Կրթությունը բարձրագույն էր՝ Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետ: Սոցիալական դրությունը – անտանելի: Զոքանչը հիվանդ, երեխաները ուսանողներ (վճարովի): Կինը երկու տարի առաջ էր մահացել (մինչև հիմա քարն էլ չէր գցել): Հպարտությո՞ւնը, ոչ ոտնահարված չէր, ուղղակի կարծես ամեն ինչ վերջացած լիներ ու դա էր պատճառը, որ այսօրվանից աշխատում է այս խուճուճ անունով ֆիմայում որպես հավաքարար: Հաստիքն էր այդպիսին, իսկ իրականում պետք է դռների փականները սարքեր, էլեկտրալամպերը փոխեր, մանր-մունր աշխատանքներ, ամսեկան քառասուն հինգ հազար դրամով: - Խաչի՛կ, մո՛տ եկ: Տնտեսվարն էր, որին մի կերպ համոզելով էր ընդունվել աշխատանքի: - Հա, Շախրամանյան ջան, ասա՛: - Լավուրը գործի չի եկել, էդ կնիկը գլխիս պատիժ ա, էն պոլի փետովը մի երկու անգամ տղամարդկանց զուգարանում քսի-մսի մինչև տենանք ինչ ա ըլնում: - Բայց, ախր… - Արա՛, արա՛, բա ո՞վ է անելու: Նոր էր վերջացրել աշխատանքը, երբ ներս մտավ դեղին փողկապով, կանաչ կոստյումով, կարմիր կոշիկներով երևի տարեկից մի մարդ: Մինչ կհասցներ կոշիկներից աչքերը բարձրացրնել դեմքը տեսնելու մարդը հարցրեց: - Խաչի՞կ: - Հա՜, բա՜յց: - Քո տունը շինվի, ձեր կուրսի Անդո՛ն եմ, Մանուչարյան Անդոն: - Հա՜, չճանաչեցի, Անդո ջան, բա էստեղ ի՞նչ ես անում: - Բիզնեսմեն եմ, նոր եմ եկել, կնոջս ու զոքանչիս հետ Երուսաղեմ էի գնացել, Զատիկի օրերին: - Հավատացի՞ր: - Եսի՞մ, երևի մի բան կա էլի այնտեղ՝Վերևում: Եկա, գնացի գյուղ, եկեղեցի սարքելու համար փող տվեցի, այնպես էլի, համենայն դեպս: - Վախենում ես դժոխք ընկնե՞ս: - Վախը քի՞չ ա, բայց հիմա ինձ ոչ մի չար բան չի կպնի, համենայն դեպս: Տե՛ս: Գրպանից հանեց ու ցույց տվեց մելքեորե մի փոքրիկ աման՝ խնկաման: - Իսրայելում, տեր Վարդանից եմ գնել, երեք հարյուր դոլարով, Հիսուսի ձեռքի ամանն է եղել, բա՜: - Ո՞վ է քեզ ասել: - Դե լավ, գործդ արա, չխանգարեմ, համենայն դեպս, հիմա հաճախ կտեսնվենք: - Համենայն դեպս, - ասաց Խաչիկը ու ուսի վրայից դեպի ետ երեք անգամ թքեց զուգարանի պատին: Ս.Ումառ-Հարությունյան |