
Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ընթացքում նկարում է բազմաթիվ հիանալի ծովանկարներ, որոնք տեղ են գտել Պետերբուրգի, Մոսկվայի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Երևանի և շատ ուրիշ քաղաքների թանգարաններում: Նա իր կյանքի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ կայսերական ընտանիքներից և բազնաթիվ պետությունների գեղարվեստների ակադեմիաների կողմից: Հայ մեծանուն նկարիչը պարգևատրվել է նաև Թուրքական կառավարության կողմից: Մի առավոտ Այվազովսկին արթնանում է ծանր զգացումով: Մի քանի անգամ սենյակում շրջելուց հետո վերցնում է թուրքական շքանշաններն ու մեդալները և իր հավատարիմ շան հետ գնում է դեպի ծովափ: Թեոդոսիայի ողջ բնակչությունը հետևում է այդ մեծ մարդուն: Հասնելով ափ՝ նկարիչը շքանշանները կախում է շան պարանոցից, նավակ է նստում և բավականին հեռանալով ափից՝ հանում է դրանք շան վրայից և նետում անհատակ ծովը: Ստիպում է շանը լողանալ ծովի մաքուր ջրում, որպեսզի հավատարիմ կենդանին էլ մաքրվի դրանցից: Լվանալով իր ձեռքերը՝ Այվազովսկին վերադառնում է ափ, անցնում ապշահար ամբոխի մեջով, մտնում է իր արվեստանոցը և սկսում է նկարել: Հաջորդ առավոտյան նրա արվեստանոցի պատից կախված էր "Հայ ժողովրդի ջարդը Տրապիզոնում" անմահ կտավը…Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում: Ստեղծել է վեց հազարի հասնող կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան:

Հ. Այվազովսկին իր աշխատանքներում խորապես զգում էր բնությունը, հիանալի որսում էր ջրի խաղերը, նրա երանգների փոփոխությունները: Նա ծովը զգում էր կրքով, իր ամբողջ էությամբ: Կարևոր հատվածներն արել է լուսային էֆեկտներով;

Այվազովսկու ներկապնակը եղել է հարուստ, սակայն եղել են պատկերներ, որոնց վրա աշխատել է 3-5 գույով: Նրա պատկերները ներաթափանցված են խորը հայրենասիրությամբ և հումանիզմով:

Մեծ ծովանկարիչը թաղված է Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցու բակում։ Շիրմաքարի մակագրությունը քաղված է Մովսես Խորենացու ‹‹Հայոց պատմությունից››` ‹‹Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող››։

Այվազովսկու մահից հետո կինը` (երկրորդ) Աննան, դադարել էր տանից դուրս գալ` որպես սգո նշան: 25 տարվա ընթացքում նա ոչ մի անգամ չի հեռացել իր բնակարանից: Նա միայն ամեն գիշեր գնում էր ծովափ և նստում նույն նստարանին, որը տեղի բնակիչները սկսել էին անվանել «Աննա Այվազովսկու նստարան»:
Այվազովսկին ունի հարազատներին ու բարեկամներին պատկերող դիմանկարներ, ինքնանկարներ, գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ։ Նա բարերար ազդեցություն է գործել ռուսական գեղանկարչության վրա։ Նրա արվեստին հետևել են ռուս նկարիչներ Լ. Ֆ. Լագորիոն, Ռ. Գ. Սուդկովսկին, Ա.Պ. Բոգոլյուբովը, Ա. Ի. Կուինջին, ծովանկարչի երեք թոռները՝ Մ. Պ. Լատրին, Ա. Ե. Գանզենը, Կ. Կ. Արցեուլովը և ուրիշներ։

Խոշոր են Այվազովսկու ծառայությունները հայ մշակութային կյանքում։ Գեղանկարչության մեջ առաջին անգամ նա է պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան հովիտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները։ Նրա «Թիֆլիսի տեսարան» –ը (1868) հայ կենցաղային ժանրի առաջին նկարներից է։ Հայաստանի նկատմամբ Այվազովսկու տածած սերը արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը» (1882, մասնավոր հավաքածու), «Արարատ» (1868, 1887), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքամ» (1895) և այլ կտավներում։ Ծովանկարչության բնագավառում նրա անմիջական խորհուրդներով առաջնորդվել են Մ. ճիվանյանը, Մ. Մահտեսյանը, Վ. Մախոխյանը։ Նրա արվեստը որոշակի ազդեցություն է ունեցել Գ. Բաշինջաղյանի ստեղծագործության վրա։

Այվազովսկու նկարները պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում։ Նրա գործերի խոշոր հավաքածուներից է Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի ֆոնդը։ Հարուստ է նաև Հայաստանի պետական պատկերասրահի՝ Այվազովսկու նկարների հավաքածուն («Չումակները», 1857, «Գիշերը Կոստանդնուպոլսում», 1862, «Նեապոլի ծովածոցը միգապատ առավոտյան», 1874, «Փոթորիկը ծովի վրա», 1876, «Նոյը իջնում է Արարատից», 1887, «Անդորրություն», 1892 և այլն) ։
Այվազովսկի գործունեությունը նպաստել է հայ և ռուս ժողովուրդների մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Ինչպես ամեն մի մշակութային խոշոր երևվույթ, նրա արվեստը արտացոլել է իր ժամանակի առաջադիմական գաղափարները...





Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8396 | 0
yukarı