MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
Մի սպանիր
20:41, 24.04.2019
4202 | 0

Ուղեկալի միակ նշանավոր բանը կապի մեքենան է` մյուս ուղեկալներն ու Երևանը կապող միակ օղակը:
Թվով տասներկուերորդն է` մնացած դեռ ԽՍՀՄ բանակից:
Այդպես էլ կոչում են` 12-րդ ուղեկալ:
Ուղեկալներն իրարից հեռու են 25-30 կմ-ով:
Մոտ կես կիլոմետր այնկողմ Ադրբեջանական գյուղ է` Շյուքյուրբեյլին:
Դատարկ:
Կապի մեքենային վազելով մոտեցավ ուղեկալի միակ ենթասպան:
- Շո´ւտ արա, կապվի´ր Երևան:
- Ժամը չի, համ էլ ի՞նչ է եղել:
- Մի աղջիկ են բերել զինվորները: Օձն է կծել: Որտեղի՞ց է հայտվել, ոչ ոք չգիտի:
- Երևանն ի՞նչ անի, - զարմանում է կապի սպան:
- Չես հասկանո՞ւմ, զինվորական համազգեստով է, ռուս: Բա, որ մեռա՞վ:
- Կենտրո´ն` «Բրիգ21-ին»: Կենտրո´ն` «Բրիգ21» -ին: Կենտրո´ն` ..:
- «Բրիգ21» , Կենտրոնն եմ: Խախտում ես եթերում դադարի ռեժիմը, եթե շտապ բան է, անցիր 3-րդ կապուղի:

* * *
Զիվորները հետաքրքրությամբ նայում էին աղջկան:
Կապույտ, ջինջ աչքեր ուներ, մինչև ուսերը հասնող արևագույն մազեր, մաշկը` սպիտակ, ինչը վկայում էր, որ այս կողմերում նորեկ է:
Վազելով մոտեցավ կապավորը:
- Պարո´ն կապիտան, Երևանը հայտնեց, որ եթե մինչև վաղը` ժամը` 20.00 նրա հետևից չգան, հանձնենք 8-րդ ուղեկալ:
Օձի կծածի համար էլ ասացին` հակաթույն չկա, մի բան արեք, դժվար թե թունավոր լինի:
- Զինվո´ր, Թալինցի Կարոյի´ն կանչիր:
- Ուղեկալի հերթապահ շրջիկ խմբում է` խրամատների մոտ:
- Սպարտա´կ, - կապիտանը դիմեց ենթասպային, - ի՞նչ ես աչքերդ չռել: Կնիկ չե՞ս տեսել: Արագացրո´ւ հերթափոխը, Կարոյին բե´ր ուղեկալ:

Թալինցի Կարոն օձ ուտող էր, մի բան կիմանար:
Աղջիկը թուլացած հենվել էր նստարանին:
Կարոն մոտեցավ աղջկան:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
Փորձեց վեր քաշել տաբատի փողքը, սակայն աղջիկը ոտքը ետ քաշեց:
-Տղե´րք, ռուսերեն շալվար ոնցա՞, ո՞նց ասեմ շալվարդ բարձրացրո´ւ:
Ծիծաղեցին: Ամեն մեկը մի բան էր բղավում ռուսերեն, վերջը…
- Ասա` «Օткрой грудь дорогая» :
Կարոն մի կերպ կրկնեց ձեռքով ցույց տալով ոտքը:
Հռհռոցը թնդում էր:
Աղջիկը ժպտաց, հետո պարզեց ոտքը:
Պաբատը պատռեց:
Կծածից վերև ոտքն ամուր կապած էր կաշվե գոտիով:
Ոտքի վրա պարզ երևում էին երկու սպիտակ զուգահեռ գծեր, գծերի ծայրում` սև կետեր:
- Պարո´ն կապիտան, թունավոր օձ ա էղել:
- Բա ի՞նչ անենք, հո չի՞ մեռնի ուղեկալում:
- Մածուն ա պետք, մեկ էլ` սաղ թող գնան:
Կապիտանը հեռացրեց բոլորին: Կարոյի հետ գրկեցին ու տարան զորանոց, նստացրեցին լեյտենատի մահճակալին:
Կապիտանը հեռվում նստած` նայում էր:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
Կարոն ձեռքերը քշտեց: Ձեռքերին օձի խայթոցների բազմաթիվ հետքեր էին:
Սկզբից Կարոն դանակով խաչաձև կտրեց վերքը: Աղջիկը բղավեց` «мама»:
Հետո սկսեց **** վերքը ու թքել, ինչպես պապն էր գյուղում անում. «Կարևորը` կուլ չտաս, վռազ թքի´ր ու շունչդ պահի´ր»:
Թքի հետ խառնված արյունը կապտակարմիր գույնի էր:
Այնքան թքեց, մինչև տեսավ, որ թուքն արդեն կարմիր է:
Կապտաչյա գեղեցկուհին սարսափով էր նայում զինվորին:
Սպան զզվանքով գլուխը թեքել էր:
Մածուն չկար, որտեղի՞ց լիներ: Դուրս վազեց:
Հավաքած ինչ-որ տերևներ թրջեց ու դրեց վերքի վրա:
- Իրան ասա´, թող չքնի, ես ռուսերեն չգիտեմ, գոնե` կես ժամ:
Սպան թարգմանեց:
Հետո հարցրեց անունը:
Աղջիկը պատմեց, որ կապի սպա է, Լենինգրադից, անունը Լյուսյա է:
Հետ է ընկել իր խմբից ու կորցրել բոլորին: Գնում են դեպի ճակատ` օգնելու:
- Անունն ի՞նչ էր, չհասկացա, ու՞ր են գնում, ի՞նչ մեքենա:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
- Շատ մի´ խոսա, Կարո´, գո´րծդ արա: Անունը Լյուսյա է, սվյազիստ է, գնում են ճակատ` մերոնց մոտ:
- Էդ ի՞նչ անուն ա, -փոխելով ոտքի փաթաթանը` նայում էր աղջկան:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
- Քնեց, պարո´ն կապիտան: Ժամը մեկ դեռ 3 անգամ փոխելու եմ, բա ո՞նց կլնի:
- Կմնաս մոտը, չքնե´ս: Ես պահեստում կքնեմ:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:

* * *
Լուսաբաց:
Կարոն քնած էր:
Ամբողջ գիշեր չէր քնել:
Աղջիկը զարթնեց կրակոցների ձայնից: Փոքր-քիչ կաղալով` դուրս եկավ զորանոցից:
Զինվորները զվարճանում էին:
Ուղեկալի տարածքում ռումբից պայթած երկհարկանի շենքից մնացել էր մի պատ,
պատի վրա էլ` չուգունե ջեռուցման մարտկոց` մի խողովակից կախված:
Զինվորները հեռվից փորձում էին կրակոցով մարտկոցը գցել, պոկել խողովակից, չէր հաջողվում:
Աղջիկը կաղալով` մոտեցավ:
- Доброе утро.
- Как нога? Օткрой грудь, дорогая.
Ծիծաղեցին իրենց տարիքին համապատասխան` պատերազմում, բայց անհոգ:
Մոտեցավ նաև սպան:
Աղջիկն ուշադիր բոլորին նայելուց հետո մոտեցավ մի զինվորի:
- Дай автомат.
Զինվորը տատանվում էր: Հետո գլուխը քորելով` տվեց:
Արևահամ մազերը ձեռքով հետ տվեց, նշան բռնեց քիչ երկար, կրակեց:
Մարտկոցը տեղում էր, բայց մի քանի վայրկյան հետո ճռռալով` խողովակից պոկվեց ու աղմուկով ընկավ գետնին:
Վազքով մոտեցավ մի զինվոր:
- Մի մեքենա է եկել, «Վիլլիս»: Ռուս են, աղջկան են հարցնում…
Աղջիկը, թեթև կաղալով, գնաց դեպի զորանոց:
Տեսավ իր փրկչին քնած` ցուցամատը քթի մոտ` սովորության համաձայն:
Նա էլ էր նկատել զինվորի տարօրինակ սովորությունը:
Մտածեց. «Սովոր է, կրակոցներից չի էլ զարթնել»:
Կռացավ, համբուրեց տղայի շուրթերը, մատները սահեցրեց այտերով, հետո համբուրեց ճակատն ու դուրս եկավ:
Երեկոյան շտաբից մի «Նիվա» եկավ:
Մեքենայից դուրս եկած գնդապետի համազգեստով սպան առանց գլխարկի էր:
Կապիտանը դիմավորեց պահակակետում, ուզում էր զեկուցել:
- Թողնե´լ: Կապիտա´ն, ու՞ր է ռուս աղջիկը:
- Գնաց մի մեքենայով, ինչպես որ…
- Դու հիմա՞ր ես, կապիտա´ն, երկրորդ օրն է սարերում դրանց ենք ման գալիս: Դրանք հատուկ դիպուկահարներ են` Ուկրաինայից, հասկանո՞ւմ ես` հակառակորդ, գնում էին անցնելու ճակատի գիծը, ազերներին օգնելու:
- Բայց պարո´ն…
- Ոչ մի բայց: Դու էլ, քո այդ օձ ուտող զինվորն էլ` գաուպտվա´խտ, հասկացա՞ր, կրկնի´ր…

* * *
Գիշեր է:
Դավաճան գիշեր, լուռ ու դավադիր:
Խրամատում` սահմանի այդ հատվածում երեք զինվոր են ու մի սեժանտ:
Սերժանտն ու մեկ զինվորը քնած են:
Քնում են հերթով:
Գիշերով տեսնելու հեռադիտակ սարքով հետևում են մի ձոր այն կողմ հակառակորդի դիրքերին:
- Մի հատ չծխե՞նք, աչքերս հոգնեցին, մեկ է այնտեղ մարդ չկա, սարքով լավ երևում է:
- Դե, գիտես որ չի կարելի, գոնե մտնենք գետնահոր, - ասաց ու ծալած ցուցամատը քսեց քթարմատին:
- Սերժանտը կզարթնի, հավեսը չունեմ, -ասաց մյուսը, որին Փորձանք մականուն էին կնքել:
Գրպանից հանեց տուփը, մեկ հատ մեկնեց ընկերոջը:
Վառեց սիգարետը ու դեռ չէր հասցրել ծուխը դուրս փչել, երբ…
Տրաաաաաաաաաաաք…ու թռավ սիգարետի կեսը:
Կրակոցի ձայնից գետնատնից դուրս թռան սերժանտն ու զինվորը` կիսաքուն:
- Էդ ի՞նչ էր, Փորձա´նք:
Փորձանքը վախից պպզել էր խրամատում:
- Սնայպեր էր, ուղիղ սիգարետիս: Արա´, ի~նչ բախտ ունեմ,
- Է´շ, քանի անգամ են ասել` կանգնած չծխե´ս: Կարոն էլ երևի վախից տակն ա լցրել:
Երեքով նայեցին Կարոյին:
Կարոյի կրծքի ձախ մասում, որտեղ արյան կարգն ու ռեզուսն է գրված, երեք զույգ սարսափահար աչքեր տեսան նշանառուի կարմիր մահվան կետը:
Կարոն էլ էր տեսել ու չէր համարձակվում շարժվել:
- Կարո´, միանգամից քեզ գցի աջ, չի հասցնի:
Կարմիր կետը սկսեց շարժվել, բարձրացավ դեպի շրթունքները, մի քիչ սպասեց, հետո այտի վրայով դանդաղ սահեց ու կանգնեց ուղիղ ճակատի կենտրոնում:
Ակամա աջ ձեռքը բարձրացավ, ու ծալած ցուցամատով շփեց քթարմատը:
Զինվորներն ու սերժանտը կքանստած` ձեռքերով փակեցին աչքերը:
«Վերջ» , -մտածեց ու մի ակնթարթում աչքի առջևից անցան մայրը, հայրը, քույրը` բոլորն էլ սարսահափահար դեմքերով:
Տրաաաաաաաաաաաք…
Գնդակը մխրճվեց Կարոյից մոտ 50 սմ դեպի ձախ` հողի մեջ:

Ճանաչեց կրակողին:
Զինվորներն ու սերժանտը բացեցին աչքերը: Կարոն դուրս էր գալիս խրամատից:
Կանգնեց հասակով մեկ, շփեց քթարմատը, հետո ձեռքը բարձրացրեց, օդում ողջունեց մթությանը:
Քթի տակ մրմնջաց` «открой грудь дорогая» ….

Խրամատում լռություն էր:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
264 | 0
14:27, 06.03.2024
246 | 0
00:16, 29.01.2024
364 | 0
22:42, 16.01.2024
305 | 0
21:28, 15.01.2024
325 | 0
13:30, 09.01.2024
423 | 0
13:16, 30.12.2023
433 | 0
12:50, 21.12.2023
403 | 0
21:14, 19.11.2023
394 | 0
23:34, 23.10.2023
431 | 0
10:18, 11.10.2023
431 | 0
21:34, 19.09.2023
789 | 0
yukarı