Ամենախոսուն հատվածը Ոտքերն են մարդու՝ Դեպի քեզ եկող ոտքերը, Որոնք երբ լռո՛ւմ են Ասես սի՛րտդ է պայթում, Հոգիդ փոթորկվո՜ւմ, Աչքերդ քո՛ւնն են կորցնում, Լեզուդ էլ կծկվո՜ւմ, Ատամներիդ տակ կծիկ է դառնում: Ասո՜ւմ են, Երբ լսում ես դեպի քեզ եկող ոտնաձայները՝ Կրկնապատկվում են սրտի զարկերը, Ո՜չ, Ավելանում են եռակի՛, քառակի՛ անգամ, Լուռ ոտքը մա՛հ է կամ անտարբերությո՛ւն, Մա՜հ-անտարբերությո՜ւն… Ո՞վ կդիմանա: Երբ ոտքը լռո՜ւմ է, Սիրտը չի՛ լռում Կանչո՜ւմ է, սպասում անդադար: … Խոսի՛ր ինձ հետ ոտքերի լեզվով - Ես կհասկանամ: Չափից ավելի բաբախող սրտեր Չե՛ն եղել, չկա՜ն, Դա սրտի ձա՛յնն է ոտքերի ձայնին գումարվում, Ու նմանվում է սիրտն այդ ժամանակ Քառատրոփ վազող անսանձ մի ձիու, Որ Հեռանում է Ու Կանգ է առնում Հեռո՜ւ մի տեղում… …Եվ ստացվում է, Որ ամենախոսուն հատվածը ոտքերն են մարդու՝ Դեպի քեզ եկող ոտքերի ձայնը, Որը երբ չկա՝ Սի՛րտդ է պայթում… Ս.Ումառ-Հարությունյան |