Դրանք քարտեզներին հայտնվել են հայտնագործողների սխալմունքի հետևանքով: Բերեմ մի քանի օրինակ:
Թյուրիմացության հետևանք է նաև Սախալին կղզու անունը: Այդ տարածաշրջանը քարտեզագրող ֆրանսիացիները կղզու արևմտյան ափն ուրվագծող քարտեզին գրում են «Սախալին անգահատա», որը մոնղոլերեն բառակապակցություն է և թարգմանաբար նշանակում է «սև գետի գետաբերանի ժայռեր»: Սախալինի մասին պատմող ուղեգրություններում Անտոն Չեխովն այս առթիվ գրել է. «Այս անունը, ամենայն հավանականությամբ, վերաբերել է Ամուր գետի գետաբերանի քարափին, իսկ ֆրանսիացի աշխարհագետներն այն սխալմամբ վերագրել են կղզուն»: Հետագայում ֆրանսիացիների թույլ տված սխալը չի ուղղվում ու հայտնվում է նաև ռուսական աշխարհագրական քարտեզներում: Զվարճալի թյուրիմացության ծնունդ է նաև Պերուի Արեկիպա քաղաքի անունը: Երբ 16-րդ դարում ներկայիս Պերուի տարածք են ներթափանցում իսպանացի կոնկիստադորները («կոնկիստադոր» եզրը «նվաճող» է նշանակում), նրանցից մեկը, դիմելով ինկերի կայսրին, մատնացույց է անում գետինն ու հարցնում. «Այս երկրի անունն ի՞նչ է»: Կայսրին թվում է, թե օտարերկրացին գետնին նստելու թույտվություն է խնդրում ու ասում է «Արեկիպա'», որ նշանակում է «Նստի'ր»: Եվս մեկ օրինակ: Բերինգի նեղուցի ամերիկյան ափին (Ալյասկա կղզի) գտնվող Նոմ քաղաքն իր անվանը համար «պարտական է» ամերիկացի քարտեզագիրների անուշադրությանը: Ավելի վաղ շրջանում այս քաղաքը էսկիմոսական փոքրիկ գյուղ է եղել: Այս գյուղը քարտեզի վրա առաջին անգամ նշել է մի ֆրանսիացի ծովային սպա: Բայց նա մոռանում է տեղի բնակիչներին հարցնել նրանց բնակավայրի անունը և բնակավայրի պայմանական նշանի կողքին հարցակա նշան ու «nome» («անունը») բառն է գրում՝ դրանով իսկ ընդգծելով, որ անհրաժեշտ է իմանալ գյուղի անունը: Բայց ֆրանսիացու գծագրած այս քարտեզն օգտագործած ամերիկացի քարտեզագիրները անուշադիր են լինում ու անտեսում են հարցական նշանը: 1849 թվականին քարտեզը տպագրվում է, ու առ այսօր էսկիմոսների բնակավայրը Նոմ անունն է կրում: |