MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Զրադաշտականության մասին
18:18, 25.06.2016
10181 | 10

Պարսկական նախաիսլամական կրոնը «մազդեզականություն» է անվանվել, որովհետև այդ կրոնի աստծո անունը Ահուրա Մազդա է: Սրա մեջ կային հին հնդկական պաշտամունքի տարրեր, որոնք առկա էին արիական ազգերի պաշտամունքում դեռ այն ժամանակներում, երբ նրանք իրենց ընդհանուր հայրենիքում էին ապրում: Սրա ամենամեծ ապացույցն այն է, որ Հնդկաստանի արիացիների կրոնը, որ նրանց սուրբ գրքի անունով «Վեդաներ» էր կոչվում, մազդեզականության հետ շատ նմանություններ ունի, այնպես որ երկու կրոնները մեկ աղբյուրից են սնվել: Այսպես, երկու կրոնին էլ հատուկ է երկնային լույսի և առատության աստվածը` Միհր անունով:

Սակայն թե' վեդայականությունը, թե' մազդեզականությունը, ինչպես և առհասրարակ ամեն մի կրոն, ժամանակի ընթացքում, հասարակական պահանջով ենթարկվեցին բարեփոխությունների:

Մազդեզականությունը հիմնավոր բարեփոխումների ենթարկվեց Ք.ա. 7-րդ դարում, և այդ բարեփոխության հեղինակը եղել է Զրադաշտ անունուվ մի իմաստուն: Նրա անունից էլ բարեփոխված մազդեզականությունը «զրադաշտականություն» անունն է ստացել: Զրադաշտականության սուրբ գրքի անունը «Զենդ Ավեստա» է:

Զրադաշտական կրոնի կամ «զեն» -ի կենտրոնական դեմքը Ահուրա Մազդա («իմաստուն տեր») աստվածն է, որին վերագրված հատկությունները ցույց են տալիս, որ նա միակ աստված է և նրան հավասարը չկա: Նա ամենակարող է, ամենասուրբ, նա անսկիզբ և անվախճան արարիչ է, և արեգակն է նրա աչքը, իսկ աստղազարդ երկինքը նրա զգեստն է: Բայց զրադաշտական վարդապետությունն ասում է, թե հավիտենական պայքար է ընթանում բարու և չարի միջև: Բարության աղբյուրը Ահրու Մազդան է, իսկ չարությանը՝ Ահրիմանը:

Նախքան աշխարհի արարումը եղել են հավիտենական լույսն ու հավիտենական խավարը: Հավիտենական լույսի տերը Ահրու Մազդան է, իսկ հավիտենական խավարի տերը՝ Ահրիմանը: Ահրու Մազդան աշխարն իր խոսքով է ստեղծել, և արարչագործությունը վեց շրջափուլ է ունեցել: Ահրու Մազդայի բոլոր ստեղծածները բարի են: Նա է ստեղծել հողը, ջուրը, կրակը, մարդուն, բոլոր բարի ու օգտակար արարածներին: Լույսը, ջերմությունը, կյանքը, բարիքը, երջանկությունը նրա արարչագործության արգասիքներն են: Նա աշխարհը կառավարում է իր ձեռքով կերտած բարի ոգիների՝ հրեշտակների միջոցով: Դրանք երեք տեսակի են. 1. «Ամաշա Սպանտա» -ներ (անմահ սրբեր), որոնք վեցն են, և նրանց դասակում է նաև ինքը՝ Ահուրա Մազդան: Սրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է այն աստվածային հատկությունները, որ իր մեջ ունի Ահուրա Մազդան: 2. «Յազատա» -ները երկրորդ դասի ոգիներ են ու ավելի մեծաքանակ: Նրան սփռված են երկնքում ու երկրի վրա և կոչված են բարի գործեր կատարել ու նպաստել պտղաբերությանը: 3. «Ֆրավաշի» -ները՝ պահապան հրեշտակները, անհամար են ու մարդկանց լավութուն են անում: Բոլոր մեռածների հոգիները «ֆրավաշի» են դառնում, իսկ ըստ զրադաշտականության՝ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր իր, նույնիսկ դեռ չծնված յուրաքանչյուր արարած ունի իր կրկնակը, որը ոգիացած է ու «ֆրավաշի» -ների բազմության մեջ է գտնվում:

Տեսնելով Ահուրա Մազգայի ստեղծած աշխարհը՝ Ահրիմանն սկսում է գործել: Նա աստված չէ, բայց Ահրու Մազդայից անկախ գոյություն ունի: Նա նույնպես հավիտենական է, անսկիզբ և անվերջ, նա նույնպես արարելու կարողությամբ է օժտված: Եվ նա ստեղծում է ամենայն վատը՝ մահ, հիվանդություններ, ցուրտ, անմաքուր ու վնասակար արարածներ: Նա ստեղծում է իր օգնական ոգիներին՝ այն նույն կարգով, ինչ կարգով Ահուրա Մազդան էր ստեղծել: Առաջին կարգին պատկանում էին վեց գլխավոր ոգիները, ապա հետևում էին չար ոգիների մյուս դասերը, որոնք բաղկացած էին դևերից: Նրանք տանջանք ու տառապանք էին տարածում աշխարհում: Ահրիմանը Ահրու Մազդայի թշնամին է, իսկ դա նշանակում է, որ նա թշնամին է նաև մարդու և շարունակ մարտնչում է նրա դեմ: Մարդը պարտավոր է Ահուրա Մազդայի կողմում լինել և նրա հետ կռվել չար ոգու դեմ:

Ըստ զրադաշտականության՝ չարի դեմ պայքարն անհուսալի չէ, ոչ էլ հավիտենական: Ահուրա Մազդային երկրպագողը պիտի հավատար, որ թեպետ երկարատև է լինելու այդ պայքարը, բայց ի վերջո խավարը պարտվելու է, և պիտի գա մի ժամանակ, երբ աշխարհի վրա այլևս չի իշխելու Ահրիմանը, և մարդիկ վերջապես վայելելու են կատարյալ երջանկություն ու անմահություն: Չարը չի կարող հավիտենական լինել, հավիտենականը միայն բարին է, և ցանկալի վախճանը, այսինքն խավարի թագավորության կործանումը փութացնելու համար մարդիկ պետք է զինվեն Ահուրա Մազդայի տնօրինության տակ գտնվող բոլոր միջոցներով՝ նրա կռիվը հաջողությամբ պսակելու համար: Իսկ այդ միջոցներն են մաքրությունը, սրբությունը և աշխարհաշինությունը: Զրադաշտականությունը քաղաքակիրթ մարդու կրոն էր, որի իդեալը առատության ապահովումն էր ու ընտանիքի պաշտպանությունը: Այն հասարակությունը բաժանում էր երեք հիմնական դասի՝ քահանայություն, զինվորականություն և երկրագործներ, և սրանցից ամենակարևորը վերջինն էր: Ահա թե ինչ է ասում Ահուրա Մազդան իր մեծ մարգարե Զրադաշտին. «Սուրբ է այն մարդը, որ հողի վրա բնակարան է կառուցել, այդ բնակարանում պահպանում է կրակը, իր կնոջը, երեխաներին և ունի անասուններ: Ով հողը սերմանում է, ով մշակում է դաշտերի պտուղները, նա մաքրությունն է մշակում»: Երկրագործը համարվում է բարիքների աղբյուր, և այն ժամանակ, երբ Ահուրա Մազդան նվազեցնում է երկրագործների թիվը, աշխարհը դևերով է լցվում:

Ինչպես ամեն մի կրոն, զրադաշտականությունը ևս փորձել է կարգավորել հավատացյալ հասարակության կյանքը՝ մշակելով բարոյական օրենքներ, սահմանելով յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Ահուրա Մազդային երկրպագող յուրաքանչյուր իրանցու գլխավոր պարտականություն է լինել ջերմեռանդ հավատացյալ, կատարել բոլոր պատվիրաններն ու ծեսերը, որի փոխարեն հավատացյալը վարձատրվելու է թե՛ այս, թե՛ հանդերձյալ աշխարհում: Բայց այս աշխարհի բարիքները պիտի մեծ նշանակություն չունենան մարդու համար: Հիվանդությունները, ինչպես ասվեց, չարի ստեղծագործություններ էին համարվում: Հիվանդացած մարդու մեջ չարի ոգին է բնակություն հաստատում, ահա թե ինչու զրադաշտականները հիվանդներին առանձնացնում էին, հեռու պահում սուրբ առարկաներից (օրինակ՝ ջրից, կրակից, առողջ մարդկանցից), որպեսզի դրանք չպղծվեն: Նրան սովորական անկողին չէին տալիս, այլ ծածկում էին կոշտ կտորներով, իսկ կերակուր և ըմպելիք մատուցում էին հեռվից՝ ամանները կախելով երկար ձողերի ծայրից: Մազդեզական քահանան իրենց սուրբ գրքից աղոթքներ էր կարդում հիվանդի վրա, որպեսզի վերջինս բժշկվի: Բայց եղել են նաև դեղերով ու վիրահատություններով բուժող հեքիմներ:

Ըստ զրադաշտականության՝ մեռած հիվանդի հոգին մարմնից անմիջապես չէր հեռանում, այլ երեք օր ու երեք գիշեր մնում էր դիակի գլխավերևում: Հոգին դուրս գալուց հետո մարմինն արդեն պիղծ էր համարվում, և հարկավոր էր դրանից ամեն կերպ զգուշանալ: Նրա մեջ, սև ճանճի կերպարանք առած, մտնում է Նասու անունով ամենաչարագույն դևը: Նասուին հալածելու համար դիակի դիմաց շուն էին կանգնեցնում: Երկրագործ ու անասնապահ արիացու տնտեսության մեջ այս կենդանին մեծ դեր ուներ և այդ իսկ պատճառով սուրբ էր համարվում: Նասու դևը միայն շան հայացքից էր փախչում:

Պաշտպանվելով դիակից՝ պետք էր միաժամանակ պաշտպանել դիակի գլխավերևում երեք օր ու երեք գիշեր գտնվող հոգուն, որովհետև այն թույլ էր ու մերկ: Ընտանիքը պետք է այդ երեք օրերին աղոթեր ու զոհաբերություններ կատարեր: Զրադաշտականությունը ցերեկն ու գիշերը հինգ մասի էր բաժանել: Դրանց գահ (հայերեն` պահ) անունն էր տրված, և յուրաքանչյուր մասի համար հատուկ աղոթք էր սահմանված: Երրորդ օրվա երեկոյան հավաքվում էին քահանաները, մեռելի ազգականներն ու բարեկամները, և այդ հավաքի ժամանակ ասվում էր, թե հանգուցյալն ինչ կտակ է արել կամ ինչ բարեգործական հանձնարարություններ են տվել մեռածի ազգականները` հանուն նրա հոգու փրկության: Մեռածի հագուստները տրվել են քահանային կամ աղքատներին:

Չորրորդ օրվա արշալույսին հոգին հեռանում էր դիակից ու բռնում էր մյուս աշխարհ տանող դժվարին ու տառապալի ճանապարհը: Սակայն անորոշ չէր հեռացող հոգու ճակատագիրը: Մարմնից բաժանվելու պահից արդեն հայտնի էր, թե հոգուն ինչ ճակատագիր է սպասում: Արդար հոգին այն աշխարհում ճաշակելու է այն ամեն քաղցրությունն ու ուրախությունը, որ վայելել է այս աշխարհում: Նա հայտնվում է մի գեղեցիկ պարտեզում, և հարավի անուշաբույր քամին է շոյելու նրա հոտոտելիքը: Բոլորովին այլ է լինելու մեղավոր հոգու ապագան: Նա հայտնվելու է անապատում, և հյուսիսային սառնաշունչ քամին է նրան հարվածելու:

Հանդերձյալ աշխարհ մտնելու համար պետք է անցնել Սինվատ անունով կամուրջը: Անցնող հոգու համար կամրջի վրա շարունակ կռիվ են տալիս բարի ու չար ոգիները: Կամրջի սկզբնամասում նրան դիմավորում է նրա` հրաշագեղ կույսի կերպարանք առած խիղճը: Կուսին երկու շուն է ուղեկցում: Նա հոգին անցկացնում է կամրջով: Իսկ անարդարի հոգուն դիմավորում է դաժան վհուկը: Անցնելով կամուրջը` հոգիները ենթարկվում են բարի ոգիների դատաստանին. արդարները դրախտ են մտնում, ուր բնակվում է ինքը՝ Ահրու Մազդան: Նա պատվի է արժանացնում արդարին` զրույցի բռնվելով նրա հետ: Իսկ մեղավորներն ու անհավատները դժոխք են ընկնում:

Զրադաշտականությունը բոլոր կրոններից տարբերվող վերաբերմունք է ունեցել դիակի նկատմամբ: Ուրիշ կրոններ պահանջել են դիակը կա'մ թաղել, կա'մ այրել, բայց քանի որ զրադաշտականությունը հողն ու կրակը սուրբ էր համարում, դիակի պղծությամբ չէր կարելի այն արատավորել: Դա աներևակայելի ծանր հանցանք էր համարվում: Ուստի Ահուրա Մազդան պահանջել է դիակը ո'չ թաղել, ո'չ այրել, այլ դրա մսով կերակրել վայրի գազաններին ու թռչուններին: Զրադաշտականները կառուցել են յուրօրինակ գերեզմանոցներ, որոնց «դախմա» («լռության աշտարակ») անունն են տվել: Դախման բարձր ու կլոր աշտարակ է եղել` կառուցված ջրերից ու բնակավայրերից բավականեին հեռու: Աշտարակի մեջտեղում փոս է եղել, և փոսի պատերն ու հատակը` աղյուսապատ: Փոսի շուրջն առանձին բաժանմունքներ են եղել տղամարդկանց, կանանց ու երեխաների դիակների համար: Գիշատիչ թռչունները մի քանի ժամում կերել են մահացածի միսը: Որպեսզի մարմնի ոսկրային մասը թռչունները չպոկեն տանեն ու հողի կամ ջրի մեջ չգցեն, դիակի ոտներն ու մազերը քարերին են կապել: Երբ աշտարակի վրա մահացածի միայն կմախքն էր մնում, այն գցում էին ընդհանուր փոսի մեջ: Այսպիսով ապահովվում էր բոլորի կատարյալ հավասարությունը հանդերձյալ կյանքում:

Ամեն տարի մեռելների հատուկ պաշտամունք է կատարվել, որը տևել է 10 օր: Այն սկսվել է մարտի 10-ին և ավարտվել` մարտի 20-ին: Արարողությունների համալիրին «Ֆրավաշների տոն» անունն է տրվել: Ինչպես վերն ասվեց, ֆրավաշներն արդարների հոգիներն էին, որոնք լավություններ էին անում մարդկանց, իսկ մարդիկ դրա դիմաց զուհաբերություններ էին կատարում: Սա համազգային ընդհանուր տոնախմբությունն էր, հատսւկ էր արիական ժողովուրդներին և, ուրեմն, գոյություն ուներ նաև հայերի մեջ:

Զրադաշտականությունն ամենագլխավոր պաշտամունքը մատուցում էր կրակին: Այս պաշտամունքն այնքա'ն տարածված էր ու այնքա'ն ժողովրդական, որ «զրադաշտական» և «մազդեզական» անունները հաճախ փոխարինվում էին «կրակապաշտ» անունով: Զրադաշտական հավատացյալը կրակի մեջ էր տեսնում իր մեծ բարերար Ահուրա Մազդային: Հրեղեն Ահրու Մազդն է աշխարհին կյանք բաշխողը, խավարի հալածիչը ու չար ոգիներին սատակեցնողը: Նրան երկրպագելու համար շինվել են հատուկ տաճարներ` աթեշ-գյակներ (մեր մատենագիրները դրանց «ատրուշան» են անվանել): Աթեշ-գյահերը կա՛ մ բացօթյա բարձր աշտարակաձև սեղաններ, կա՛մ կտուրով ծածկված շինություններ են եղել: Հարավարևմտյան Պարսկաստանում՝ Բաբելոնի սահմաններին մոտ, աթեշ-գյահները բաբելաասորական տաճարների ձև են ունեցել (բարձր քառակուսի աշտարակներ՝ շուրջը պտտվող ու աստիճանաբար բարձրացող սանդուղքներով): Ծածկված շինությունների մեջ հաստատված սեղանները մետաղյա անոթներ են եղել, որոնց մեջ մշտապես մոխիր է պահպանվել: Մոխրակույտի վրա անուշահոտ յուղերի օգնությամբ չոր ճիպոտներ են այրել: Ճիպոտների խրձերը պահվել են հատուկ եռոտանիների վրա: Խրձերն անվանել են «բարսումա»: Սեղանն օր ու գիշեր սպասարկել են երկու կամ երեք քուրմ, որպեսզի կրակը մշտավառ լինի:

Հավատացյալ ժողովուրդը կանգնել է տաճարի մեջ՝ իր համար նախատեսված տեղում: Սպիտակ հագած քրմերը կրակին երկրպագության արարողություն են կատարել: Զրադաշտական օրենքը պիղծ է համարել այն ամենը, ինչ դուրս էր գալիս կամ կտրվում էր մարդու մարմնից (բացառություն էր միայն շունչը): Քանի որ թոքն էլ էր անմաքուր համարվում, ուստի կրակին պաշտամունք մատուցողը բերանը կապում էր, որպեսզի կարդալիս կամ երգելիս բերանի թուքը չընկնի կրակի վրա ու այն չպղծի:

Զրադաշտականությունը մեծարել է բնության այն բոլոր ստեղծագործ ուժերը, որոնք կարող էին նպաստել երկրագործի աշխատանքին, ապահովել այդ աշխատանքի անվտանգությունը: Սուրբ էին համարվում մարդուն օգնական բոլոր կենդանիները՝ նույնիսկ աքաղաղը: Չէ՞ որ այս թռչունն էր մթության մեջ ազդարարում մշակի զարթնելու ժամը: «Նա է, - ասում է Ավեստան, - որ ամեն աստվածային արշալույսին բարձրացնում է իր ձայնը և կանչում է՝ վե՛ր կացեք, մարդիկ, փառաբանե՛ք ամենագեղեցիկ մաքրությունը և հալածե՛ք դևերին»:

Երկրագործի աջ բազուկը եզն է, ահա թե ինչու այն ևս սուրբ է: Եզան մեզը լվացումների միջոցով մարդուն մաքրում է կեղտից ու մեղքերից:

Ժամանակի հոլովույթում երկրագործների ու խաշնարածների այս կրոնը, երբ Պարսկաստանը դառնում է աշխարհակալ տերություն, զգալի ազդեցություններ է կրում: Զրադաշտականության մեջ ներթափանցում են Բաբելոնի, Ասորեստանի և հունական աշխարհի կրոնական հավատալիքները, պաշտամունքներն ու գաղափարները: Ավեստական միաստվածությունը բազմաստվածություն է դառնում: Ահուրա Մազդայի նման աստվածներ են դառնում Միհրն ու Անահիտը, որոնք մինչ այդ ընդամենը երկրորդական ոգիներ էին: Միհրը, իբրև աստվածություն, նույնիսկ առաջ է անցնում Ահուրա Մազդայից ու դառնում է միջազգային աստվածություն: Նրա պաշտամունքը տարածվում է ամբողջ Արևելքում և նույնիսկ Հռոմում: Անահիտի պաշտամունքը հատկապես մեծ տարածում է ստանում Հայաստանում: Հունական ազդեցությամբ՝ աստվածների արձաններ են կառուցվում: Այդպիսի շքեղություն չէր երևակայում երկրագործության ու անասնապահության առաքյալ Զրադաշտը: Աքեմենյան հարստության վերջին շրջանում էր, որ իրանական աստվածների արձաններ երևան եկան:

Այս փոփոխություններին զուգընթաց զարգանում ու կատարելագործվում է քրմությունը՝ ձեռք բերելով մեծ իշխանություն: Ինչպես սովորաբար լինում է, զրադաշտականությունում ևս ձևապաշտությունն ու ծիսապաշտությունը դառնում են գերակշռող: Զրադաշտը հավատացյալի մարմնի մաքրության համար սահմանել էր լվացումներ: Ուժեղացած քրմությունն այդ լվացումները և դրանց հետ կապված ծեսերն այն աստիճան բազմացրեց, որ հավատացյալի ամբողջ պաշտամունքը ծեսերից ու ձևականություններից էր բաղկացած: Փոփոխության ենթարկվեց անգամ ավեստական երկվությունը: Ահուրա Մազդան դարձավ Որմիզդ, իսկ Ահրիմանը՝ Արհմն, և սրանք այլևս տարբեր էություններ չէին ներկայացնում, այլ մի աստվածություն էին՝ Զրվան անունով: Զրվանից էին սկիզբ առնում երկու ախոյանները՝ բարին և չարը: Զրադաշտականությունը նույնիսկ որդեգրեց մեռելների հարության ու վերջին դատաստանի գաղափարները: Ծիսակարգը ոչ միայն ընդլայնվեց, այլև ավելի հանդիսավոր ու շքեղ հանդերձանք ստացավ:

Բաբելոնից և Եգիպտոսից զրադաշտականությունը փոխ առավ նաև կախարդության, բժժանքների, գուշակությունների, դիվահալածության և աստղաբաշխության արվեստները, որոնց գործադրմամբ քրմերը հնազանդեցնում էին ոչ միայն հասարակ ժողովրդին, այլև՝ հզոր բռնակալներին: Մոգության մաս կազմող այս արվեստները, որ տարածված էին Բաբելոնում և Եգիպտոսում, դարձան զրադաշտականության բաղկացուցիչ: Ահա թե ինչու զրադաշտականությունը «մոգերի կրոն» անունն է ստացել:


Լուսանկարում՝ զրադաշտական ատրուշան Բաքվի մերձակայքում:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
415 | 0
09:44, 13.04.2024
488 | 0
11:39, 08.04.2024
457 | 0
yukarı