Այսօր հայերիս համար ամենասիրելի ու սպասված տոներից մեկն է՝ Տեառնընդառաջը, որի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է բոլորին: Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կազմակերպվել էր Տեառնընդառաջի ուշագրավ արարողություն, որն իր գեղեցիկ խորհրդով միավորել էր Նոր Նորքի բնակիչներին՝ դառնալով ազգային տոնախմբություն: Միջոցառումը զուգակցվել է Նոր Նորքի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի, «Փոքրիկ գիտակներ» նախակրթարանի, կենտրոնական գրադարանի և Ա. Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի կողմից ներկայացված ձեռարվեստի աշխատանքների թեմատիկ ցուցահանդեսով, ինչպես նաև խարույկահանդեսի արարողությամբ՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ նորապսակների: Արարողությանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ, Նոր Նորքի ուսումնական հաստատությունների ղեկավարներ, բնակիչներ: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի անդամների համատեղ որոշման և նախաձեռնության արդյունքում կյանքի կոչված տոնախմբությունը հիշարժան է դարձրել տոնական օրը՝ հանրությանը հաղորդակից դարձնելով ազգային ու հոգևոր արժեքներին: Նկարները` այստեղ |