Փայտիկն առնեմ կախարդական. Ուրիշ հնար մի՞թե ունեմ, Եվ մեկ առ մեկ ու անշտապ Փափագածս կյանքի կոչեմ: Նախ` հստակեմ եզերքը այն, Որ ի վերուստ բաժինն էր մեր, Սահմանադիր քարերն ընկած Դեմն արևի նորեն պարզեմ: Ապա` շնչից, բառից օտար Մի հարվածով օդն ազատեմ… Բնավայրերը կորուսյալ Անուններով նախնյաց օծեմ: Կարգի բերեմ մեր Տունը մեծ, Օրոցքները թող գնան-գան, Հնձվորները սարի լանջին Շապիկները արևին տան: Շեները` շեն, ճամփան` բանուկ, Խորաններում խունկ ու կնդրուկ, Այգիներում ջրի խոխոջ, Դեզերի մեջ` սեր, փսփսուք: Լավաշը թարմ` բույրը սփռի, Թոնիրներից ելնի մշուշ, Ծիծառները ծափեն օդում, Երդից ընկնի երեք խնձոր: Մեկն ասողին, մեկն լսողին, Երրորդը Ցավը բուժողին, Նրան, ով կամք ունի, կորով, Չի գոհանա անրջելով: |