MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Yarın:+18 °C
Դեմքի մաշկն առողջացնող դիմակներ
21:24, 12.05.2016
16125 | 0

Պայմանավորված մաշկի վիճակով՝ դիմակների բաղադրության մեջ, բացի ճարպային ու փոշենման հիմքից, ներմուծվում են նաև վարակազերծող, փափկեցնող, չորացնող, սպիտակեցնող նյութեր, վիտամիններ, հորմոններ ու դեղաբույսեր: Դրանցից որոշները կարելի է ինքնուրույն պատրաստել:


Դիմակը դնելուց առաջ դեմքի ու պարանոցի մաշկը պետք է խնամքով սրբել (լվանում ու տրորում են լոսիոնով), մազերը հավաքել ու հագուստից ազատել պարանոցն ու կրծքի վերին հատվածը: Դիմակը դնելուց հետո ավելի լավ է պառկել՝ ոտերը մի քիչ բարձր դիրքով ու աչքերը փակած հանգստանալ, որպեսզի դեմքի մկանները թուլանան: Դիմակ պետք է դնել շաբաթական 2-3 անգամ:

Սպիտակուցային դիմակն օգտակար է թառամած, խամրած կամ լայնացած ծակոտիներով ճարպոտ դեմքի համար: Հավկիթի սպիտակուցը գործվածքային վիրախծուծով 3 անգամ քսվում է նախապես մաքրված, սրբված դեմքին: Եթե մաշկը շատ է յուղոտ, լավ կլինի սպիտակուցին ավելացնեք քաֆուրի (կամֆորա) սպիրտ (մեկ հավկիթին՝ 10 կաթիլ) կամ կիտրոնի հյութ (թեյի մեկ գդալ): 15-20 րոպե անց տաք ջրով լվացվեք:

Դեղաբույսերով պատրաստված դիմակները ևս թառամած կամ ճարպոտ մաշկին օգտակար են, որովհետև դրանք մաշկը չորացնում են ու պայքարում բորբոքումների դեմ: Խյուսը պատրաստվում է չորացված բույսերից (արևքուրիկ (զվերոբոյ), եղեսպակ (շալֆեյ), կատվալեզու (չերեդա), գայլուկ (խմել), վարդի առէջներ, մաղադանոս և այլն): ճաշի երկու գդալ խառնուրդի վրա եռման ջուր լցրեք ու մարմանդ կրակով 2-3 րոպե եփեք: Թրմված զանգվածը քսեք մառլյային ու 2-3 անգամ դրեք ձեր դեմքին՝ ամեն անգամ այն թուրմով խոնավացնելով: 20 րոպե անց լվացվեք (նախ՝ տաք, ապա՝ սառը ջրով):

Վաղինակից (կալենդուլա) պատրաստված դիմակը դեմքի մաշկը լավ է չորացնում և ունի ոչ միայն հակաբորբոքայի ազդեցություն, այլև արդյունավետ միջոց է մաշկային ճարպի դեմ: Կտորի բարակ շերտը թաթախեք խառնուրդի (կես բաժակ ջրին՝ ճաշի մեկ գդալ թուրմ) մեջ, դրեք ձեր դեմքին ու թողեք 20 րոպե մնա: Լուծույթին կարելի է ավելացնել վարսակի կամ ցորենի այնքան ալյուր, որ թթվասերի նման դառնա: Այս խյուսը քսվում է դեմքին ու հեռացվում է տաք, ապա սառը ջրով:

Դեղնուցամեղրային դիմակներն օգտակար են չոր, թառամող կամ նորմալ մաշկին: Դրանք պարունակում են վիտամիններ, ճարպաթթուներ, ամոնիակաթթուներ և այլ արժեքավոր սնուցող նյութեր: Դիմակ պատրաստելու համար հավկիթի դեղնուցը հարում են մեղրի (ճաշի մեկ գդալ) հետ: Խառնուրդի փափկեցնող ներգործությունն ուժեղացնում է մեկ ճաշի գդալ բուսական յուղը (ձիթայուղ, եգիպտացորենի յուղ): Խառնուրդը քսում եք սնուցող քսուքով պատված դեմքին (երեք շերտ): 20-12 րոպե անց քսուքը հեռացնում եք տաք ջրով թրջված վիրախծուծով: Մեղրային դիմակը կարելի է նաև այլ ձևով օգտագործել: Դրա համար, օրինակ, մի որևէ սնուցող քսուքի ու մեղրի խառնուրդին (15-20-ական գրամ) ավելացնում եք կիտրոնի մի քանի կաթիլ հյութ ու լավ խառնում եք կամ էլ հավասար քանակության մեղրը, ցորենի թեփն ու կես կիտրոնի հյութը խառնում եք ու ջրով կամ գոլորշով տաքացնելով` լավ հարում:

Չոր մաշկի դեպքում արդյունավետ է ճաշի երկու գդալ մեղրի ու ճաշի մեկ գդալ կաթնաշոռի տաքացված խառնուրդը:

Չոր, նորմալ կամ թառամած մաշկին օգտակար են նաև դեղնուցաճարպային և մեղրագլիցերինային դիմակները: Դրանք քսում և հեռացնում են այնպես, ինչպես դեղնուցամեղրային դիմակները:

Դեղնուցաճարպային դիմակ. դեղնուցին խառնում եք ճաշի մեկ գդալ արևածաղկի տաքացված յուղ (չզտված), որից հետո ավելացնում եք թեյի մեկ գդալ եռման ջուր ու նույնքան կիտրոնի հյութ:

Հավկիթի դիմակ. հարած հավկիթը քսում եք դեմքին ու հեռացնում եք սառը ջրով թրջված վիրախծուծով:

Մեղրագլիցերինային դիմակ. թեյի մեկական գդալ մեղրն ու գլիցերինը և թեյի երկու գդալ ջուրը լավ խառնում եք, ապա խառնուրդին քիչ-քիչ ավելացնում եք թեյի մեկ գդալ վարսակի կամ ցորենի ալյուր ու նորից խառնում եք՝ այնքան, որ միասեռ զանգված գոյանա: Գլիցերինը կարելի է փոխարինել թեյի երեք գդալ օղիով, բայց այս դեպքում ջուրն ավելորդ է:

Խմորիչային (դրոժեվայա) դիմակն օգտակար է ցանկացած մաշկի: Այն բարելավում է մաշկի արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը, նվազեցնում է դրա թառամությունը, մաքրում է ծակոտիները: Նորմալ մաշկի համար 10-15 գրամ խմորիչը լուծում եք տաք կաթի մեջ, իսկ ճարպոտ մաշկի դեպքում խմորիչը լուծում եք ջրածնի պերօքսիդի 3 տոկոսանոց լուծույթում (այս դեպքում դիմակը նաև ճերմակեցնում է), չոր մաշկի դեպքում խմորիչին բուսական յուղ եք խառնում: Ստացվում է թանձր թթվասերին նմանվող զանգված: Դիմակը մաքրում եք 10-20 րոպե անց, սկզբում՝ տաք, ապա՝ սառը ջրով:

Մրգահատապտղային ու բանջարեղենային դիմակները նույնպես ցանկացած մաշկի շատ օգտակար են, որովհետև պարունակում են վիտամիններ, ածխաջրեր, երկաթ և այլ նյութեր: Դրանք ունեն թարմացնող, մաքրող ու ճերմակեցնող ազդեցություն:

Թարմ հատապտուղները (մորի, ելակ, իծամորի կամ վայրի ելակ և այլն), մրգերը (խնձոր, խաղող, կիտրոն և այլն) ու բանջարեղենը (վարունգ, կաղամբ, լոլիկ) լավ լվանում եք, կեղևահանում ու գդալով (ցանկալի է՝ փայտե գդալով) լավ ճզմում կամ քերիչով քերում: Ստացված հյութով ու խյուսով ներծծում եք աչքերի համար բացվածք արված մառլյան, ապա թեթևակի քամում եք ու դնում նախապես սնուցող քսուքով պատված դեմքին: 15-20 րոպե անց դիմակը տաք ջրով լվանում եք: Հատապտուղներում առկա գրգռող թթուների ազդեցությունը նվազեցնելու համար խյուսին հավասար չափաբաժնով սերուցք, հավկիթի դեղնուց կամ թթվասեր եք խառնում (չոր մաշկի դեպքում), ապա խյուսին կաթիլ առ կաթիլ թեյի մեկ գդալ մրգահատապտղային կամ բանջարեղենային հյութ եք հավելում: Այս դեպքում խյուսն ուղղակի քսում եք ձեր դեմքին: Մաքրում եք վիրախծուծով կամ տաք ջրով, ապա սնուցող կրեմ եք քսում (բարակ շերտով):

Մաշկի ճերմակեցման համար օգտակար են ստորև ներկայացվող դիմակները:

Մեղրակիտրոնային դիմակ. ճաշի երկու գդալ մաքուր մեղրին խառնում եք մեկ կիտրոնի հյութը, աչքերի, քթի ու բերանի համար բացվածք արված մառլյան ներծծում եք խառնուրդով ու դնում եք դեմքին՝ ընդհանուր առմամբ 15-20 րոպե: Այս ընթացքում դիմակը 2-3 անգամ վերստին ներծծում եք խառնուրդով: Լվացվում եք տաք ջրով:

Կաթնաշոռային դիմակը սնուցում ու թեթևակի ճերմակեցնում է մաշկը: Այն հետևյալ կերպ են պատրաստում: Եթե ձեր մաշկը չոր է, ապա ճաշի երկու գդալ թթվասերին խառնում եք ճաշի մեկ գդալ կաթնաշոռ, իսկ ճարպոտ մաշկի դեպքում պետք է ճաշի մեկ գդալ կաթնաշոռին այնքան թթված կաթ խառնել, որ թթվասերի նմանվող թանձր զանգված ստացվի: Կարելի է նաև թեյի մեկ գդալ աղ խառնել: Քսուքը դեմքին պետք է 15-20 րոպե մնա, ապա մաքրվի` սկզբում տաք, այնուհետև սառը ջրով:

Դեմքի գունակումը (պիգմենտացիա) վերացնող ու լավ ճերմակեցնող դիմակներ

Վարունգի հիմքով դիմակ. թարմ վարունգը քերեք ու խառնեք ճաշի մեկ գդալ սնուցող քսուքի հետ, կամ էլ ճաշի մեկ գդալ վարունգի հյութը խառնեք թեյի մեկ գդալ բորակին: Քսուքը պետք է մաքրել 20-30 րոպե անց:

Կիտրոնի հիմքով դիմակ. դրա պատրաստման համար օգտագործվում է կիտրոնի ու կարտոֆիլի հյութերի խառնուրդը, կամ կիտրոնի հյութին հավասար քանակության ցորենի ալյուր է խառնվում:


Դեմքի լավ գույնը, թարմությունն ու մաշկի առաձգականությունն ապահովելու համար պետք է նաև ճիշտ սնվել: Սնունդը պետք է լինի բազմազան, կալորիական, բաղադրությամբ հավասարակշռված ու վիտամիններով հարուստ:

Ոգելից խմիչքը, ծխախոտը, ինչպես նաև բարձր կալորիականության կերակուրները, ճարպերը, քաղցրավենիքը, ապուխտները և սոուսները նպաստում են մաշկի վաղ թորշոմելուն ու կնճիռների գոյացմանը: Կարևոր են նաև աշխատանքի ու հանգստի ռեժիմի (չափավոր քուն, պարբերական զբոսանքներ) պահպանումն ու մարզումները:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
450 | 0
yukarı